ԱՐԳԵԼՎԱԾ ԵՐԳՉՈՒՀՈՒ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ՇԱՆՍԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը երգչուհի Լիլիթ Կարապետյանի հետ զրուցել է նրա ներկայիս պլանների, գայթակղիչ առաջարկների, վերջինիս առջեւ ծառացած արհեստական խոչընդոտների եւ այլ թեմաների շուրջ։

-Լիլի՛թ, հիմա ստեղծագործական ի՞նչ ծրագրեր եք կազմում։ Երկրպագուները Ձեզնից ի՞նչ անակնկալներ սպասեն։
-Երգահան Ռիչարդ Մադլենյանի հետ գեղեցիկ երգ ենք պատրաստում, որի հիման վրա կնկարահանվի նաեւ տեսահոլովակ։ Առհասարակ, մեր երգիչ-երգչուհիների առօրյան այսօր շատ է փոխվել։ Նախկինում ամսվա կեսը ընդգրկված էինք համերգներում, իսկ հիմա իրավիճակը կտրուկ փոխվել է։ Այնինչ՝ երբ հետեւում եմ ռուսական շոու-բիզնեսին, տեսնում եմ, որ նրանց մոտ համերգները շատացել են։ Այդ առումով այնտեղի շոու-բիզնեսի ներկայացուցիչներին շատ եմ նախանձում։
-Իսկ որքանո՞վ է փոխվել 90-ականների Լիլիթ Կարապետյանը։ Նախկին եւ այժմյան Լիլիթի միջեւ ի՞նչ տարբերություններ կան։
-Բնականաբար, կյանքի փորձ եմ ձեռք բերել, բայց ուրախ եմ, որ բնավորությանս կարեւոր գծերը՝ մարդասիրությունը, ընկերասիրությունը, պահպանել եմ։ Կարծես թե լոռեցուն բնորոշ միամտությունս էլ չի կորել։ Կյանքում, իհարկե, դա նաեւ խանգարում է։
-Գեղեցիկ կանանց անվան շուրջ ինչ ասեկոսեներ ասես, որ չեն հյուսում։ Դուք այն երգչուհիներից եք, որն ամենաշատն է հայտնվել բամբասկոտների թիրախում։ Ամենացավալի սուտը, որ լսել եք Ձեր մասին, ո՞րն է եղել։
-Չեմ էլ ուզում այդ մասին խոսել, բայց ամենացավալին եղբորս մահվան հետ էր կապված։ Որոշ մարդիկ առասպելներ հյուսեցին այն մասին, թե իբր այդ դժբախտ դեպքը ինձ հետ էր կապված, սկսվեցին նողկալի խոսակցություններ պտտվել։ Սովորաբար, իմ մասին դրական խոսակցությունները ժողովուրդն է տարածում, իսկ բացասականը՝ մեր ասպարեզի որոշ մարդիկ։
-Լիլի՛թ, չե՞ք հոգնել այն հանգամանքից, որ Ձեզ անընդհատ կոչում են 90-ականների սեքս-սիմվոլ։
-Շատ ուրախ եմ, որ մեկը հասկացավ, որ ես կարող եմ հոգնել դրանից։ Այդ արտահայտությունը չի կարող դուրս գալ։ Այն ինձ նյարդայնացնում էր հատկապես այն ժամանակ, երբ նոր էի մայրացել, մանավանդ որ որդի էի ունեցել, պատվի, թասիբի հարց էր առաջ եկել։ Բայց երբ, օրինակ, ինձ կոչում են «շոու-բիզնեսի ամենացանկալի կանանցից մեկը», դա իսկապես հաճելի է ինձ։ Կարծում եմ՝ ցանկացած կին էլ այդ գնահատականից կշոյվեր։
-Ձեր գեղեցկությունը երբեւէ վնասե՞լ է Ձեզ։
-Տղամարդկանց եւ, առհասարակ, օտար մարդկանց շրջապատում գեղեցկությունս օգնել է ինձ, բայց կանանց շրջանում՝ հաճախ խանգարել։ Խոսքը, սովորաբար, այն կանանց մասին է, որոնք երջանիկ չեն, ում ամուսինները անտարբեր են, որոնք լքված են, հաջողության չեն հասել։ Նրանց կարելի է պարզապես չնկատել։ Ինչ վերաբերում է կոնկրետ խոչընդոտներին, ապա դրանք կապված չեն եղել միայն գեղեցկության հետ։ Շատերին նյարդայնացնում էր այն, որ ես եւ եղբայրս ոլորտում հաջողություններ էինք գրանցում, ուստի մեր առջեւ ճանապարհներ էին փակում, մեր դեմ դավեր էին նյութում, եթեր էին փակում, չէին կանչում համերգների։ Տարիներ շարունակ ես համարվում էի արգելված երգչուհի, իմ անունը հեռուստաընկերությունների սեւ ցուցակում էր։ Այդպիսով ճակատագրական խազ էին քաշում իմ ճակատագրի վրա։ Այնինչ՝ ոչ ոք դրա իրավունքը չուներ։ Հետո եղբորս հետ կապված դժբախտ դեպքը եղավ, ես լիովին միայնակ մնացի։ Արդեն 2007-ին նկարեցի տեսահոլովակ, եւ գնացի մեր հեռուստանկերություններից մեկի գրասենյակ ու պահանջեցի, որ հոլովակս ցուցադրեն։ Այդ ժամանակ արդեն այնտեղի ղեկավարը փոխվել էր, ուստի պահանջս կատարվեց։
-Քչերը գիտեն, որ Բրիթնի Սփիրսի պրոդյուսերը ժամանակին համագործակցության առաջարկ է արել Ձեզ։ Կպատմե՞ք՝ ինչո՞ւ մերժեցիք եւ արդյոք չե՞ք փոշմանել։
-Դա 2002 թվականին էր՝ ԱՄՆ-ում։ Այնտեղ մի քանի երգիչ-երգչուհիների հետ հանդես եկանք հայության համար։ Սփիրսի պրոդյուսերն էլ էր ներկա համերգին։ Այդ ժամանակ էր, որ նա կանչեց ինձ իր մոտ, առաջարկեց համագործակցության պայմանագիր՝ տասը տարով։ Պայմանագրում նշված էր, որ իրավունք չունեմ այցելելու հայրենիք՝ առանց պրոդյուսերի թույլտվության։ Երբ ավելի մանրամասն կարդացի պայմանները, հասկացա, որ չեմ կարող ընդունել առաջարկը։ Երկու տարի առաջ կորցրել էի եղբորս, մայրս եկավ աչքիս առաջ… Մի խոսքով, մերժեցի։ Հիմա, իհարկե, զղջում եմ դրա համար։ Նման առաջարկ, ի դեպ, մեկ անգամ չէ, որ ստացել եմ։ Այդ առումով ես «բախտիկյան եմ», բայց բոլոր շանսերս բաց եմ թողել…
-Հիմա ինչի՞ մասին եք երազում։
-Նախկինում բոլոր երազանքներս եղբորս հետ էին կապված, հիմա՝ որդուս, երազում եմ, որ իմ տղան եւ աշխարհի բոլոր երեխաները առողջ լինեն։

Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ

 

 

 
ՎԼԱԴԻՄԻՐԻ ՈՒ ՄԱՐԳԱՐԻՏԱՅԻ ԴՈՒԵՏԸ` 15 ՏԱՐԻ ԱՆՑ

Երգիչ Վլադիմիր Բարխոյանը 15 տարի անց կրկին հանդես կգա քրոջ` Մարգարիտա Բարխոյանի հետ զուգերգով` իրականացնելով երկրպագուների վաղեմի երազանքը: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց ինքը` Վլադիմիրը: Նոր երգի հեղինակը հենց Մարգարիտան է, այն, ինչպես նախորդ դուետը, ընտանեկան թեմայով է, նվիրված է ծնողներին. «Անպայման մտադիր ենք նկարահանել նաեւ տեսահոլովակ: Վաղուց նոր տեսահոլովակ չեմ ունեցել. սա լավ առիթ է»,-ասաց երգիչը:

Բացի այդ` Վլադիմիրը կներկայանա մեկ այլ նոր երգով եւս: Ստեղծագործության հեղինակը կրկին Մարգարիտան է, այն սիրո մասին է. «Դա կլինի իմ առաջին ռուսալեզու երգը: Այս պարագայում որոշել ենք թիրախավորել նաեւ ռուսական շուկայի հանդիսատեսին»,-շեշտեց մեր զրուցակիցը:
Նա պատմեց, որ վերջին շրջանում ինքն ու Մարգարիտան ասպարեզում չէին երեւում, սակայն ստեղծագործական պրոցեսի մեջ էին, իսկ այժմ արդեն աշխատանքային կոնկրետ փուլում են: Հարցին, թե Վլադիմիրը, որը զբաղվում է նաեւ դասական երգարվեստով, մտադիր չէ՞ արդյոք մասնակցել միջազգային մրցույթների, վերջինս պատասխանեց. «Որոշ ժամանակ առաջ Իտալիայում նման մի մրցույթի մասնակցել եմ, բայց, առհասարակ, չեմ սիրում, երբ երաժշտության միջոցով մրցակցում են իրար հետ, ուստի հեռու եմ մնում նման միջոցառումներից: Բայց եթե ասելիքով մրցույթ լինի, առողջ, ուսուցանող մթնոլորտ, գուցե համաձայնեմ մասնակցել»:
Շատերին հետաքրքիր է` բացի երգարվեստից Վլադիմիրն արդյո՞ք դրսեւորվում է այլ ոլորտներում եւս, օրինակ` բիզնես ունի՞, թե՞ ոչ. «Բնականաբար, ունեմ, բայց այդ մասին չեմ ցանկանա խոսել: Պետք չէ, որ այդ մասին հանրությունն իմանա»:
«Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց նաեւ` արդյո՞ք Վլադիմիրը մտադիր է օրինականացնել ընտրյալի հետ հարաբերությունները: Վերջինս հաստատեց, որ ընտրյալ ունի, սակայն նշեց, որ չի շտապում կարգավիճակի փոփոխություն գրանցել. «Այս պահին դեռ նման մտադրություն չկա»,-եզրափակեց նա:

Ա. ԱՆՏՈՆՅԱՆ




Լրահոս