ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՔՐՈՒՄ Է ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊՂՏՈՐՎԱԾ ԷՋԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին Նյու Յորքում ընթանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանը, որտեղ համայն աշխարհին ուղերձներ են հղում պետությունների առաջնորդները՝ յուրաքանչյուրը խոսելով իրեն հուզող խնդիրներից: Այս յուրօրինակ ձեւաչափում իրենց խոսքը հավասարապես միեւնույն ամբիոնից հնչեցնելու հնարավորություն են ստացել ինչպես Դոնալդ Թրամփն ու Բենիամին Նեթանյահուն, այնպես էլ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւն ու մյուսները: Ինչպես գրեթե միշտ է պատահում, այս ելույթներին հետեւում է հասարակական-քաղաքական սուր արձագանք թե՛ համաշխարհային, թե՛ տեղական մակարդակներում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար ՄԱԿ-ի ԳԱ այս նստաշրջանն առաջինն էր, երբ նա պիտի սահմաներ իր ղեկավարած գերտերության տեսլականը բոլոր ազգերի համագործակցության հարցում: Թրամփը չդավաճանեց իր բնույթին եւ հանդես եկավ քաոտիկ ու խառնափնթոր մի տեքստով, որը դժգոհության լայն ալիք հարուցեց: Շատերը համեմատեցին նախորդ տարի նույն ամբիոնից Բ. Օբամայի ելույթի հետ՝ իրավացի գովեստներ շռայլելով նախկին նախագահի հասցեին: Թրամփի խոսքի հանդեպ հանրային տհաճ ընկալումը որոշակիորեն պայմանավորելով հանդերձ հռետորական տաղանդի բացակայությամբ՝ անկարելի է չնկատել, որ ԱՄՆ նախագահը բացեիբաց տեքստով ուղղակիորեն ստորադասեց համամոլորակային խնդիրները ԱՄՆ-ի շահերին: ՄԱԿ-ի ամբիոնը միտված է միաբանելու բոլոր ազգերին, եւ գերտերությունների ղեկավարների ելույթները մեծ մասամբ պիտի նպաստեն հենց այդ խնդրի լուծմանը: Բայց Թրամփը բարձր ամբիոնից կրկին հնչեցրեց նախընտրական բանաձեւը. իր համար ԱՄՆ շահերը վեր են ամեն ինչից: Թեպետ նորմալ է, որ պետության ղեկավարի համար իր երկրի շահերը վեր լինեն ամեն ինչից, սակայն դա ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարելու համար չէ, այլ հավաքական հետաքրքրություն առաջացնող հարցերը սեփական երկրի շահերին համադրելու անկյունաքարային սկզբունք: Քանիցս հայտարարելով այս մասին՝ Թրամփը անցում կատարեց համաշխարհային հետաքրքրություն առաջացնող երկու խնդիրերին՝ Հս. Կորեային ու Իրանին: Վերջինիս հռչակելով ագրեսիվ ու տեռորիզմը հովանավորող պետություն՝ Թրամփն ազդարարեց, որ Վաշինգտոնում Իրանի հանդեպ նախորդ վարչակազմի մեղմ վերաբերմունքը արմատապես վերանայված է: Սա չափազանց վտանգավոր մեսիջ է եւ Թրամփի խառնվածքով նախագահի պարագայում հղի է մեծագույն սպառնալիքով առաջին հերթին մեր տարածաշրջանի համար: Ի դեպ, ելույթի այս հատվածում ամենաոգեւորվածը Իսրայելի առաջնորդ Բ. Նաթանյահուն էր, որ անդադար ու բուռն ծափահարում էր Թրամփին:
ԱՄՆ նախագահի երկրորդ եւ ցցուն հարվածն ուղղված էր Հս. Կորեային: Թրամփը կրկին առանց դիվանագիտական նրբությունների հայտարարեց, որ այդ պետությունը չարիք է ու մեծագույն սպառնալիք համաշխարհային անվտանգությանը: Նա հատկանշելով ԱՄՆ ռազմական հզորությունը՝ խոստացել է վճռական պահին գործի դնել այն եւ միանգամից ու վերջնականորեն ոչնչացնել Հս. Կորեան, եթե վերջինս չդադարեցնի իր ագրեսիվ գործողությունները: Թրամփի այդօրինակ ձեւակերպումները անհանգստություն են առաջացրել բազմաթիվ շրջանակների մոտ՝ դրանք դիտարկելով իբրեւ մոտալուտ պատերազմի նախերգանք: Շատերը Թրամփի տեքստը անվանել են Ջորջ Բուշ կրտսերի՝ հայտնի չարիք պետությունների մասին հնչեցրած ելույթի ստերոիդներով տարբերակը: Ի դեպ, համացանցը պայթել էր Թրամփի աշխատակազմի ղեկավար գեներալ Ջոն Կելիի վարքագծից նույն ելույթի ժամանակ, որը տեւական ժամանակ գլուխն առել էր ափերի մեջ, փակել էր աչքերը, նայում էր ժամացույցին՝ ինքնըստինքյան ցուցադրելով իր գերդժգոհ վերաբերմունքը նախագահի խոսքի հանդեպ, ինչը լրագրողները կոչեցին «էքզիստենցիալ ճգնաժամ»: ԱՄՆ հանրապետական ու դեմոկրատ սենատորները կրկին բաժանվեցին կուսակցական դրոշների ներքո, որտեղ առաջինները նախագահի ելույթը համարում էին հզոր եւ անհրաժեշտ, երկրորդները՝ անընդունելիորեն անփույթ:
Աշխարհին եւ հայությանը ՄԱԿ-ի ամբիոնից վերջին անգամ (հուսանք) դիմեց նաեւ Սերժ Սարգսյանը: Կրկին չփայլելով հռետորական ձիրքով՝ Սարգսյանի ելույթը թվաց միօրինակ եւ թերեւս միակ հետաքրքիր դրվագը վերաբերում էր հայ-թուրքական մահացած արձանագրությունների հուղարկավորությունը գարնանը կազմակերպելուն: Սերժ Սարգսյանը սպառնաց ետ կանչել Հայաստանի ստորագրությունը արձանագրություններից, եթե մինչեւ գարուն Թուրքիան չվավերացնի դրանք: Անշուշտ, հազիվ թե թուրքական կողմը, դրսեւորելով հայկական օլիգարխիային հատուկ վախերը, սարսափի Սարգսյանի դեմքի խոժոռ արտահայտությունից եւ այդ արձանագրությունները 8 տարի հետեւողականորեն ծաղրելուց հետո հանկարծակիորեն վավերացնի:
Այսժամ առավել կարեւոր է արձանագրել, որ Սերժ Սարգսյանն իր նախագահությունը սկսել է ֆուտբոլային դիվանագիտությամբ, երբ դեռ 2008թ. նախընտրական շրջանում ամերիկացիներին գաղտնաբար խոստանում էր բացել Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող պատմաբանների հանձնաժողովը, իսկ միջազգային լեգիտիմություն ստանալով՝ արդեն Մոսկվայից Հայաստան հրավիրեց Թուրքիայի նախագահին: Հետագայում խոստովանելով, որ իրեն թուրքերը խաբել էին, Սարգսյանը կորցրեց հետաքրքրությունը իր իսկ ձեռնարկած գործընթացի նկատմամբ՝ հանգելով այսօր արդեն սեփական գզրոցներում փոշի հավաքող «Համահայկական հռչակագրի» պահանջատիրությանը, որն ընդունվել էր Ցեղասպանության 100-ամյակի առթիվ: Միամտություն է կարծել նաեւ, թե Սարգսյանի հայտարարությունը աշխարհաքաղաքական ինչ-որ նշանակություն ունի, քանզի այդ արձանագրությունները բոլորի համար մեռած էին արդեն ստորագրումից մեկ տարի անց:
Այսօր Սարգսյանը փորձում է սոսկ մաքրել իր նախագահության ամենաարտահայտիչ ձախողումը՝ չեղարկելով հայ-թուրքական արձանագրությունները: Հուշիկ քայլերով ընթանալով դեպի վարչապետություն՝ Սարգսյանը միաժամանակ վերացնում է 2008-2018թթ. իր լեգիտիմության դեֆիցիտի փաստական ապացույցն ու սկսում նոր «փառահեղ» կառավարումը թարմ էջից: Ներքաղաքական ասպարեզում չեզոքացրած լինելով բոլոր ապառնալիքները՝ նա այժմ էլ փորձում է մաքրել իր արտաքին քաղաքականության պղտորված էջերը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ` ԹՎԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստին խոստովանեց, որ վերջին ամիսներին գյուղատնտեսության ոլորտին վերաբերող վիճակագրական տվյալները մտահոգության առիթ են դարձել:

«Եւ հետեւաբար առկա է անհրաժեշտություն` ապահովելու ոլորտում ձեւավորվող համախառն արդյունքների հաշվառման վերլուծության կատարումը: Սա առավել կարեւոր է համայնքային զարգացման համար, որպեսզի համախառն արդյունքի գնահատումը մեզ համար դառնա կանխատեսելի եւ հաշվառելի»,- հայտարարել է վարչապետը: Նա նաեւ հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին, մարզպետներին եւ առաջարկել ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ղեկավարին 2-շաբաթյա ժամկետում ամփոփել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկություն` գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ցուցանիշների վերլուծության վերաբերյալ՝ անդրադառնալով արձանագրված անկման պատճառներին: Ի դեպ, վարչապետն արձանագրել է, որ աճ արձանագրվել է բոլոր ոլորտներում՝ բացի գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտներից: «Գյուղատնտեսության մասով մեզ պետք է ռեալ հասկանալ թվերը, շատ ուշադիր անդրադառնալու ենք դրան: Կատարողականի մասով 8 ամսվա ընթացքում ունենք 90,6 տոկոս, իսկ այս տարվա օգոստոսը, 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ունի 75 տոկոս կատարողական»,- ներկայացրել է Կարեն Կարապետյանը:
Հավելենք, որ այս պատկերը պատահական չի ստացվել, քանի որ նախորդ տարիներին իշխանությունները գյուղատնտեսության ոլորտում թռիչքային աճեր են գրանցել, բայց պարզվում է, որ թվանկարչությամբ են զբաղվել: Մինչդեռ հայտնի է, որ գյուղատնտեսության ոլորտը չի հարկվում, հետեւաբար այդ թվերի իսկությունը պարզելը, մեծ հաշվով, հնարավոր չէ: Այսինքն՝ եթե գյուղապետը ներկայացրեց՝ պայմանական 110 տոննա խաղողի բերք է հավաքվել, ապա մենք կուրորեն պետք է հավատանք այդ թվերին, որովհետեւ մենք չենք կարող դա ստուգել: Ինչեւէ, սա դրա հետեւանքն է, որն էլ իշխանությունները «վայելում» են: Բացի այս՝ վերջին մի քանի տարիներին շինարարության ոլորտում անկում է արձանագրվում, հետաքրքիր է՝ սա վարչապետը հիմա՞ է նկատում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԴՐՍԻ ՍՆՆԴԻՑ
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ, 3143 բնակիչ ունեցող Արծվաբերդ գյուղում տուլարեմիա հիվանդության բռնկում է եղել: Արծվաբերդի առողջության կենտրոնի տնօրեն Գագիկ Դալլաքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ Արծվաբերդում 15 հոգի հիվանդացել է: «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տավուշ» մասնաճյուղում, Իջեւան քաղաքում կատարված հիվանդների արյան հետազոտությունների եզրակացությամբ պարզվել է, որ նրանցից 8-ը հիվանդ է տուլարեմիա հիվանդությամբ: Գ. Դալլաքյանի վկայությամբ՝ մնացած հիվանդների արյան հետազոտությունների եզրակացությունները դեռ չեն ստացվել, հավանական է, որ նրանց մի մասը նույնպես կարող է տուլարեմիայով հիվանդ լինել:
«Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տավուշ» մասնաճյուղի տնօրեն Արմեն Նազինյանը նշված հիվանդության հետ կապված 3 անգամ, որից վերջինը` սեպտեմբերի 21-ին, բժիշկների խմբով եղել է Արծվաբերդում:
Տեղեկացնենք, որ Արծվաբերդում 15 հիվանդների մեջ կամ երեխաներ: Գ.Դալլաքյանն ասաց. «Ժամանակին բուժումը կատարել ենք, հենց կասկածել ենք հիվանդանալու վերաբերյալ, առաջին օրից հիվանդներից վերցված նմուշներն ուսումնասիրության ենք ուղարկել»: Բոլոր հիվանդները այժմ բժշկի հսկողություն տակ են, հիվանդների մի մասը ստացիոնար, մյուս մասը տնային պայմաններում է բուժում ստացել, ներկայումս ծանր վիճակում գտնվող հիվանդ չկա, տուլարեմիայով նոր հիվանդներ չեն բացահայտվել: Առողջության կենտրոնի տնօրենն ասաց, որ հիվանդության առաջին դեպքը եղել է օգոստոսի կեսերին, իսկ հիվանդների բուժումը շուրջ մեկ ամիս է տեւում:
Նա հայտնեց, որ 1985 թվականից ինքն Արծվաբերդի առողջության կենտրոնի տնօրենն է, իր պաշտոնավարման ժամանակ տուլարեմիա հիվանդության ոչ մի դեպք չի արձանագրվել մարզում: Դալլաքյանի վկայությամբ՝ տուլարեմիա հիվանդությունը բռնկվել է Արծվաբերդի մի թաղամասում, ուր արտերկրից, Թուրքիայից կամ Վրաստանից ներկրված սնունդ են վաճառել, հիվանդության պատճառը կարող է լինել արտերկրից բերված բանջարեղենը կամ այլ սնունդը:
Գ. Դալլաքյանը տեղեկացրեց, որ հիվանդության պատճառը պարզելու համար Արծվաբերդի խմելու ջրամբարներից, գյուղում աճած կարտոֆիլից, ցորենից, նաեւ այլ տեղերից, որտեղից վարակը կարող էր ծագել, նմուշներ են վերցրել, ուսումնասիրել, սակայն դրանց մեջ վարակի աղբյուրը չի հայտնաբերվել:
Հավելենք, որ Արծվաբերդ գյուղի միջնակարգ եւ հիմնական դպրոցներում, գյուղի մանկապարտեզում ամեն օր երեխաների ջերմաստիճանը չափվում է, ստուգումներ են կատարվում՝ հիվանդության տարածումը բացահայտելու եւ կանխելու համար:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս