«ԻՆՔՆԱՀԱՎԱՆ, ՔԻԹԸ ՏՆԿԱԾ ԳՅԱԴԵՆ». ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս էր անդրադարձել դատական համակարգում առկա խնդիրներին: Մասնավորապես այն մասին, որ դատավորները բողոքում են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի գործունեությունից: Գրել էինք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին իր ոչ ցանկալի դատավորներից ազատվելու համար նրանց կողմից քննված գործերը բեկանում է եւ կրկին ուղարկում է դատարան՝ նոր քննության:

«Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ է հայտնվել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւան Շհոյանի, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, դատավոր Վանիկ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի ընթացքում ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված հեռախոսային խոսակցությունների վերծանումները, որտեղ դատավոր Աղվան Պետրոսյանը մեկ այլ դատավորի հետ խոսում է ՀՀ վերաքննիչ դատարանի անկանխատեսելիության մասին եւ կոպիտ բառերով հիշատակում նրան:
Մասնավորապես 2016 թվականի օգոստոսի 6-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին է զանգահարել մի անձ եւ հետաքրքրվել է նրանից, թե արդյո՞ք նա գնում է ՀՀ վերաքննիչ դատարան:
Ներկայացնում ենք խոսակցությունը առանց խմբագրման:
Դատավորին զանգահարած անձ- Վերաքննիչ շփվո՞ւմ ես գոնե:
Դատարանի նախագահ Աղվան Պետրոսյան- Չեմ էթում, ապե՛ր, բացարձակ:
Դատավորին զանգահարած անձ-Բայց շփվում ես, խոսում-մոսո՞ւմ ես էլ, թե՞ չէ:
Դատարանի նախագահ Աղվան Պետրոսյան -Ո՞ւմ հետ:
Դատավորին զանգահարած անձ- Վազգենի:
Դատարանի նախագահ Աղվան Պետրոսյան- Ախպե՛ր, ինչ խոսամ, երկու հատ արդարացում շրխկալով բեկանեց իմ քնածներիցս:
Դատավորին զանգահարած անձ- Ձե՞ր վրա:
Աղվան Պետրոսյան – Մեր գործերից մի հինգ հատ արդարացում բեկանել է արդեն: Պրոստը մի տարի դնում, քննում ես, ներվայնանում ես, բան ես անում, մեկ էլ, շըրխկ, 5 րոպե հետո:
Ստացվում է, որ ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած որոշումներից վրդովված՝ դատավորները անգամ կապ չեն ցանկանում հաստատել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու հետ՝ պարզաբանելու իրավիճակը: Նրանք գործում են՝ ի հեճուկս միմյանց:
«Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ է հայտնվել եւս մի հեռախոսային խոսակցության վերծանում, որտեղ 2016 թվականի օգոստոսի 8-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանը հեռախոսով զրուցում է դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի հետ:
Դատավոր Վարդան Հարությունյան-Ախպե՛ր, էն մի հատ 350-ի 1-ը հիշո՞ւմ ես, որ ասի՝ դնեմ, կարճեմ, ասիր՝ չէ, պայմանավորվածություն կա Վճռաբեկով, բան:
Աղվան Պետրոսյան -Հա՛:
Վարդան Հարությունյան -Դրել, բեկանել են, ախպե՛ր: Դրել, բեկանել, կարճել են:
Աղվան Պետրոսյան- հա, դե (անվայել բառ) են, ինչ ասեմ: Գիտեմ, ես տեղյակ եմ, ապե՛ր:
Վարդան Հարությունյան-Էսի շոկ էր, սրանք խի՞ սենց արին:
Աղվան Պետրոսյան – Ապե՛ր, հիմա վերաքննիչը անկանխատեսելի է, այնպես որ, ապրումներ մի՛ ունեցեք:
….
Աղվան Պետրոսյան-Դե՛, հենա ինձ էլ երկու հատ արդարացում բեկանեց, ինչ անենք:
….
Աղվան Պետրոսյան – Բայց էսօր վերաքննիչը անկանխատեսելի է: Վերաքննիչը կարա գտնի, որ ասենք՝ հետաքննիչը կարա դատավարական գործողություններ անի, հետո դառնա տուժող, ասենք:
Վարդան Հարությունյան- Հա, բան ա էլի, ինքնահավան, քիթը տնկած գյադեն, ես շատ գիտեմ՝ ինչեր է անում:
Աղվան Պետրոսյան – Չէ՛, հիմի էդ է, ախպե՛ր: Ասում եմ՝ երկու հատ՝ ինձի, մեկը Վարդենիսի խուլիգանությունը բեկանեց արդարացումս: Մեկ էլ էն կախարդի տղու գործը:
Վարդան Հարությունյան-է, հա բա էդ (անվայել բառ) գոնե ասեն, իմանանք, կոնկրետ մենք, ի՞նչ է մեզանից:
Այսպիսով՝ կարելի է եզրակացնել, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ դատավորները այս կամ այն գործի վճիռը կայացնելիս ՀՀ վճռաբեկ դատարանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերում, վճիռ կայացնում, սակայն ՀՀ վերաքննիչ դատարանը բոլոր պայմանավորվածությունները ի չիք է դարձնում՝ բեկանելով գործերը: Այսինքն՝ իրապես Վազգեն Ռշտունին ցանկանում է դատական համակարգն իր ձեռքը վերցնել, դրա համար էլ վճռաբեկի հետ պայմանավորված գործերը բեկանում է՝ այդպիսով ցույց տալով, թե ով է համակարգում թելադրողը: Իսկ ՎԴ նախագահ Արման Մկրտումյանն էլ փորձում է համակարգն իր ձեռքում պահել՝ դատավորներին ուղղորդելով՝ ինչ վճիռ կայացնել: Ու պետք է արձանագրել, որ ամեն դեպքում դատավորները Հայաստանում անկախ չեն. վերադաս դատարանների ցուցումներով են աշխատում կամ ՀՀ նախագահի նստավայրից հնչած հեռախոսազանգով, որի մասին, թեեւ, այս գաղտնալսումների մեջ ոչինչ չկա:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՆՈՐ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԻՊՈՅԻ ԳՈՐԾՈՎ
Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի դեմ մահափորձի գործով նոր զարգացումներ են նկատվում: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ սեպտեմբերի 13-ին ազգային անվտանգության ծառայությունը գործով կալանավորված անձանց կրկին հարցաքննել է: Ինչպես հայտնի է՝ մայիսի 24-ին ՀՀ ոստիկանությունը Էջմիածնում վնասազերծեց քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու համար 4 անձի, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 35-104 հոդվածի՝ սպանության նախապատրաստություն, եւ 235 հոդվածի հատկանիշներով՝ ապօրինի զենք պահելը, կրելը: Նրանք կալանավորված են: Դեպքից հետո տեղեկություններ տարածվեցին, որ սպանության նախապատրաստության հետեւում կանգնած է օրենքով գող Արտյոմ Հարությունյանը` Արտյոմ Կանեւսկոն: Ու մինչ իրավապահները քննում էին գործը, սեպտեմբերի 12-ին Էջմիածնի Անդրանիկի փողոցում սպանվեցին Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի մտերիմ ընկերները՝ Կարեն Դավթյանը եւ Լեւոն Ավետիսյանը: Եւ առաջին կասկածն այն է, որ Դոն Պիպոն «վերացրեց» իրեն սպանելու փորձ նախապատրաստողներին:
Եւ ահա այս սպանության հենց հաջորդ օրը ուշագրավ զուգադիպությամբ ԱԱԾ-ն հարցաքննություն նշանակեց Արթուր Ասատրյանի դեմ մահափորձի գործով կալանավորվածների հետ՝ ըստ ամենայնի հասկանալու, թե ինչ կապ կարող էին ունենալ սպանված Կարեն Դավթյանը եւ Լեւոն Ավետիսյանը Արթուր Ասատրյանի դեմ սպանություն նախապատրաստող անձանց հետ: Մեզ հասած լուրերի համաձայն՝ իրավապահները, ի թիվս այլ հարցերի, կալանավորվածներից մեկիկ-մեկիկ հետաքրքրվել են, թե ինչ կապ են ունեցել սպանված Կարեն Դավթյանի հետ, երբեւէ առնչվե՞լ են, ճանաչե՞լ են, թե՞ ոչ, եւ այսպես շարունակ: Ինչ ցուցմունք են տվել կալանավորվածները, «Ժողովուրդ» օրաթերթին առայժմ պարզել չհաջողվեց: Բայց հաշվի առնելով դեպքերի հաջորդականությունը՝ չի բացառվում, որ սեպտեմբերի 12-ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցած սպանության գործի քննության վարույթը տեղափոխվի ԱԱԾ: Այս տեղեկությունը փորձեցինք պարզել ՀՀ գլխավոր դատախազությունից, որտեղից հայտնեցին, որ գործով նախաքննությունը շարունակվում է:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Որովայնի կողմնային պատի հրազենային վնասվածք՝ ձախից, չթափանցող որովայնի խոռոչ ախտորոշմամբ, Հրազդանի ԲԿ է տեղափոխվել մի քաղաքացի: Հրազենային վիրավորում ստացած քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ, 45-ամյա Գագիկ Վարդանյանն է, որը նույն օրը իր տան ննջասենյակում ինքնասպանություն գործելու նպատակով որսորդական հրացանից կրակել է իր որովայնին: Դեպքից առաջ Գ. Վարդանյանը իրենց գյուղի գերեզմանոցում տեղադրելիս է եղել եղբոր քարը, որից հետո վերադարձել են տուն, հաց են կերել, իսկ հետո նա մտել է ննջասենյակ եւ իր անունով գրանցված հրացանով ինքնասպանության փորձ կատարել:

 

 
ՕԳՆԵՆՔ ԶՄԻՄԻԱՆՍ
Գագիկ Ծառուկյանը որոշել է հոգալ լիբանանահայ ուսանողների ուսման վարձերի հարցը։ Ընդ որում՝ արդեն երկու տարի անընդմեջ Ծառուկյանի հիմնած «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը փոխանցում է բարձր առաջադիմություն ունեցող լիբանանահայ ուսանողների ուսման վարձերը։ Խոսքը տարեկան քսան ուսանողների մասին է, որոնց Ծառուկյանը հրավիրել էր իր մոտ՝ անձամբ այդ մասին տեղեկացնելու։ Հանդիպմանը ներկա էր նաեւ կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։ Ուշագրավ է, որ մի կողմից՝ մենք սփյուռքից ենք անընդհատ օժանդակություն հայցում, խնդրում ենք գալ, ներդրումներ կատարել այստեղ, օգնել Հայաստանին, մյուս կողմից՝ այստեղի գործարարները իրենք են օգնում Հայաստան եկած սփյուռքահայերին։ Ծառուկյանն էլ իր ելույթում նշեց, որ ոչ միայն սփյուռքը պետք է հայրենիքին օգնի, այլեւ հայրենիքն էլ պետք է սփյուռքին օգնի։

 

 

ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆՔ
Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի վստահեցմամբ՝ Հայաստանն արխիվային փաստաթղթերից օգտվելու տեսանկյունից ամենաթափանցիկ երկիրն է: Նա մտահոգություն է հայտնել, որ մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի հետ կապված մենք դեռ պատրաստ չենք ճշմարտությունն ասելու: Պատմությունը պետք է պատմություն դառնա, որ նոր ներկայացվի, եւ ամեն ինչ կախված է գրողից: «Մենք կարողացել ենք հավաքել, պահպանել եւ ապագա սերունդներին փոխանցել այն ամենը, ինչ եղել է մեր երկրում վերջին 25 տարիների ընթացքում: Առաջինը պետական մարմինների փաստաթղթերն են, որոնք պարբերաբար համալրում ենք: Միայն ՀՀ ՊՆ-ն, ԱԳՆ-ն եւ ԱԱԾ-ն իրենց փաստաթղթերը դեռ չեն հանձնում արխիվ, մնացած բոլոր պետական մարմիններն իրենց փաստաթղթերը հանձնել են»,-նշել է նա:

 

 

ԱՐԴԵՆ ԼԱՎ Է
Սեպտեմբերի 14-ին Երեւանի կենտրոնում՝ Թուֆենկյան հյուրանոցի մոտ հնչած կրակոցներից հրազենային վիրավորում ստացած քրեական հեղինակություն, ալավերդցի Վահագն Աբգարյանի առողջական վիճակը շատ լավ է: Այս մասին մեր զրույցում ասաց «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը: Վահագն Աբգարյանը ստացել է վնասվածք կրծքավանդակի աջ կողմում, նաեւ աջ նախաբազկային հատվածում՝ ոսկրի վնասումով: Գլխավոր բժիշկի խոսքով՝ Վահագն Աբգարյանը գտնվում է հիվանդասենյակում: Հարցին, թե ե՞րբ դուրս կգրվի հիվանդանոցից, Կուրղինյանն ասաց, որ դեռ հայտնի չէ. «Ամեն ինչ կախված է վերքերի լավացումից»,- ասաց նա:




Լրահոս