ՎԵՐԱԴԱՐՁ ԱՆՑՅԱԼԻՆ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ Արցախյան հիմնախնդրի կարգավորման թեմայի շրջանակներում Ադրբեջանին տարածքների վերադարձնելու մասին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունները միանշանակ չեն ընկալվել ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում: ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե «Միշտ ասել ենք, որ վերադարձ անցյալին չկա թե՛ սահմանների եւ թե՛ կարգավիճակի առումով: Միշտ ընդգծել ենք, ընդգծում ենք եւ շարունակելու ենք ընդգծել, որ մեզ համար ամենակարեւորը անվտանգության խնդիրն է»: Միաժամանակ նա պնդել է, թե չի կարող լինել զիջում: Իսկ սահմանների հստակեցումը, ըստ նրա, սա շատ բարդ հարց է: «Ադրբեջանն ուզում է, որ մենք տարածք զիջենք խոստման դիմաց: Խոստման դիմաց տարածք չեն զիջում: Խոստման դիմաց խոստում են տալիս, այսինքն՝ քայլերը պետք է համարժեք լինեն»: Ի դեպ, Նալբանդյանի հայտարարությունները երեկ մեկնաբանել է նաեւ նրա տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ շտապելով համոզել. «Ո՛չ մեկը ո՛չ մեկին տարածք չի տալիս: Խոսքն այն մասին է, որ փաթեթը, որը մեզ ներկայացրել են միջնորդները, այդ փաթեթի երկու տարրի նկատմամբ նախարարը բարձրացրել է պահանջները»: Իսկ թե ինչու է նա այդպիսի չհասկացված հայտարարություն արել, դժվար է ասել: Ամեն դեպքում սեպտեմբերի 23-ին ԱՄՆ-ում սպասվում է Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումը:

 

 
Դատական համակարգի ներսում լարվածությունը նոր թափ է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի գործունեությունից դատավորների դժգոհություններին: Մասնավորապես ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու հրահանգով բեկանվում են նրա համար անցանկալի դատավորների քննած գործերը՝ նպատակ ունենալով կամաց-կամաց ազատվել այդ մարդկանցից: Բանը հասել է այնտեղ, որ դատավորներն այլեւս Ռշտունու եւ վերաքննիչի մասին խոսելիս անվայելուչ են արտահայտվում. «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ է հայտնվել Գեղարքունիքի մարզի դատախազ Սեւան Շհոյանի, ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, դատավոր Վանիկ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի ընթացքում ԱԱԾ-ի իրականացված հեռախոսային խոսակցությունների վերծանումները, որտեղ դատավոր Աղվան Պետրոսյանը նույն դատարանի դատավոր Վարդան Հարությունյանի հետ խոսում է ՀՀ վերաքննիչ դատարանի անկանխատեսելիության մասին եւ կոպիտ բառերով հիշատակում նրան:

 

 

 

Հայաստանում աշխատող կիպրոսահայ գործարար Հարություն Թամազյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժգոհել է ՀՀ իշխանությունների վերաբերմունքից՝ պնդելով, որ դեռ չի նկատում կառավարության հայտարարած ներդրումների քաղաքականության արդյունքները: Ըստ նրա՝ աշխատելիս յուրաքանչյուր անգամ նոր խոչընդոտների է հանդիպում, հատկապես՝ մաքսավորների հետ շփումներում: «Ասվում է՝ սփյուռքահայե՛ր, եկե՛ք, այստեղ ներդրումներ արե՛ք, լավ, գանք, բայց պետք է պայմաններ լինեն: Ընդհակառակը, երբ գնում եք որեւէ մաքսային գրասենյակ, նախ իբրեւ սփյուռքահայ քեզ երկրորդ դաս կդարձնի: Միգուցե քեզ չի ճանաչում, բայց այն կողմ է դնում քեզ: Ասում է՝ սպասի, հետը կխոսես, քեզ չի նայում: Այսինքն՝ բաներ կան, որ մեզ համար խորթ են»,- ասել է նա:

 

 

 
ՀՀ Շիրակի մարզում գտնվող Արփի լիճը դատարկվում է: Բնապահպաններն ահազանգում են, որ լճից ոռոգման պատրվակով բաց թողնվող ջուրը հիմնականում ուղղվում է դրանից սնվող փոքր ՀԷԿ-երի աշխատանքներին: «Այն պետք է դնել մշտադիտարկումների եւ ուժեղ վերահսկողության տակ: Կառավարությունում այս խնդիրը բարձրացված է եւ շուտափույթ լուծում պետք է գտնի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Իսկ ինչով է զբաղված ջրային տնտեսության պետական կոմիտեն: Նախագահ Արսեն Հարությունյանը աշխատում է իր նախկին գործելաոճով, ինչպես «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն էր, որ մարդիկ տարիներ շարունակ վճարում են գազի ներտնային սպասարկման համար, բայց երբեք «չեն տեսնում» այն: Այսօրվա դրությամբ հանրապետության ջրային ռեսուրսները օր օրի նվազում են, իսկ ջրպետկոմը ղեկավարող Արսեն Հարությունյանը ջայլամի քաղաքականություն է վարում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ողջ օրվա ընթացքում փորձեց մեկնաբանություն ստանալ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, սակայն ոչ մի պատասխան չստացանք:

 

 

 

ՀԱԿԱԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ
Կառավարության վերջին նախաձեռնությունը՝ ռուսաց լեզվի ուսուցումը դպրոցներում խորացնելու մասին, դժգոհությունների տեղիք է տվել: ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը: Որպես հիմնավորում նշված է հետեւյալը. «Հայ երիտասարդների կողմից մի քանի օտար լեզուների տիրապետումը դարձել է ժամանակի, ինչպես նաեւ աշխարհում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացների պահանջը: Նկատի ունենալով բոլոր բնագավառներում ժամանակակից մասնագետների պատրաստման գործում օտար լեզուների իմացության կարեւորությունը` ՀՀ կրթական համակարգում անհրաժեշտ է կատարել բարեփոխումներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան տիրապետելու մի քանի օտար լեզուների, ինչպիսիք են ռուսերենը, մեկ կամ մի քանի եվրոպական (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն եւ այլն) եւ արեւելյան (արաբերեն, պարսկերեն, չինարեն եւ այլն) լեզուներ»:
Համաձայնեք՝ հիմնավորումը բավական լավ է գրված. ժամանակի պահանջն է, որ ՀՀ քաղաքացիները տիրապետեն տարբեր օտար լեզուների: Բայց այստեղ խնդիրն այն է, որ իշխանությունները «ինտեգրացիոն գործընթացների» եւ այդ պայմաններում տարբեր օտար լեզուների իմացության մասին խոսելուց հետո պատրաստվում են խորացնել ռուսերենի դասավանդումը: Իսկ ահա մյուս օտար լեզուների հանդեպ նման նախանձախնդրություն չեն ցուցաբերում: Աննորմալ երեւույթ: Մինչդեռ տրամաբանությունը հուշում է, որ ինտեգրացիոն գործընթացների պահանջով պետք է դպրոցներում եւ բուհերում խորացված ուսուցանեին նաեւ մյուս օտար լեզուները, առաջին հերթին՝ անգլերենն ու ֆրանսերենը, որոնք աշխարհում ամենատարածված լեզուներից են: Եւ հետո, չէ՞ որ Սերժ Սարգսյանը նաեւ եվրաինտեգրման ուղի է բռնել՝ պատրաստվելով ասոցացման համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ, որտեղ, եթե հիշում եք, աշխատանքային լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը:
Իրականում պարզ է, որ կառավարության այս նախաձեռնությունը որեւէ կապ չունի ներկայացված հիմնավորումների հետ: Ռուսաց լեզվի ուսուցման խորացումը Հայաստանում կազմակերպվում է ՌԴ-ի պահանջով. ռուս պաշտոնյաները բազմիցս են խոսել ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ-ում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու մասին: Եւ հիմա ՀՀ իշխանություններն այս հանձնարարությունն են անում՝ Սերժ Սարգսյանի, Մոսկվայից եկած վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ԿԳ ՀՅԴ-ական նախարար Լեւոն Մկրտչյանի միջոցով:




Լրահոս