ՀՈԳԵԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԵՆ ԴԱՐՁԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոգեկան խնդիրներ ունեցող անձինք, որ չեն գտնվում բժիշկների վերահսկողության տակ, այլ ազատորեն շրջում են մեր կողքին, ե՛ւ հասարակության, ե՛ւ իրենց իսկ ընտանիքի անդամների համար դարձել են լուրջ վտանգ: Բազմաթիվ են այն դեպքերը, երբ հոգեկան խնդիրներ ունեցող անձանց կողմից սպանվել են կա՛մ հարազատները, կա՛մ պատահական մարդիկ: Վերջին դեպքը «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար Ռուբեն Պողոսյանի սպանությունն էր:

Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսի 17-ին սպանվեց «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանը: Նրան ծանր մարմնական վնասվածքներ հասցրել էր հոգեբանական կենտրոնի այցելու, 1983թ. ծնված Հ. Համբարձումյանը:
Հոգեբանին մարմնական վնասվածք հասցրած անձը, իհարկե, կալանավորվեց, նշանակվեց դատահոգեբուժական փորձաքննություն, որի եզրակացության հիման վրա մեղադրյալը ճանաչվեց անմեղսունակ: Այսինքն՝ նա ազատազրկման չի դատապարտվի, պետք է գնա հարկադիր բուժման:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հետ:
-Պարո՛ն Ալթունյան, հասարակությունը մտահոգված է առողջական խնդիրներ ունեցող անձանց մասով: Փորձը ցույց է տվել՝ մարդկանց սպանում են, ապա սպանողներին համարում են անմեղսունակ: Ինչո՞ւ հոգեկան խնդիրներ ունեցող անձանց առողջապահության նախարարրությունը հատուկ հսկողության տակ չի պահում, որ մարդիկ քիչ, թե շատ իրենց ապահով զգան:
-Որպեսզի մենք ինչ-որ եզրակացություններ անենք, մենք չենք կարող հենվել մի դեպքի նկարագրության վրա: Որպեսզի մենք հասկանանք, թե ինչի մասին է խոսքը, մենք պետք է մի ժամանակահատված վերցնենք եւ հասկանանք՝ ինչքա՞ն դանակահարության միջադեպ է եղել հոգեպես նորմալ մարդկանց կողմից, եւ ինչպե՞ս է այդ քանակը հարաբերվում հոգեպես խնդիր ունեցող մարդկանց դանակահարությունների հետ: Ես կասեի, որ ստատիստիկան նորմալ մարդկանց օգտին չէ, քանի որ շատ ու շատ դանակահարություններ կատարվում են իրենց կողմից: Բայց չեմ կարող ժխտել, որ խնդիր չկա եւ որտեղից է այն բխում: Ժամանակին, երբ մենք սկսեցինք հեռանալ սովետական ապրելակերպից, սովետական մտածելակերպից, այն ժամանակ ընդունված պրոցեսներից, մենք շատ էինք ուրախանում, որ այսուհետ չենք կարող ունենալ քաղբանտարկյալ հոգեբուժարաններում, քանի որ այսուհետ բուժման կամ չբուժման հարցը լուծելու է դատարանը: Այսօր Հայաստանում գործում է մի համակարգ, երբ դատարանը կարող է որոշել հարկադիր բուժման ուղղելու հարցը: Որոշումը ընդունվում է, հիվանդները գնում են հարկադիր կերպով բուժման, ստանում եւ ստանալուց հետո հանձնաժողովի կողմից գնահատվում է արդյունավետ, եւ արդյունքը ստանալուց հետո դուրս է գրվում:
-Դուրս գրվեց հետո ի՞նչ է լինում:
-Դուրս գրվելուց հետո նա ուղղվում է դիսպանսեր վերահսկողությանը, եւ նրան առաջարկվում է ամիսը մեկ կա երեք ամիսը մեկ այցելել դիսպանսեր եւ զննվել, եթե ամեն ինչ նորմալ է, ազատ քաղաքացի է, հասարակության անդամ է: Այո՛, նա կարող է հետո դանակահարել, բայց էլի եմ ասում՝ ստատիստիկան շեղումներ չի տալիս, հոգեկան խնդիրներ ունեցողները դանակահարում են պակաս, քանի հոգեկան խնդիրներ չունեցողները, եւ հետեւություն անել, որ հոգեկան խնդիր ունեն, եւ բոլորին պետք է պահել փակի տակ, դա սխալ բան է: Կարծում եմ, որ այսօրվա մեր ապրելակերպը շատ ավելի քաղաքակիրթ է, եւ հարկադիր բուժման ուղղում է դատարանը, եւ ոչ թե բժիշկն է որոշում հիվանդին պահել փակի տակ, թե ոչ:
-Մենք ունենք այնպիսի պատկեր, որ հոգեկան հիվանդները բուժումը ստանալուց հետո զննության չեն գնում եւ վտանգում են ե՛ւ իրենց ընտանիքի անդամների, ե՛ւ հասարակության կյանքը: Ինչո՞ւ նախարարությունը նման մարդկանց համապատասխան հսկողության տակ չի պահում:
-Այո՛, այսօր նախարարությունը մտածում է ամբուլատոր ծառայությունների բարեփոխումների մասին, եւ մենք մտածում ենք նրա մասին, որ վերադարձնենք պոլիկլինիկաներ եւ թաղային բուժհաստատություններ հոգեբուժներին եւ հոգեբաններին: ժամանակին նրանք այնտեղից դուրս են բերված եղել: Այսօր մենք մտածում ենք ապակենտրոնացման մասին, եթե որոշ տեղերում դա չկատարվի, ապա այդ ֆունկցիաները կդրվեն ընտանեկան բժիշկների վրա: Ուրեմն ընտանեկան բժիշկները պարտավոր են տեղեկացված լինել իրենց կցված զանգվածի առողջական խնդիրների մասին, այդ թվում հոգեկան հիվանդությունների մասին:
-Գործընթացը սկսվե՞լ է:
-Այո՛, գործընթացն արդեն սկսվել է, հանձնաժողովը կա, մենք արդեն երկու անգամ հավաքվել ենք, բանավիճել ենք, կարծում եմ՝ ամբուլատոր ուղղությամբ բարեփոխումների պրոեկտը կառաջարկվի այս տարվա վերջ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ՆԱԽԱԳԻԾԸ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Է
Այսօր լրանում է տեղեկատվության ազատության մասին օրենքի ընդունման 14-րդ տարին: 14 տարի անց ՀՀ արդարադատության նախարարությունը որոշել է բարեփոխել օրենքը, սակայն մի շարք հասարակական կազմակերպություններ ներկայացված նախագիծը համարում են ոչ թե բարեփոխում, այլ հետընթաց:
Երեկ «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպվել էր «Տեղեկատվություն ազատության մասին» օրենքի նախագծին նվիրված քննարկում, որտեղ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Լիանա Դոյդոյանը հայտարարեց, որ քննարկմանը հրավիրել են նաեւ արդարադատության նախարարությանը, սակայն նախարարությունից պատճառաբանել են, թե նախագծի վերջնական տարբերակը չունեն եւ ժամանակի սղության պատճառով չեն կարող ներկա գտնվել քննարկմանը:
Ըստ Լիանա Դոյդոյանի՝ հոկտեմբերի 1-ին արդարադատության նախարարությունը կառավարություն պետք է ներկայացնի օրենքի նախագիծը, եւ իրենց համար զարմանալի է, թե առանց քննարկման ինչպես է պատրաստվում նախագիծը ներկայացնել կառավարության: Ներկաները պնդում են, որ չպետք է թույլ տան, որ այս նախագիծը անձնական տվյալների պաշտպանության օրենքի նման թաքուն ընդունվի, եւ շահագրգիռ կողմերը մեկ տարի անց նոր հասկանան, որ իրականացված փոփոխություններն իրենց դեմ են գործելու:
«Ասպարեզ» ակումբի տնօրեն Լեւոն Բարսեղյանը հայտարարեց, որ նախագիծը խայտառակություն է: Ըստ նրա՝ եթե «Տեղեկատվություն ազատության մասին» օրենքը փոփոխվի, հարցումների իննսուն տոկոսը մերժվելու է: Մասնավորապես Լեւոն Բարսեղյանը մտահոգիչ էր համարում նախագծի 12-րդ հոդվածը, որը վերաբերում էր տեղեկության տրամադրման մերժելու հիմքերին եւ կարգին: Ըստ հոդվածի 7-րդ կետի՝ տեղեկություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 54-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա ակնհայտորեն չի պարունակում հանրային հետաքրքրություն ներկայացնող որեւէ տեղեկություն: Իսկ ահա 8-րդ կետը սահմանում է. «Կամ այնպիսի հարցում է, որով պահանջվող տեղեկության ծավալը շատ մեծ է, եւ դրա տրամադրումն ակնհայտորեն կհանգեցնի տեղեկություն տնօրինողի ռեսուրսների կամ ժամանակի անհամաչափ կամ անհիմն վատման»: Ըստ Լեւոն Բարսեղյանի՝ եթե այս նախագիծը ընդունվի, իրենց կողմից ուղարկված բոլոր հարցումները զուգարանի թղթի տեղ կկախեն զուգարաններում: Ներկաները բարձրաձայնեցին, թե ով է որոշելու՝ լրատվամիջոցի կամ ՀԿ-ի հարցումը հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկությո՞ւն է, թե՞ ոչ, որ մի հատ էլ մերժեն, կամ ի՞նչ է նշանակում՝ եթե տեղեկության տրամադրման ծավալը շատ մեծ է, ապա այն կարող է մերժվել:
Քննարկմանը ներկա «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» ղեկավար Աշոտ Մելիքյանն իր հերթին նկատեց՝ ինքը մնում է այն համոզման, որ «…նոր օրենքը կոչված է այլ քաղաքական խնդիր լուծելու, քան տեղեկատվական ազատություն ապահովելն է: Իշխանությունները ջանում են տպավորություն ստեղծել, որ իբր ավելի թափանցիկ են դարձնում պետական մարմինների աշխատանքը: Այստեղ, սակայն, թափանցիկության մասին խոսք չի կարող լինել»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
«ԱՐԱՐԱՏ» ԿՈՆՅԱԿ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ
Ռուսաստանի երկու քաղաքացու 5 տարվա ազատազրկում է սպառնում՝ 4 շիշ հայկական կոնյակ գողանալու համար: Գողությունը տեղի է ունեցել Պոդոլսկ քաղաքի սուպերմարկետներից մեկում: «Երկու ընկեր ալկոհոլային խմիչք են օգտագործել, ապա մտել առեւտրի կենտրոն եւ գողացել 4 շիշ «Արարատ» տեսակի 5 տարվա հնության կոնյակներ»,- հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Ավելի վաղ հայտնի էր դարձել մեկ այլ դրվագ, երբ Բաշկիրիայում տեղի բնակիչներից մեկը անծանոթին դաժան ծեծի էր ենթարկել, որպեսզի գողանա 5 արկղ հայկական «Արարատ» կոնյակ:

 

ԸՆԿԵԼ Է ԱՆԻՎԻ ՏԱԿ
Սեպտեմբերի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Մահացած վիճակում մի երեխա տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն: 14-ամյա Սամվել Վարդանյանը, վարելով իր պապուն՝ 58-ամյա Սայադ Սարգսյանին պատկանող «T-40» մակնիշի, առանց համարանիշի տրակտորը, Ուռուտ գյուղի ֆուտբոլի դաշտի մոտ տրակտորի անիվն ընկել է փոսը, ինչի հետեւանքով տրակտորի խցիկի աստիճաններին կանգնած Ուռուտ գյուղի բնակիչ՝ 14-ամյա Վահագն Սարգսյանը ընկել է տրակտորի հետեւի անիվի տակ եւ տեղում մահացել: Մահացածը սովորում էր Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջի 1-ին կուրսում, իսկ տրակտորը վարող Ս. Վարդանյանը՝ Ստեփանավանի թիվ 2 դպրոցի 9-րդ դասարանում:

 

 

ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՏԱՑԵԼ Է
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, ընդմիջվել է «Զինված խմբի» գործով դատական նսիտը: Պատճառը ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ինքնազգացողության վատանալն էր: Նրա համար շտապօգնություն է հրավիրվել դատարան: Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանի փոխանցմամբ` Շիրխանյանն ունեցել է ճնշման եւ ոտքերի ցավի խնդիր:




Լրահոս