ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ ՉԻ ՆՈՐՈԳԵԼ ԵՎ ՀԱՅՏՆՎԵԼ Է «ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սիսիան բեռնաուղեւորատար ավտոտրանսպորտային» ընկերությունը հայտնվել է ե՛ւ ֆինանսների, ե՛ւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների տեսադաշտում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՖՆ-ն դիմել է գնումների բողոքարկման խորհուրդ եւ պահանջել նշված ընկերությանը ներառել գնումներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների «սեւ ցուցակում»: Իսկ ահա տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը միակողմանի լուծել է «Սիսիանի ԲՈՒԱՏ» եւ «Սիսիանի ճանշին» ընկերությունների հետ կնքված պայմանագիրը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը այս տարվա հուլիսի 7-ի գրությամբ դիմել է ՀՀ գնումների բողոքարկման խորհուրդ եւ պահանջել «Սիսիանի Ճանշին» եւ «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերություններին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառել: Իսկ այս ընկերություններին «սեւ ցուցակում» ներառելու պատճառը ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության` ՖՆ-ին ուղղված հունիսի 27-ի գրությունն է:
Այսպես, ըստ ՏԿՏՏՆ-ի` Սիսիանի տարածաշրջանի միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ամառային եւ ձմեռային պահպանման աշխատանքների կատարման նպատակով իրենց եւ «Սիսիանի ճանշին» եւ «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերության կոնսորցիումի միջեւ կնքվել է պայմանագիր: Բայց ընկերությունները չեն կատարել 2016 թվականի ապրիլի 1-ին կնքված համաձայնագրով նախատեսված ճանապարհահատվածների ընթացիկ ամառային պահպանման աշխատանքները: Խոսքը միջպետական եւ հանրապետական նշանակության Անգեղակոթ-Նախիջեւանի սահման 2 կմ եւ Սիսիան-Դաստակերտ-Ցղունի 26.35 կմ ավտոճանապարհների մասին է: Այս ամենի արդյունքում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը այս տարվա հունիսի 26-ից ընկերությունների հետ կնքած պայմանագիրը միակողմանի լուծել է, որի մասին հայտարարությունը հրապարակել է հունիսի 26-ի տեղեկագրում:
Ինչպես հայտնի է` «Սիսիան Բուատ» ընկերության սեփականատերերը ժամանակին ԱԺ ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանն էր ու նրա ամուսինը` ՀՀ կառավարության գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանը: Սակայն անցած տարի՝ ՏԿՏՏՆ-ի հետ ապրիլի 1-ին պայմանագիր կնքելուց ամիսներ անց, Նաղդալյանը հայտարարեց, թե իբր այն վաճառել Է ռուսաստանաբնակ գործարար Կարեն Գրիգորյանին: Ուշագրավն այն է, որ Նաղդալյանը այն վաճառել է ապրիլյան քառօրյայից ամիսներ անց, երբ պարզ է դարձել, որ ընկերությունը ըստ պատշաճի չի նորոգել Անգեղակոթ-Նախիջեւան եւ Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ավտոճանապարհները, որի համար հենց ապրիլի 1-ին պայմանագիր էր կնքել նախարարության հետ: Ի դեպ, այս ամենը հենց ապրիլյան քառօրյայի ժամանակ է պարզվել:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Հերմինե Նաղդալյանից ընկերությունը անցած տարի գնած գործարարը իր հերթին եւս վաճառել է այն: «Սիսիան Բուատ»-ի տնօրեն Տիգրան Անդրեասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց. «Էնքան խոսեցին, որ խեղճ կինը կոպեկներով վաճառեց ընկերությունը: Ուղղակի վերացրեց: Կարեն Գրիգորյանից հետո տեղյակ չեմ, թե ով է գնել այն: Ով ուզում է լինի սեփականատերը, ես իմ գործն եմ անում, ես չեմ ճանաչում, թե ով է, խոսում եմ իր հետ ու վերջ: Հայաստանաբնակ է: Անուն չեմ կարող ասել»: Ահա այսպես Նաղդալյանի ընկերության նոր սեփականատերը Ֆանտոմասի պես իրեն գաղտնի է պահում:
Իսկ կհաջողվի առաջիկայում կրկին պայմանագիր կնքել նախարարության հետ, հետաքրքրվեցինք տնօրենից: Նրա խոսքով՝ «Նոր սեփականատերը կորոշի, ինչպես վարվի նախարարության հետ: Գո՞ւցե նախարարության՝ մեզ հետ կնքած պայմանագիրը միակողմանի խզելը կապված է սեփականատերերի փոփոխության հետ, ով իմանա»:
Եւ չնայած սրան` գնումների բողոքարկման խորհուրդն ուսումնասիրել է ՖՆ-ի՝ հուլիսի 10-ի եւ ՏԿՏՏՆ-ի հունիսի 27-ի գրությունները: Ինչի արդյունքում արձանագրվել է, որ «Սիսիանի ճանշին» եւ «Սիսիանի Բուատ» կոնսորցիումը կնքել է ՏԿՏՏՆ-ի հետ աշխատանքների գնման պայմանագիր, սակայն չի կատարել պայմանագրով նախատեսված աշխատանքները, ինչը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը: Իսկ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` մասնակիցն ընդգրկվում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում, եթե հայտը ներկայացնելու պահին նախորդող տարվա ընթացքում ավելի քան մեկ անգամ խախտել է պայմանագրով նախատեսված պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը: Ըստ գնումների բողոքարկման խորհրդի` նշված ընկերությունները խախտել են պայմանագրի 1.1 կետով սահմանված պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը: Բայց քանի որ ՖՆ-ն գնումների բողոքարկման խորհրդին չի ներկայացրել տեղեկություն կամ ապացույց այն մասին, որ ընկերությունները հայտը ներկայացնելու նախորդող տարվա ընթացքում թույլ են տվել օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ մասով սահմանված որեւիցե խախտում, ապա այս պատճառով որոշվել է ընկերությունններին չներառել «սեւ ցուցակում»: Բայց «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Սիսիանի ճանշին» ընկերությունը վերոնշյալ օրենքի խախտման արդյունքում մեկ անգամ հայտնվել է «սեւ ցուցակում»` 2015 թվականի դեկտեմբերի 16-ից մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 16-ը:
Թեեւ այս դեպքում օրենքը ընկերությանը թույլ չի տալիս մասնակցել պետական գնումների գործընթացին, բայց «Սիսիանի ճանշին»-ը, այդ ժամանակահատվածում գտնվելով «սեւ ցուցակում», մասնակցել է պետգնումներին: Բացի այս՝ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Սիսիանի ճանշին» ընկերությունը ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 13-ի վճռով ճանաչվել է սնանկ: Իսկ սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել պետական եկամուտների կոմիտեն, քանի որ ընկերությունը ՊԵԿ-ին պարտք է ավելի քան 26 մլն դրամ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՄՐՑԱՆԱԿ Է ՍՏԱՑԵԼ
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն արժանացել է խաղաղության մրցանակի, սակայն այդպես էլ չի պարզաբանել, թե ինչ մրցանակաբաշխության շրջանակներում է իրեն տրվել այդ մրցանակը: Հայտնի չէ նաեւ` Հարավայի՞ն, թե՞ Հյուսիսային Կորեայում է նա մրցանակ ստացել: «Կորեայում եմ: Ինձ խաղաղության մրցանակ են շնորհել»,-նշել է Բագրատյանը:
 

ՀՐԴԵՀԱՎՏԱՆԳ ԻՐԱՎԻՃԱԿ
Սեպտեմբերի 19-23-ին հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում սեպտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարեւմտյան` 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երեւանում սեպտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

ՉԵՆ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՎՈՒՄ
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Հայաստան-Սփյուռք համաժողովին ամեն հարց չէ, որ բարձրացվում է:
-Այսպիսի համաժողովները որքանո՞վ են նպաստում Հայաստանի համար կարեւոր հարցերի բարձրաձայնմանը:
-Բոլոր հարցերը չէ, որ բարձրաձայնվում են. հատկապես ոմանց տեսանկյունից՝ ներքին, ոմանց տեսանկյունից` համահայկական, օրինակ՝ արտագաղթի խնդիրը: Կարծում եմ, որ դա ինչ-որ իմաստով այնքան էլ ճիշտ չէ: Կարեւորը այդ հարցերը բարձրաձայնվեն, այդ մտահոգություններն էլ արտահայտվեն, եւ եթե լուծումներ կան, առաջարկվեն: Բայց այս ժողովներից, ի վերջո, պետք չէ ակնկալել, որ հարցերին լուծում կտան: Սա ավելի շուտ համախմբվածության, տեսակետների մերձեցում ապահովելու նպատակ է հետապնդում, այլ ոչ թե կոնկրետ որոշումներ կայացնելու:
-Եթե դիտարկենք օրակարգը, ապա Դուք նաեւ արտագաղթի խնդի՞րն եք տեսնում, որը պետք է ներառել:
-Օրինակ եմ բերում արտագաղթը: Հարցերից մեկն է դա է, որ պետք է արտահայտվեր: Ճիշտ է՝ կան խնդիրներ, որոնք արտահայտվում են, օրինակ, աշխատատեղերի ստեղծում, ներդրումներ եւ այլն, դա բնականաբար պետք է նպաստի արտագաղթի նվազեցմանը, բայց միայն աշխատանքի վայրի տեղը չէ արտագաղթի պատճառը:
-Իսկ Դուք հիմքեր տեսնո՞ւմ եք աշխատատեղերի, ներդրումների համար:
-Սա կարծիքներ արտահայտելու, տեղեկություններ փոխանցելու հնարավորություն է, որպեսզի բարձրաձայնվեն նման հարցեր:
-Այսօր տարբեր հարցեր են ընդգրկված, Դուք նույնպես խոսեցիք՝ Ղարաբաղյան հակամարտությունից սկսած: Ձեզ համար այս օրակարգի գլխավոր հարցը ո՞րն է:
-Ղարաբաղյան հակամարտության հարցն էլ է բավական արծարծվելու, այնպես չէ, որ այդ հարցն ըստ էության կքննարկվի այստեղ: Ավելի շուտ տեղեկություն կփոխանցվի, կարիծքներ կհնչեն ադրբեջանա-թուրքական տանդեմի դեմն առնելու, եւ դա մեր ազգը համախմբող եւ կարեւոր հարցերից մեկն է:

 

 

 
ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ՝ ԳՈՂԵՐԻ ԹԻՐԱԽՈՒՄ
Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանում գտնվող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին հայտնվել է գողերի թիրախում: Եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգյուն Այլըքը հայտնել է, որ թուրք-քրդական բախումների հետեւանքով այս շրջանում ներկայումս շարունակվում է պարետային ժամը, եւ իրենք մեծ դժվարությամբ են թույլտվություն ձեռք բերում եկեղեցի մտնելու համար:
Այլըքը հայտնել է, որ ավազակները՝ օգտնվելով առիթից, որ եկեղեցին չի գործում, հեշտությամբ մտնում են այնտեղ, եւ ամեն օր եկեղեցուց իրեր են պակասում: Ալյըքը կոչ է արել համապատասխան մարմիններին քայլեր ձեռնարկել՝ եկեղեցու անվտանգությունը բարձրացնելու համար: Նշենք, որ թուրք-քրդական բախումների պատճառով նույնպես եկեղեցին մեծ վնասներ է կրել եւ վերանորոգման կարիք ունի:
31 տարվա դադարից հետո՝ 2011 թվականին վերաբացվելուց հետո, Սբ. Կիրակոս եկեղեցին 2015թ. 2016թ. մարտն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետեւանքով մեծ վնասներ է կրել:
Նշենք, որ Մերձավոր Արեւելքի ամենամեծ եկեղեցիներից մեկի` Սուրբ Կիրակոսի վերաբացումն ու օծումը տեղի է ունեցել 2011 թվականի հոկտեմբերի 22-ին, իսկ առաջին պատարագը մեկ օր անց` հոկտեմբերի 23-ին: Սուրբ Կիրակոսի վերանորոգումը իրականացվել է դիարբեքիրցի հայերի եւ Դիարբեքիրի քաղաքապետարանի աջակցությամբ: Այն վերաբացվել է որպես գործող եկեղեցի:




Լրահոս