ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ՝ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2016 թվականին «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը բուռն քննարկումների առիթ դարձավ: Ավելին՝ դժգոհությունները այն աստիճան խորացան, որ նախագիծը հեռացվեց ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքից: Եւ այսպես մոտ ապագայում «չարաբաստիկ նախագիծը» կրկին կներկայացվի հանրային քննարկման:

Բանն այն է, որ մի շարք հասարակական կազմակերպություններ բարձրաձայնել էին, որ օրենսդրական նախագիծ հանրային քննարկումների միջով չի անցել, ասել է, թե նախագծի մշակմանը չեն մասնակցել: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող Զառա Հովհաննիսյանը հայտնել էր, որ նախագիծը ունի բացեր. «Այս օրենքի նախագիծը նույնպես ունի բացեր երեխաների մասով, եւ մենք առաջիկայում ներկայացնելու ենք մեր առաջարկությունները, թե ինչպես պետք է աշխատել երեխաների հետ»:
Եվ ահա երեկ ՀՀ արդարադատության նախարարությունը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ «Ընտանեկան բռնության դեմ պայքար. իրականացված աշխատանք եւ հետագա քայլեր» խորագրով կլոր սեղան֊քննարկում էր կազմակերպել: Քննարկումներիի ավարտից հետո «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի հետ:
-Պարո՛ն Քոչարյան, ի սկզբանե «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը բուռն քննարկումների առիթ դարձավ, երբ 2016 թվականին այն տեղադրվեց նախարարության կայքում, հասարակական կազմակերպությունները խիստ վրդովվել էին, որ նախագիծ էիք մշակել առանց հանրային քննարկման: Մոտ ապագայում կրկին պատրաստվում եք նախագիծը տեղադրել արդարադատության նախարարության պաշտոնական կայքում, մտավախություն չունե՞ք, որ կրկին Ձեզ կքարկոծեն, քանի որ շատերը այն կարծիքին են, որ նախագիծը մեր ավանդույթների դեմ է:
-Պետք է ասեմ, որ անցած ժամանակահատվածում օրենքի վրա աշխատանքներ են կատարվել: Սկզբունքային փոփոխություններ տեղի չեն ունեցել, բայց, այնուամենայնիվ, հստակեցվել են որոշակի դրույթներ, ավելի հստակ մեխանիզմներ են նախատեսվում: Անցած անգամ հնչեցված մեղադրանքները փաստորեն անհիմն էին, ուստի այդ դեպքում այդպիսի ակնկալիքներ չունեմ: Հակառակը, հուսով եմ, որ օրենքի դրույթներին ծանոթանալը բոլոր նմանատիմ մեղադրանք ասենք, մտահոգություն ասենք, պետք է վերացած լինեն, քանի որ օրենքը նախատեսում է գործուն մեխանիզմներ, ընտանեկան բռնության կանխարգելման եւ զոհերի պաշտպանության միջոցների վերաբերյալ: Որեւէ, այսպես ասած, մտահոգություն առաջացնող դրույթ, իմ գնահատմամբ, չի պարունակում:
-Ինչո՞ւ նախագծի մշակման ժամանակ հասարակական կազմակերպությունների կամ շահագրգիռ կողմերի հետ քննարկում չեք իրականացնում, այլ մոտ ապագայում մշակելուց հետո նոր պատրաստվում եք տեղադրել պաշտոնական կայքում՝ հանրային քննարկման համար: Ի՞նչ մտավախություն ունեք:
-Ձեզ հետ չեմ համաձայնի. գոնե այս օրենքի դեպքում կարող եմ պնդել, որ համապատասխան քննարկումներ ե՛ւ անցած տարի, ե՛ւ ընթացիկ տարվա ընթացքում եղել են: Մենք բաց ենք քննարկումների համար, քննադատության համար այն պայմանով, եթե այդ քննադատությունը ուղղված է օրենքի նախագիծը բարելավվելուն: Դրանում, ինձ թվում է, բոլորն են շահագրգռված, եւ այդպիսի քննարկումներ տեղի են ունեցել եւ ապագայում էլ կարող են տեղի ունենալ:
-Այսինքն՝ այս անգամ շահագրգիռ կողմերի հետ քննարկե՞լ եք նախագիծը:
-Այո՛, նաեւ պետք է հաշվի առնել, որ քննարկում անցկացնելը մեխանիկորեն չի ենթադրում, որ քննարկման ընթացքում հնչեցված բոլոր առաջարկությունները պետք է պարտադիր ընդունվեն: Քննարկման իմաստն այն է, որ տարբեր տեսակետներ համադրելով՝ պետք է գտնել օպտիմալ լուծումներ:
-Նախագծում կա մի դրույթ, որ չեք կարողացել շահագրգիռ կողմերի հետ ընդհանուր հայտարարի գալ:
-Շատ էական մեծ տարաձայնություններ, ես հուսով եմ, որ չկան: Հիմնականը վերաբերում էր քրեական պատասխանատվության հիմնախնդրին: Մենք՝ օրենքի հեղինակները, ելնում ենք նրանից, որ ներկա գործող քրեական օրենսդրության դրույթները բավարար են արդյունավետ պայքար մղելու այս չարիքի դեմ, ուրիշ խնդիր է, որ պետք է հստակեցնել մեխանիզմները, այդ օրենքի կիրառման միջոցներ ձեռնարկել՝ ընտանեկան բռնության, ընտանեկան բռնություններից տուժածների իրավունքների պաշտպանության համար, քայլեր ձեռնարկել կանխարգելման համար: Հիմնական խոսակցությունների քննարկումների խնդիրը դա է եղել:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 
ՃՈ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԸ
Շուրջ երկու տարի տեւած դատաքննությունից հետո ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով վճիռը վերջապես հրապարակվեց:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2015 թվականի փետրվարի 26-ին Երեւան քաղաքի բնակիչ Մարինե Խաչատրյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանից պահանջելով ուրիշի գույքը ապօրինի տիրապետումից ազատել: Ի դեպ, նկատենք, որ Մարինե Խաչատրյանը միայն դատարան դիմելով չի սահմանափակվել:
Նա փետրվարի 27-ին միջնորդություն էր ներկայացրել նույն դատարան՝ պահանջելով, որ Մարգար Օհանյանին որոշակի գործողություններ արգելվեն: Եվ, ահա, այս գործը նախագահող դատավոր Ալեքսեյ Սուքոյանը Մարինե Խաչատրյանի միջնորդությունը բավարարել էր:
Եւ շուրջ երկու տարի տեւած քննությունից հետո Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց վճիռը, եւ Մարինե Խաչատրյանի հայցն ընդդեմ Մարգար Օհանյանի` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը վերադարձնելու պահանջի մասին հայցը մերժեց: Ասել է, թե ՃՈ նախկին պետը հաղթեց դատարանում:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Մարգար Օհանյանը հայտնվում է դատարանում: 2012թ. Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանին դատապարտեց 6 տարվա ազատազրկման: Վերջինս իր աշխատակիցների` ՀՀ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանի, ՀՀ ՃՈ տնտեսական բաժնի աշխատակիցներ Սամվել Մախմուրյանի եւ Արա Լեւոնյանի հետ մեղադրվում էին պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետությանը խոշոր չափերի վնաս հասցնելու մեջ:

 

 

ԲԱՆԿԻ ԳՈՐԾԸ ՀԱՍԱՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ
«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արա Կիրակոսյանի գործը հասավ ՀՀ վերաքննիչ դատարան: Ինչպես հայտնի է՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արա Կիրակոսյանի եւ բանկի վարչության նախագահի տեղակալ, տարածքային զարգացման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն Մելիք Եսայանին մեղադրանք էր առաջադրվել բանկից զգալի չափով հափշտակություն իրականացնելու համար: Շուրջ երեք տարի տեւած քննությունից հետո Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Արա Կիրակոսյանին ազատազրկման դատապարտեց 15 տարի ժամկետով: Սակայն վերջինիս պաշտպան Հայկ Ալումյանը բողոքարկել է առաջին ատյանի որոշումը ՀՀ վերաքննիչ դատարանում եւ պահանջում է Արա Կիրակոսյանի նկատմամբ մեղմ պատիժ սահմանել:

 

 
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ
Երեկ՝ Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, քննարկվել են օրեր առաջ Տավուշի մարզի Հաղարծին գյուղում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ անտառային ոլորտի բարեփոխումների ընթացքը: Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին համալիր վերլուծություն ներկայացնել անտառհատումների ծավալի, անտառպահպանության եւ անտառտնտեսությունների գործունեության վերաբերյալ՝ առաջարկելով սահմանել անտառհատումների որոշակի շեմ եւ խիստ պատիժ նախատեսել այն խախտողների նկատմամբ: Զեկուցվել է անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի, հսկողության եւ մոնիթորինգի, անտառային տնտեսության զարգացման եւ պատասխանատու կառույցների օպտիմալացման ուղղությամբ նախատեսվող միջոցառումների մասին:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ
«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովի փակման լիագումար նիստում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ սփյուռքի ներկայացուցիչների հիմնական մտահոգությունն այն է, որ հայկական համայնքներում շատ հայրենակիցներ հեռանում են համայնքային կյանքից: Նախարարը հայտնել է, որ այսօր 118 երկրում ունենք հայկական համայնքներ, որոնք ունեն տարբեր կառուցվածք եւ տարբեր իրավական կարգավիճակ: Անդրադառնալով սիրիահայերի խնդիրներին՝ նա ողջունում է, որ սիրիահայերը հաստատվել են Հայաստանում: Ըստ նախարարի՝ նրանցից շատ բան ունենք սովորելու: Սիրիահայերը համեստ, գործունյա մարդիկ են եւ 4-5 տարվա ընթացքում այնպիսի բիզնեսներ են անում, որ հայաստանցիները տարիներ շարունակ չեն կարողանում:

 

 

ՀՐԱՎԵՐԸ ԿՈՐԵԼ Է
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը, խոսելով «Հայաստան-Սփյուռք» համահայկական համաժողովին իրենց խմբակցությանը չհրավիրելու մասին, նորից շեշտել է. «Մեզ հրավեր, որպես այդպիսին, չի եկել, չենք ստացել: Փաստացի սա Հանրապետական-Սփյուռք համաժողով է, որին հրավիրված են որոշ պետական կառույցների ներկայացուցիչներ: Երբ մենք սկսեցինք այդ մասին խոսել, զանգ եղավ, որ հրավերն ուղարկել ենք, չի հասել, բայց հիմա կարող ենք ձեզ հրավիրել, բայց կարծում եմ՝ դա շատ սխալ է: Ու ասում են, որ այդ հրավերը կորել է ճանապարհին»:

 

 

ԳՈՐԾԱԴՈՒԼ ԵՆ ՍԿՍԵԼ
Երեկ «Սասնա ծռեր» խմբի 14 անդամների տասից ավելի պաշտպաններ գործադուլ են հայտարարել: Փաստաբան Հարություն Բաղդասարյանը նշել է, որ երկու փաստաբանների թույլ չեն տվել մուտք գործել դատարանի դահլիճ, ինչից հետո ներկա փաստաբանները գործադուլ են սկսել: Դատական նիստին մասնակցելու համար դատարան են մտել միայն հանրային պաշտպանները: Նշենք, որ նիստին չեն մասնակցում պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանը, Հարություն Բաղդասարյանը, Երվանդ Վարոսյանը, Լուսինե Սահակյանը, Դավիթ Գյուրջյանը, Արա Զաքարյանը, Հրանտ Գեւորգյանը, Մուշեղ Շուշանյանը, Արայիկ Պապիկյանը եւ Տիգրան Հայրապետյանը:




Լրահոս