«ՎԱՍՏԱԿԱՎՈՐՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՎ ԵՆ ԿԱՅԱՑԵԼ ԴԱՇՏՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի, մշակույթի եւ սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման եւ ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչներ, զինված ուժերի եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգեւներով՝ շքանշաններով եւ մեդալներով, շնորհվել են նաեւ պատվավոր կոչումներ: Օրինակ՝ երգիչներ Մհերը, Արամեն, Սիրուշոն, դերասան Մկոն ՀՀ վաստակավոր արտիստի կոչում են ստացել։ Վաստակավորների անունների հրապարակումից հետո հայ հանրության շրջանում բարձրացավ բողոքի հերթական ալիքը. «Ի՞նչ են արել այդ մարդիկ, որ արժանանում են վաստակավորի կոչման», «Ո՞րն է նրանց վաստակը», «Ինչպե՞ս կարելի է այդ կոչումը շնորհել, օրինակ, 6/8 չափի երգեր կատարողին» եւ այլն։ Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունու հետ։

-Պարո՛ն Արծրունի, համաձա՞յն եք այն կարծիքի հետ, որ կոչումների ինստիտուտը վերջնականապես արժեզրկվել է։
-Այդ ինստիտուտը երկար տարիներ է՝ առաջնորդվում է հստակ գծագրված սխեմայով, այնպես որ, որեւէ դրական փոփոխություն չենք կարող արձանագրել։ Մեր երկրում կոչումները շարունակում են բաժանել անհասկանալի սկզբունքներով։ Ընդհանրապես, ես երեւույթներն ընկալում եմ էմոցիոնալ մակարդակի վրա, բայց պետք է խոստովանեմ, որ վերջին այս իրադարձությունների առնչությամբ ուզում եմ էմոցիաներս որեւէ կերպ դրսեւորել, չի ստացվում, ինձ համար լրիվ միեւնույն է՝ ով ինչ է ցանում, ով ինչ ուրախություններով է ապրում։ Մի բան եւս մեկ անգամ հաստատվեց, որ մենք արվեստը գնահատում ենք իրական արվեստին ոչ բնորոշ չափանիշներով։ Այս պարագայում ճիշտ կլիներ գործածել ոչ թե կոչում, այլ հավատարմագիր անվանումը. այդ դեպքում ոչ ոք ոչ ոքի դեմ ասելիք չէր ունենա. ամեն բան կհամապատասխաներ իսկությանը։
-Դուք ծանո՞թ եք վաստակավորի կոչման արժանացած անձանց գործունեությանը, ինչպե՞ս եք գնահատում այն։
-Ո՛չ, չեմ էլ ճանաչում, իրենց բոյով եմ ճանաչում, գիտեմ, որ մեկը աղջիկ է, մյուսը՝ տղա, այդ ոլորտն ինձնից շատ հեռու է, որ «օխ» ու «ախ» անեմ։
-Պարո՛ն Արծրունի, որքանով տեղյակ եմ՝ Դուք ոչ մի կոչում չունեք, իսկ կուզենայի՞ք ունենալ, այն Ձեր կյանքում որեւէ բան կփոխե՞ր։
-Որեւէ արվեստագետի կյանքում կոչումը որեւէ բան չի փոխում, ստեղծագործական պրոցեսի վրա որեւէ կերպ չի անդրադառնում։ Փոխարենը ես հպարտանում եմ այն փաստով, որ 2007-ին իմ «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարը ընդգրկվեց հանրակրթական դպրոցի «Երաժշտություն» առարկայի պետական չափորոշիչ ծրագրի մեջ։ Դրանից բարձր գնահատական չեմ պատկերացնում։
-Դերասանուհի Լալա Մնացականյանը կոչումների շնորհման հետ կապված մեկնաբանել էր. «Կոչումը համով կոնֆետ է, լավ բալիկ եմ, լավ եմ ինձ պահել, կակա են ինձ տալիս»։ Համաձա՞յն եք։
-Նա շատ է պարզեցնում իրավիճակը։ Ընդհանրապես կոչումները շնորհում են այն դեպքում, երբ գնահատում են մարդու այսինչ, այնինչ որակները, բայց հարց է ծագում՝ այդ ո՞ր որակներն են գնահատում։ Սովորաբար այս հարցը մնում է անպատասխան։
-Խոսվում է այն մասին, որ վաստակավորներից շատերը ծառայություններ են մատուցում իշխանություններին եւ արդյունքում ստանում են իրենց «վարձքը»։
-Բնականաբար, չեն էլ զլանում այդ ծառայությունները մատուցել, իրենք այդ ծառայությունները մատուցելով են կայացել դաշտում։
-Պարո՛ն Արծրունի, այս պարագայում ճիշտը խնդրի մասին խոսե՞լն է, բարձրաձայնե՞լը, թե՞ պարզապես այն անտեսելը։
-Ես 15 տարի առաջ եմ դուրս եկել այդ փուլից, նման երեւույթները իմ վրա չեն ազդում, ինձ բացարձակապես չի հետաքրքրում այդ ամենը։
-15 տարի առաջ է՞լ էր նույն վիճակը տիրում։
-Այո՛, նույն ուղենիշն էր աշխատում, պարզապես այն ժամանակ դաշտում ավելի շատ գործող արվեստագետներ կային, իսկ այս տարիների ընթացքում նրանց զգալի մասը կա՛մ կյանքից է հեռացել, կա՛մ երկրից։ Իսկ այսօր մի սերունդ է մեծանում, որի շատ ներկայացուցիչներ որեւէ չափանիշով արվեստի մարդ համարվել չեն կարող։ Այս պարագայում ինձ մնում է անտարբերություն դրսեւորել։ Ուրիշ տարբերակ չեմ տեսնում։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 
«ԻՄ ՍԻՐՏՆ ԱԶԱՏ Է». ԳՈՒՐԳԵՆ ԴԱԲԱՂՅԱՆ

Երգիչ Գուրգեն Դաբաղյանը հոկտեմբերին երկրպագուներին կներկայանա նոր տեսահոլովակով՝ նկարահանված դուետի հիման վրա։ Նա կներկայացնի հին հայկական երգ՝ նորովի մշակմամբ եւ գործիքավորմամբ։ Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց Գուրգենը՝ դեռեւս չցանկանալով հայտնել այլ մանրամասներ։

Երգչի՝ արտերկրում բնակվող երկրպագուները նրա հետ հանդիպելու առիթներ կունենան նաեւ մոսկովյան Կրեմլում առաջիկայում կայանալիք «Տաշի շոու» մրցանակաբաշխության ժամանակ։ Բացի այդ՝ Գուրգենը պատրաստվում է մեկ ամսով մեկնել եվրոպական շրջագայության՝ 12 քաղաքներում։
Մենք հետաքրքրվեցինք՝ Գուրգենը, ով 20 տարուց ավել է՝ բեմում է, մտադիր չէ արդյո՞ք հոբելյանական մեծ համերգով հանդես գալ. «Նման ցանկություն ունեմ, բայց դրա իրականցումը կախված է մի շարք հանգամանքներից, այդ թվում՝ ֆինանսից»,-պատասխանեց երգիչը։ Հարցին, թե ինչպես է կարողանում շոուբիզնեսյան այսօրվա պայմաններում առանց երգերի որակը գցելու գումար աշխատել, Գուրգենը պատասխանեց. «Չգիտեմ, կարծում եմ՝ հաջողվում է գտնել ոսկե միջին տարբերակը»։ Ընդառաջ գնալով երկրպագուների ցանկություններին՝ հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյո՞ք Գուրգենի սիրտը զբաղված է. «Ո՛չ, իմ սիրտն ազատ է»,-ասաց նա։
Իսկ հարցին, թե արդյո՞ք չի մտածում կարգավիճակի փոփոխության մասին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դա որոշելով կամ մտածելով չէ. ամեն բան պետք է ինքնըստինքյան ստացվի»։
Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Գուրգենի համար նշանակություն ունի, թե որ ոլորտից կլինի իր ընտրյալը. «Ո՛չ, մասնագիտությունը կապ չունի, չգիտեմ՝ ով կլինի, բայց պետք է հոգեպես հարազատ լինի ինձ»,-նշեց նա։
Ի դեպ, Գուրգենն ունի մի շարք աղջիկ երկրպագուներ, որոնց հաճախ հետաքրքրում է ոչ այնքան երգչի արվեստը, որքան նրա անձնական կյանքը. «Ճիշտն ասած՝ չեմ սիրում, երբ ինձ հետապնդում են, ուզում եմ, որ երկրպագուներն ավելի շատ իմ ստեղծագործություններով հետաքրքրվեն»,-եզրափակեց նա։

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ




Լրահոս