«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար, Հանրապետական Կարեն Ճշմարիտյանին պատկանող «Էլբատ» փակ բաժնետիրական ընկերությունը 6 ամսով հայտնվել է պետական գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում: Այդ ցանկը նաեւ կոչվում է «սեւ ցուցակ»: «Էլբատ» ՓԲԸ-ն բանակին եւ այլ գերատեսչությունների տարիներ շարունակ մարտկոցներ է մատակարարել, սակայն մինչեւ 2017 թվականի դեկտեմբեր ամիսը որեւէ պետական գնման չի կարող մասնակցել:
Armtimes.com-ը պարզեց, որ ՀՀ ֆինանսների նախարարության գնումների բողոքարկման խորհուրդը «Էլբատ» ՓԲԸ-ին «սեւ ցուցակ»-ում է ներառել 2017 թվականի հունիսի 5-ին՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարության եւ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի գրությունների հիման վրա:
«Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ն ԱԱԾ-ի դիմումը ստացել է 2016 թվականի ապրիլի 18-ին, ՊՆ-ի եւ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի դիմումները ստացել են ապրիլի 14-ին, որոնց հիման վրա ֆինանսների նախարարությունը գրություն է ուղարկել գնումների բողոքարկման խորհուրդ, որն էլ քննարկելով դիմումները՝ որոշել է «Էլբատ» ընկերությանը ներառել «սեւ ցուցակ»-ում: Նշված երկու կառույցներն ու մեկ ընկերություն նախարարությանը խնդրել էին ուսումնասիրել «Էլբատ» ընկերությանը «սեւ ցուցակում» ներառելու հիմքերը, եւ այդ հիմքերը հայտնաբերելու դեպքում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ այդ մասնակցին ցուցակում ներառելու համար:
Բողոքարկման խորհրդի գործունեության ընթացքում ՊՆ-ն հայտնել է, որ գնումներ կատարելու «Էլբատ» ընկերության հայտը ներկայացնելուն նախորդող տարվա ընթացքում պարտավորությունները գերազանցում են ակտիվների հաշվապահական հաշվեկշռային արժեքը, ինչի արդյունքում ընկերության հայտը մերժվել է:
ԱԱԾ-ի հայտարարած մրցույթին մասնակցելու համար ներկայացված հայտում էլ ընկերությունը հայտնել է, որ հայտը ներկայացնելուն նախորդող հաշվետու տարվա ընթացքում պարտավորությունների հաշվեկշռային արժեքը չի գերազանցել ակտիվների հաշվեկշռային արժեքը: Ֆինանսների նախարարության կողմից ԱԱԾ-ին եզրակացություն է տրամադրվել, համաձայն որի՝ «Էլբատ» ՓԲԸ-ի հայտը ներկայացնելուն նախորդող հաշվետու տարվա ընթացքում պարտավորությունների հաշվեկշռային արժեքը կազմել է 7 միլիարդ 937 միլիոն դրամ, իսկ ակտիվների հաշվեկշռային արժեքը՝ 7.6 միլիարդ դրամ: «Էլբատ» ՓԲԸ-ն, իհարկե ներկայացրել է իր դիրքորոշումը եւ պնդել, որ 2015 թվականի վերաբերյալ տարեկան հաշվետվությունն ընկերության կողմից ներկայացվել է 2016 թվականի ապրիլի 5-ին, ինչը բացառում է ներկայացված տվյալների կեղծ որակելը:
«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն էլ իր դիրքորոշման մեջ նշել է, որ «Էլբատ» ՓԲԸ-ն գնման մասնակցելու հայտում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է տրամադրել:
«Էլբատ» ՓԲԸ-ի «սեւ ցուցակ»-ում հայտնվելուց հետո պաշտպանության նախարարություն այլ մատակարար է գտել, որն արդեն իսկ իրականացրել է մեկ խոշոր մատակարարում: Անվադողերի, կուտակիչների եւ մարտկոցների գնման պայմանագիրը կնքվել է «Արպանիվ» ՍՊԸ-ի հետ, որն արժեցել է 376 միլիոն դրամ: «Արպանիվ» ՍՊԸ-ն հանդիսանում է իր ոլորտում գերիշխող դիրք զբաղեցնողներից մեկը:
Նշենք, որ 2010 թվականի նոյեմբերի 23-ին Երեւանում պաշտոնապես բացվել էր մարտկոցներ արտադրող «Էլբատ» ձեռնարկությունը: Այն ժամանակ «Հետք» էլեկտրոնային պարբերականը գրել էր, որ Հայ-գերմանական «Էլբատ» ՓԲԸ-ի սեփականատերերն են էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը (24%), ձեռնարկության տնօրեն Սամվել Աբրահամյանը (25%) եւ «Քրոնիմետ Մայնինգ» ընկերությունը (51%): Այս ձեռնարկությունը տեղակայվել էր «Էլեկտրոն» ԲԲԸ-ի տարածքում: «Էլեկտրոնի» սեփականատերերն են Սամվել Աբրահամյանը (40%), Կարեն Ճշմարիտյանը (40%) եւ ձեռնարկության կոլեկտիվը (20%)»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: