Ֆուտբոլի Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ադամ Նավալկայի կարծիքով՝ իր թիմը պատրաստ է խաղալ անգամ մեծ ճնշման պայմաններում: «Ճնշումը մեզ օգնում է, քանի որ ունենք իսկական պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ, ովքեր իրենց վրա են վերցնում այդ լարվածությունը: Այսօրվա մարզումը ցույց տվեց, որ մենք պատրաստ ենք այս խաղին», լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մարզիչը: Նավալկան խոսեց նաև Հայաստանի թիմի մասին՝ շեշտելով. «Հայաստանի հավաքականը կազմակերպված թիմ է:
Նախորդ հանդիպմանը մեզ համար ծանր խաղ էր: Ձեր թիմում խաղում են ֆուտբոլիստներ, ովքեր կազմակերպում են արագ հակագրոհներ, ինչը շատ վտանգավոր է: Մենք պատրաստ ենք վաղվա խաղին և գիտենք, որ Հայաստանի հավաքականը կարող է մեզ համար խնդիրներ ստեղծել»:
Լեհ մասնագետի կարծիքով՝ լեհերը միշտ էլ դժվար խաղեր են ունեցել Հայաստանում: Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյան մարզադաշտում հոկտեմբերի 5-ին կհյուրընկալի Լեհաստանի ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: