ԹԵԺ ՄԱՐՏԵՐ ՀՀԿ-Ի ՄԻՋԵՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 5-ին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի կունենան համայնքապետի ընտրություններ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը, պատասխանելով այն հարցին, թե ում թեկնածություններն է իրենց կուսակցությունը առաջադրել համայնքային առաջիկա ընտրություններում, նշեց, որ դեռեւս ոչինչ որոշված չէ, տվյալները կհրապարակվեն հոկտեմբերի մեկից հետո:

Բոլոր խոշորացված համայնքներում, շունչները պահած, սպասում են, թե ով է լինելու իշխանական ՀՀԿ-ի թեկնածուն եւ ով կհաղթի: Այլ կուսակցություններ ընտրություններին մասնակցելու հայտ այդպես էլ չեն հայտնել մինչ օրս:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` այս ընթացքում ՀՀԿ մարզային կառույցների ղեկավարները հանդիպել են Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի, Ռուբեն Թադեւոսյանի հետ եւ քննարկել տարբեր համայնքներում նոյեմբերի 5-ին առաջադրվելիք թեկնածուներին: Վերջնական ցուցակը ներկայացվելու է Սերժ Սարգսյանին, ով էլ թեկնածուների միջեւ ընտրություն կկատարի եւ կտա, այսպես ասած, դաբրոն:
Մեր տեղեկություններով` այս ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը հակված է նախապատվությունը տալ երիտասարդներին, որոնց մասով մի լուրջ խնդիր կա. նա այնքան էլ լավ չի ճանաչում թեկնածուներին, այս դեպքում թերեւս վստահ չի լինի` նրանք որքանո՞վ արժանի թեկնածուներ են:
Ինչպես նշեցինք` համայնքային այս ընտրություններին իրենց թեկնածուներին առաջադրելու մասին չեն բարձրաձայնում ԲՀԿ-ն եւ «Ելք»-ը: Սա, իհարկե, առաջին հայացքից տարօրինակ է, քանի որ այս կուսակցությունները մշտապես բարձրաձայնում են, որ ակտիվություն են ցուցաբերելու երկրի քաղաքական կյանքում, մինչդեռ այս դեպքում ակնհայտորեն պասիվություն են դրսեւորում: Միայն Ախթալայում կայանալիք ընտրությունների հետ կապված է շրջանառվում ԲՀԿ-ի անոււնը, սակայն էլի չեն շտապում հայտնել, թե ով է լինելու իրենց թեկնածուն: Գուցե վերջին պահին նրանք էլ փոշմանեն:
Բայց փաստն այն է, որ ԲՀԿ-ն եւ «Ելք»-ը այս ընտրություններին չեն մասնակցում այն պարզ պատճառով, որ այս համայնքներում ընտրված անձինք հնարավորություն են ունենալու աշխատել առավելագույնը երկու տարի: 2 տարի հետո խոշորացված համայնքներում այլեւս չեն լինելու համայնքային ղեկավարի ընտրություններ. ողջ երկրում կամաց-կամաց պետք է կուսակցական ընտրություններ լինեն: Այսինքն` ընտրվի ավագանի, որն էլ կկայացնի որոշումներ, ինչպես Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի դեպքում: Դրա համար էլ շատ համայնքի ղեկավարներ ինքնակամ չեն առաջադրվում նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում: Նրանք հասկանում են, որ հնարավոր է` տեղ չունենան ապագա ավագանիում, իսկ ունենալու դեպքում միայն մի ձայն են ունենալու, եւ դժվար է ասել` իրենց բարձրացած ձեռքը որքանով ազդեցիկ կքվեարկի եւ կնպաստի որոշում կայացնելուն:
Ինչեւէ, վերադառնալով նոյեմբերի 5-ին կայանալիք համայնքային ընտրությունների թեկնածուների թեմային` նշենք, որ Գորիսում շրջանառվում է Առուշ Առուշանյանի թեկնածությունը, ով նշանակվեց Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար եւ մտադիր է առաջադրվել ՀՀԿ-ի կողմից որպես թեկնածու: Չարենցավանում Հակոբ Շահգալդյանն է լինելու ՀՀԿ-ի թեկնածուն` Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին: Կապանում ՀՀԿ թեկնածու Աշոտ Հայրապետյանն է, թեեւ նրա դեմ մտադիր են դուրս գալ Կապանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Կարապետյանը եւ նախկին քաղաքապետ, ՀՅԴ-ական Արտուր Աթայանը: Սիսիանում գործող քաղաքապետ Արթուր Սարգսյանը կլինի թերեւս միակ ՀՀԿ թեկնածուն: Բերդում ներկայիս քաղաքապետ Հարություն Մանուչարյանի եւ «Հայանտառ» ՊՈԱԿ «Արծվաբերդի անտառտնտեսության» տնօրեն Ավետիք Ադամյանի անուններն են շրջանառվում:
Իսկ Վարդենիսի պարագայում քննարկվում է երեք անուն` քաղաքի կենսաթոշակային ապահովության բաժնի պետ Արամ Հարությունյանը, քաղաքապետի նախկին թեկնածու ՀՀԿ-ական Կարեն Մկրտչյանը եւ գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը:
Արտաշատում ավագանու անդամ, «Էյ-Ի-Ջի Սերվիս» ներտնային սպասարկման ծառայության պետ Կարեն Բենիամինյանի թեկնածությունն է քննարկվել, բայց վերջնական պատասխան էլի չկա: Սերժ Սարգսյանն իր վերջնական, «տղամարդու» խոսքը դեռ չի ասել: Մեզ մնում է սպասել մինչեւ հոկտեմբերի 1, երբ պարզ կլինի, թե ով ունի հաղթանակի հնարավորություններ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

 

 
ՍՈՑԱՊՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ 35 ԱՇԽԱՏՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԿԴԱՌՆԱ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում առաջիկայում կառուցվածքային փոփոխություններ են իրականացվելու: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ամենի արդյունքում գործազուրկ կդառնա 35 քաղաքացի:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ը կմիանա «Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ»-ին: Բացի այս` «Երեւանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին է միանալու «Հանգրվան»-ը: Իսկ ահա «Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման եւ աշխատանքային վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը լուծարվելու է:
Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության` պետական բյուջեից նշված կազմակերպություններին հատկացվող միջոցները հնարավորություն չեն տալիս լուծելու իրենց առջեւ դրված խնդիրները: Բացի այս` կազմակերպությունների գործառույթները ունեն համանման ուղղվածություն, ինչի պատճառով էլ որոշվել է կազմակերպությունները իրար միացնել: Ավելին` կազմակերպությունների լուծարման եւ իրար միացման արդյունքում պետական բյուջեում տարեկան կտնտեսվի շուրջ 56.3 մլն դրամ: Սակայն սոցապնախարարությունը կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու արդյունքում նախատեսել է կրճատել 35 հաստիք:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի 17 հաստիքային միավորներից կկրճատվի 5-ը: Ինչի արդյունքում պահպանման ծախսերով նախատեսված 29,9 մլն դրամից կտնտեսվի 7,9 մլն դրամը: Իսկ մնացած 12 հաստիքները եւ պահպանման ծախսերի համար նախատեսված 22 մլն դրամը կուղղվեն «Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ին: «Հանգրվան» ՊՈԱԿ-ի 33 հաստիքներից կկրճատվի 19-ը եւ պահպանման ծախսերով նախատեսված 49.7 մլն դրամից կտնտեսվի 29.8 մլն դրամը: Մնացած 14 հաստիքը եւ պահպանման ծախսերի համար նախատեսված 19.9 մլն դրամը կուղղվի «Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին: Իսկ ահա «Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման եւ աշխատանքային վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարման արդյունքում կկրճատվի 11 հաստիք, եւ կտնտեսվի 18.6 մլն դրամ: Նշենք, որ այս կազմակերպությանը պատկանող գույքը կհանձնվի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԴԻԼԻՋԱՆԻ ՔՈԼԵՋԸ «ՉԻ ՈՒՂՂՎՈՒՄ»
Դիլիջանի պետական քոլեջի նախկին տնօրեն Գրետա Թամրազյանին առնչվող քրեական գործն ուղարկվել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան, առաջիկայում այս գործով դատավարության օր կնշանակվի: 2006 թվականից Դիլիջանի քոլեջը ղեկավարող Գրետա Թամրազյանը մեղադրվում է այն բանում, որ քոլեջի հաշվապահ Արգինե Թամրազյանից պահանջել եւ ստացել է 2014թ. հունիս ամսվա ուսանողների կրթաթոշակների ստացման ցուցակները, որից հետո միջին մասնագիտական բաժնի 68 ուսանողների կրթաթոշակների ընդհանուր 323 000 եւ արհեստագործական բաժնի 17 ուսանողների ընդհանուր 79 050 դրամ գումարը, որից ընդամենը երկու ուսանողի տալով կրթաթոշակ` ընդհանուր 9500 դրամի չափով, մնացած 392 550 ՀՀ դրամը, օգտվելով իր պաշտոնեական դիրքից, չի վճարել որեւէ ուսանողի:
Մեղադրանքի համաձայն` Գ. Թամրազյանը յուրացրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից հատկացված ընդհանուր 392 550 դրամը: Բացի այդ` Գրետա Թամրազյանը քոլեջի գանձապահ Վահանուշ Ասատրյանին հանձնարարել է ուսանողների կրթաթոշակների ստացման ցուցակներում քոլեջի 4 ուսանողների անունների դիմաց նրանց կողմից կրթաթոշակ ստացած լինելու փաստը հաստատված լինելու համար դնել կեղծ ստորագրություններ: 2014թ սեպտեմբերից մինչեւ 2014թ դեկտեմբերը Վահանուշ Ասատրյանը, կատարելով Գրետա Թամրազյանի ապօրինի հանձնարարությունը, այդ 4 ուսանողների անունների դիմաց կրթաթոշակների ստացման ցուցակներում դրել է կեղծ ստորագրություններ, ինչի արդյունքում հիշյալ ժամանակահատվածում Գ. Թամրազյանը յուրացրել է 4 ուսանողների ամսական 4750 դրամ կրթաթոշակը` պետությանը պատճառելով զգալի չափերի` ընդհանուր 76 000 դրամի վնաս: Գրետա Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` երկու դրվագով, եւ 38-325-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Այժմ Դիլիջանի պետական քոլեջը նոր տնօրեն է ղեկավարում, սակայն քոլեջում կարգուկանոն չի հաստատվել: Քոլեջի դասատուներից մեկը քոլեջում կատարված ապօրինությունների վերաբերյալ գրավոր բողոքով դիմել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն: Այդ նախարարության մասնագետների խումբը բողոքի կապակցությամբ Դիլիջանի պետական քոլեջում ներկայումս ստուգումներ է կատարում: Դիլիջանի պետական քոլեջից ստացված տեղեկություններով` այդ ստուգումները կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 9-ը, որից հետո պարզ կդառնա, թե քոլեջում կատարված խախտումները որքանով են լուրջ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս