ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱՅԱՍՏԱ՛Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձն է: 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեի մասնակիցների 99,51 տոկոսը՝ 2 մլն 46 հազար 627 քաղաքացի, «այո» ասաց Հայաստանի անկախացմանը՝ այդպես դնելով պետության հիմքերը: Նորանկախ երկիրը տեսավ բազմաթիվ փորձություններ՝ տնտեսական շրջափակում, էներգետիկ ճգնաժամ, Արցախյան գոյամարտ, եւ այդ բոլոր փորձություններից դուրս եկավ հաղթանակած, գլուխը բարձր: Սա շնորհիվ տոկոնության, համառության, կամքի եւ միասնականության: Մինչդեռ այսօր, որքան էլ ցավալի հնչի, Անկախության օրը մեզանում այլեւս չի ընդունվում նույն խանդավառությամբ, այն վերածվել է պարզապես օրացուցային հերթական «ոչ աշխատանքային» օրվա: Ու պատահական չէ, որ այս տարի իշխանությունները զորահանդես չկազմակերպեցին, անգամ ձեւական տոնակատարություններ չեն նախատեսել, ոչ էլ մայրաքաղաքի փողոցներն են հավուր պատշաճի ձեւավորել: Իսկ Սերժ Սարգսյանն էլ անկախության 26-ամյակի ընդունելությունը նախատեսել է անցկացնել ՊՆ-ում:
Այսպես է ստացվել, որովհետեւ այս տարիներին Հայաստանը գնալով կորցնում է ամենաթանկը՝ ՀՀ քաղաքացուն, որը պետք է լինի անկախության պահպանման երաշխավորը:

 

 
Մինչ կառավարությունը փորձում է պարծենալ իր ձեռքբերումներով, տնտեսական աճի տեմպերը սկսել են նվազել, այն էլ բավական նկատելի տեմպերով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հունվար-օգոստոս ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ամփոփ տվյալները, ըստ որի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշն օգոստոսին կազմել է 5.5 տոկոս, մինչդեռ հուլիսին 6.2 տոկոս էր: Միաժամանակ դանդաղել են արդյունաբերական արտադրանքի աճի տեմպերը. արդեն օգոստոսին, հուլիսի համեմատ, այստեղ 0.9 տոկոս անկում է գրանցվել: Էլեկտրաէներգիայի արտադրությունն օգոստոսին, նախորդ ամսվա համեմատ, նվազել է 9.2 տոկոսով, առեւտրաշրջանառությունը՝ 2.2 տոկոսով: Հունվար-օգոստոս ամիսներին շարունակվել է գյուղատնտեսական արտադրանքի ծավալների եւ շինարարության ոլորտի անկումը՝ համապատասխանաբար 9.4 եւ 8 տոկոսով: Կարճ ասած, սկսվել է ետընթացը:

 

 
«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներում անդրադարձել էր 2012-2016թթ. ընթացքում գյուղացիների՝ պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրված պարարտանյութերի եւ սերմերի դիմաց կուտակած ահռելի պարտքերին, որից հետո մատակարարը՝ «Մասիսի Բերրիություն» ընկերությունը, դիմել էր դատարան՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռիի, Արմավիրի մարզպետարաններից պահանջելով պարտքերը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ պարտատերերի ցանկում է նաեւ Սերժ Սարգսյանի ծննդավայր Տեղ գյուղը. այստեղ պարարտանյութի մասով 306 հազար դրամ պարտք է կուտակվել: Ի դեպ, կառավարությունն իր վերջին նիստում որոշել է զիջել գյուղացիների պարտքը, մինչ այդ, սակայն, հանձնարարական է տրվել մարզպետներին՝ մեկամսյա ժամկետում կազմել պարտապանների վերջնական ցանկերը եւ ներկայացնել տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն:

 

 

 
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Հայաստան-Սփյուռք» եռօրյա համաժողովի կազմակերպման եւ անցկացման համար իշխանությունները ՀՀ պետական բյուջեից ծախսել են 80 մլն դրամ կամ ավելի քան 160 հազար դոլար: Այս գումարը հիմնականում ծախսվել է տեխնիկական միջոցների վարձակալության, ձեւավորման, տպագրական նյութերի պատրաստման, «Փարավոն» ռեստորանում մասնակիցների ընդունելության եւ այլ նման նպատակներով: Իսկ ահա Հայաստան այցելելու, եւ այստեղ իրենց կեցության ծախսերը՝ ավիատոմս, հյուրանոցի ամրագրում, սնունդ եւ այլն, պատվիրակները հոգացել են սեփական միջոցներով: Միայն թե, դժվար է ասել, ի՞նչ կհիշվի այս համաժողովից, եթե ամեն ինչ ելույթների մակարդակից այն կողմ չի գնում:

 

 

ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ
Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում: Սա, ի դեպ, նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի վերջին ելույթն էր ՄԱԿ ամբիոնից: Ու, հավանաբար, հենց այդ պատճառով էլ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ոչ միայն Ղարաբաղյան հիմնախնդրին, այլեւ խոսել է հայ-թուրքական հարաբերությունների, մասնավորապես, 2009թ. հոկտեմբերին կնքված Ցյուրիխյան արձանագրությունների մասին՝ դրանց վավերացման համար հնչեցնելով վերջնաժամկետներ: «Այդ փաստաթղթերն առ այսօր չեն վավերացվել եւ հանգրվանել են պաշտոնական Անկարայի մութ գզրոցներում: Թուրքիայի կառավարությունը անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում՝ դրանք վավերացնելու համար, որոնք բնավ չեն բխում արձանագրությունների տառից եւ ոգուց: …Այժմ եկել է լրացուցիչ պարզաբանում տալու ժամանակը: Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը եւ վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար: Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որեւէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»,- հայտարարել է նա:
Հասկանալի է՝ 2018թ. ապրիլին կլրանա նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետը: Եւ հիմա Ս. Սարգսյանը Թուրքիայի առաջ որպես արձանագրությունները վավերացնելու վերջնաժամկետ մատնանշելով գարունը եւ շեշտելով, որ արձանագրությունները բանակցվել են «ներկայիս պայմաններում», հասկացնում է՝ այս կես տարվա ընթացքում դեռ հնարավոր է հաջողություն արձանագրել, քանի դեռ ինքն է պետության գլխին: Բայց այս խոսքերն ավելի շատ ուղղված են ոչ թե Թուրքիային, այլ միջազգային հանրությանը: Ս. Սարգսյանն ինքն էլ է գիտակցում, որ առնվազն վերջին 26 տարիների ընթացքում նախապայմանների լեզվով խոսող Թուրքիան այս վեց ամիսների ընթացքում էլ չի փոխի իր դիրքորոշումն ու չի փորձի գնալ Հայաստանի հետ հաշտեցման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման, հատկապես Ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում Հայաստանի պահանջատիրական հռետորաբանությունից հետո:
Բայց որպեսզի իրեն չմեղադրեն Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներով հայ-թուրքական հաշտեցման գործընթացը վերջնականապես տապալելու մեջ, փորձում է նման ռեւերանսներ անել ու հայ-թուրքական հաշտեցման ջատագով ձեւանալ: Մանավանդ, երբ նույն ՄԱԿ ամբիոնից նա 2014թ. հայտարարել էր արձանագրությունները «գրողի ծոցը» ուղարկելու մասին:




Լրահոս