«Հայաստան-Սփյուռք» վեցերորդ համաժողովի բոլոր մասնակիցներն էլ կարեւորում են երկխոսության նման հնարավորությունը, սակայն միաժամանակ փաստում, որ այսպիսի համաժողովներից եւ ելույթներից զատ՝ կոնկրետ գործել է պետք, որպեսզի Սփյուռքն էլ տեսնի եւ է՛լ ավելի վստահի Հայաստանին: Նման կարծիք «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում արտահայտեց նաեւ ՍԴՀԿ Կեդրոնական Վարչութեան ատենապետ Համբիկ Սարաֆեանը:
Նա հատկապես վտանգավոր համարեց երկրից արտագաղթի այսպիսի տեմպերը` կարծիք հայտնելով, որ այսպես շարունակելու դեպքում կարող ենք հանգել կրիտիկական մի թվի, որից հետո երկրի կենսունակությունը հարցականի տակ է դրվում:
-Պարո՛ն Սարաֆեան, բացի ելույթներից՝ նման համաժողովներն ի՞նչ են տալիս: Արդյո՞ք կարող ենք նաեւ գործնական քայլեր սպասել:
-Իհարկե, մեր ցանկությունն է, որ գործնական քայլեր արվեն: Հասկանում ենք բոլոր դժվարությունները եւ նախկինների փորձը, որ ոչ բոլոր ծրագրերն են իրականություն դառնում: Չկա այնպիսի մի իրավիճակ, որ բոլոր ծրագրերը մշակում եք, եւ դրանք իրականություն են դառնում: Սակայն այսպիսի համաժողովները հնարավորություն են տալիս ռեալ շփվել եւ մտքեր փոխանակել: Օրինակ՝ այս երեք օրերից ես կառանձնացնեմ «Ազգ-բանակ» ուղղությունը, որի զարգացումը դրական արդյունք կունենա: Ելույթներ կամ տեսակետներ լսելը չէ կարեւոր, այլ այն, թե գործնական առումով ամփոփված մտքերն ինչպես են կատարվելու: Հատկանշական բաժիններից մեկն այն է, որ այդ չորս ուղղություններից ի մի բերվեն ամենագործնական գաղափարները եւ գործածության դրվեն:
-Իր ելույթում Սերժ Սարգսյանը խոսեց 4 մլն բնակչություն ունենալու տեսլականի մասին: Հաշվի առնելով տիրող իրավիճակը, արտագաղթի բարձր տեմպերը՝ որքանո՞վ եք իրատեսական համարում դա:
-Դա ցանկալի ծրագիր է, բայց որքանով գործնական կլինի, կախված է, թե ինչ քայլեր կարվեն, եւ ինչ տեղի կունենա ամբողջ աշխարհում: Իր ելույթում եւս մտահոգություն տեսանք, որը նախկինում չէր արտահայտվում: Այստեղ պետք են արմատական լուծումներ, եւ դրանք պետք է գործածության դրվեն, քանի որ շատ ավելի կարեւոր է, որ բնակչությունը այդ թվից չպակասի: Կա բնակչության կրիտիկական թիվ, որից պակաս երկրի կենսունակությունը հարցականի տակ է դրվում: Եթե այդպես շարունակենք, կարող ենք դրան հասնել:
-Այսինքն՝ պե՞տք է արագ քայլեր անել, ոչ թե սպասել այդքա՞ն:
-Պետք է միանշանակ արագ քայլեր կատարել: Եթե մենք ակնկալում ենք, որ Սփյուռքն իր ակտիվ մասնակցությունը պետք է ունենա, ուրեմն այդ քայլերը պետք է արագ կատարվեն:
-Իսկ որքանո՞վ է Սփյուռքն այժմ վստահում Հայաստանին: Տարիներ շարունակ Սփյուռքը Հայաստանի համար միայն փողի աղբյուր է եղել:
-Խնդիրը միայն վստահության պակասը չէ: Սփյուռքն ինչ-որ ձեւով քաղաքականացված մոտեցում է ցուցաբերում Հայաստանին: Ավանդական մոտեցումները փոխվում են, եւ դա բնական է: Բոլորն էլ հասկանում են, որ այսպես շարունակել չի կարելի, եւ որ սա այն Հայաստանը չէ, որ մենք պատկերացրել ենք, որ կունենանք: Դա ոչ թե վստահության պակասն է, այլ իրազեկության բարձրացումն ու մարդկանց` ամեն ինչ հալած յուղի տեղ չընդունելը: Հնարավոր չէ ամպագոռգոռ հայտարարություններ անել, եւ դրանք մնան երկարատեւ, անպայման հակազդող բաներ են լինում, եւ բոլորն էլ հասկանում են, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում:
-Այս օրերին զրուցելով համաժողովի մասնակիցների հետ՝ հասկացանք, որ ամեն դեպքում վստահության պակաս կա, որը գալիս է նաեւ արդարության դեֆիցիտից:
-Իհարկե կա, դա խոսվում եւ ասվում է: Փորձ է արվում շտկել, բայց ես կրկնեմ իմ միտքը, որ ամենակարեւոր հարցն օրենքի գերակայությունն է: Դա հիմքն է, որ եթե օրենքի գերակայություն չլինի, շատ խնդիրներ կմնան չլուծված: Դուք նշեցիք վստահության պակասի մասին, իսկ դրա հիմքն էլ նա էր, սփյուռքահայ ներդնողը պետք է իմանա, որ ունի ապահովագրություն, կարող է հույս դնել դատաիրավական համակարգի վրա, իսկ եթե չի զգում, չի ցանկանա աշխատել: Դա վերաբերում է բոլոր ոլորտներին, եւ միայն խոսքով շեշտել, որ մենք ունենք օրենքի գերակայություն եւ աշխատում ենք այդ ուղղությամբ, դա քիչ է: Գործնական քայլեր եւ օրինակներ են պետք, որ որեւէ անձ չկա, որ օրենքից վեր է:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԴԻԼԻՋԱՆԻ ԶԻՆԿՈՄԻ ՈՐԴՈՒ ԳՈՐԾԸ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը սեպտեմբերի 19-ին հայտարարություն է տարածել, որ քրեական գործեր են հարուցվել սուտ մատնության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության եւ ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք հանիրավի մեղադրվել են ծանր հանցագործության կատարման՝ խոշտանգման ու քրեական գործով ապացույցներ կեղծելու, ինչպես նաեւ պաշտոնական դիրքը չարաշահելու եւ պաշտոնական կեղծիք կատարելու համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել սպանության փորձի փաստով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով վկաներ Արամ եւ Հայկ Ղուկասյանների, տուժող Սերգեյ Միքայելյանի կողմից սուտ մատնություն կատարելու կապակցությամբ: Նշենք, որ խոսքը վերաբերում է Դիլիջանի զինկոմ Հովհաննես Հակոբյանի որդու՝ Դավիթ Հակոբյանի դատավարությանը, որի ժամանակ էլ կատարվել են սուտ մատնությունները: Դ. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. փետրվարի 11-ին Դիլիջան քաղաքում շատերի համար վտանգավոր եղանակով, Սերգեյ Միքայելյանին սպանելու դիտավորությամբ, իր կողմից ապօրինի ձեռք բերված եւ պահվող հրազենով կրակոցներ է արձակել վերջինիս մեքենայի ուղղությամբ, որի մեջ են գտնվել Սերգեյ Միքայելյանը եւ Յուրի Սահակյանը, սակայն Դ. Հակոբյանն իր կամքից անկախ հանգամանքների պատճառով հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ Ս. Միքայելյանին պատճառելով ոտքի շրջանում մարմնական վնասվածք:
Դ. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Ս. Միքայելյանի կողմից ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում Դավիթ Հակոբյանի դատավարությունն ընթանում է 2017թ. մարտի 13-ից:
Մարտի 24-ի նիստում այդ քրեական գործով նախագահող, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը մերժել է Դավիթ Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ փոփոխելու մասին պաշտպան Գուրգեն Հարությունյանի միջնորդությունը: Սույն քրեական գործով դատավարության հերթական նիստը նշանակված է սեպտեմբերի 27-ին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԵԶԴԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՈՒՍԱՆԵԼ ԵԶԴԵՐԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթին են դիմել Ջրաշենի թիվ 107 դպրոցի եզդի սաների ծնողները: Նրանք պահանջում են, որ եզդերենը մտնի դպրոցի ուսումնական պլան, եւ իրենց երեխաներին դասավանդեն նաեւ իրենց մայրենի լեզուն:
«Մենք պահանջում ենք, որ մեկ ժամ հատկացնեն՝ մեր մայրենի լեզուն 29 եզդի աշակերտներին սովորեցնելու համար: Դպրոցի տնօրենը կողմ է մեր առաջարկին, ինքը ցանկանում է, որ մեկ ժամ երեխաները սովորեն մեր մայրենի լեզուն: Բայց, չգիտես թե ինչու, չի ստացվում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խնդիրը ներկայացրեց ծնողներից մեկը` Բադրը: Ապա տեղեկացրեց, որ իրենց պահանջը չկատարելու դեպքում իրենք դասադուլ կանցկացնեն:
«Ժողովուրդ»-ը այս թեմայի շուրջ զրուցեց նաեւ դպրոցի տնօրեն Աննա Աբելյանի հետ, ով անմիջապես հայտարարեց, որ այդ հարցը դպրոցի տնօրինությունը չի կարող որոշել: «Մենք դեմ չենք, բայց սա մեր որոշելու խնդիրը չէ: Իրենք պահանջում են, որ եզդերենը մտնի ուսումնական պլան, ամեն արտոնությունից օգտվի: Բայց դպրոցը այսօր ֆինանսավորվում է աշակերտի թվով, իսկ մեր դպրոցը ես ընդունել եմ պարտքերով: Այն ֆինանսական ծանր վիճակում է, այս պահին անգամ կուտակված եկամտահարկի պարտք ունենք: Մեզ մոտ նույնիսկ հաստիքներ են կրճատվում»,- բացատրեց տնօրենը:
Մեր զրուցակիցը փոխանցեց նաեւ, որ պատրաստ է անգամ դասասենյակ հատկացնել՝ շաբաթական երկու անգամ եզդերեն անցկացնելու համար: «Մինչեւ տեսնենք, թե հունվարից հետո ինչ կլինի կրթական բարեփոխումների արդյունքում: Հուսանք, որ ինչ-որ փոփոխություն կլինի, կամ էլ մենք ֆինանսապես կկայունանանք եւ կկարողանանք այս հարցին լուծում տալ: Ես իրենց բացատրում եմ՝ եթե այդքան շատ եք ցանկանում, ապա խմբակի ձեւով, անվճար հիմունքներով կամ թող համայնքով վճարեն իրենց ուսուցչին»,- առաջարկեց տնօրեն Աննա Աբելյանը:
Դպրոցի տնօրենից տեղեկացանք, որ այս հարցով գրություն է պատրաստել եւ ուղարկել Երեւանի քաղաքապետարան: Ըստ տնօրենի` քաղաքապետարանում տեղեկացված են, եւ բոլորն ուզում են աջակից լինել: «Բայց այս պարագայում ֆինանսական խնդիրն է, դպրոցը գումար չունի, որ վճարի այդ մասնագետին: Պատկերացրեք տարվա կտրվածքով մենք պետք է 1 մլն դրամից ավել գումար ունենանք, որ վճարենք իրեն: Ձեզ ասեմ, որ իրենց 7-րդ դասարանից հետո մեծ դժվարությամբ ենք դպրոց բերում: Իրենք բարձրաձայնում են կրթության հարցը, բայց 7-րդ դասարանից հետո աղջիկներին ընդհանրապես թույլ չեն տալիս դպրոց հաճախել, որովհետեւ հայտնի է, որ իրենց մոտ վաղաժամ ամուսնությունները շատ են: Մի կերպ համոզելով, պայքարելով բերում ենք դպրոց»,- լրացրեց տնօրենը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ