ԴՊՐՈՑՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ «ԱՐՏՖՈՒԴ» ԳՈՐԾԱՐԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պահածոների արտադրությամբ զբաղվող «Արտաշատի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերությունը, այլ կերպ ասած` «Արտֆուդ»-ը, տեւական ժամանակ է, ինչ չի կարողանում մասնակցել պետական գնումների գործընթացին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Արարատի եւ Սյունիքի մարզերի երեք դպրոցներ դիմել են ֆինանսների նախարարություն` պահանջելով ՖՆ-ից պահածոների արտադրությամբ զբաղվող ընկերությանը ներառնել սեւ ցուցակում:

«Արտֆուդ» ընկերությունը Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի բիզնեսն է: Այս ընկերությունում Հովիկ Աբրահամյանի որդու` ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանի գործընկերը ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որդին է` Վաչագան Կարապետյանը: Նրանք ընկերությունում ունեն հավասարաչափ բաժնեմասեր: Հիշեցնենք՝ վերջերս տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Հովիկ Աբրահամյանը վաճառել է իր բիզնեսը, այդ թվում` «Արտֆուդ»-ի՝ իրեն պատկանող բաժնեմասերը: Սակայն կրտսեր Աբրահամյանը` ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանը, լրատվամիջոցների հետ զրույցում հերքել էր այս տեղեկությունը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ֆինանսների նախարարությանն են դիմել ՀՀ Արարատի մարզի Մրգավանի, Այնթապի Արամ եւ Հասմիկ Կարամանուկյանների անվան եւ Սյունիքի Կապանի թիվ 1 հիմնական դպրոցները: Նշված դպրոցները պահանջում են, որ Արտաշատի պահածոների գործարանը` «Արտֆուդը», ներառվի գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ֆինանսների նախարարությունը իր հերթին դիմել է գնումների աջակցման կենտրոն ՊՈԱԿ-ին եւ խնդրել ուսումնասիրել «Արտֆուդին» սեւ ցուցակում ներառելու հիմքերը:
Մեր ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ Մրգավանի դպրոցի կողմից անցած տարվա հունվարի 11-ին հայտարարված գնման մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ Արտաշատի պահածոների գործարանը: Սակայն դպրոցի տնօրինությունը պարզել է, որ «Արտֆուդը» հայտ ներկայացնելու օրվա դրությամբ պետբյուջեի նկատմամբ ունեցել է ժամկետանց հարկային պարտավորություն` մոտ 3.8 մլն դրամի չափով: Արարատի մարզի մյուս` Այնթապի Արամ եւ Հասմիկ Կարամանուկյանների անվան թիվ 1 դպրոցի տնօրինությունը եւս գնումների բողոքարկման խորհրդին ներկայացրել է իր փաստարկը: Ըստ որի` դպրոցի կողմից անցած տարվա հունվարի 12-ին հայտարարված գնման մրցույթին հայտ ներկայացնելու ժամանակ գործարանը կրկին ունեցել է հարկային պարտավորություններ` 3.8 մլն դրամի չափով: Նույն պատճառաբանությունն է բերված նաեւ Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրինության փաստարկներում: Բայց մի տարբերությամբ` այս դեպքում անցած տարվա փետրվարի 11-ի դրությամբ «Արտֆուդը» պետական եկամուտների կոմիտեին ունեցել է կես մլն դրամի պարտք:
Մինչդեռ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն ընկերությունները, որոնք ունեն ժամկետանց պարտքեր ՀՀ հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով: Նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «բ» ենթակետով մասնակիցն ընդգրկվում է գնումների գործընթացում մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, եթե հայտը ներկայացնելու պահին նախորդող տարվա ընթացքում գնման գործընթացի շրջանակում ներկայացրել է կեղծ տվյալ:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս ամենի արդյունքում գնումների բողոքարկման խորհուրդը արձանագրել է, որ «Արտֆուդի» վերաբերյալ առկա են օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված ցուցակում ներառելու երկու հիմքերը, քանի որ ընկերությունը ներկայացրել է կեղծ տվյալ` թույլ տալով օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «բ» ենթակետի խախտում, այնուհետեւ օրեր անց կրկին հայտեր է ներկայացրել կազմակերպված գնման ընթացակարգերին, որոնց ընթացքում նույնպես ներկայացրել է կեղծ տվյալներ: Արդյունքում բողոքարկման խորհուրդը որոշել է ընկերությանը ներառել սեւ ցուցակում` վեց ամսով: Այսինքն՝ ընկերությանը պետական գնումների գործընթացին չի թույլատրվել մասնակցել այս տարվա հունիսի 5-ից մինչեւ դեկտեմբերի 5-ը:
Ասել է, թե Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին պատկանող ընկերությունը փորձել է կեղծ տվյալներ ներկայացնել: Բայց հետաքրքիր է` եթե ընկերության սեփականատերերը լինեին գործող պաշտոնյաներ, արդյո՞ք այս ամենը կբացահայտվեր, թե՞, այնուամենայնիվ, աչք կփակեին:
Հատկանշականն այն է, որ այս ընկերությունը հայտնվել է ցանկում նրանց պաշտոնանկությունից ամիսներ անց: Եւս մեկ վկայություն այն մասին, որ Հայաստանում միայն գործող պաշտոնյաներին պատկանող ընկերություններն են ունենում անխոցելի գործելու «իրավունք»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԾԽԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ
Մոսկվայից Գյումրի թռչող օդանավը արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել Մին-Վոդի քաղաքում ծխող ուղեւորի պատճառով: «Պոբեդա» ավիաընկերությանը պատկանող Boeing-ը դադարեցրել է թռիչքը, քանի որ ուղեւորներից մեկը սկսել է ծխել թռիչքի ժամանակ եւ հրաժարվել է ենթարկվել բորտուղեկցորդների պահանջներին: Օդանավի հրամանատարը «Վնուկովո» օդանավակայանից Գյումրի թռչելիս արտակարգ վայրէջք կատարելու թույլտվություն է խնդրել: Օդանավը վայրէջք է կատարել մոտակա օդանավակայանում, որտեղ անկարգ ուղեւորին պետք է դիմավորեին իրավապահ մարմինները, իսկ օդանավը պետք է շարունակեր չվերթը:

 

 

ՍՐՏՈՎՆ Է
Անկախության տոնի առթիվ երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար նախօրեին ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչումների են արժանացել մի շարք երգիչ, երգչուհիներ եւ դերասաններ, որն էլ հանրության մոտ բուռն քննարկումների առիթ է դարձել: ArmLur.am-ի հետ զրույցում դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանը նշեց, որ մեր պետությունից ամեն ինչ սպասում է. «Չեմ ուզում կոչում ստացածներին առանձնացնել, բայց Մկրտիչ Արզումանյանի կոչումն իմ սրտով էր. դա նրա համար դեռ քիչ էր, ինքն ավելիին էր արժանի»: Անդոյի խոսքով՝ ամենաաբսուրդն այն է, որ երիտասարդ երգիչ-երգչուհիների կողքին կոչում է տրվում վաստակաշատ դերասան Ռաֆայել Քոթանջյանին. «Դա պարզապես ամոթ է: Այդ մարդը պետք է շատ վաղուց ստանար այդ կոչումը: Ինձ համար աբսուրդ է հարյուր տարվա վաստակ ունեցող մարդուն միայն հիմա տալ նման կոչում»: Հումորիստն իր սոցիալական էջում թեմայի շուրջ կատարել էր հետեւյալ հումորային գրառումը: «Երազումս ինձ Ժողովրդական Արտիստի կոչում էին տվել: Նենց էի ուրախացել, ասեցի՝ էտա, թաղումս պետությունը կանի, ուրաաաա: Հետո արթնացա, ափսոս, պարզվեց՝ սաղ սուտա, երազա ընդամենը, ես էլի հասարակ Անդրանիկն եմ Հարությունյան 16 տարվա իմ շատ սիրելի հանդիսատեսի համար»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ




Լրահոս