ԻՆՉ ԽՆԴԻՐ Է ԼՈՒԾՈՒՄ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` «Հայաստան-Սփյուռք» համաժողովի շրջանակներում ունեցած ելույթի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, խոսել է հարակից տարածքների վերադարձի մասին:

«Խոսքը գնում է այն տարածքների վերադարձի մասին, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը եւ անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու եւ սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը», – ասել է նա: Սակայն ՀՀ արտգործնախարարի հայտարարությունը ոչ միանշանակ է ընդունվել ոչ միայն ՀՀ-ի, այլեւ Արցախի կողմից: Արցախի պետական եւ հոգեւոր այրերն իրենց հարցազրույցներում նշում են, թե նման տարածքներ գոյություն չունեն: Իսկ Արցախի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ այս թեմայի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր. «Միշտ ասել ենք, որ վերադարձ անցյալին չկա, թե՛ սահմանների եւ թե՛ կարգավիճակի առումով»:
Ի վերջո, ինչու Էդվարդ Նալբանդյանը հենց հիմա այդպիսի հայտարարություն արեց: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը:
-Պարո՛ն Սահակյան, անկախության ձեռքբերումից 26 տարի անց ո՞րն է Հայաստանի գլխավոր մարտահրավերը: Արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումն է գլխավոր մարտահրավերը:
-Մարտահրավերներ շատ կան: Հայաստանը շատ մարտահրավերներ ունի, եւ դրանք ամենօրյա են: Մենք, փաստորեն, ծովային ճանապարհ չունենք, հիմնականում ցամաքային ճանապարհ է, եւ, բնականաբար, դա մեզ համար ամենակարեւոր մարտահրավերն է: Արցախյան հիմնախնդրի հետ կապված այն տեսակետը, որ մենք ներկայացրել ենք, կարծում եմ, ոչ միայն մենք, այլեւ ողջ հայությունն այդ տեսակետին է, որ Արցախն անկախ կամ Հայաստանին միացված պետություն է եւ երբեք Ադրբեջանի կազմում չի կարող լինել:
-Այդ առումով ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը միանշանակ չընդունվեց: Ի վերջո, ինչո՞ւ այս պահին նման հայտարարություն հնչեց:
-Նախ ես ասեմ` չգիտեմ, թե ինչ հայտարարության մասին է խոսքը, համենայնդեպս Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունները պետք է ընդունել որպես պետական անձի հայտարարություններ: Իսկ այն խնդիրները, որոնք կապված են Արցախի հետ, եւ որը ժողովուրդն է պնդում, բնականաբար, մենք բոլորս գնում ենք այդ ճանապարհով, որ Արցախը լիովին մերը լինի: Դա մեզ համար ամենակարեւոր հարցն է, բայց վերջին հաշվով, թե ինչ որոշում կլինի հետագայում, դա լիովին կախված է արդեն Արցախի ժողովրդից:
-Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում նշել է, թե դիտարկվում է այն տարածքների հանձնման տարբերակը, որոնք անվտանգությանը սպառնալիք չեն, Արցախն էլ ասում է` այդպիսի տարածքներ չկան:
-Ես արդեն ասացի, որ մինչեւ չծանոթանամ հայտարարությանը, չեմ կարող բացահայտումներ անել: Բայց խնդիրը, որի մասին ասացի, կիսում է մեր ամբողջ կառավարությունը: Իսկ ինչ վերաբերում է հայտարարություններին, ապա դրանք հայտարարություններ են, որոնք, այսպես թե այնպես, ժամանակի մեջ որոշակի խնդիրներ լուծելու համար են:
-Այսինքն` այդպիսի հայտարարություններն իրենց մեջ մեսսի՞ջ են պարունակում:
-Ես կարծում եմ` նման հայտարարություններ են եւ այդ պատճառով էլ քննարկման առարկա են դառնում:
-Բայց մեզ համար ո՞րը կլինի ընդունելի լուծում:
-Մեզ համար ամենաճիշտ լուծումը հետեւյալն է, որի մասին բազմիցս ասել ենք, եւ այսօր էլ եմ կրկնում: Նախեւառաջ առաջին հարցն Արցախի կարգավիճակն է` որպես անկախ կամ Հայաստանին միացված պետություն: Իսկ սահմանային հարցերը կլուծվեն Արցախի ժողովրդի կողմից:
-Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը նշեց, թե իրենք ցանկանում են վերադառնալ բանակցային սեղանին: Այժմ Արցախի ցանկությունն ա՞յդ է:
-Բնականաբար մենք բոլորս էլ ցանկանում ենք վերադառնալ բանակցային սեղան, որպեսզի խաղաղ ճանապարհով լուծումներ գտնենք: Բայց այսօր Ադրբեջանը պատրաստ չէ դիվանագիտական որեւէ քննարկումների կամ դիվանագիտական հարցերի լուծման: Վերջին շրջանում հիմնականում այդպես է գնում:
-Այսինքն` Արցախն այսօրվա սահմաններով պե՞տք է մնա:
-Որեւէ մեկը չի կարող ասել` այսօվա սահմաններով այդպես կմնա: Մենք պետք է նախեւառաջ կարողանանք խնդրին քաղաքական տեսակետից լուծումներ գտնել, այսինքն` բանակցությունների միջոցով: Իհարկե, բոլորս էլ մտածում ենք այդ ուղղությամբ, բայց խնդրի լուծան կոնկրետ մոտեցումներ Ադրբեջանի կողմից չկան:
-Պարո՛ն Սահակյան, մեկ ներքաղաքական հարցի կցանկանայի անդրադառնալ: Օրերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով Ձեր այն հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանը պետք է հավերժ լինի եւ նրան տեսնում եք վարչապետ, նշեց, թե չի ցանկանում մասնավոր անձանց կարծիքները մեկնաբանել: Ինչպե՞ս եք վերաբերվում նրա այս մոտեցմանը:
-Իմ կարծիքն անձնական կարծիք է, եւ ճիշտ էլ բնութագրել է, որովհետեւ իմ կարծիքն է, դա կուսակցությանը չէ: Կուսակցությունը, երբ քննարկի, իր կարծիքը կարտահայտի եւ, բնականաբար, կտարածի: Դա իմ կարծիքն է, մեկը կմեկնաբանի, մեկը չի մեկնաբանի, մյուսը կսպասի դեռեւս: Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի, վիրավորական որեւէ բան չեմ տեսնում: Մենք Կարեն Կարապետյանի հետ շատ մոտ հարաբերությունների մեջ ենք, շատ հարգալից, եւ, բնականաբար, այն պրոցեսները, որ այսօր կառավարությունը կատարում է, մեր կողմից շատ ողջունելի է:

 

 

 
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԾ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե ինքը ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ մշակելու հանձնարարական չի տվել: «Ես շատ պարզ ձեւակերպեցի` նման հանձնարարական չի եղել», – նշեց նա:

Նշենք, որ ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի մասին արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ խոսվում է, եւ քննադատության ենթարկվում այն հանգամանքը, որ ռուսաց լեզուն առանձնացվում է մյուս օտար լեզուներից: Իսկ ի՞նչ հայեցակարգի մասին է խոսքը:
Նշենք, որ այդ հայեցակարգը նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրվել սեպտեմբերի 11-ից: Փաստաթղթում հայերեն նշված է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով կրթության եւ գիտության նախարարությունը մշակել է դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ, որը հռչակում է, թե «Հայաստանում ռուսաց լեզվի ուսուցումը կարեւորագույն խնդիրներից է»: Սա նշանակում է, որ կա՛մ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տեղյակ չէ իր հանձնարարականներից, որ տալիս է, կա՛մ ստում էր՝ ասելով, թե նման հանձնարարական չի տվել:
Ինչեւէ, այդ փաստաթղթից տեղեկանում ենք, որ ռուսաց լեզվի ազատ տիրապետումն անհրաժեշտ է արտադրության, գիտության, կրթության եւ մշակույթի վերածնունդի ու զարգացման, ինչպես նաեւ աշխարհատնտեսական եւ աշխարհաքաղաքական եւ աշխարհաքաղաքական մարտահրավերների դիմագրավման հարցում համաշխարհային հանրության հետ Հայաստանի մասնակցության համար:
Օրեր առաջ էլ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն էլ, լրագրողներ հետ զրույցում խոսելով այդ հանձնարարականի մասին, նշել էր, թե ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալու օրակարգ չկա: Միեւնույն ժամանակ դաշնակցական նախարարը ընդգծել էր, թե դպրոցներում ռուսաց լեզվի ուսուցումը պարտադիր է: «Մենք ուզում ենք ՀՀ մասնագիտական կրթության համակարգը հենվի գիտության վրա, բնագիտական հենքի վրա լինի, պարտավոր ենք օտար լեզուների դասավանդումը որակապես լավացնել»,- նշել էր նա:
Իհարկե, սպասելի է, որ հայաստանյան դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգն այդպես ցավագին էր ընդունվելու: Իսկ ի՞նչ է ասվում հայեցակարգում: ԿԳՆ-ն առաջարկում է վերանայել եւ մանրամասնել ռուսաց լեզու առարկայի բովանդակային պահանջները: Առաջարկվում է նաեւ լեզվի ուսուցում այս կամ այն առարկայական ոլորտում (ֆիզիկա, մաթեմատիկա, աշխարհագրություն եւ այլն), այսինքն` ավագ դպրոցում մի շարք առարկաներից որոշ թեմաների` հայերենին զուգահեռ դասավանդում:
ԿԳՆ-ն առաջարկում է նաեւ ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների, դասարանների (ինչպես նաեւ ռուսերենով ուսուցմամբ դասարանների) թվի ավելացման նպատակահարմարության որոշման համար մշտադիտարկում անցկացնել, 10-12-րդ դասարաններում ռուսաց լեզուն կարող է հանդես գալ որպես պարտադիր դասընթաց, առարկա` սովորողի ընտրությամբ, դասընթաց` ըստ նախասիրության:

Նյութերը` ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 
ՓՈՂ ՈՒԶԵԼՈՎ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ
Կառավարության այսօրվա նիստում նախատեսված է 22 մլն 876.3 հազար դրամ հատկացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին: Ըստ կառավարության հիմնավորումների` այս գումարը տրվում է հանձնաժողովի` չորրորդ եռամսյակի պահպանման ծախսերը կատարելու նպատակով: Թե խոսքը կոնկրետ ինչ ծախսերի մասին է, հայտնի չէ: Նշենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի առաքելությունը բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեությունը հասարակության համար առավել թափանցիկ ու հրապարակային դարձնելն է: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հիմնական գործառույթներից են` հայտարարագրերի հրապարակումը, հայտարարագրմանն առնչվող իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելը եւ վարչական տույժեր նշանակելը: Բայց արի ու տես, որ էթիկայի հանձնաժողովը զբաղված է միայն փող խնդրելով եւ շահագրգռված չէ պաշտոնատար անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրերը ուսումնասիրելու, բացահայտումներ անելու, խախտումներ գտնելու դեպքում հրապարակելու հարցում: Էլ չենք խոսում փոխկապակցված անձանց` կնոջ, իր հետ ապրող ծնողների եւ չափահաս, չամուսնացած երեխաների գույքի եւ եկամուտների հայտարարագրերը, որոնց մեծ մասը թերի է: Արդյո՞ք էթիկայի հանձնաժողովը ստուգում է` պաշտոնյան ամբողջակա՞ն հայտարարագիր է ներկայացրել, թե՞ ոչ:

 

 

ԴԱՏԱՎՈՐԻ ԱԶԳԱԿԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոելոն Օհանյանի եղբոր որդին դատապարտվեց ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով եւ տուգանքով` 150 հազար դրամի չափով: Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 21-ին Կապան քաղաքի 26-ամյա Նարեկ Օհանյանը իր վարած Lexus մակնիշի 55 CC 550 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 9-ամյա Օքսաննա Գրիգորյանին, որը տեղում մահացել էր: Վարորդը, երեխային թողնելով անօգնական, փախուստի էր դիմել: Հետագայում պարզվեց, որ նա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոելոն Օհանյանի եղբոր որդին է՝ Նարեկ Օհանյանը, որը հարբած է եղել:
Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին հոր ծառայողական ավտոմեքենայով «Գազպրոմ Արմենիայի» աշխատակցին վրաերթի ենթարկեց, սպանեց, ապա Սերժ Սարգսյանի կողմից արժանացավ ոսկե մեդալի՝ որպես օրինակելի շրջանավարտ:




Լրահոս