Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու գործընթացը լիովին դարձել է այս պետության քաղաքական օրակարգը: Ինչպես եւ ակնկալվում էր՝ գործընթացը ամբողջովին կլանել է ներբրիտանական քաղաքական պայքարը: ՄԹ արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնի նոր հոդվածը՝ պետության արտաքին քաղաքականության մասին, փոթորկել է բրիտանական մամուլն ու քաղաքական համակարգը: ԱԳ նախարարի հոդվածի հրապարակմամբ ստեղծված իրավիճակը համեմատական է Հայաստանում 1997թ. Լեւոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի առաջացրած տրամադրություններին:
Ծավալուն հոդվածում Ջոնսոնը ներկայացրել է իր տեսլականը մանր Միացյալ Թագավորության կարգավիճակի ու ապագայի շուրջ ԵՄ-ի կազմից դուրս գալուց հետո: Շեշտելով, որ ԵՄ-ն լքելու գործընթացն այլեւս անշրջելի է, ԱԳ նախարարը անիմաստ է համարել շարունակվող քննարկումները, թե արդյոք պետք է լքել միությունը: Ըստ նրա՝ քվեարկողների 52 տոկոսը վճռական որոշում է կայացրել, եւ անկարելի է լռեցնել մեծամասնության ձայնն ու հիմնվել փոքրամասնության վախերի եւ կասկածամտության վրա: Գնահատելով ԵՄ-ի մաս կազմելու ու այն լքելու պատմական ժամանակահատվածները՝ Ջոնսոնը նկատում է, որ յուրաքանչյուր քայլ պիտի թելադրված լինի պետության ու ժողովրդի շահերից, ուստի եթե միությանը մաս կազմելը տրամաբանական էր կոնկրետ պատմական շրջանում, այսօր նույնպիսի նշանակություն է ձեռք բերել այն լքելը: Նա թվարկում է պատմական տարբեր շրջափուլերում ԵՄ-ի քաղաքականության հանդեպ ՄԹ-ի վերապահումները, հիշատակում իրադարձություններ, երբ ՄԹ-ը միայնակ է մնացել ԵՄ-ի անդամ երկրների հետ հակասությունների ժամանակ ու հարկադրված եղել ենթարկվել մեծամասնության որոշմանը՝ ի հեճուկս սեփական շահերի: ԱԳ նախարարը հանգում է այն կարծիքին, որ մնալով ԵՄ-ում՝ ՄԹ-ը ավելի եւս չի կարող նպաստել տարբերակված, ապակենտրոն ու ազատ տնտեսական գործակցությանը միության ներսում: Նա բացասաբար է վերաբերվում ԵՄ հանձնաժողովի դերակատարության շարունակական մեծացմանը՝ պնդելով, որ վերջինս ամեն ինչ անում է՝ անդամ պետություններից իրավասություններ վերցնելու ու միանձնյա որոշումներ կայացնելու համար: Բնական է, անշուշտ, Ջոնսոնի զայրույթը, քանզի ՄԹ-ը ներկայացնում է ԵՄ-ի ՀՆԱ-ի 16, իսկ բնակչությունը՝ 13 տոկոսը, մինչդեռ ԵՄ պաշտոնյաների միայն 3.6 տոկոսն են թագավորության ներկայացուցիչները:
ՄԹ ԱԳ նախարարը հաջորդիվ խոսում է ԵՄ-ն լքելուց հետո սպասվող դրական զարգացումների մասին՝ նկատի ունենալով ֆինանսական շահույթները, որոնք այժմ ՄԹ-ը ստիպված է կիսել ԵՄ անդամ պետությունների հետ: Ճակատագիրը սեփական ձեռքը վերցնելու նշանաբանով առաջարկվում է կենտրոնացնել բոլոր ռեսուրսները Միացյալ Թագավորության ներքին խնդիրները լուծելու ուղղությամբ: Այդ առումով առանձնացվում են գյուղատնտեսության, ձկնորսության, հարկահանության բնագավառները: Ջոնսոնը նկատում է, որ ՄԹ-ը հնարավորություն է ստանում ինքնուրույնաբար որոշելու իր ներգաղթային քաղաքականությունը, այլ ոչ թե հլու-հնազանդորեն ենթարկվելու Բրյուսելի որոշումներին: ԵՄ-ից դուրս գալով՝ ՄԹ-ը կարող է ազատորեն հանդես գալ իր ուժեղ կողմերով եւ կաշկանդված չլինել Բրյուսելի սահմանած առաջանհերթություններով, որոնք հաճախ արհամարհում են բրիտանական շահերը: Դրա հետ մեկտեղ Ջոնսոնը շեշտում է, որ Բրեքզիթը բացասաբար չի անդրադառնա նաեւ ԵՄ անդամ երկրի համար, որ նոր հսկայական շուկա կստանա անմիջապես իրենց կողքին: Ամփոփելով՝ Ջոնսոնը բանաձեւում է. ուժեղ ԵՄ, որը կօժանդակվի ուժեղ ՄԹ-ի կողմից՝ ապահովելու Եվրոպայի անվտանգությունն ու բարօրությունը: Ի դեպ, նախարարի սույն հոդվածը տեղատարափ քննադատության է արժանացել բրիտանական ԶԼՄ-ների կողմից: Տարածված տեղեկությունները, թե նա ստիպված է լինելու հեռանալ պաշտոնից նման հոդվածից հետո, հերքվել են կառավարության ներկայացուցիչների շուրթերով՝ մատնացույց անելով հանգամանքը, որ Ջոնսոնը գործում է ԵՄ-ն լքելու կառավարության միասնական օրակարգի շրջանակներում: Նկատի է առնվում պարագան, որ Ջոնսոնի հոդվածում որեւէ նորություն չկար, առավել եւս հակասություն Թերեզա Մեյի կառավարության քաղաքականության հետ:
1997թ. նոյեմբերի 1-ին հրատարակված «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածում Լեւոն Տեր-Պետրոսյանը նույնպես ահասարսուռ նորություններ չէր հայտնել: Նա մանրամասնորեն անդրադարձել էր ԼՂ հակամարտության կարգավորման մեթոդաբանություններին եւ շարադրել դրանցից յուրաքանչյուրի շուրջ իր պատկերացումները: Նկատենք, որ առաջին նախագահի հոդվածում արված պնդումները նախ քաջ հայտնի էին նրա թիմի ներկայացուցիչներին, որոնք դեռ 1995թ. տեղյակ էին բանակցային գործընթացի տրամաբանությանը, առավել եւս լիովին տիրապետում էին 1997թ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկների մանրամասնություններին: 1997թ. ամռանը կայացած խորհրդակցության ժամանակ հայաստանյան ու արցախյան կառավարող ընտրախավը պարզորոշ ձեւով իր համաձայնությունն էր տվել կարգավորման փուլային տարբերակին՝ Լաչինի ու Քելբաջարի շրջանների պահպանման պայմանով: Սակայն դա չխանգարեց, որ սկզբում «հայտնի մարմինները» չըմբոստանային նախագահի քաղաքականության հանդեպ, եւ միայն բավականին ուշ, զգալով իշխանությունն առեւանգելու նպատակահարմարությունը, դուրս գային նրա դեմ: Թիմի ներսում ունենալով այդ խաբուսիկ միակամությունը՝ Տեր-Պետրոսյանը իր հոդվածով փորձում էր կարգավորման մանրամասները դանդաղորեն փոխանցել նաեւ հասարակությանը: Սակայն պետական գործչի պատասխանատվությունը հօդս ցնդեց ներիշխանական խլրտումներում՝ հանգելով նախագահի հարկադրյալ հրաժարականին: Այսօր էլ Միացյալ Թագավորությունում են կարծիքներ հնչում, որ ԱԳ նախարար Ջոնսոնը կարող է քավության նոխազ դառնալ եւ ազատվել պաշտոնից, թեպետ բարձրաձայնել է հենց կառավարության կարծիքը:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
744 ՄԼՆ ԴՐԱՄ` ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այս տարվա նոյեմբերի 5-ին Հայաստանի 10 մարզերում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: Դրանք կազմակերպելու եւ անցկացնելու համար անհրաժեշտ է 744 մլն 744 հազար 300 դրամ:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար հատկացված գումարի մնացորդը կազմում է 394 մլն 691 հազար 200 դրամ: Իսկ պահանջվող գումարի չափը կազմում է 350 մլն 53 հազար 100 դրամ, որն էլ կառավարությունն առաջիկայում կհատկացնի տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը: Ի դեպ, տեղեկացնենք, որ նույն օրը` նոյեմբերի 5-ին, Գորիս քաղաքում եւս անցկացվելու են համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Դրանց նախապատրաստման եւ անցկացման նպատակով կառավարությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացրել է 20 մլն 590 հազար դրամ, որից 2 մլն 278 հազար դրամը տրվելու է ՀՀ ոստիկանությանը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 64 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կազմակերպելու եւ անցկացնելու են 24 տարածքային ընտրական հանձնաժողովներ, ձեւավորվելու են 510 տեղամասային ընտրական հանձնաժողովներ եւ տպագրվելու է 885 հազար քվեաթերթիկ:
Ի դեպ, նոյեմբերի 5-ին 34 խոշորացված համայնքներում եւս կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ: Խոշորացված համայքներն են` Արագածոտնի մարզի Ալագյազը, Ապարանը, Ծաղկահովիտը, Արագածավանը, Գեղարքունիքի մարզի Ճամբարակը, Վարդենիսը, Գեղամասարը, Շողակաթը, Լոռու մարզի Ալավերդին, Ախթալան, Շնողը, Լոռի Բերդը, Մեծավանը, Ստեփանավանը, Տաշիրը, Գյուլագարակը, Սարչապետը, Օձունը, Կոտայքի մարզի Չարենցավանը, Ակունքը, Բյուրեղավանը, Մեղրաձորը, Եղվարդը, Ջրվեժը, Շիրակի մարզի Անին, Ախուրյանը, Մարմաշենը, Սյունիքի մարզի Սիսիանը, Կապանը, Քաջարանը, Վայոց ձորի մարզի Արենին, Գլաձորը, Եղեգիսը, Տավուշի մարզի Բերդը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԿՈՎԵՐՆ՝ ԱԿԱՆԱՊԱՏ ԴԱՇՏՈՒՄ
Տավուշի մարզում արդեն մի քանի ամիս խիստ երաշտ է: Անձրեւներ չեն տեղում, բարկ արեւից անտառներում ծառերի կատարները կարմրել են, դաշտերը խանձվել են, բուսականությունը՝ չորացել, աղբյուրների ջուրը նվազել է:
Երկարատեւ երաշտի պատճառով Տավուշի մարզի շատ բնակավայրերում խմելու ջրի մեծ պակաս է զգացվում: Արոտավայրերի խոտը չորացել է, անասունները կանաչ խոտ արածելու համար մտնում են անտառի խորքերը կամ գետափնյա կանաչ տարածքներ: Վիճակը բարդանում է այնքանով, որ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանագոտու արոտավայրերը հրդեհվել են, խոշոր եւ մանր եղջերավոր անասուններն այնտեղ արածել չեն կարող: Անասունները կեր հայթայթելու համար երբեմն վտանգավոր գոտիներ են մտնում: Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի սահմանագոտում՝ համանուն գետի ափին, Ոսկեպարի բնակիչ Մանվել Ալավերդյանի 4 խոշոր եղջերավոր անասունը հայտնվել է ականապատ գոտում: Կենդանիները կարողացել են դուրս գալ ականապատ տարածքից, սակայն կովերից մեկը պայթել է ականի վրա: Հետո վիրավոր անասունը մի կերպ դուրս է եկել սահմանամերձ, ականապատ գոտուց: Վիրավոր կովը տիրոջ կողմից հարկադիր մորթի է ենթարկվել, ինչը թույլ է տվել մեղմել ոսկեպարցի ընտանիքի կրած վնասը: Հավելենք, որ Ալավերդյանների ընտանիքը տուժել է հայ-ադրբեջանական հակամարտությունից: Մանվել Ալավերդյանի հայրը՝ 33-ամյա Հրաչիկ Ալավերդյանը, 1993թ. դեկտեմբերի 9-ին հերոսաբար զոհվեց սահմանագոտում, երբ ադրբեջանական դիրքերը միայնակ հետախուզելու էր գնացել:
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՁԳՁԳՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ»-ին դիմելով՝ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի 49-ամյա բնակիչ Վիտյա Խառատյանը դժգոհեց, որ իր զինվորական թոշակի անցնելու գործը ձգձգվում է: Տղամարդը հայտնեց, որ այս տարվա հունիսի 20-ին լրացել է իր 49-ամյակը, իր զինվորական ծառայության ստաժը բավարար է եղել՝ զինվորական թոշակ ստանալու համար, իրեն զորացրել են ՀՀ զինված ուժերից, ինքը հունիսից պետք է զինվորական թոշակ ստանար: Նա այդ նպատակով տարածքի զինվորական կոմիսարիատ է ներկայացրել պահանջվող բոլոր փաստաթղթերը, այնտեղից դրանք ուղարկել են ՀՀ ՊՆ սոցապ վարչություն: Սակայն նրան դեռեւս զինվորական թոշակ չեն նշանակել, ՊՆ-ից բանավոր հայտնել են` լիմիտը վերջացել է: Նախկին զինվորականն ասաց, որ իրեն զինվորական թոշակ նշանակելու գործը հավանաբար պատրաստ կլինի ընթացիկ տարվա նոյեմբերին: Ավագ ենթասպան տարակուսում է, թե ինչո՞ւ իրեն թոշակ նշանակելու գործը չի արվում: Այս առիթով դիմեցինք ՀՀ ՊՆ, որտեղից մեզ ասացին՝ դիմել գրավոր: Մենք հետեւողական կլինենք այս հարցում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ