Վստահ եմ, որ եզրափակչում մեր տղաները կարող են ավելի բարձր գնահատականներ ստանալ. Հակոբ Սերոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոնրեալում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության եզրափակչում Հայաստանը երկու մասնակից ունի՝ Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) եւ Արթուր Դավթյանը (բազմամարտ): Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը դժգոհ չէ արդյունքներից.

«Մենք հանդես էինք եկել մրցումային առաջին օրը եւ լարված սպասում էինք վերջնական արդյունքներին:

Հարություն Մերդինյանն աշխարհի գավաթի խաղարկությունից հետո հասցրեց լավ մարզավիճակ ձեռք բերել: Նա իր բարդ վարժությունը կատարեց: Մի պահ քիչ էր մնում ընկներ նժույգից, սակայն իր վարպետության շնորհիվ կարողացավ շտկել իրավիճակն ու լավ ելույթ ունենալ: Նախատեսում ենք, որ Մերդինյանը եզրափակչում ավելի բարդ վարժություն կկատարի, սակայն դա վերջնական կորոշենք վիճակահանությունից հետո: Պայքարելու ենք մեդալի համար: Կարծում եմ՝ նա պատրաստ է:

Արթուր Դավթյանն արդարացրեց իմ սպասելիքները: Վերջապես աշխարհի առաջնությունում բազմամարտի եզրափակչում մասնակից ունենք: Վստահ եմ, որ մեր տղաները եզրափակչում կարող են ավելի բարձր գնահատական ստանալ:

Վահագն Դավթյանը նույնպես լավ հանդես եկավ»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Մարզիչը նշեց, որ թիմում տրամադրությունը շատ բարձր է եւ մարտական:

Աշխարհի առաջնության եզրափակչում Արթուր Դավթյանը կմրցի հոկտեմբերի 5-ին, իսկ Հարություն Մերդինյանը՝ հոկտեմբերի 7-ին:




Լրահոս