ArmLur.am-ն արդեն տեղեկացրել է, որ Ախալքալաքի շրջանի հայաբնակ Գումբուրդո գյուղում սեպտեմբերի 30-ին բախում էր տեղի ունեցել բնակիչների և ոստիկանների միջև: Պատճառը այն էր, որ տեղի բնակիչները ցանկացել էին խաչքար տեղադրել եկեղեցու բակում թաղված շիրիմների հիշատակին. ոստիկաններն արգելել էին:
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձավ նշված խնդրին.
«Այս հարցի շուրջ Ամենայն հայոց կաթողիկոսի և Իլյա պատրիարքի միջև որևէ խոսակցություն չի եղել: Վիրահայոց թեմի առաջնորդը մշտական կապի մեջ է Վրաստանի իշխանությունների և վրացական ուղղափառ եկեղեցու հետ, որպեսզի գտնվի ընդունելի լուծում այս խնդրի կարգավորման, նաև թուլացվի Գումբուրդոյում առկա լարվածությունը: Այս իմաստով դեռ որոշումներ կայացված չեն, մենք սպասում ենք այդ բանակցությունների արդյունքներին», – ասաց Վահրամ քահանա Մելիքյանը:
Հայաբնակ Ախալքալաք և Նինոծմինդա ընտրատեղամասից մեծամասնական պատգամավոր ընտրված Հենզել Մկոյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ խաչքար տեղադրելու հարցը քննարկվում է արդեն մի քանի ամիս, սա առաջին անգամ չէ:
«Մենք միշտ վերադասին տեղյակ ենք պահել, որ այդ հարցը պետք է անպայման լուծվի: Բայց, ցավոք, ժողովրդի և ոստիկանների միջև միջադեպ եղավ: Լարվածությունը շատ վատ էր, երկու կողմից էլ տուժվածներ եղան, հիմա պետք է հարցը լուծվի՝ հետագա խնդիրներից խուսափելու համար», – ասաց Հենզել Մկոյանը:
Ինչ վերաբերում է խաչքարի տեղադրման հարցին, Ախալքալաքի պատգամավորը նշոց, որ իրենք Վրաստանի իշխանությունների հետ որոշակի պայմանավորվածություն են ձեռք բերել.
«Հայաստանի և Վրաստանի մեր հոգևոր հայրերը պետք է այս հարցին լուծում տան: Օրինակ, Վրաստանն առաջարկում է այսպիսի լուծում. խաչը լինի և հայկական, և վրացական. այսպես ասած` երկու եղբոր կողմից:
Հիմա կարևորը, որ ժողովուրդը հանգստանա, լարվածությունը թուլանա: Հարցի լուծումը կգտնեն թերևս Վրաստանի և Հայաստանի հոգևոր հայրերը, ամենայն հավանականությամբ` վեհափառները»,- ասաց պատգամավորը:
Լուսինե Առաքելյան