Կասեցվել է հաց և հրուշակեղեն արտադրող 5 տնտեսվարողների գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված պետական վերահսկողության շրջանակներում կասեցվել են տարբեր ոլորտների մի քանի տնտեսվարողների արտադրական գործունեությունները:

Մասնավորապես, սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումների հիման վրա, կասեցվել են հաց և հրուշակեղեն արտադրող հինգ տնտեսվարողների՝ անհատ ձեռնարկատերեր Կարեն Գևորգյանի (Արմավիրի մարզ), Թամարա Ասլանյանի (ք. Երևան), Արտավազդ Սարգսյանի (Արմավիրի մարզ), Ղևոնդ Դավթյանի (Շիրակի մարզ) և «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի (ք. Երևան), արտադրական գործունեություննները:
Ծառայության մասնագետները կասեցրել են նաև Արմավիր մարզում գործող՝ անհատ ձեռնարկատեր Արմենուհի Խաչատրյանին պատկանող և Լոռու մարզում գործող՝ անհատ ձեռնարկատեր Նորայր Մելիքսեթյանին պատկանող հանրային սննդի երկու կետերի գործունեությունները, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր Բաբկեն Բդոյանին պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասը Շիրակի մարզում: Նշված բոլոր տնտեսվարողների մոտ արձանագրվել են սննդամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներ, նաև՝ հաց տեղափոխող տրանսպորտային միջոցները չեն ունեցել սանիտարական անձնագրեր:

Ծառայությունը ստուգման արդյունքում խախտումներ է հայտանբերել նաև «ՀՀ Արարատի մարզի Արմաշ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում և կասեցրել մանկապարտեզի հանրային սննդի կազմակերպման գործունեությունը: Մանկապարտեզը, մասնավորապես, ապահովված չի եղել հոսող սառը և տաք ջրով, սառնարանային սարքավորումներով, հանդերձարանով, վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ բաժիններն առանձնացված չեն եղել սննդամթերքի պահման հատվածից, կենդանական ծագման սննդամթերքն ընդունվել է առանց համապատասխան անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի. խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Տնտեսվարողներին հանձնարարվել է արտադրությունները համապատասխանեցնել սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի և «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, որից հետո միայն նրանց կթույլատրվի վերսկսել գործունեությունը:




Լրահոս