ՀՀ Շիրակի մարզում գտնվող Արփի լիճը դատարկվում է. ահազանգում են բնապահպանները: Նրանց խոսքերով՝ Արփի լճից ոռոգման պատրվակով բաց թողնվող ջուրը հիմնականում ուղղվում է փոքր ՀԷԿ-երի աշխատանքներին, ինչի արդյունքում լճի ծավալը մի քանի անգամ նվազել է: Սակայն պատկան մարմինները շտապում են հայտնել, որ ստեղծված իրավիճակի պատասխանատուն եղանակային պայմաններն են:
Հայաստանյան բնապահպանները մտահոգված են, քանի որ ՀԷԿ-երը բնությունն անխնա են շահագործում: Փոքր ՀԷԿ-երի շահագործման արդյունքում խախտվում է գետերի ջրային հաշվեկշիռը, գետաբերաններին ձվադրող ձկնատեսակներն են ոչնչանում, իսկ հարակից համայնքների բնակիչները զրկվում են ոռոգման ջրից: Այս իրավիճակն է ստեղծվել նաեւ Արփի լճի դեպքում: Նշենք, որ Արփի լիճը գտնվում է «Արփի լիճ» ազգային պարկի կազմում: «Արփի լիճ» ազգային պարկի աշխատակիցների խոսքերով՝ եթե աշնան եւ ձմռան ամիսները տեղումնառատ լինեն, ապա լճի նախկին ծավալը հնարավոր է՝ վերականգնվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պահին լճից բացթողումը դադարեցված է: Բայց չնայած սրան՝ տեղումների բացակայության հետեւանքով լիճը սնուցող լեռնային 5 գետակները գրեթե ցամաքել են:
Տեղեկացնենք, որ ցամաքել է նաեւ հայ-թուրքական սահմանին գտնվող Ախուրյանի ջրամբարը: Ախուրյան գետից եւ Ախուրյանի ջրամբարից Հայաստանն ու Թուրքիան պայմանագրով օգտվում են 50/50 սկզբունքով: Նշենք, որ սեպտեմբերի 15-ից մինչ օրս հայկական կողմը դադարեցրել է ջրառը ջրամբարից, մինչդեռ թուրքական կողմը շարունակում է այն իրականացնել:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով՝ արտադրող եւ կառուցվող ՓՀԷԿ-երի 2014 թ. հունվարի 1-ի տեղեկանքի` այս գետի վրա կառուցված են` «Մարմաշեն» ՓՀԷԿ-ը, շահագործող՝ «ԷԼԲԻՍՏ» ՍՊԸ, «Փարոս» ՓՀԷԿ-ը, շահագործող՝ «ԼԱՅԹԷԿՈ» ՍՊԸ, «Ամասիա» ՓՀԷԿ-ը, շահագործող՝ «ԷՐՍՏԵԴ» ՍՊԸ: Ըստ որոշ տեղեկությունների՝ «Էլբիստ» ընկերությունը, որը շահագործում է «Մարմարաշեն» ՓՀԷԿ-ը, պատկանում է «Մերձմոսկովյան շինարարական ընկերության» սեփականատեր Արտակ Ադամյանին, ով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի «աջ ձեռքն է»: Իսկ քաղաքի ասֆալտի 70-80 տոկոսը կատարվում է հենց Ադամյանի «Մերձմոսկովյան» կազմակերպության կողմից:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով Արփի լճի շուրջ ստեղծված խնդրին, հայտարարեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն էլ ամենօրյա քննարկումների մեջ է ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ:
«Արփի լիճը որպես Ախուրյանի ջրամատակարարումը ապահովող հիմնական ջրամբար է դիտվել եւ ջրօգտագործման թույլտվության համակարգով, կառավարման պլանով պետք է նախատեսվեր նաեւ մեռյալ ծավալը, որը պետք է ապահովեր էկոլոգիական հավասարակշռություն: Ցավոք, մենք այս պահի դրությամբ չունենք հստակ սահմանված մեռյալ ծավալի այնպիսի նվազագույն մեծություն, որը էկոլոգիական հավասարակշռությունը կապահովի հավուր պատշաճի: Այստեղ կա թե՛ մասնագիատական եւ թե՛ միջգերատեսչական խնդիր: Ընդ որում, կառավարությունում, նաեւ վարչապետի հանձնարարությամբ, պետք է այնպես անել, որ նվազագույն մեծությունը, որը ավանդաբար ընդունվել է 5 մլն խորանարդ մետրը, դրանից ներքեւ ջրառ չիրականացվի: Այս պահի դրությամբ մենք ունենք 7.2 մլն խորանարդ մետր ջուր եւ պայմանավորվածություն կա, որ Ախուրյանի ջրբացթողումը չպետք է որեւէ ձեւով հանգեցնի նրան, որ մենք իջնենք 5 մլն խորանարդ մետրից ցածր»,- հայտնեց նախարարը:
Նրա խոսքերով՝ Արփի լիճը պետք է պահել իր էկոհավասարակշռության մեջ: «Այն պետք է դնել մշտադիտարկումների եւ ուժեղ վերահսկողության տակ: Կառավարությունում այս խնդիրը բարձրացված է եւ շուտափույթ լուծում պետք է գտնի»,- լրացրեց նախարարը:
Իսկ ահա ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Արփի լճից Ախուրյանի ջրամբար ջուր է ուղարկվել: Ապա նկատեց, որ Ախուրյանի ջրամբարից շիրակցիները մեկ կաթիլ անգամ ջուր չեն ստանում: Այդ ջրամբարով ոռոգվում են Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի գյուղերը: Բայց միաժամանակ հանգստացրեց՝ նշելով. «Տեղումները որ սկսվեն, ջրի մակարդակը ինչ-որ չափով կբարձրանա: Մենք պետք է Արփի լիճը պահենք, փայփայենք: Մենք ունենք աննորմալ բարձր ջերմային ֆոն, աննորմալ ցածր տեղումներ, ջուր չկար, որ մարդիկ այգիները ջրեին»: «Ժողովուրդ»-ը մարզպետ Խաչատրյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Արփի լճի դատարկվելու պատճառն այն է, որ ողջ ջուրն ուղղվել է ՀԷԿ-երին: Ի պատասխան՝ մարզպետն ասաց. ««Արփի լիճ» ազգային պարկը ջրային տնտեսության պետական կոմիտեի բալանսի վրա գտնվող կառույց է, եւ նա, ելնելով ոռոգման կարիքներից, համապատասխան ջուր է բաց թողնում: Չեմ կարծում, որ այս պիկ պահին գյուղատնտեսության համար ստեղծված բարդ վիճակում ՀԷԿ-երին ջուր է տրվել: Տեղումներն են այս տարի քիչ»,- արդարացավ մարզպետը:
Իսկ ինչով է զբաղված ջրային տնտեսության պետական կոմիտեն: Նախագահ Արսեն Հարությունյանը աշխատում է իր նախկին գործելաոճով, ինչպես «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն էր: Մարդիկ տարիներ շարունակ վճարում են գազի ներտնային սպասարկման համար, բայց երբեք չեն տեսնում ու չեն լսում մոտիկից այդ սպասարկման մասին: Հանրապետության ջրային ռեսուրսները օր օրի նվազում են, իսկ ջրպետկոմը ղեկավարող Արսեն Հարությունյանը ջայլամի նման չի տեսնում: Երեկ «Ժողովուրդ»-ը ողջ օրվա ընթացքում փորձեց մեկնաբանություն ստանալ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, սակայն ամբողջ գերատեսչությունում անգամ «մի կենդանի վարորդ չկար»: Սա էլ Կարեն Կարապետյանի «կաբինետն» է՝ նոր օսլայած մազերով անպատասխանատու գազավիկների կերպարով:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ՉԵՆ
Օրեր առաջ ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ Վերնիսաժի հարակից տարածքում հնաոճ սպասք վաճառող մարդկանց չեն թույլատրում նույն տեղում առեւտուր անել՝ պատճառաբանելով, որ վերջիններս փակում են մայթը, միեւնույն ժամանակ նշելով, որ այդ հատվածը դառնալու է մեքենաների կանգառ:
Առեւտրականները սեպտեմբերի 11-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանի տեղակալ Դավիթ Օհանյանին նամակ-խնդրագիր հանձնեցին. վերջիններս ուզում էին վերադառնալ իրենց նախկին տեղերը: Դավիթ Օհանյանը մի քանի օր ժամանակ խնդրեց՝ հարցին լուծում գտնելու նպատակով:
ArmLur.am-ի հետ զրույցում առեւտրականներից մեկը՝ տիկին Նազիկը, նշեց, որ այս շաբաթ-կիրակի իրենց թույլատրել են աշխատել, այդ առումով գոհ են, սակայն պայմաններից ոչ այնքան. «Շաբաթ օրը եկանք Վերնիսաժ, մեկ մետրանոց սեղաններ էին դրել: Սակայն դա սպասքի սեղան չի, մեկ-երկու աման դնում ես, եւ վերջ: Ժամանակին, երբ այդ նույն մեկ մետրի վրա աշխատում էինք, 300 դրամ էինք տալիս, հիմա տալիս ենք 1000 դրամ: Սեղանները մեր նախկին տեղում չեն դրվել, այլ Վերնիսաժի ամենասկզբում՝ շատ նեղ տարածքում: Մարդիկ նույնիսկ այդտեղ չեն մտնում, քայլում, որովհետեւ վախենում են դիպչեն իրերին: Ասում են, որ ժամանակավոր լուծում է, մեծ սեղաններ են տեղադրելու, սակայն դա երբ տեղի կունենա, եւ որտեղ այդ սեղանները կտեղադրվեն, պարզ չէ: Մեր ներկայիս տեղում ծածկ չկա, արեւից եւ անձրեւից չենք կարողանում պաշտպանվել: Քաղաքապետարանը պարտադրել է Վերնիսաժի վարձակալին տեղավորել առեւտրականներին վերեւի հատվածում, սակայն մենք էլ պայքարում էինք, որ ներքեւի հատվածում լինի կամ էլ այնպիսի տեղ, որ չենթարկվենք Վերնիսաժի վարձակալին, այլ քաղաքապետարանին կամ էլ թեկուզ հարկային մարմնին: Մենք չենք ուզում գումար տալ Վերնիսաժի վարձակալին»-ասաց տիկին Նազիկը:
Թե որքան ժամանակ կմնան այդ տեղում, տիկին Նազիկը չգիտի. «Հնարավոր է՝ մեկ տարի, մեկ ամիս, մեկ շաբաթ: Այդտեղ մեզ ձեռնտու չէ, իրենք իրենց գումարի տերն են: Բայց այդտեղ առեւտուր անել հնարավոր չէ, ապրանքը չի երեւում, չի նայվում, հաճախորդները չեն գալիս այդտեղ: Օրինակ՝ կիրակի օրը 10 դրամի առեւտուր չեմ արել: Բացի դա՝ Վերնիսաժի կրակոցներից հետո հաճախորդների թիվը պակասել է, մանավանդ տուրիստներինը: Համենայն դեպս, այս պահին սա է ելքը: Գոնե հիմա աշխատում ենք»,-եզրափակեց ArmLur.am-ի զրուցակիցը:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
ԳԱՐՇԱՀՈՏ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ժամանակ նշել է, որ այն գործարարները, որոնք ցանկություն ունեն ներդրումներ իրականացնել, քաղաքապետարանը պատրաստ է աջակցել: Դիտարկմանը՝ սփյուռաքահայերը նկատել են, որ զարգանում է միայն Երեւանը, այն էլ՝ Օպերային հարակից փողոցներով, նա արձագանքել է, «Ես համաձայն չեմ, որ Երեւանը զարգանում է միայն Օպերային հարակից շրջաններով»:
Տիրող համատարած գարշահոտության մասին քաղաքապետը հայտնել է, որ հոտն արդեն նվազում է. ««Սանիտեկ» ընկերությունն իր աշխատանքներն արդեն մեծ թափով իրականացնում է: Մենք օր օրի նկատում ենք դրական շարժ: Եղել են խնդիրներ, բայց դրանց պետք է ըմբռնումով մոտենալ, քանի որ շոգն աննախադեպ էր: Բնակչությունն էլ պետք է կենցաղային աղբը սահմանված վայրում թափի»:
Թե ինչպես է դրական շարժ նկատել Տարոն Մարգարյանը մի ոլորտում, որտեղ մրջյունի շարժման չափ անգամ տեղաշարժ չկա, դժվար է ասել: Բայց փաստ է, որ ե՛ւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ե՛ւ նրա աշխատակիցները ամեն անգամ պատասխանատվությունից խուսափելու համար մեղավոր են համարում եղանակային պայմանները:
Հիմա շոգ է, աղբահանության հարցը չի կարգավորվում, Մարգարյանն ասում է, թե մեր ժողովուրդը ձմերուկ ու սեխ շատ է սիրում, դրանց կեղեւների հյութն է հոտ առաջացնում: Ձմռանը ցուրտ է լինում, առատ ձյուն է գալիս, ասում են՝ աննախադեպ էր, պատրաստ չէինք:
Այս լուսանկարն ունի ոչ վաղ անցյալ՝ սեպտեմբերի 16, որը արվել է Երեւանի հենց փոքր կենտրոնում՝ Ոսկու շուկայի հարակից տարածքում: Եւ խոսուն վկայությունն է այն իրողության, որ Տարոն Մարգարյանի ասած դրական տեղաշարժը պարզապես չկա: