Հոկտեմբերից «Արմենիա» հեռուստաընկերությունը կներկայացնի «Ազիզյաններ» սիթքոմի նոր՝ երրորդ եթերաշրջանը։ Սիթքոմը «խոստանում է» նոր, հետաքրքիր զարգացումներ։ Գլխավոր դերակատարներից Անի Լուպեն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով, որ շատ է սիրում իր մարմնավորած կերպարը․«Ամենաշատը սիրում եմ այն, որ այդ կինը անկախ բոլոր կոնֆլիկտներից՝ սիրում է իր ընտանիքը, ծայրահեղ իրավիճակներում պարզ է դառնում, որ նա բավական սրտացավ կին է»։
Անիից, որն, ի դեպ, նաեւ երգչուհի է, հետաքրքրվեցինք՝ առաջիկայում տեսահոլովակ թողարկելու մտադրություն չունի՞: «Ես, առհասարակ, սիրում եմ պորտուգալական, լատինոամերիկյան երգեր, բայց գիտեմ, որ իմ մատուցած երգերի լսարանը Հայաստանում բավական նեղ է։ Հենց հնարավորություն ունենամ, կուզենամ իմ սիրելի ոճում տեսահոլովակ նկարահանել»,-պատասխանեց նա։
Մենք մի փոքր զրուցեցինք նաեւ Անիի անձնական կյանքի մասին։ Դերասանուհին ավելի վաղ չէր ժխտել այն լուրը, որ ընտրյալ ունի։ «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց՝ արդյոք առաջիկայում սպասվու՞մ է կարգավիճակի փոփոխություն․«Ո՛չ, ամուսնության առաջարկ չեմ ստացել։ Բայց, առհասարակ, նման հարցերին կատեգորիկ չեմ վերաբերվում։ Հանրության շրջանում կա ընդունված սխեմա, ըստ որի՝ աղջիկը նախ պետք է գնա մանկապարտեզ, հետո՝ դպրոց ու համալսարան, հետո արդեն ամուսնանա։ Բայց ես ամուսնությունը չեմ համարում պարտադիր պայման․այն ինձ համար ավելի բարձր երեւույթ է։ Ամուսնությունն ինձ համար ազատության գագաթնակետն է․ես դրան որպես պարտականություն չեմ վերաբերվում։ Ամեն բան պետք է ինքնըստինքյան ստացվի»,-մեկնաբանեց Անին։
Նա տեղեկացրեց, որ ընտրյալն իր ոլորտից չէ, եւ այդպես ավելի հետաքրքիր է․ «Մենք ապրում ենք բացարձակ տարբեր աշխարհներում, ես իրեն ինֆորմացիա եմ տալիս իմ աշխարհից, ինքը՝ իր, այդպես շատ լավ է»,-ասաց դերասանուհին։
Հարցին, թե արդյոք ընտրյալն իր առջեւ սահմանափակումներ դնու՞մ է, Անին պատասխանեց․ «Սահմանափակում, որպես այդպիսին, չկա։ Յուրաքանչյուր մարդ իր կարգավիճակում ինքը պետք է հասկանա՝ իրեն ինչպես պահի, ինչը ընտրի եւ ինչը՝ ոչ։ Պետք է, ի վերջո, ընտրել այն, ինչ քեզ համար կարեւոր է, ես զուգընկերոջն եմ ընտրում, որովհետեւ մնացածը, թող շատ կոպիտ չհնչի, իմ աշխարհը լինելուց զատ՝ փող աշխատելու միջոց է, իսկ զուգընկերն ամեն ինչ է»։
Անի Անտոնյան