ԱՍՈՒՄ ԵՆ՝ ՆԵՐԴՐՈ՛ՒՄ ԱՐԱ, ՊԱՅՄԱՆ ՉԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում աշխատող կիպրոսահայ գործարար Հարություն Թամազյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ դեռ այնքան էլ չի նկատում ՀՀ կառավարության հայտարարած ներդրումների քաղաքականության արդյունքները, քանի որ աշխատելիս յուրաքանչյուր անգամ նոր խոչընդոտների է հանդիպում:

Չնայած կառավարության խոստումների հանդեպ Թամազյանը հավատ ունի, սակայն դեռ չի կարող Սփյուռքում ապրող իր ընկերներին ՀՀ-ում ներդրումներ անելու կոչեր անել, քանի որ վստահ է՝ ամեն ինչ հարթ չի անցնի, եւ բիզնես սկսելն առանց խոչընդոտների չի լինի:
Նշենք, որ Թամազյանը Հայաստանում զբաղվում է գործվածքեղենի ներկրման բիզնեսով եւ ունի մի սկզբունք՝ երբեք ապրանք չի ներկրում Թուրքիայից եւ զարմանում է՝ Հայաստանում ամենուր թուրքական ապրանքներ տեսնելով:
Հավելենք, որ կիպրոսահայ գործարարն այս օրերին Երեւանում մասնակցում էր «Հայաստան-Սփյուռք» վեցերորդ համաժողովին եւ ամենից շատ տպավորվել էր Մեծն տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ելույթից:
«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է կիպրոսահայ գործարար Հարություն Թամազյանը:
-Պարո՛ն Թամազյան, կառավարությունը խրախուսում է նոր ներդրումներ դեպի Հայաստան եւ կոչ անում նաեւ այստեղ նոր բիզնես հիմնել: Ձեր օրինակով կարող եք ասել՝ ի՞նչ խնդիրների եք բախվել Հայաստանում:
-Երեք տարի է, որ այստեղ խանութներ ունենք, դժվարությունները մաքսային հարցերն են, որ մեզ համար շատ անհասկանալի ձեւեր են: Բավականին դժվարանում ենք, բայց հիմա խոստանում են մեզ, որ նոր կառավարությունը նոր ձեւեր է որդեգրել: Եթե կուզեն, որ Հայաստանը դարձնեն անտրանզիտ երկիր, ապա պետք է մեր մաքսը դյուրացնեն: Այսօր մեկ պատուհան ասեցին, ես այն օրը 12 պատուհան անցա, չգիտեմ, թե մեկ պատուհանը երբ պետք է լինի:
-Ի՞նչ դյուրացումներ եք ակնկալում:
-Այսինքն՝ ասվում է՝ սփյուռքահայե՛ր, եկեք, այստեղ ներդրումներ արեք, լավ, գանք, բայց պետք է պայմաններ լինեն: Ընդհակառակը, երբ գնում եք որեւէ մաքսային գրասենյակ, նախ իբրեւ սփյուռքահայ քեզ երկրորդ դաս կդարձնի: Միգուցե քեզ չի ճանաչում, բայց այն կողմ է դնում քեզ: Ասում է՝ սպասի, հետը կխոսես, քեզ չի նայում: Այսինքն՝ բաներ կան, որ մեզ համար խորթ են: Բայց հիմա խոստումներ տրվեցին, եւ կհավատամ, որ փոփոխություններ կլինեն:
-Այսինքն՝ սփյուռքահայերին կոչ են անում ներդրումներ կատարել, սակայն պայման չե՞ն ստեղծում:
-Դեռ այո, բայց այսօր (երեկ-խմբ.) ներկայացումն ուրիշ էր, խոստացան, որ պետք է լինի: Մենք այդ հույսով ենք: Կա մի բան նաեւ, որից դժգոհում եմ. ամոթ է Հայաստանում այդքան թուրքական ապրանք լինելը: Թուրքը մեր թշնամին է, ես Կիպրոսի օրինակը բերեմ, այնտեղ նույնիսկ մեկ թուրքական թուղթ չես կարող վաճառել, իսկ այստեղ ամբողջը թուրքական ապրանքներ են: Նախ կառավարությունը պետք է թուրքական ապրանքի տուրքն ավելացնի:
-Նախօրեին իր ելույթում Սերժ Սարգսյանը խոսեց 4 մլն բնակչություն ունենալու մասին: Հաշվի առնելով այն խնդիրները, որոնց մասին բարձրաձայնեցիք, Դուք պատրա՞ստ եք գալ եւ ապրել Հայաստանում:
-Դեռ չէ, բայց հետագայում միգուցե: Եթե այստեղ գործը լավ լինի, ինչու չէ, քանի որ մեզ համար Հայաստանում ապրելը հեշտ է: Կսիրենք Հայաստան ապրելու, բայց գործն այնքան չի բավականացնում՝ այստեղ ապրելու համար:
-Բիզնեսի հետ կապված խնդիրներից բացի՝ ի՞նչ բացեր եք տեսնում: Օրինակ՝ իր ելույթում Մեծն տան Կիլիկիո Արամ Ա-ն բարձրաձայնեց բարքերի եւ արդարության բացակայության մասին:
-Եթե մենք այստեղ հաջողության հասնենք, ինքնաբերաբար, եթե մեր ընկերները մեզ հարցնեն այստեղ առկա վիճակի մասին, ասեն՝ Հարո՛ւթ, ինչպես է Հայաստանում, չեմ կարող ասել՝ դուք էլ եկեք, քանի որ ամեն բան փոխված չէ այստեղ: Իսկ Արամ վեհափառը բացառիկ, իսկապես որ տեղին բաներ ասեց: Կարծես բոլորիս միտքը հավաքած լիներ, եւ այն, ինչ չէին կարող ասել, ինքն ասաց: Վստահ եմ, որ եթե սփյուռքահայն ու հայաստանցին այսօր նույն դատարանը գնան, արդյոք պե՞տք է նույն ձեւով դատվեն: Դա մեծ հարցական է մեզ համար:
-Ասում են՝ տարիներ շարունակ Սփյուռքը ՀՀ-ի համար համարվել է փողի աղբյուր: Ո՞րն է պատճառը:
-Ինչո՞ւ ոչ, եթե Սփյուռքը կարող է օգնել, թող օգնի: Դա անում ենք առանց շահ սպասելու, բայց երբ կգաս այստեղ եւ կսկսես բիզնեսով զբաղվել, ամեն ինչ փոխվում է: Բոլոր հաշիվները փոխվում են: Մենք չենք վարժվել դեռ Հայաստանի ձեւերին, ամեն ինչ պարզ, հստակ, հավասար չէ: Շատ լավ կտեսնես, որ ուզում ես գործ անես, մեկ ուրիշն առաջ է ընկնում, ասում ես՝ ով էր, պարզվում է՝ ինչ-որ մեկի կնքահայրն է, բան չես կարող անել:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ՄԻԵԴ-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՐԵԼ Է ՎՃԱՐԵԼ 6000 ԵՎՐՈ

Հայաստանի կառավարությունը արդարադատության նախարարությանը առաջիկայում կհատկացնի 6000 եվրոյին համարժեք դրամ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱՆ-ն 3000 եվրոյին համարժեք դրամը հատուցելու է դիմումատուին՝ «Բադալյանն ընդդեմ Հայաստանի» գործով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հուլիսի 20-ի վճռի համաձայն: Իսկ մյուս 3000 եվրոն կհատուցվի «Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով: Նշենք, որ նշված գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը այս տարվա հոկտեմբերի 20-ն է:

Ըստ մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ դիմող Արմեն Բադալյանը 2011 թվականի հուլիսի 23-ին ձերբակալվել է քննիչի դեմ բռնություն գործադրելու սպառնալիքի կասկածով: Նա կալանավորվել է եւ մնացել կալանքի տակ մոտ 1 տարի, ապա մեղավոր ճանաչվել: Միջազգային դատարանը շեշտել է, որ անհիմն կալանքը տարածված պրակտիկա է Հայաստանում, ինչը հաստատվել է նաեւ նախկինում «Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի», «Մալխասյանն ընդդեմ Հայաստանի», «Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի» եւ այլ գործերով:
Իսկ ահա «Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով Եվրոպական դատարանը փաստել է, որ ներպետական դատարաններին չեն ներկայացվել հիմնավոր եւ բավարար պատճառներ՝ դիմումատուի նկատմամբ կալանք նշանակելու եւ կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների հիմնավորման համար: Նշենք, որ 2007 թվականի սեպտեմբերի 4-ին Երեւանի դատախազության կողմից հարուցվել էր քրեական գործ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Ռ.Կ.-ի կողմից ներկայացված դիմումի հիման վրա: Վերջինս, մասնավորապես, հայտնել է, որ դիմումատուն՝ նույն քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալը եւ քրեակատարողական հիմնարկի երկու այլ ծառայողներ՝ Ա.Գ.-ն եւ Լ.Հ.-ն, ծեծել են իրեն ռետինե մահակներով:
Դիմումատուն պահանջել է 1 մլն 648 հազար 915 դրամ՝ որպես նյութական վնասի հատուցում, 70 հազար եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, ինչպես նաեւ՝ 3 մլն դրամ՝ որպես ներպետական դատարաններում եւ Եվրոպական դատարանում կրած ծախսերի հատուցում: Սակայն Եվրոպական դատարանը վճռել է դիմումատուին շնորհել 3 հազար եվրո ոչ նյութական վնասի դիմաց:
Նշենք, որ միայն 2017թ-ին կայացված վճիռներով ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել շուրջ 46 հազար եվրո գումար:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ԲԵՆԶԻՆ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարարության՝ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված սահմանապահ զորամասի պայմանագրային զինծառայող Նվեր Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. փետրվարին՝ քննությամբ չպարզված օրը, այդ զորամասի ավտոհավաքակայանի հարակից տարածքում նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ Վարդան Սարգսյանից եւ Գեւորգ Արշակյանից վաճառելու նպատակով վերցրել է ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված, վերջիններիս կողմից զորամասի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաներից մեկի բաքերից հափշտակված, պլաստմասսե տարայի մեջ լցված, 9200 դրամ արժողությամբ 20 լիտր բենզին: Ն. Շահնազարյանը 2016թ. քննությամբ չպարզված օրը Բերդի տարածաշրջանի Այգեձոր գյուղում Էդգար Չատյանին 12000 դրամով վաճառել է վերհիշյալ զորամասի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաների բաքերից հափշտակված 40 լիտր բենզինը:
Ն. Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 216 հոդվածի 1-ին մասով, 38-177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Է. Չատյանին՝ 216 հոդվածի 1-ին մասով: Երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրգործով դատավարությունը ներկայումս ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում: Նույն դատարանում ընթացքի մեջ է նաեւ ժամկետային զինծառայողներ Վարդան Սարգսյանի եւ Գեւորգ Արշակյանի դատավարությունը:

 

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՍԱՏ Է
Իջեւան քաղաքի Ազատամարտիկների հրապարակին հարակից տարածքում կիսատ է մնացել ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի նախաձեռնած մանկապարտեզի շինարարությունը: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ շինարարությունը դադարեցվել է, քանի որ կառույցի նախագծում փոփոխություն է կատարվել: Քաղաքապետը չգիտի, թե շինարարությունը երբ կվերսկսվի:
Սամվել Կարապետյանի մոր հորեղբոր որդի, իջեւանցի գործարար Սեյրան Իսկանդարյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ Ս. Կարապետյանի նախաձեռնությամբ եւ միջոցներով Հայաստանի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Իջեւանում, կկառուցվեն մանկապարտեզներ, որոնք կնվիրվեն այդ համայնքներին: Իջեւանի հարավային ծայրին՝ միջպետական ավտոճանապարհի եզրին, Ս. Կարապետյանի քեռու տղան՝ իջեւանցի Արմեն Իսկանդարյանը, արդեն 3 տարի հյուրանոցային, տուրիստական կենտրոն է կառուցում: Այդ շենքի շինարարարությունը սկսվել է խորհրդային շրջանում, սակայն կիսատ է մնացել: Սեյրան Իսկանդարյանն ասաց, որ այդ շենքում լինելու է նաեւ լողավազան: Ներկայումս ընթանում է շենքի տանիքի կառուցումը: Իսկ շենքի եւ հարակից կառույցների ընդարձակ տարածքներում ներքին հարդարման աշխատանքները կարող են տեւել մի քանի տարի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս