Խոստովանենք` վարչապետ Կարեն Կարապետյանն իր շրջապատի համար հրաշալի ղեկավար է: Հրաշալի, որովհետեւ կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելուց հետո իր շրջապատին տեղավորեց յուղոտ պաշտոնների` այսպես ՀՀ պետական բյուջեի հաշվին մեծ հարստություն կուտակելու հնարավորություն ընձեռելով:
«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում անդրադարձել էր «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի» գործունեությանը, որի ղեկավարը վարչապետի խորհրդականներից ՀՀԿ-ական Ալեքսանդր Խաչատուրյանն է: Կարեն Կարապետյանը յուղոտ պաշտոնի է տեղավորել նաեւ իր մյուս խորհրդականին` Արմեն Ավակ Ավակյանին: Նա էլ ղեկավարում է «Հայաստանի զարգացման հիմնադրամը». մի կառույց, որն ահռելի գումարներ է ստանում ՀՀ պետական բյուջեից, բայց որի արդյունավետությունը, մեղմ ասած, խիստ կասկածելի է:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նախորդ տարվա ՀՀ պետական բյուջեից այս հիմնադրամին հատկացվել է 409 մլն, այս տարի` 400 մլն դրամ: Գումարի մեծ մասը, բնականաբար, ուղղվել է աշխատավարձերի վճարմանը. ինչպես պնդում են մեր աղբյուրները՝ այդ հիմնադրամում, Հայաստանի չափանիշներով, աստղաբաշխական չափերի աշխատավարձ են ստանում:
Իսկ գիտե՞ք` հիմնադրամում ինչ են անում այդ գումարների դիմաց: ՀՀ կառավարության գործունեության մեկամյա հաշվետվության մեջ մանրամանս անդրադարձ կա «Հայաստանի զարգացման հիմնադրմամի» գործունեությանը: Ահա մի քանի մեջբերում. «Հիմնադրամի կողմից կազմակերպվել է 3 գործարար եւ ներդրումային համաժողով, որոնց արդյունքում կնքվել է 9 հուշագիր եւ 4 պայմանագիր: Պայմանագրերով նախատեսվում է իրականացնել 112 մլն դոլարի ներդրումներ»: «Կազմակերպվել է հայկական ընկերությունների մասնակցությունը թվով 9 ցուցահանդեսների: …Ընդհանուր առմամբ կանխատեսվում է մինչեւ տարեվերջ ունենալ շուրջ 7 մլրդ դրամի արտահանման պայմանագրեր»:
Ուշադրություն դարձրեք ձեւակերպումներին` տարբեր միջոցառումներ են կազմակերպել, որից հետո «նախատեսվում է», «կանխատեսվում է» ներդրումների հոսք: Ասել է, թե այդ ծրագրերը դեռ գտնվում են խոստումների մակարդակում, ու ցանկացած պահի չի բացառվում, որ այդպես էլ մնան օդից կախված:
Բացի այդ՝ կառավարության հաշվետվությունից պարզվում է, որ գրվել են 30 ներդրումային ծրագրեր, խմբագրվել տարբեր ոլորտների 40 ծրագրեր: Այլ կերպ ասած՝ վարչապետի խորհրդականի ղեկավարած հիմնադրամը զբաղված է եղել «մի գլուխ» թուղթ մրոտելով, եւ այդպես ձեւացնելով, թե գործ են անում:
Իսկ թե ի՞նչ որակ ունեն նրանց հեղինակած ծրագրերը, դժվար չէ կռահել: Դրա համար բավական է դիտել նույն Արմեն Ավակ Ավակյանի` «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ելույթը, երբ բեմում ծափահարում էր ինքն իրեն, հետո տեղեկացնելով, որ մասնագիտությամբ բիզնես-խորհդատու է, սփյուռքահայերին սովորեցնում էր «Ի՞նչ է Հայաստանը» եւ ինչպես պատասխանել այդ հարցին: «Եկեք, պատմենք, որ հայերս ստեղծագործ ենք: Եկեք, պատմենք, որ մենք ունենք «Թումո»…կամ էլ եկեք, ասենք, թե մենք ի՞նչ ենք ստեղծել. մենք ստեղծել ենք ավտոմատ քրեյզմիշըն տուփը, մենք ստեղծել ենք գունավոր թիվին… Խոսակցությունը պետք է փոխվի: Մենք երկիր չենք միայն, որ ունենք մշակույթ, մենք երկիր ենք, որ ունենք ստեղծարար մարդկանց… Եթե գերմանացիները ինժեներներ են աշխարհում, իտալացիները դիզայներներ են աշխարհում, ապա հայերը ստեղծարար են: Դա պիտի լինի մեր դիրքորոշումը աշխարհում: Եթե ասում ես՝ հայ, բոլորը պիտի մտածեն` ստեղծարար ենք: Պիտի անընդհատ մենք կրկնենք»,- սրանք մեջբերումներ են Արմեն Ավակ Ավակյանի ելույթից: Իրոք հանճարեղ մտքեր են: Մինչեւ հիմա որեւէ մեկի մտքով չի անցել, որ հայերը ստեղծագործ են, որ պետք է աշխարհին անընդհատ պատմել այդ մասին ու կրկնելով «ստեղծագործ ենք»՝ համոզել, որ ներդրումներ իրականացնեն այս երկրում: Ոչ մեկի մտքով չէր անցել, ու դրա համար էլ Հայաստանում նման վիճակ է: Ու հիմա, երբ վարչապետի հանճարեղ խորհրդականը բացահայտել է այդ գաղտնիքը, մարդիկ կարող են օգտվել եւ զարգացնել երկիրը կովկասյան վագրի թռիչքներով:
Քիչ էր մնում մոռանայինք. կառավարության հաշվետվության մեջ այս հիմնադրամի գործունեության հեռանկարների մասին էլ ուշագրավ բացահայտումներ կան. «Հիմնադրամն ակտիվ աշխատանքներ է տանում արտերկրում հիմնադրամների ներկայացուցիչների ցանցի ընդլայնման ուղղությամբ: Արդեն գործում են 9 ներկայացուցիչ, եւ մինչեւ տարեվերջ ներկայացուցիչների թիվը նախատեսվում է հասցնել 50-ի»: Սա, թերեւս, ամենաուշագրավն է. բանն այն է, որ Հայաստանի բոլոր դեսպանատներում կան առեւտրային կցորդներ, որոնք էլ զբաղվում են տնտեսական համագործակցության հարցերով: Ու հիմա նրանցից բացի՝ արտերկրում Զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ նշանակելն այլ բան չէ, քան ապտակ ՀՀ պետական գերատեսչություններին, եւ անուղղակի խոստովանություն, որ նրանք այս ոլորտում տապալվել են: Իսկ եթե այդ դիվանագետներն իրենց չեն արդարացրել, ապա կարելի է նրանց ետ կանչել, ու փոխարենը այս հիմնադրամի ներկայացուցիչներին նշանակել, եթե այդքան արդյունավետ են աշխատում, այլ ոչ թե նույն գործառույթներով երկրորդ կառույցն ունենալ՝ այդպես լրացուցիչ բեռ դառնալով պետության համար:
Ընդհանրապես, նկատելի է, որ պետական գերատեսչություններին զուգահեռ ինչ-որ մարմիններ է ստեղծում վարչապետ Կարապետյանը, որոնք բացառապես իր «տակ են»: Թե ինչ նպատակ է իրականում հետապնդում, դեռ վաղ է ասել:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԳՏՆՎԵԼ Է ԿՇԵՌՔԸ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահ համակարգը սկսել է հետաքրքրվել Արարատի մարզի Ազատավան գյուղի կշեռքով: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը օրեր առաջ գրել էր, որ Ազատավանի բնակիչները զանգահարել են խմբագրություն եւ հայտնել, որ իրենց գյուղի մեծ կշեռքն անհետացել է: «Ժողովուրդ»-ը ազատավանցիներից տեղեկացավ, որ «գյուղում կշեռքը գտնելու նպատակով ստուգումներ են անցկացվել»: Երեկ մեզ հաջողվեց այս թեմայի շուրջ զրուցել Ազատավանի գյուղապետ Պետիկ Ղազարյանի հետ, ով արդարացավ. «Էսօր իրավապահները եկել էին ու ստուգումներ էին անում: Դա ջարդված կշեռք է: Գյուղացիները գալիս, հետաքրքրվում են, թե որտեղ ա կշեռքը, եկել են, ցույց եմ տվել, որ այն տեղում է: Ուրիշի հողատարածքում է, մարդը տասը տարի առաջ սեփականաշնորհել է, մեջն էլ` կշեռքը, որը փտած, փչացած ու ջարդուխուրդ եղած ա: Բոլորն էլ անհանգստանում են: Իբր ես կշեռք եմ յուրացրել: Ես ինչ կապ ունեմ»:
ՎԱՃԱՌՔԸ` ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սպասարկած ավտոմեքենայի աճուրդը կկայանա հոկտեմբերի 11-ին: 1982 թվականի արտադրության «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ» մակնիշի ավտոմեքենան գնահատված արժեքը կազմում է 17 մլն դրամ: Յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ եթե այս ավտոմեքենան հոկտեմբերի 11-ին չվաճառվի, ապա հաջորդ աճուրդը կկայանա հոկտեմբերի 26-ին, իսկ ավտոմեքենայի գինը կդառնա 13.6 մլն դրամ: Ապա այն նորից վաճառքի կհանվի նոյեմբերի 10-ին` 10 մլն 880 հազար դրամով, 27-ին` 8 մլն 704 հազար դրամով:
«ՓԱՐՈՍԻՑ»` ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ
ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գործունեությունը շարունակում է լրջորեն քննվել իրավապահների կողմից: Այս տարվա հուլիսի 7-ին գրել էինք, որ Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի գյուղի բնակիչներին իրավապահները տանում են հարցաքննելու, թե ինչ հանգամանքներում են նպաստ ստացել եւ այսպես շարունակ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հարցաքննությունները արդյունք տվել են, քանի որ Վաղարշապատի սոցիալական աջակցության տարածքային գործակալության տնօրենը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Մասնավորապես իրավապահները պարզել են, որ Հրաչյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շորթման եղանակով Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակչուհի Հեղինե Մարտինյանից պահանջել է 37000 դրամ կաշառք, որպեսզի նրան ընդգրկի «Փարոս» ծրագրում՝ նշելով, եթե չտա, ապա նրան կզրկի այդ հնարավորությունից:
ԿՈՆՖԵՐԱՆՍԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
Երեկ Բաքվում մեկնարկել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի կոնֆերանսը, որին մասնակցում են նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը եւ պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանը: «Եվրանեսթ» ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովը նվիրված է Արեւելյան գործընկերության երկրներում կանանց առողջության եւ գենդերային հավասարության բարելավման խնդիրներում խորհրդարանական ներգրավվածության հարցերին:
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի: Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը արծարծել են առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների ժամանակացույցը:
ԿԱՄՈՒՐՋ ԿԼԻՆԻ
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը թե՛ Թուրքիայի, թե՛ Հայաստանի համար վնաս է համարում հարաբերությունների սառած վիճակը: Փայլանը նշել է, որ «Հայաստան-Սփյուռք» համահայկական համաժողովը չէր իր այցի նպատակը, այլ հայ-թուրքական կապերը, որոնց համար պատգամավորը ցանկանում է լինել կամուրջ: «Ցանկանում եմ օգնել մի քիչ բացել երկխոսությունը»,- նշեց նա: Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների հնարավոր չեղարկմանը` Գարո Փայլանն ասել է. «2009թ. պայմանները չկան, երբ ստորագրվեցին արձանագրությունները: Կարեւոր բան են արձանագրությունները, բայց պետք է մաքուր թուղթ ունենանք: Դրա համար պետք է երկխոսություն, որի դուռը փակ է, երկխոսություն չկա, դրա համար ես այստեղ եմ, որ երկխոսություն ունենանք, դա կարող է փակ լինել եւ բաց»:
11 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆԸ
ՀՀ անկախության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական հրավառության կազմակերպման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից 11 մլն դրամ է հատկացվել: Որոշումն ընդունվեց կառավարության երեկվա նիստում: