ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՀԱՆՁՆՎԵ՞Լ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանի նյարդերը սկսել են տեղի տալ: Նա այլեւս չի թաքցնում Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հեռանկարի վերաբերյալ իր դժգոհությունն ու անհամաձայնությունը, եւ բաց տեքստով հայտարարում, որ խորհրդարանական կառավարման պարագայում եւս ցանկանում է զբաղեցնել այդ պաշտոնը, այլ ոչ թե դառնալ փոխվարչապետ:

Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ-ականները լծվել են հասարակական կարծիքը Սերժ Սարգսյանի վարչապետության ծրագրին նախապատրաստելու գործընթացին: Իշխող կուսակցության ներկայացուցիչներն օր ու մեջ հարցազրույցներ են տալիս` դեմքի լուրջ արտահայտությամբ պնդելով, թե Սերժ Սարգսյանին այլընտրանք չկա, որ նախագահական լիազորությունների ավարտից հետո նրան պետք է հանձնել երկրի հետագա կառավարումը եւ այսպես շարունակ: Քաղաքական հոտառություն պետք չի ունենալ` հասկանալու համար, որ հարցազրույցների այս շքերթը ոչ թե ինքնաբուխ, տարերային շարժումներ են, այլ իշխանական կուլիսներում ծրագրված հստակ սցենարի տարբեր մասեր: Հատկապես այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանն էլ իր հերթին էր ակնարկել իր հետագա վարչապետության մասին՝ շեշտելով, որ ինքն իր դերը կունենա երկրի անվտանգության ապահովման հարցում:
Մինչդեռ Կարեն Կարապետյանն այս թեմայով խոսելիս՝ բավական կտրուկ է գտնվել: Երբ լրագրողները հիշեցրել են ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հայտարարությունները, թե «Սերժ Սարգսյանը անփոխարինելի է վարչապետի պաշտոնի համար, երկրորդ փոխարինողը չկա», եւ հարցրել` արդյո՞ք նա համաձայն է այդ կարծիքի հետ, Կարապետյանը պատասխանել է. «Եկեք, այսպես ասենք՝ մասնավոր անձանց կարծիքները թույլ տվեք չմեկնաբանեմ, օֆիցիալ Հայաստանի հանրապետական կուսակցության կարծիքը երբ որ լինի, հարց տվեք: Դուք օֆիցիալ կարծիքը կուսակցության լսե՞լ եք՝ ոչ, երբ որ լինի, այն ժամանակ կխոսեմ»: Իսկ դիտարկմանը, թե սա կուսակցության կարեւոր դեմքերից մեկի հայտարարությունն էր, նա ասել է. «Դա իրենց մասնավոր կարծիքն է, կուսակցությունը դեռ որոշում չունի, կուսակցությունը հենց որոշում ունենա, կհայտարարեն»:
Սկսենք նրանից, որ Գալուստ Սահակյանն ամենեւին էլ «մասնավոր անձ» չէ, այլ ՀՀ փոխնախագահներից մեկը, կուսակցության ղեկավար կազմի` գործադիր մարմնի անդամ /ճիշտ այնպես, ինչպես ՀՀԿ փոխնախագահ եւ ԳՄ անդամ է նաեւ Կարեն Կարապետյանը/: Այնպես որ, նրա հայտարարությունները, որքան էլ մասնավոր, բայց ընդհանուր առմամբ արտացոլում են ՀՀԿ տրամադրությունները: Եւ հետո՝ Գալուստ Սահակյանը նման հարցերում չէր կարող գործել առանց Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցնելու: Առավել եւս, երբ նույն միտքը նա տարբեր ձեւակերպումներով կրկնել է ոչ մեկ անգամ, առավել եւս, երբ նույն միտքը կարմիր գծի նման անցնում է ՀՀԿ-ականների հարցազրույցներում (հասկանալի է՝ սա պատահական չէ):
Ուստի այս իրավիճակում Կարեն Կարապետյանի հայտարարությունները միանգամայն այլ երանգ են ստանում: Առավել եւս, երբ «Հայաստան-Սփյուռք» համաժողովի մասնակիցներից մեկի հարցին, թե արդյո՞ք Կարապետյան վարչապետը «կփափագի մնալ պաշտոններու վրա», նա պատասխանել է՝ այո՛:
Փաստորեն, չթաքցնելով վարչապետ դառնալու իր «փափագը»՝ Կարեն Կարապետյանն անուղղակի հակադարձում է իր կուսակիցներին, որոնք Սերժ Սարգսյանին այլընտրանք չեն տեսնում ու խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում նրան են պատկերացնում ապագա վարչապետ: Եւ Կարապետյանը հակադարձում է՝ հիշեցնելով, որ կուսակցության ներսում պաշտոնապես նման որոշում չեն կայացրել:
Հատկանշական է մեկ փաստ եւս. վարչապետի թեկնածուի թեմայի մասին խոսելիս Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ ԳՄ անդամ Տարոն Մարգարյանն անորոշ պատասխան է տվել. «Հարգելինե՛րս, ինձ թվում է՝ մինչեւ ապրիլը շատ երկար ժամանակ կա, եւ մեր Հանրապետական կուսակցությունը մեր նախընտրական ծրագրերով, Ազգային ժողովի վերջին ընտրություններում մեր բնակչության կողմից վստահություն ստացած ծրագրերով, մեր կուսակցությունը իր ծրագիրը տանում է առաջ»: Իսկ հարցին, թե Սերժ Սարգսյանին փոխարինող երկրորդը չկա՞, թե՞ կարող է լինել, նա ասել է. «Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահն է եւ Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահը: Այո՛, իմ կարծիքով՝ Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահին փոխարինող չկա»: Ուշադրություն դարձրե՛ք Մարգարյանի ձեւակերպումներին, երբ պնդում է, թե ՀՀԿ նախագահին փոխարինող չկա: Հետաքրքիր է՝ իսկ Սերժ Սարգսյանին որպես վարչապետ կա՞ արդյոք փոխարինող, եթե այո, ո՞վ է թեկնածուն:
Մինչ այդ նկատենք, որ ՀՀԿ ներսում առաջիկա ամիսներին, այնուամենայնիվ, վարչապետի պաշտոնի համար ներքին պայքար է սպասվում: Դատելով Կարեն Կարապետյանի պահվածքից՝ մինչեւ հիմա ընթացած նյարդերի պայքարում նա սկսել է տանուլ տալ: Չնայած, Կարապետյանին էլ կարելի է հասկանալ. նրան համոզեցին վարչապետի պաշտոնը ստանձնել՝ խոստանալով, որ սա կարճաժամկետ ծրագիր չէ, բայց որոշ ժամանակ անց պարզվեց, որ նա Սահմանադրությամբ սահմանված մշտական բնակության ցենզին չհամապատասխանելու պատճառով չի կարող ԱԺ ընտրություններում ՀՀԿ ցուցակում լինել, միգուցե չհամապատասխանի նաեւ 2018թ. ապրիլին վարչապետի համար սահմանված ցենզին եւս:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 
ՏԵՂԱԿԱԼՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ
Երեկ «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի երկրորդ օրն էր: Ինչպես հայտնի է՝ ամեն օր նախատեսված է տարբեր ուղղություններով թեմատիկ նիստեր, որոնց ժամանակ ելույթ են ունենում տվյալ ոլորտի ղեկավարները: Սակայն սահմանամերձ բնակավայրերի նախապատրաստումը պաշտպանության եւ բնակչության անվտանգության ապահովումը ռազմական բախումների ժամանակ թեմայով ելույթ ունեցավ ոչ թե ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, այլ նրա առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանը: Սա հազիվ թե պատահականություն լինի, այն էլ ՊՆ-ում կադրային փոփոխությունների մասին լուրերի համատեքստում. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իր պաշտոնին հրաժեշտ կտան ԶՈՒ մի շարք պաշտոնատար անձինք, որոնցից մեկը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն է, իսկ նրան կփոխարինի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանը: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԶՈՒ-ում շատ հարցերում Գասպարյանն ավելի ակտիվ է, քան իր վերադասը, եւ ըստ էության, նրան են հանձնվել ԶՈՒ-ն կառավարելու գործառույթները պարզապես դեռ տեղակալի կարգավիճակով:

 

 

ԽԱԽՏՈՒՄ ԵՆ
ՀՀ արդարադատության նախարարությունը վերջին շրջանում աշխատում է իր գործառույթների ու հնարավորությունների գրեթե կեսով: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ այս նախարարության աշխատակիցների մեծ մասը օրնիբուն աշխատում է օրենսդրական այս կամ այն նախաձեռնությունը օր առաջ ավարտելու համար: «Մալբրի» կոչվող համակարգի թելադրմամբ են գործում պետական այս հիմնարկում՝ անտեսելով ոլորտում առկա մյուս բազում խնդիրները: Բայց նույնիսկ այս պայմաններում չեն հասցնում տեղավորվել ժամանակի մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթն արդեն հրապարակել էր, որ մի շարք օրենսդրական նախագծերի խորհրդարան ներկայացնելու վերջնաժամկետները, որ սահմանել էր Սերժ Սարգսյանը 2016թ. փետրվարի 10-ի ՆՀ-170-Ա հրամանագրով, խախտվել են: Օրինակ՝ դատական օրենսգիրքն ԱԺ պետք է ներկայացվեր մինչեւ 2017թ. մարտի 1-ը, բայց այն դեռեւս խորհրդարանում չէ: Մինչեւ 2017թ. փետրվարի 1-ը պետք է ներկայացվեր ՍԴ մասին սահմանադրական օրենքը, բայց դա եւս դեռեւս չի բերվել ԱԺ:
Օրենքներից մի քանիսն էլ ԱԺ է ներկայացվել Սերժ Սարգսյանի սահմանած վերջնաժամկետի խախտումով. մինչեւ 2017թ. ապրիլի 1-ը պետք է ԱԺ ներկայացվեր դատախազության մասին օրենքը, բայց կառավարությունն այն խորհրդարան է ուղարկել օգոստոսին նոր միայն: Նույն ամսում ԱԺ է ուղարկվել ԿԲ մասին օրենքը, մինչդեռ վերջնաժամկետ սահմանված էր 2017թ. մայիսի 1-ը, եւ այսպես շարունակ:

 

 
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽՎԵԼ Է
Ըստ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի՝ այսօր օրակարգային թիվ մեկ խնդիրն է՝ պարտադրել Ադրբեջանին կատարել ստանձնած պարտավորությունները, որից հետո միայն կարելի է անցնել փաստաթղթային գործընթացին: «Ես չեմ համարում, որ Հայաստանի հասարակական-քաղաքական օրակարգում ղարաբաղյան կարգավորման դետալների քննարկումն օրհասական հարց է, քանի որ ապրիլյան պատերազմից հետո փոխվել է բանակցությունների բովանդակությունն այն տեսանկյունից, որ գիտենք՝ դրանք ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման շուրջ են ընթանում»,-շեշտել է Աշոտյանը:

 

 

ԿՀԱՆԴԻՊԵՆ
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի միջեւ ԼՂ խնդրի կարգավորմանը նվիրված հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին: Այժմ Նյու Յորքում է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով ելույթ է ունենալու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին տեղեկություններ առայժմ չկան:

 

 

ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՉԷ
Իրան-Հայաստան բարեկամության միության նախագահ Լեւոն Ահարոնյանը նշել է, որ համաժողովները հնարավորություն են տալիս հասկանալ՝ ինչ է արվել Հայաստանի համար, եւ ինչ անելիքներ կան: Վերջինս նշել է, որ բոլոր համաժողովներին մասնակցել է եւ այնուհետեւ հստակ քայլեր արել: Նա երեկ լսել է Սերժ Սարգսյանի ելույթը, սակայն այնքան էլ իրատեսական չի համարում 4 մլն բնակչություն ունենալու նրա տեսլականը:




Լրահոս