ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԾԱՆՐԱՔԱՅԼ ԸՆԹԱՑՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում էր Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցներին համոզել, թե կառավարությունը ճիշտ ուղու վրա է` մեջբերելով տնտեսական աճի մասին վկայող ցուցանիշներ: Բայց նրա ելույթից մեկ օր անց, երբ ԱՎԾ-ն հրապարակեց հունվար-օգոստոս ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ամփոփ տվյալները, պարզ դարձավ` տնտեսական աճի տեմպերը սկսել են նվազել, այն էլ բավական նկատելի տեմպերով:

Եւ այսպես, ըստ ԱՎԾ-ի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշն օգոստոսին կազմել է 5.5 տոկոս, մինչդեռ հուլիսին 6.2 տոկոս էր, եւ վարչապետն էլ սփյուռքահայերի առաջ ունեցած ելույթում թմբկահարել էր հենց հուլիսյան ցուցանիշները: Էլ չենք խոսում կառավարության մյուս անդամների մասին, որոնք իրենց հարցազրույցներում հպարտորեն մատնանշում էին այն՝ որպես մեծ ձեռքբերում: Միաժամանակ դանդաղել են արդյունաբերական արտադրանքի աճի տեմպերը. արդեն օգոստոսին, հուլիսի համեմատ, այստեղ 0.9 տոկոս անկում է գրանցվել: Էլեկտրաէներգիայի արտադրությունն օգոստոսին, նախորդ ամսվա համեմատ, նվազել է 9.2 տոկոսով, առեւտրաշրջանառությունը՝ 2.2 տոկոսով: Հունվար-օգոստոս ամիսներին շարունակվել է գյուղատնտեսական արտադրանքի ծավալների եւ շինարարության ոլորտի անկումը՝ համապատասխանաբար 9.4 եւ 8 տոկոսով: Մասնագետների պնդմամբ՝ այս անկումը շարունակվելու է մինչեւ տարեվերջ, քանի որ նախկին փորձը հաշվի առնելով՝ առաջիկա ամիսները տնտեսության համար համարվում են ոչ բարենպաստ:
Մյուս կողմից խնդիր է պետական բյուջեի հավաքագրման առումով. արդեն կասկածներ կան, որ 2017թ. բյուջեն եկամուտների մասով թերակատարման վտանգի առաջ է: Ճիշտ է՝ բյուջեի եկամուտները, նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ, ավելացել են. ըստ ՊԵԿ հաշվետվության՝ այս տարվա ութ ամիսներին բյուջե մուտք է եղել 735 մլրդ 242.7 մլն դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ 5.8 տոկոսով ավելի է: Բայց 5.8 տոկոս աճը հետեւանք է այն բանի, որ նախորդ տարվա սկզբներին՝ հունվար-մարտ ամիսներին, եկամուտները սպասվածից քիչ էին հավաքագրվել, ընդ որում՝ այնպիսի խայտառակ վիճակ էր, որ դրանից հետո ցանկացած տեղաշարժ կարող է լուրջ աճ, լուրջ առաջընթաց համարվել: Իսկ ահա արդեն ամռան ամիսներին ե՛ւ նախորդ տարվա, ե՛ւ այս տարվա բյուջեի եկամուտներն իրենց չափերով առանձնապես չեն տարբերվում: Օրինակ՝ 2016թ. հուլիսին հավաքագրվել էր 90 մլրդ 106.3 մլն դրամ, այս տարվա նույն ամսին՝ 91 մլրդ 654,1 մլն դրամ. տարբերությունը մոտ 1.5 մլրդ դրամ է: 2016թ. օգոստոսին հավաքագրվել է 93 մլրդ 128.3 մլն դրամ, այս տարվա օգոստոսին՝ 93 մլրդ 988.2 մլն դրամ. տարբերությունը մոտ 860 մլն դրամ է: Ու պետք է նկատենք, որ այստեղ խնդիրն ամենեւին էլ հարկային մարմինների գործունեության արդյունավետության մեջ չէ, այլ պարզապես տնտեսության ծավալները թույլ չեն տալիս հասնել ավելիին: Եւ տնտեսական աճի տեմպերի դանդաղումն արտացոլվել է նաեւ բյուջեի եկամուտների հավաքագրման վրա: Սրան գումարած փաստը, որ այս տարվա ընթացքում գերավճարները կազմել են ավելի քան 250 մլրդ դրամ, եւ սա ոչ միայն խոշոր բիզնեսի, այլեւ փոքր ու միջին ձեռնարկատերերի հաշվին: Այսինքն՝ եկամուտների հավաքագրումը գնալով ավելի ու ավելի է դժվարանում:
Առայժմ մասնագետները չեն բարձրաձայնում իրենց մտահոգությունների մասին, սակայն պաշտոնական փաստաթղթերից արդեն իսկ նկատելի է, որ նման տեմպերով շարունակվելու դեպքում տարեվերջին տհաճ անակնկալներ են սպասվում: Բանն այն է, որ 2017թ. պետական բյուջեի մասին օրենքով եկամուտները սահմանվել են 1 տրիլիոն 210 մլրդ 12 մլն դրամ: Սակայն 2016թ. դեկտեմբերի 29-ին կառավարությունը ճշգրտել է ցուցանիշները, եւ եկամուտները սահմանել 1 տրիլիոն 321 մլրդ 440.5 մլն դրամ: Հունվար-օգոստոս ամիսներին բյուջեի եկամուտները կազմել են 735 մլրդ 242,7 մլն դրամ: Այսինքն՝ ութ ամսվա մեջ հավաքագրվել է բյուջեի տարեկան ճշտված պլանի 55.6 տոկոսը, տարեկան պլանի՝ 60.7 տոկոսը: Բնականաբար, մնացած մասն էլ պետք է ապահովեն հաջորդ չորս ամիսների ընթացքում: Բայց այս դեպքում ստիպված են լինելու հավաքագրել ամսական ավելի քան 100 մլրդ դրամ, ինչը խիստ կասկածելի է, հատկապես տնտեսության՝ նման տեմպերով առաջ գնալու դեպքում: Եւ հետո՝ նախորդ տարիներին՝ տարեվերջի ամիսներին, բյուջեի եկամուտների հավաքագրումը տատանվել է միջինը 95 մլրդ դրամի սահմաններում: Սա թույլ է տալիս ենթադրելու, որ ամենալավատեսական սցենարներով անգամ 2017թ. բյուջեն չի կատարվի: Եթե, իհարկե, հրաշք չկատարվի, կամ ցուցանիշներ ապահովելու համար իշխանությունները չփորձեն դիմել հարկային տեռորի՝ ստիպելով էլ ավելի շատ գերավճարներ մուծել, կամ էլ ահռելի պետական պարտք վերցնեն այդ նպատակով:
Այնպես որ, իշխանություններին չէր խանգարի հանել վարդագույն ակնոցներն ու իրականությանը նայել բաց աչքերով. միգուցե կարողանան տեսնել իրենց անզորությունը, միգուցե հասկանան, որ անհրաժեշտ են լուրջ փոփոխություններ, առաջին հերթին՝ քաղաքական դաշտում, քանի որ այսօրվա տնտեսական պրոբլեմները հենց քաղաքական խնդիրների հետեւանքն են:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 
ԸՆՆԴԵՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԽՆԱՄՈՒ
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանի խնամուն՝ Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին, դատի են տվել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ սեպտեմբերի 11-ին Անուշ Այդինյանը դիմել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Բերդ համայնքի ղեկավարի որոշումը: Բանն այն է, որ 2017 թվականի օգոստոսի 9-ին Հարություն Մանուչարյանը Բերդի երաժշտական դպրոց համայնքային հիմնարկի տնօրենին՝ Անուշ Այդինյանին, հեռացրել է պաշտոնից: Ու հիմա Այդինյանը, դիմելով դատարան, պահանջում է անվավեր ճանաչել որոշումը: Ինչով կավարտվի ԱԺ պատգամավորի խնամու եւ երաժշտական դպրոցի տնօրենի դատական վեճը: Սպասենք զարգացումներին:

 

 

ՏԵՂԸ ԶԻՋԵԼ Է
«Բրաբիոն Ֆլորա սերվիս» ընկերությունը հայտնվել է գնումներին մասնակցելու իրավունքը սահմանափակված մասնակիցների «սեւ ցուցակում»: Ըստ ֆինանսների նախարարության` ընկերությունը խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «բ» ենթակետը: Ըստ այդմ, գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն նրանք, որոնք ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցողների ցուցակում, քանի որ գնման գործընթացի շրջանակում ներկայացրել են կեղծ տվյալ: Նկատենք, որ նշված ծաղկի սրահը տարիներ շարունակ մասնակցել է պետական գնումների գործընթացին, որից օգտվել են գերատեսչությունները: Սակայն վերջին շրջանում պետական կառույցները նախընտրում են ծաղկեփնջեր գնել «Էնի Ռոուզ» ծաղկի խանութից, որտեղ, ինչպես հայտնի է, համեմատաբար գներն ավելի բարձր են: Փաստորեն «Բրաբիոն ֆլորա սերվիսը» նախընտրում է չմասնակցել պետական գնումներին` իր տեղը զիջելով «Էնի Ռոուզ»-ին: «Ժողովուրդ»-ի հարցին` ինչո՞ւ, «Բրաբիոն Ֆլորա սերվիս»-ից հրաժարվեցին մեկնաբանել: Ի դեպ, նշենք, որ ավելի շատ ծաղկեփնջեր է գնում արտաքին գործերի նախարարությունը: ԱԳ նախարար Էդիկ Նալբանդյանը պետական միջոցները չի խնայում` ծաղիկներ գնելու համար:

 

 

ԿՄԻԱՎՈՐՎԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր «Նորք» եւ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի միաձուլման մասին: Այս երկու կենտրոնների միաձուլման նախագիծն արդեն ընդգրկված է կառավարության սպասվելիք նիստի օրակարգում: Նախագիծն ուսումնասիրելիս պարզում ենք, որ ստեղծվելու է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»` 100 տոկոս պետական բաժնեմասով ՓԲԸ: Հիմնավորման մեջ նշված է, թե այս երկու կենտրոնների միացումը կատարվում է ինքնուրույն գործունեության ոչ նպատակահարմարության եւ առողջապահության նախարարության ենթակայության կառույցների գործունեության օպտիմալացման անհրաժեշտությամբ:

 

 
ՊԵՏՔ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ԼԻՆԵՆ
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանը երեկ ՀՀ Ազգային ժողովում էր, որտեղ հանդիպում ունեցավ խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: Հանդիպումից հետո նա շրջում էր խորհրդարանում: Գ. Փայլանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է. «Շատ ուրախ եմ, որ Հայաստանի խորհրդարանում եմ: Շատ շորհակալ եմ նման հանդիպման համար: Խորհրդարանը բաց է, եւ Հայաստանի ժողովրդավարությունն աշխատում է, մամուլն ազատ է, դատական մարմիններն աշխատում են: Տեսա, որ Հայաստանն ավելի ուժեղ է: Շատ ուրախ եւ հպարտ եմ: Ես ջանք եմ թափում Թուրքիայի խորհրդարանում Թուրքայի ժողովրդավարության համար: Ե՛վ Թուրքիան, ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Սփյուռքը պետք է ժողովրդավար լինեն, որպեսզի բոլորը խաղաղության մեջ ապրեն»:

 

 

ԴԵՄՈԳՐԱՖԻԿ ԱՂԵՏ
«Հայ ազգային կոնգրեսի» անդամ Արամ Մանուկյանը, խոսելով կրթության մասին, նշել է, որ ՀՀ-ում 10 տարի առաջ ավարտում էր 49 հազար դպրոցական, 2012թ.-ին՝ 36 հազար, 2015թ.-ին՝ 25 հազար, 2016 թ.-ին՝ 22 հազար, իսկ երկու տարի հետո կավարտի 11 հազար աշակերտ, մինչդեռ անկախության տարիներին՝ 60 հազար էր: «Սա դեմոգրաֆիկ աղետ է, քանի որ վերջ է դրվում նաեւ ծնելիության ու բանակի վերարտադրությանը: Վերջին տարիներին 13.500 երեխա արտագաղթել է դպրոցից, բուհերի վիճակը խայտառակ է: Բուհերը բարդակության եւ միջակ բիզնեսի մակարդակում են կառավարվում: Ռեկտորները, ղեկավարները եւ այլն հանրապետական են»,- շեշտել է նա:

 

 

ՆՈՐ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՇԻԿՆԵՐ
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ պարենային եւ իրային ապահովման խնդիրներին՝ նշելով, որ հայկական կողմն այժմ աշխատում է նոր՝ ավելի որակյալ բանակային կոշիկների արտադրություն սկսելու ուղղությամբ: «Պետք է ասեմ, որ Ռուսաստանում բավականին հայեր կան, որ ներգրավված են կոշիկի արտադրության մեջ, եւ արդեն այսօր իրենցից ստացել ենք որոշ հաստատումներ, այդ թվում նոր հոսքագծերի մատակարարման առումով: Եվ կարծում եմ, որ մինչ ձմռան ավարտն արդեն կունենանք արտադրության առաջին փուլը»,-նշել է Վ. Սարգսյանը:




Լրահոս