Ռուս սահմանապահները ձերբակալել են Արաքս գետում անօրինական ձկնորսության փորձ արած երկու անձի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության՝ Հայաստանում տեղակայված սահմանապահ զորքերի Արմավիրի սահմանապահ ջոկատի տեղամասում սահմանապահները ձերբակալել են երկու իրավախախտի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետությունում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից: Սահմանապահ ուղեկալներից մեկում ահազանգ է ստացվել պետական սահմանի պաշտպանության ազդանշանային համակարգից:

Արմավիրի սահմանապահ ջոկատի ծառայողները Հայաստանի ոստիկանության հետ համատեղ իրականացրել են անհրաժեշտ օպերատիվ-որոնողական աշխատանքները: Դրանց արդյունքում ձերբակալվել են երկու մարդ, ովքեր փորելով ազդանշանային համակարգի տակ և հաղթահարելով ինժեներա-տեխնիկական շինությունները՝ ձուկ որսալու նպատակով գնացել են դեպի Արաքս գետի կողմը: Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է ռետինե նավակ, ձկնորսական տարբեր պարագաներ: Սահմանային գծում գտնվելու և սիրողական ձկնորսությամբ զբաղվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ձերբակալվածների մոտ բացակայել են: Դեպքի բոլոր մանրամասները պարզելու նպատակով իրավախախտները հանձնվել են Հայաստանի ոստիկանությանը:




Լրահոս