Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 18-ին՝ «Հայաստան-Սփյուռք» համաժողովի բացմանը, անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորմանը՝ խոսել էր Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու հնարավորության մասին. «Խոսքը գնում է այն տարածքների վերադարձի մասին, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը եւ անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու եւ սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը»:
Արցախի Հանրապետության պաշտոնական տեսակետը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց ԼՂՀ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:
-Պարո՛ն Բաբայան, Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ տարածքների «հանձնման» մասով, լսե՞լ եք: Ինչպե՞ս կարձագանքի պաշտոնական Արցախը:
-Արցախի Հանրապետությունը եւ պաշտոնական Ստեփանակերտը միշտ էլ եղել են անկեղծ, մենք երբեք չենք թաքցրել մեր մոտեցումները, չենք փորձել աճպարարությամբ զբաղվել: Միշտ ասել ենք, որ վերադարձ անցյալին չկա թե՛ սահմանների եւ թե՛ կարգավիճակի առումով: Միշտ ընդգծել ենք, ընդգծում ենք եւ շարունակելու ենք ընդգծել, որ մեզ համար ամենակարեւորը անվտանգության խնդիրն է: Սա է մեզ համար ամենակենսականը: Սախարովը ժամանակին ասել է, որ հայերի համար այս խնդիրը կյանքի եւ մահվան խնդիր է, իսկ ադրբեջանցիների համար՝ ամբիցիաների:
-Իսկ ո՞ր տարածքների մասին է խոսքը, որ պատրաստվում ենք հանձնել:
-Երբ խոսում ենք տարածքների մասին, նախ եւ առաջ հանրությունը պետք է իմանա, թե ինչ ունի: Սա շատ կարեւոր է: Նորից վերադառնանք բազմաթիվ անգամ քննարկված հարցերին, ասենք՝ Քարվաճառի շրջանին: Այդտեղ սկիզբ են առնում ջրային պաշարների 85 տոկոսը, Արփա եւ Որոտան գետերը, որոնք սնում են Սեւանա լիճը, իսկ նա Հայաստանի ջրային պաշարների 80 տոկոսն է կազմում: Եթե Արփան եւ Որոտանը թունավորեն, Սեւանը թունավորեն, Հայաստանը կապույտ ցեղասպանության առջեւ կկանգնի:
Աստված մի արասցե, եթե Ադրբեջանը վերցնի այդ տարածքները, մեզ թունավորելու է, ինչպես Արցախյան պատերազմի ժամանակ, խորհրդային տարիներին եւ հիմա էլ հայտարարում է, որ հայերն այնտեղ թաղում են Մեծամորի ատոմակայանի թափոնները: Սա ոչ թե ամբիցիաների, այլ զուտ անվտանգության խնդիր է:
-Զիջման ի՞նչ շեմի մասին է խոսքը, պարո՛ն Բաբայան:
-Պետք է հստակ պատկերացնել մեկ բան. չի կարող լինել զիջում: Այդ բառն ուղղակի անթույլատրելի է: Եթե մենք խոսում ենք այնպիսի հարցերի մասին, ինչպիսին է սահմանների հստակեցումը, կոռեկցիան, որովհետեւ դրանից մենք չենք կարող խուսափել, Ադրբեջանը անընդհատ դա է պնդում: Իհարկե, սա չի նշանակում, որ Ադրբեջանի ասածը մեզ համար ընդունելի է: Եթե խոսում ենք սահմանների մասին, դա միայն այն չէ, որ Ադրբեջանը պահանջում է ներկայիս Արցախյան Հանրապետությունից, դա նաեւ Հյուսիսային Արցախի խնդիրն է, Շահումյանի խնդիրն է, Մարտունու եւ Մարտակերտի հատվածներն են, այսինքն՝ սա շատ բարդ հարց է, ընդհանուր առմամբ՝ 20-ից 25 քկմ տարածքների մասին:
Եթե նրանք ուզում են այս ձեւով, ապա որեւէ կերպ չի կարող խախտվել մեր անվտանգությունը: Եվ քանի որ Ադրբեջանը մեզանից պարզապես պահանջում է միակողմանի զիջումներ, խոսել այս հարցի մասին, որ արդեն ինչ-որ բան պայմանավորված է, անիմաստ է: Ադրբեջանն ուզում է, որ մենք տարածք զիջենք խոստման դիմաց: Խոստման դիմաց տարածք չեն զիջում: Խոստման դիմաց խոստում են տալիս, այսինքն՝ քայլերը պետք է համարժեք լինեն:
-Փաստորեն պաշտոնական Ստեփանակերտը դեմ է տարածքների ցանկացած զիջմանը, այս դեպքում ի՞նչ կոնտեքստում քննարկենք ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը:
-Նալբանդյանի հայտարարությունը չպետք է քաղաքականացնել, շահարկել: Նա ասել է մեկ բան, որ անվտանգությանը որեւէ բան չպետք է սպառնա: Սա է բանալի բառը:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ
ՀՀ-ԵՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ
ՀՀ-ում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը վստահ է, որ այս անգամ ՀՀ-ԵՄ պայմանագիրը կստորագրվի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դեսպանը հիշեց 2013 թվականի վիլնուսյան գագաթնաժողովը եւ նշեց, թե դեռ այն ժամանակ էին բոլորը սպասում այդ պայմանագրի ստորագրմանը:
-Պարո՛ն Պետրիկաս, ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին օրեր առաջ նշեց, թե ՀՀ-ԵՄ պայմանագրի ստորագրման համար ամեն ինչ պատրաստ է: Ի՞նչ եք կարծում՝ այն իսկապե՞ս կստորագրվի:
-Մենք ՀՀ-Եմ պայմանագրի մասին առաջին տարին չէ, որ խոսում ենք: Ես՝ որպես Լիտվայի դեսպան, իհարկե, հիշում եմ իմ ժամանումը Հայաստան` 2013 թվական եւ Վիլնուսյան գագաթնաժողով: Մենք, պետք է անկեղծ լինեմ, դեռ այն ժամանակ շատ սպասում էինք, ես ամբողջովին պատկերացնում եմ իրավիճակը: Այդ պատճառով դա ինձ համար նորություն չէ, այլ շարունակություն: Իսկ շարունակությունն անդրադարձ կունենա մեր հարաբերությունների բոլոր ոլորտների վրա: Ես չեմ կարող աել, որ Լիտվան ավելի քան ուրախ է, եւ օրեր անց մենք Հայաստանի հետ մի քանի պայմանագիր կստորագրենք, որի մասին մի քանի տարի է, ինչ խոսվում է: Դա եւս մեկ անգամ փաստում է, թե որքան մոտ են եղել Հայաստանն ու Լիտվան եւ շարունակում են այդպիսին մնալ:
-Դուք նաեւ նշեցիք, որ առաջին անգամ չէ՝ խոսվում է այդ պայմանագրի մասին: Մենք շատ լավ գիտենք, թե ինչ տեղի ունեցավ մի քանի տարի առաջ:
-Ես կասկած չունեմ, որ այն կստորագրվի: Այդ մասին պաշտոնապես հրապարակվեց, ես միայն կարող եմ ասել, որ պայմանագիրը կստորագրվի: Ես լավատես եմ եւ չեմ կարծում, թե վերջին պահին ինչ-որ բան կարող է փոխվել:
-Հայտնի է, որ ՀՀ-ն հանդիսանում է ԵՏՄ անդամ, սակայն ԱԺ «Ելք» խմբակցությունն այս միությունից դուրս գալու գործընթաց է սկսել: Պե՞տք է այդպիսի քայլի դիմել, թե՞ կարող ենք համատեղել երկուսն էլ:
-ՀՀ-ԵՄ պայմանագիրն ուղղակի կամբողջացնի այն, ինչ ունենք: Այն չի խանգարում, միայն լրացնում է, իսկ դա լավ է Հայաստանի համար: Ես չեմ կարծում, թե պետք է դուրս գալ ԵՏՄ-ից:
-Խոսեցիք հայ-լիտվական հարաբերությունների զարգացման մասին: Զարգացման ինչ միտումներ եք տեսնում:
-Այն, որ միջկառավարական հանձնաժողովը հավաքվում է երկրորդ անգամ, դա արդեն շատ բանի մասին է խոսում: Ինձ համար շատ հաճելի է, որ տնտեսապես այդ ամենը նաեւ թվերի է վերածվում: Լիտվան միակ երկիրն է նախկին ԽՍՀՄ-ից, որից Հայաստան արտահանումը աճում է մշտապես: Հայաստանում դեսպանություն հիմնելուց տասը տարի անց այն աճել է 20 անգամ: Այս տարի եւս աճ ենք ակնկալում: Նույնը նաեւ հայկական ապրանքների մասին է, որոնք գալիս են լիտվական շուկա:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՉԵՆ ՀԱՎԱՔՎԻ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ավանդաբար հինգշաբթի օրերին անցկացվող ՀՀԿ գործադիր մարմնի նիստն այս անգամ չի կայանա: Պատճառն էլ ՀՀ անկախության 26 -ամյակին նվիրված տոնակատարություններն են, եւ ՀՀԿ վերնախավը որոշել է նիստի օրը տեղափոխել: Սակայն մեր տեղեկություններով՝ դեռ հստակ չէ` այն այս շաբաթ առհասարակ տեղի կունենա՞, թե՞ ոչ: ՀՀԿ-ականներն ավելի շատ հակված են այս շաբաթ հավաքվել, քանի որ նոյեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ կապված քննարկման ենթակա հարցեր կան, որոնք պետք է մինչեւ հոկտեմբերի 1-ն ավարտել: Չնայած թեկնածուները մեծ մասամբ հայտնի են, սակայն վերջնական քննարկումները ՀՀԿ-ականներին չեն խանգարի: Ի դեպ, քանի որ անկախության օրը ոչ աշխատանքային է, կառավարության հերթական նիստն էլ նախատեսված է անցկացնել ուրբաթ՝ սեպտեմբերի 22-ին:
ԴԺԳՈՀ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Հայաստան-Սփյուռք» համաժողովը լուսաբանելու նպատակով Հայաստան այցելած օտարերկրյա լրագրողները դժգոհ են մնացել լրատվամիջոցների համար նախատեսված պայմաններից: Չի բացառվում, որ վերջիններս իրենց հրապարակումներում անդրադառնան այդ դժգոհություններին: Արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին հատկապես զարմացրել է այն հանգամանքը, որ լրագրողները կարծես առանձնացված են եղել համաժողովի հյուրերից, ինչն իրենց երկրներում չի լինում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանից հասկանալ` դժգոհություն ստացե՞լ են եւ ի՞նչ են մտածում այս ամենի մասին: Ի պատասխան՝ սփյուռքի փոխնախարարը նշեց, թե մասնավոր անձանց կարծիքով չեն առաջնորդվում եւ արել են այդ տարածքի համար հնարավոր ամեն ինչ լրատվամիջոցների աշխատանքի համար: «Եթե ինչ-որ բանից դժգոհ են մնացել, Աստված իրենց հետ», – նշեց նա:
15 ՕՐՎԱ ԿԱԼԱՆՔ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՆ
«Երդվյալ ազատամարտիկների միության» անդամ Հովիկ Հովասափյանի գործով վճիռը հրապարակվեց: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել առ այն, որ լինելով «Երդվյալ ազատամարտիկների միության» անդամ՝ 2016 թվականի ապրիլի 7-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, եղել է N զորամասի տարածքում եւ ապօրինի ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող, գործարանային արտադրության 7.62 մմ տրամաչափի մեկ հատ մարտական փամփուշտ, որի կրակոցից մահացել է զորամասում գտնվող Սուրեն Ճառատանյանը: Արդյունքում, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրան կատարած արարքի համար պատիժ նշանակեց 15 օր կալանք, որը պայմանականորեն չկիրառվեց: Հավելենք, որ «Երդվյալ ազատամարտիկների միության» նախագահը ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանն է: