ԱՅԴՔԱՆ ՓՈՔՐԻԿ ԵՎ ԱՐԴԵՆ ՆԱՏԱՇԱ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր պետական ապարատի ծախսերը «զգալիորեն կրճատելու» մասին: «Հատկանշելով գերատեսչություններում կառուցվածքային փոփոխությունների եւ հաստիքացուցակների օպտիմալացման անհրաժեշտությունը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ պետական բյուջեով իրականացվող ծրագրերը չպետք է բեռ լինեն հարկատուի համար, դրանք պետք է պետական բյուջեում ամրագրվեն, եթե անհրաժեշտ արդյունավետություն են ապահովում իրենց նպատակների իրագործման տեսանկյունից»,- ասված էր պաշտոնական հաղորդագրության մեջ:

Կարճ ժամանակ անց, սակայն, պարզվեց` պետական ապարատի ծախսերը հարկատուների համար լրացուցիչ բեռ չդարձնելու մասին պնդումներն ընդամենը շոու էին: Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը պետական ապարատի կրճատմանը զուգահեռ սկսեց կառավարության ենթակայության տակ գործող այլ կառույցներ ստեղծել, որոնք այսօր ոչ պակաս լուրջ բեռ են բյուջեի վրա: Բայց ստեղծվում են, որովհետեւ Կարեն Կարապետյանը ջանք ու եռանդ չի խնայում` իր թիմակիցներին, մերձավորներին, ընկերներին ու բիզնես-գործընկերներին բարձր աշխատավարձով աշխատանք ապահովելու եւ այդպես պետության հաշվին հարստություն դիզելու հնարավորություն ստեղծելու համար:
Եւ այսպես` 2016թ. տարեվերջին կառավարության որոշմամբ ստեղծվեց «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը», որն արդեն հունվարի 12-ից սկսեց իր գործունեությունը: Կենտրոնի տնօրեն նշանակվեց վարչապետի խորհրդական, ՀՀԿ-ական Ալեքսանդր Խաչատուրյանը:
Կառավարության մեկամյակի առթիվ հրապարակված 25 էջանոց հաշվետվության 5 էջը նվիրված է հենց այս կենտրոնին: Ու պարզվում է` 22 աշխատակից ունեցող «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն» այս ընթացքում ստացել է շուրջ 120 միլիոն ՀՀ դրամ (մոտ 250 հազար դոլար), որից 100 միլիոն դրամը` ՀՀ պետական բյուջեից, իսկ մյուս 20 միլիոնը` մասնավոր նվիրատվությունների միջոցով: Բայց քանի որ այս գումարները կենտրոնին չեն բավարարել, սեփական նախաձեռնությամբ բանակցություններ են վարել միջազգային դոնորների հետ ու նրանցից էլ ստացել 3.1 մլն դոլարի տեխնիկական աջակցություն եւ 500 հազար դոլար` կենտրոնի ընթացիկ գործունեությունը ֆինանսավորելու համար: Եւ գիտե՞ք` ինչ են արել նրանք այս ընթացքում: Զբաղված են եղել ընդամենը ծրագրեր մշակելով. «Հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտում արագ հաղթանակներ», «Ջերմուկի եւ Վանաձորի՝ որպես զբոսաշրջային ուղղությունների զարգացում», «ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ֆունկցիոնալ վերլուծություն», եւ այսպես շարունակ: Այլ կերպ ասած` գերազանցապես ՀՀ պետական բյուջեից սնվող այս կենտրոնը մոտ ութ ամիս զբաղված է եղել թուղթ մրոտելով, զանազան ծրագրեր ու վերլուծություններ գրելով: Իր հարցազրույցներից մեկում այս կենտրոնի տնօրեն Խաչատուրյանը պատմել է իրենց գործունեության մասին. «Ընդհանուր քաղաքականությունը հետեւյալն է. պետական եկամուտների կոմիտեն պետք է կանգնի պարտաճանաչ հարկատուների կողքին եւ նրանց աջակից լինի, իսկ նրանք, ովքեր խախտում են օրենքը, հարկերը չեն վճարում կամ անբարեխիղճ են, պետք է ենթարկվեն պատասխանատվության: Այս գաղափարախոսությանը համահունչ ՊԵԿ-ը հրապարակել է 20 բարեխիղճ հարկատուների ցուցակը, եւ սա դեռ առաջին քայլն է: Բանկային համակարգին հորդորել ենք օրինական հարկատուներին ավելի ցածր տոկոսադրույքներով վարկեր տրամադրել, քանի որ մոնիտորինգի եւ որոշում կայացնելու ծախսերն ավելի քիչ են թափանցիկ գործընկերների դեպքում»: Այսինքն` նրանց ծրագրերը սկսվել ու ավարտվել են նման ձեւական խորհուրդներ տալով:
Կենտրոնը նույնկերպ շարունակելու է նաեւ առաջիկայում, այս անգամ էլ գրելու է «Կրթության զարգացման պետական ծրագիր 2030», «Կրթության ազգային ինստիտուտի ֆունկցիոնալ վերլուծություն», «Դպրոցների կառավարման համակարգի բարեփոխումների ծրագիր», «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» ծրագիր, եւ այսպես շարունակ:
Միայն թե հետաքրքիր է` բացի ակնհայտ ճշմարտությունները շարադրելուց, ի՞նչ գաղափարներ է ներկայացնելու այս «կաբինետային» կենտրոնը: Ի վերջո, այս ոլորտներում հեծանիվ հորինելու կարիք չկա: Պարզապես պետք է քաղաքական կամք` իրական բարեփոխումներ անելու համար:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ՓՆՏՐՎՈՒՄ Է ԳՆՈՐԴ
ՀՀ կապի եւ տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը «տունն է մնացել», եւ մեկ տարի է, ինչ չի կարողանում գնորդ գտնել: Նշենք, որ այս գերատեսչության շենքը վաճառքի էր հանվել սեպտեմբերի 19-ին, սակայն աճուրդը չէր կայացել` գնորդ չունենալու պատճառով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շենքի հերթական աճուրդը կկայանա հոկտեմբերի 9-ին: Վաճառքի հանված նախարարության շենքի մեկնարկային գինը կազմում է 13 մլրդ 223 մլն 400 հազար 652 դրամ: Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` այդ շենքը ցանկանում է գնել «Ռոստելեկոմ» ընկերությունը, որի հայաստանյան ներկայացուցչության գլխամասային գրասենյակը ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հարեւանությամբ` նույն շենքում է: Ինչպես հայտնի է` Վահան Մարտիրոսյանը մինչեւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար նշանակվելը «Ռոստելեկոմ»-ի հիմնադիրն էր:

 

 

ԴԱՏԱԽԱԶԻ ԳՈՐԾԸ ԿԳԱ ՄԻԵԴ
Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանի կալանքի հարցը կհասնի մինչեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանը, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, դատավոր Վանիկ Վարդանյանը կալանավորվել էին ամբաստանյալ Գոռ Գալստյանի հարազատներից կաշառք վերցնելու մեղադրանքով, վերջիններիս գործը ուղարկվել է դատարան: Չնայած նախաքննությունը ավարտվել է, սակայն նրա պաշտպանը կալանքի մասով դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան: Պաշտպան Սարգիս Խաչատրյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ դեռեւս ՀՀ վճռաբեկի մասով որոշումը չկա, սակայն, եթե ներպետական բոլոր ատյանները Սեւակ Շհոյանի խափանման միջոցը չփոխեն, ապա ինքը ստիպված պետք է լինի դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:

 

 

ՉԻ՞ ԿԱՅԱՆԱ
Չնայած լրատվամիջոցներում բարձրացված աղմուկին, ԱԺ ղեկավարությունը դեռեւս չի շտապում լուծել խորհրդարանում գործող ճաշարանի հարցը: Ինչպես հայտնի է՝ ուսումնասիրություններից հետո ԱԺ ղեկավարությունը եկել է այն եզրակացության, որ աշխատակիցները դժգոհ են ճաշարանից եւ որոշել էին նոր մրցույթ հայտարարել՝ ընտրելով նոր ընկերության, որը կսպասարկի ճաշարանը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` գործն առաջ չի շարժվում, քանի որ այդ աշխատանքով հետաքրքրվողները դժգոհ են մնում պայմաններից եւ հետ կանգնում մրցույթին մասնակցելու մտքից: Ու չի բացառվում, որ ԱԺ ղեկավարությունն առհասարակ հրաժարվի մրցույթ հայտարարելու մտքից, եւ ներկայիս ընկերությունը շարունակի շահագործումը: Երեկ փորձեցինք ՀՀ ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից պարզել՝ ե՞րբ կլինի մրցույթը: Ի պատասխան` նա նշեց. «Դեռ նորություն չկա, ընթացքում է»:

 

 
ՆՈՐ ՏՆՕՐԵՆ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Գեւորգ Ներսիսյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից: Հիմնարկի տնօրեն է նշանակվել Մերուժան Գալստյանը:

 

 

ԿՈՉՈՒՄ Է ՇՆՈՐՀՎԵԼ
Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել Անկախության 26-ամյակի առիթով պարգեւատրումների արարողության ժամանակ: Արգենտինահայ ձեռներեց Էդուարդո Էռնեկյանը Հարավային Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից է: Նրա շնորհիվ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը հասցվել է միջազգային մակարդակի:

 

 

ԻՐԱՎԱԲԱՆԻ ԿՈՉՈՒՄ
Սերժ Սարգսյանի հրամանագրով` ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանին շնորհվել է վաստակավոր իրավաբանի կոչում: Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ իրավագիտության զարգացման եւ օրինականության ամրապնդման գործում ունեցած նշանակալի վաստակի համար համալսարանի ամբիոնի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Սերժիկ Սերգեյի Ավետիսյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

 

 

ՀՈԳԵՎՈՐ ԿՅԱՆՔՈ՞Վ ԵՆ ԱՊՐՈՒՄ
Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կարծիքով` եկեղեցիներն այնքան պետք է լինեն եւ այնտեղ պետք է լինեն, որտեղ անհրաժեշտ է: Հարցին, թե իշխանավորները հոգեւոր կյանքո՞վ են ապրում, Պարգեւ արքեպիսկոպոսն ասել է, որ եթե մկրտված են, այո. «Եթե մարդիկ պատարագի են գալիս, հաղորդություն են ստանում, եթե վանքերին, եկեղեցիներին, թեմերին օգնում են, այո»:

 

ԿՈՉ Է ԱՐԵԼ
Աշխարհահռչակ ռոք-աստղ Սերժ Թանկյանն իր երկրպագուներին կոչ է արել դիտել արցախյան հակամարտության մասին պատմող ֆիլմը: Նա խորհուրդ է տվել դիտել «Վերջին բնակիչը» ֆիլմը: Նրա խոսքով` «Վերջին բնակիչը» հուզական, լարված ինդի-դրամա է Արցախի ու Ադրբեջանի միջեւ հիմա շարունակվող հակամարտության մասին: Եթե անցած շաբաթ բաց եք թողել Գլենդելի ցուցադրությունները, ապա ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ֆիլմը դիտելու եւս մեկ հնարավորություն ունեք: Ֆիլմի երաժշտությունը ես եմ գրել»,-նշել է արտիստը:

 

 

60 ՏԱՐԻ ԱՆՑ
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ համաձայն չէ այն կարծիքին, որ ոստիկանությունն աչք է փակում քրեական հեղինակությունների հետ կապված դեպքերի վրա: Անդրադառնալով պաշտոնանկության կամ այլ պաշտոնի անցնելու մասին լուրերին` նա կրկին հիշեցրեց, որ 60 տարով է եկել եւ կխոսի միայն 60 տարի անց: Ի դեպ, նա ասաց, որ 60 տարի անց գնալու է ՀՀ պաշտպանության նախարար:




Լրահոս