ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է ՀՀ-Ն ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻՑ ԳԱԶ ՆԵՐԿՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` սեպտեմբերի 17-ին Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Թուրքմենստանում, հանդիպել է երկրի ղեկավար Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` քննարկման թեմաներից են եղել էներգետիկայի փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցերը, նաեւ անդրադարձ է կատարվել օգոստոսի 24-ին Բերդիմուհամեդովի` Հայաստան այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ դեռ Երեւանում Սարգսյանն ու Բերդիմուհամեդովը պայմանավորվածություններ են ձեռք բերել թուրքմենական գազ ներկրելու մասին, բնականաբար` ռուսական կողմի հետ պայմանավորվածոության շրջանակներում՝ որպես ԵՏՄ անդամ երկիր։ Ըստ մեր տեղեկությունների` նախատեսված է Թուրքմենստանից Պարսկաստանով Հայաստան գազ ներկրել, սակայն առայժմ ոչ թե բնակչության սպառման, այլ, թերեւս, երրորդ երկրներ վաճառքի նպատակով:
Իսկ պաշտոնական Մոսկվան ինչպես կարձագանքի Հայաստանի՝ այդպիսի որոշմանը, եւ, առհասարակ, ինչպես կարող է այդ գործընթացն իրականացվել: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՌԴ 1-ին կարգի պետական խորհրդական, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը:
-Պարո՛ն Կոլերով, Սերժ Սարգսյանի` Թուրքմենստան այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Թուրքմենստանից Հայաստան գազ ներկրելու մասին: Ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերում իրադարձությունների այդպիսի զարգացմանը:
-Ցանկացած խոսակցություն Թուրքմենստանից գազի ներկրման մասին, որը կարող է հասնել Կովկաս, ոչ միայն տեսական, այլ նաեւ սիմվոլիկ խոսակցություն է: Դա մի քանի պատճառներ ունի: Նախ Թուրքմենստանից գազի ներկրման մասին խոսում են միայն երկու վայրում` Ադրբեջան եւ ԵՄ: Կարող ենք ենթադրել, որ Հայաստանը խոսելով Թուրքմենստանից Կովկաս գազի ներկրման մասին, իհարկե, չի միանում Ադրբեջանին, այլ ԵՄ-ի տեսակետին: Երկրորդ` գազի ներկրման համար այլ ճանապարհ, բացի Ադրբեջան պետության տարածքով, չկա:
-Իսկ Իրա՞նը: Հայաստանը դիտարկում է հենց այդ տարբերակը:
-Իրանի տարածքով թուրքմենական գազի տրանզիտի մասին որեւէ նախագիծ չկա եւ երբեք էլ չի եղել: Իրանը Թուրքմենստանից գազ ստանում է երկրի հյուսիսային հատվածում, սակայն իր կարիքների համար, ուղղակի իրեն ավելի մոտ եւ հարմար է այդպես: Թուրքմենստանից գազի ներկրման բոլոր պայմանագրերը նախատեսված են Կասպից ծովով: Ինչպե՞ս Հայաստանը կարող է Ադրբեջանի տարածքով գազ ստանալ, օրինակ՝ Վրաստանի միջոցով, սակայն դրա համար անհրաժեշտ է Ադրբեջանի համաձայնությունը: Այսինքն՝ Հայաստանը պատրա՞ստ է Ադրբեջանի հետ բանակցել թուրքմենական գազի ներկրման համար: Թուրքմենստանից Կասպից ծովով գազի ներկրման ոչ մի ռեալ նախադրյալ չկա, քանի որ դա քննարկվում է միայն որպես գազատարի միջոցով ներկրում: Որպեսզի այդ տարածքում գազատար կառուցես, պետք է ստանաս կասպյան բոլոր երկրների համաձայնությունը: Այդպիսի համաձայնություն չկա, իսկ Կասպից ծովի ջրային տարածքն էլ բաժանված չէ եւ պահպանում է այդպիսի հարցերի միասնական ընդունումը: Սա, հստակ թեորիա է, եւ, ամենագլխավորը, Թուրքմենստանում Կասպից ծովով ներկրելու համար ազատ գազ չկա: Այն, ինչ կա, ստանում է Չինաստանը: Այդ պատճառով Թուրքմենստանի կողմից այդպիսի հայտարարությունները կարող եք ընդունել միայն դեպի ԵՄ հարգանքի նշան:
-Իսկ ինչո՞ւ պետք է նման քննարկումներ լինեն, եթե դա անհնար է: Արդյո՞ք ՀՀ իշխանությունները չգիտեն այդ մասին:
-Իսկ միգուցե չգիտեն: Դուք գիտե՞ք` որքան շատ են խոսում այդ մասին ԵՄ-ում, որ այդ աղմուկից շատ դժվար է ճիշտը տեսնելը: Եվ այն մարդիկ, ովքեր խոսում են թուրքմենական գազի ներկրման մասին, շատ են, սակայն դա միայն տեղեկատվական աղմուկ է, ոչ ավելին: Իրականում նման բան լինել չի կարող: Երբ ՀՀ-ն խոսում է այդ մասին, առաջին հերթին նրանք կրկնօրինակում են ԵՄ-ի հայտարարությունները:
-Իսկ ինչպե՞ս է ՌԴ-ն վերաբերում նման հնարավորությանը:
-Իսկ ինչո՞ւ պետք է ՌԴ-ն անհանգստանա: Մեր անհանգստության համար ոչ մի ռեալ հիմքեր չկան: Բայց կրկնեմ, որ այդ ամենն ուտոպիա է: Ազատ գազ Թուրքմենստանը չունի. ազատ գազը ստանում եւ շարունակում է ստանալ Չինաստանը: Գովազդն ու քարոզչությունն այն մասին, որ Ադրբեջանը կարեւոր է ԵՄ-ի համար որպես այլընտրանքային աղբյուր, եւս քարոզչություն է: Եթե նույնիսկ Ադրբեջանն իր ամբողջ գազը տա, ապա դրա ծավալները կհասնեն միայն վեց տոկոսի: Դա զուտ քաղաքական քարոզչություն է, եւ ոչ ավելին: Կրկնեմ՝ Թուրքմենստանից գազի ներկրման համար առաջին հերթին պետք է Ադրբեջանի համաձայնությունը:

 

 

 
ՄՈՏ 80 ՄԼՆ ԴՐԱՄ` ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՐ

Երեկ եռօրյա քննարկումներից ու ելույթներից հետո «Հայաստան-Սփյուռք» համաժողովն ավարտեց իր աշխատանքները: Երեք օր տարբեր երկրներից մոտ 1800 պատվիրակ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բազմաթիվ ելույթներ լսեցին, քննարկումներ ունեցան: Բնականաբար այդպիսի համաժողովները մեծ ծախսեր են ենթադրում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պատվիրակների՝ Հայաստան այցն ու այստեղ հաստատվելու հետ կապված ծախսերը նրանք հոգացել են սեփական միջոցներով, այլ ոչ թե ՀՀ պետական բյուջեի միջոցներով: ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից պատվիրակներին միայն հրավեր է եղել, իսկ արդեն մնացած ծախսերը` ավիատոմս, հյուրանոցի ամրագրում, սնունդ եւ այլ հարցեր, պատվիրակները հոգացել են սեփական միջոցներով:
Համաժողովի անցկացման վայրում մասնակիցների համար սնունդ մատուցվել է մեկ անգամ. առաջին օրը Սերժ Սարգսյանի, երկրորդ օրը վարչապետ Կարեն Կարապետյանի, երրորդը` ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի անունից: Մինչ այդ էլ՝ դեռ համաժողովի մեկնարկից մեկ օր առաջ, պատվիրակներին պաշտոնական ճաշ էր մատուցվել «Փարավոն» ռեստորանային համալիրում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պաշտոնական ընթրիքի մատուցումը եղել է Սփյուռքի նախարարության նախաձեռնությունը, եւ ծախսերը կատարվել են պետական բյուջեի միջոցներից:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդհանուր առմամբ այս երեք օրերի աշխատանքները կազմակերպելու համար պահանջվել է մոտ 80 մլն դրամ: Ինչպես արդեն նշեցինք՝ Հայաստան այցելելու ծախսերը հոգացել են հենց պատվիրակները, իսկ այս գումարը ծախսվել է «Փարավոն»-ում ընդունելության, տեխնիկական միջոցների վարձակալության, ձեւավորման, տպագրական նյութերի պատրաստման եւ այլ նման նպատակներով:
Նշենք, որ սա արդեն վեցերորդ «Հայաստան-Սփյուռք» համաժողովն է, եւ յուրաքանչյուր անգամ պետական բյուջեից միլիոնավոր դրամներ են տրամադրվում այսպիսի միջոցառումների կազմակերպման համար: Իսկ ինչ է մնում այդպիսի համաժողովներից հետո. ինչպես այս օրերին նշեցին շատ սփյուռքահայեր. յուրաքանչյուրն իր երկիր գնալով՝ նույնիսկ մոռանում է այն ելույթներն ու խոսքերը, որ եղան, եւ ոչինչ այդպես էլ չի տպավորվում: Իսկ եթե անկեղծորեն գնահատենք համաժողովը՝ ի՞նչը պետք է հիշվի, եթե ամեն ինչ ելույթների մակարդակից այն կողմ չի գնում:
Հիշեցնենք, որ երեկ անդրադառնալով նման քննարկումներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձել էր Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված համաժողովին եւ ասել. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն այնպես ենք նշել, որ ասել` մնացել է թղթի վրա, ծիծաղելի է»:

Նյութերը` ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 
ԻՆՏԵՆՍԻՎ
«Միասնություն» շարժումն այս ընթացքում ինտենսիվ հանդիպումներ է ունենում հասարակական-քաղաքական գործիչների հետ: «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում շարժման ղեկավար Արման Վարդանյանը նշեց, թե պատրաստ են համագործակցել բոլոր այն ուժերի կամ անհատների հետ, ովքեր իսկապես ցանկանում են երկրում ինչ-որ բան փոխել: «Ամեն անգամ Ազգային ժողովում խոսում են, սակայն ոչինչ այդպես էլ չի փոխվում: Բոլորն իրենց հարցերով են զբաղվում, քաղաքական ռեսուրսներն օգտագործում են այլ նպատակներով», – նշեց նա: Չնայած Արման Վարդանյանը հստակ անուններ չնշեց, սակայն ընդգծեց, թե մոտ ապագայում ականատես կլինենք, թե ինչ արդյունքներ են տվել նման քննարկումները, եւ ում հետ համագործակցության հնարավորություն կտեսնեն:

 

 

«ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» ՔԿՀ-Ի ՊԵՏԸ
160 հազար դրամ աշխատավարձ ստացող «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սերոբ Հարությունյանը կարողացել է բավականին գումար կուտակել, իսկ թե ինչպե՞ս, դժվար է կանխատեսել: Ուսումնասիրելով նրա պաշտոնական հայտարարագիրը՝ արձանագրում ենք, որ նա ունի մեկ բնակարան, երկու ավտոտնակ եւ մեկ Mercedes-Benz ավտոմեքենա: Ավելին՝ ըստ պաշտոնական հայտարարագրի՝ նա ունի 16 միլիոն դրամ եւ 53 500 ԱՄՆ դոլար: Ի դեպ, որպես եկամուտ աղմկահարուց պատմություններով անցած ՔԿՀ պետը հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 160 հազար դրամ: Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է հաջողացրել ամսական 160 հազար դրամ աշխատավարձ ստացող ՔԿՀ պետը այսքան գումար, միգուցե ոստիկանության համակարգում լինելու տարիների՞ն է կարողացել այն կուտակել: Հիշեցնենք, որ 2016 թվականի մարտի 2-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Սերոբ Հարությունյանին հեռացրեց ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնից: Ըստ լուրերի՝ պատճառն այն է, որ Հարությունյանը «կրիմինալի» հետ խնջույքների է մասնակցել:

 

 

ՍՈՒՐՃԻ ԳԵՐԻՆԵՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ են հայտնվել ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն հիմնադրամի՝ սեպտեմբերի 20-ին հաստատված գնումների պլանը: Ըստ այդմ, հիմնադրամը գնել է 10 հատ սուրճ, թեյ՝ յուրաքանչյուրի համար վճարելով 12 հազար դրամ: Այսինքն՝ 10 հատ սուրճի եւ թեյի համար պետական միջոցներից ծախսել է ընդամենը 120 հազար դրամ: Բացի այս՝ ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը գնել է նաեւ 3 հատ 5500 դրամանոց լուծվող սուրճ, որոնց համար ընդհանուր վճարել է 16 հազար 500 դրամ: Նաեւ գնվել է 100 հատ 60 դրամանոց լուծվող սուրճ` 6000 դրամ ծախսելով: Պարզվում է, որ կենտրոնը, որը կոչված է խթանել Հայաստանում առանցքային բարեփոխումների իրականացումը եւ նպաստել արտահանման ծավալի աճին, զբաղված է միայն սուրճ խմելով:




Լրահոս