ՖՈՏՈ. «Շնից մազ պոկելն էլ քյար է». պատգամավորներ, որոնք պետական բյուջեից հավելյալ գումարներ են ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանի մարզաբնակ պատգամավորներից տասը, 490 հազար դրամ աշխատավարձից բացի, պետական բյուջեից եւս 100 հազար դրամ է ստանում` որպես Երեւանում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում: Բայց ուշագրավն այն է, որ գումարի փոխհատուցում ստանալու համար դիմել են նաեւ այնպիսի պատգամավորներ, որոնք հսկայական ունեցվածքի տեր են:

ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ՝ «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով դիմել եւ Երեւան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում են ստանում հետեւյալ պատգամավորները՝ ՀՀԿ-ից Արսեն Միխայլովը եւ Կնյազ Հասանովը, ՀՅԴ-ից Սուրեն Մանուկյանը, Ռոմիկ Մանուկյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Անդրանիկ Կարապետյանը, «Ծառուկյան» խմբակցությունից Տատյանա Միքայելյանը, Կարինե Պողոսյանը, Վանիկ Ասատրյանը, «Ելք»-ից Էդմոն Մարուքյանը: Բնակարանի վարձի փոխհատուցում ստանալու համար դիմել է նաեւ «Ծառուկյան» խմբակցությունից Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, բայց լրատվամիջոցներում այս թեմայով բարձրացված աղմուկից հետո սեպտեմբերի 25-ին նա դիմում է ներկայացրել` բնակվարձի հատուցման դադարեցման մասին:

Վարդան Ղուկասյան

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բնակվարձի փոխհատուցում ստանալ ցանկացող պատգամավորների թիվն իրականում ավելի շատ է եղել: Բայց մամուլում այս թեմայով բարձրացված աղմուկից հետո (երբ պարզվել էր, որ բնակվարձի փոխհատուցման համար դիմել է Գյումրիի նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» խմբակցությունից Վարդան Ղուկասյանը) քննարկումներ են սկսվել խմբակցությունների ներսում, հնաբնակ պատգամավորները խորհուրդ են տվել գոնե այս պահին չգնալ նման քայլերի: Ու եւս 100 հազար դրամ եկամուտի ակնկալիք ունեցող օրենսդիրները որոշել են առժամանակ չօգտվել իրենց այդ իրավունքից:

Պատահական չէ, որ «Ծառուկյան» խմբակցությունից գյումրեցի պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը մի քանի օր առաջ տված հարցազրույցում հայտարարել է. «Ես ինքս վարձով եմ բնակվում, մինչեւ հիմա չեմ դիմել եւ ասացի, որ չի բացառվի, որ դիմեմ, բայց եթե, ասենք, ես 150 հազար դրամ ամսական վարձ եմ տալիս, իսկ այստեղից ընդամենը տալիս են 100 հազար դրամ, այսինքն՝ դեռ էլի մենք ավելացնում ենք»: Բայց Գրիգորյանն այդպես էլ դիմում չի ներկայացրել` հասկանալով, որ իր անվան շուրջ մեծ աղմուկ կբարձրանա, առավել եւս, երբ բավական ունեցվածքի տեր է: «Ծառուկյան» խմբակցության գյումրեցի մյուս պատգամավորը` Վարդան Ղուկասյանը եւս այդ պատճառով հրաժարվել է փոխհատուցումից. հիշում եք` ԱԺ մշտական հանձնաժողովներից մեկի նիստի ժամանակ նա հայտարարել էր, թե ինքը ֆերմեր է եւ հետո` 20 մլն դրամ է հայտարարագրել, չհաշված տները, հողամասերը:

Ինչ վերաբերում է փոխհատուցում ստացող պատգամավորներին, ապա հերթով ներկայացնենք նրանց գույքի եւ եկամուտների հայտարարագրերը:

Արսեն Միխայլով

Արսեն Միխայլով. ՀՀԿ-ական, Կոտայքի մարզի Արզնի գյուղից է, 1997-2017թթ եղել է Արզնու փոխգյուղապետ: Ունի հողամաս, HYUNDAI SONATA 2.4 մակնիշի մեքենա, բայց հայտարարագրում դրամական միջոցների մասին չկա որեւէ տեղեկություն: Ըստ այդմ, նա ամենաչունեւոր պատգամավորն է, գոնե ըստ հայտարարագրի: Թեեւ Երեւանից-Արզնի մեքենայով ընդամենը 10-15 րոպեի ճանապարհ է:

Կնյազ Հասանով

ՀՀԿ-ական Կնյազ Հասանովը Կոտայքի մարզի Աստղաբերդ գյուղից է, եղել է «Կոտայքի շրջկինոցանց» ՍՊԸ տնօրենը: Հայտարարագրել է բնակարան, VOLKSWAGEN BORA 2.0 I մակնիշի մեքենա, նաեւ կենսաթոշակը` տարեկան 263 հազար դրամ, եւ գույքային իրավունքից ստացված 685 հազար դրամ եկամուտը:

Վանիկ Ասատրյան

«Ծառուկյան» խմբակցությունից Վանիկ Ասատրյանը Սպիտակ քաղաքից է, 2012-2016թթ եղել է Լոռու փոխմարզպետը: Նա հայտարարագրել է առանձնատուն, հողամաս, INFINITI QX56 մակնիշի մեքենա, չորս ընկերություններում բաժնեմասեր` ավելի քան 10 մլն դրամ արժողության: Դժվար չէ ենթադրել, որ նախկին փոխմարզպետը մեծ գումարներ ունի, նաեւ Սպիտակում բիզնեսներ, պարզապես դրանք չի հայտարարագրել, քանի որ իր անունով չեն: Երեկ երբ Ասատրյանից փորձեցինք մեկնաբանություններ ստանալ այս թեմայով, նա զայրացավ. «Բոլ է, էլի, ինչի եք հետաքրքրվում»:

Տատյանա Միքայելյան

«Ծառուկյան» խմբակցությունից Տատյանա Միքայելյանը երկար տարիներ աշխատել է բանկային համակարգում. մինչեւ պատգամավոր դառնալը եղել է «Ինեկոբանկի» Գյումրիի մասնաճյուղի գլխավոր մասնագետ: Նա հայտարարագրել է 2 մլն դրամ:

Կարինե Պողոսյան

«Ծառուկյան» խմբակցությունից բնակվարձի փոխհատուցում է ստանում նաեւ Կարինե Պողոսյանը` նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի զարմուհին, որն ապրում է Մխչյան գյուղում: Ի դեպ, Երեւանից Մխչյան կարելի է հասնել առավելագույնը 15-20 րոպեում: Նա որեւէ ունեցվածք չի հայտարարագրել՝ բացի աշխատավարձից: Թեեւ դժվար է հավատալ, որ Աբրահամյանների զարմիկն այնքան չունեւոր է, որ այդ գումարի կարիքն ունի:

Էդմոն Մարուքյան

«Ելք» խմբակցությունից Էդմոն Մարուքյանը ծնունդով Վանաձորից է. նա բացի բնակարանից, TOYOTA CAMRY մեքենայից՝ հայտարարագրել է 740 եվրո, 2 հազար դոլար ու 3 մլն դրամ, աշխատավարձ, ապահովագրական հատուցումներ եւ 600 հազար դրամի այլ եկամուտ:

Բայց այս շարքում ամենաուշագրավը իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ խմբակցության պատգամավորներն են. 7 հոգանոց խմբակցության 4 անդամները բյուջեից բնակվարձի փոխհատուցում են ստանում՝ ընդ որում, ունենալով ֆինանսական հսկայական միջոցներ: Ամենաաչքի ընկնողը ծնունդով Էջմիածինից պատգամավոր Անդրանիկ Կարապետյանն է:

Անդրանիկ Կարապետյան

Նա մինչեւ ընտրվելը եղել է ՎՊ աշխատակից, հետո «Մոնոլիտ» գործարանի տնօրեն: Նա հայտարարագրել է TOYOTA LAND CRUISER մակնիշի մեքենա, հողամաս: Պատկառելի են 34-ամյա պատգամավորի դրամական միջոցները. ունի 150 մլն դրամ: Բայց իրականում Կարապետյանը շատ ավելի հարուստ է, քան փորձում է ներկայանալ. «Մոնոլիտ» գործարանը պատկանում է նրանց ընտանիքին: Էլ չենք ասում այն մասին, որ Էջմիածինը շատ մոտ է Երեւանին. կարելի է հասնել 10-15 րոպեում: Բայց երիտասարդ պատգամավորը, ընդհակառակը, որոշել է պետությունից նոր օգուտներ քաղել: Անդրանիկ Կարապետյանը, հիշեցնենք, աչքի ընկավ ԱԺ արտահերթ նիստերից մեկում ունեցած ելույթով, երբ կոռուպցիայի դեմ պայքարն անվանել էր «գործ տալու ինստիտուտ», ինչն «հայեցի չէ»:

Սուրեն Մանուկյան

ՀՅԴ-ական մյուս պատգամավորը իջեւանցի 32-ամյա Սուրեն Մանուկյանն է, որ նախկինում եղել է բանկի աշխատակից, հետո Իջեւանի փոխքաղաքապետը, հետո «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջեւանի մասնաճյուղի տնօրենը: Նրա մասին եւս ասում են՝ հարուստ է, ոսկե երիտասարդության ներկայացուցիչ: Նա պաշտոնապես հայտարարագրել է հողամաս, 3 մլն դրամ, 5 հազար դոլար: Բայց սա՝ պաշտոնապես: Իջեւանի մեր աղբյուրների պնդմամբ՝ նրա իրական ունեցվածքը շատ ավելին է: Բայց պետությունից ստացված 100 հազար դրամից չի հրաժարվել:

Արմենուհի Կյուրեղյան

ՀՅԴ-ական Արմենուհի Կյուրեղյանը, որ Վանաձորից է, այնտեղ ունի երկու տուն, երկու հողամաս: Ստացել է ամսական 200 հազար դրամ, յոթ տարի շարունակ եղել է սոցիալական ապահովության պետական ծառայության Վանաձորի տարածքային բաժնի նպաստների բաժնի վարիչը, հետո աշխատել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանում: Նա էլ 100 հազար դրամ ստանում է որպես տան վարձ:

Ռոմիկ Մանուկյան

Եւ վերջապես, Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը. նա հայրենի Սարատակ գյուղում ունի տուն, երկու հողամաս: Հայտարարագրել է NISSAN ARMADA եւ MITSUBISHI PAJERO SPORT մեքենաներ: «Համակա» ՍՊԸ-ում ունի 50 տոկոս մասնաբաժին, 3 մլն դրամ:

Կարճ ասած, պատգամավորների մի մասը որոշել է առաջնորդվել «շնից մազ պոկելն էլ քյար է» սկզբունքով, եւ եթե հնարավոր է՝ օգտվում է պետությունից լրացուցից 100 հազար դրամ ստանալու իր հնարավորությունից:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս