«Արմաթ» լաբորատորիայի սաները ներկայացրել են Beeline-ի տրամադրած Wi-Fi սարքերից պատրաստած ռոբոտները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Վ. Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սաները Beeline-ի տրամադրած Wi-Fi սարքերից պատրաստած ռոբոտները ներկայացրել են ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսում:

Beeline-ը տրամադրել է այդ սարքերը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) հետ համագործակցության շրջանակում։
«Շատ հաճելի է տեսնել այսքան տաղանդավոր երիտասարդների, ովքեր արդեն այնքան հմուտ ինժեներներ են, որ կարող են տարբեր պահեստամասերից գործող ռոբոտներ պատրաստել։ Վստահ եմ, որ նրանք մեծ հաջողությունների կհասնեն նորարար տեխնոլոգիաների ոլորտում և շատ ուրախ եմ, որ մեր ընկերությունը ինչ-որ ներդրում է ունեցել իրենց կրթության մեջ։ Անկասկած կրթությունը լավագույն միջոցն է մարդկանց կյանքը ավելի լավը դարձնելու համար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ դեռևս ամռանը Beeline-ը, աջակցելով դպրոցականների ուսուցման գործընթացին, հայտարարել էր, որ ավելի քան 1000 հատ Wi-Fi սարքավորում է նվիրաբերում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցին:
«Արմաթ» լաբորատորիաները գործում են արտաժամյա սկզբունքով եւ անվճար հիմունքներով: Այն դպրոցականները, ում դպրոցներում դեռեւս չկան լաբորատորիաներ կարող են հաճախել հարակից բնակավայրերում գործող «Արմաթ» խմբակներ: Նշենք, որ ԻՏՁՄ-ն ծրագրում է ինժեներական մտքի ձեւավորումը սկսել հենց դպրոցահասակ տարիքից եւ ինժեներական կրթության ժամանակակից հնարավորություններ է ստեղծում Հայաստանի բոլոր դպրոցականների համար:

«Արմաթ»՝ ապագայի ալգորիթմը» կարգախոսը կրող լաբորատորիաներում կրթվող հազարավոր դպրոցականների ինժեներական մտքի զարգացումը մոտ ապագայում իր հետ կբերի տեխնոլոգիական հզոր լուծումներ ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային շուկայի համար:




Լրահոս