«ՄՈԼԵԽԱՂ» ԲԱՌԻ՝ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին նախագահ, այս խորհրդարանում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանն ամբողջությամբ նվիրվել է օրինաստեղծ աշխատանքին: Նա կարճ ժամանակում միայնակ կամ գործընկերների հետ հասցրել է հեղինակել 9 օրինագիծ: Դրանց մեջ ամենաուշագրավը ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների առաջարկն է` իր հիմնավորումներով, որը սակայն դեռ չի քննարկվել ու չի ընդգրկվել ԱԺ օրակարգ:

Եւ այսպես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածը վերաբերում է զինծառայողի կողմից մոլեխաղեր կազմակերպելուն կամ դրանց մասնակցելուն: Ու հիմա Գալուստ Սահակյանն առաջարկել է, որպեսզի քրեական օրենսգրքում հստակեցվի մոլեղախ հասկացությունը` նշված հոդվածում 5-րդ կետ ավելացնել հետեւյալ բովանդակությամբ. «Սույն հոդվածի իմաստով մոլեխաղը` գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ այլ առավելություններ ստանալու նպատակով երկու կամ ավելի մասնակիցների միջեւ կամ կազմակերպչի կողմից սահմանված կանոններով շահումի վերաբերյալ ռիսկի հիման վրա համաձայնությամբ խաղ է»:
Մի քանի տողանոց նախագծին հետեւում է չորս էջանոց հիմնավորումների շարքը: Սա, թերեւս, ամենաուշագրավն է. այն հիշեցնում է մոլեխաղերի մասին հանրագիտարանային տեղեկությունների ձեռնարկ, որտեղ տրված է ե՛ւ այդ բառի բացատրությունը, ե՛ւ այդ երեւույթի նկատմամբ միջազգային օրենսդրական փորձը: Բացակայում էր, սակայն, մոլեխաղի ամենահայտնի սիրահարների անունների շարքը, բայց դա հոգ չէ. կարելի է գտնել համացանցում:
Ինչեւէ, մի քանի մեջբերում Գրիգորիչի ներկայացրած փաստաթղթից: Սկզբում իմանում ենք, որ «Քաղաքացիական հասարակությունում «մոլեխաղերի» ի հայտ գալուց եւ դրանց լայն տարածումից հետո պետության պոզիտիվ պարտականությունն է դարձել պաշտպանել հանրության բարոյականության սկզբունքը, ինչպես նաեւ ապահովել անձանց իրավունքների եւ օրինական շահերի ոտնահարման անթույլատրելիությունը»: Ըստ այդմ, շատ երկրներում ոչ թե արգելվում, այլ նշված իրավահարաբերությունների կարգավորման շրջանակներում թույլատրվում է անցկացնել մոլեխաղեր կամ այլ շահումով խաղեր, այդ առումով բացառություն չէ նաեւ Հայաստանը: Հետո տեղեկանում ենք նաեւ, որ կան երկրներ, որոնք քրեական օրենսդրությամբ արգելում են մոլեխաղերի մասնակցությունը, կազմակերպումը կամ դրանց այլ կերպ աջակցումը: Օրինակ` ՌԴ-ն, Մոլդովան, Ֆրանսիան: Իսկ ահա հետխորհրդային մի շարք երկներ` Ուկրաինա, Բելառուս, Վրաստան եւ այլն, քրեական օրենսդրությամբ որպես զիվորական կարգի դեմ ուղղված հանցագործություն չեն նախատեսել մոլեխաղեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը: Հետո արդեն օրինագծի հիմնավորումների մեջ մանրամասն ներկայացված է «մոլեխաղ» բառի բացատրությունը: Ըստ այդմ. ««Մոլեխաղ» եզրույթը լեզվաբանական տարբեր հիմքեր ունի: Օրինակ` հայերենում «մոլեխաղ» նշանակում է այնպիսի խաղ, որտեղ հաղթելը կամ պարտվելը կախված է պատահականությունից, ոչ թե խաղացողի հմտություններից, ֆրանսերենում` «jeu de hazard», անգլերենում` «gambling» բառերը նշանակում են պատահականության վրա հիմնված խաղ, ռուսերենում` «ՈջՈՐՑվՈÿ ՌչՐՈ» բառը եկել է «ՈջՈՐՊՏՉՈՑՖ» բառից, որը նշանակում է ռիսկի դիմել: Տեսական գրականությունում առկա «մոլեխաղ» եզրույթի տարաբնույթ սահմանումների ուսումնասիրության արդյունքում կարելի է առանձնացնել դրա ընդհանուր հատկանիշները` ռիսկի վրա հիմնված համաձայնություն, այդպիսի համաձայնությունը կնքվում է երկու կամ ավելի անձանց միջեւ, այն կնքվում է շահումի վերաբերյալ, այսինքն` տվյալ համաձայնությունը ունի գույքային առավելություն ձեռք բերելու նպատակ: Քանի որ համաձայնությունը կնքվում է շահումի` որոշակի գույքի, գույքի նկատմամբ իրավունքի, արժեթղթերի կամ որեւէ այլ առավելության վերաբերյալ, ուստի ռիսկը ենթադրում է նաեւ գույքային անբարենպաստ հետեւանքների առաջացման եւ դրամական միջոցների կորստի հավանականություն: Դրամական միջոցները անհրաժեշտ պայման են ռիսկի ձեւավորման համար, սակայն պետք է նշել, որ շատ դեպքերում այդպիսի միջոցները առարկայապես չեն արտահայտվում, այսինքն` խաղացողների կողմից համաձայնություն կնքելու պահին դրամական միջոցները փաստացի բացակայում են, բայց ռիսկը ապահովված է համարվում արդեն իսկ կնքված համաձայնությամբ սահմանված գումարի չափով: Կարեւոր պայման է երկու կամ ավելի անձանց առկայությունը, որովհետեւ անձը չի կարող ինքն իր նկատմամբ ձեռք բերել գույքային առավելություններ, եւ նման պայմաններում ռիսկը չի կարող հիմնված լինել սեփական գույքի կորստի վրա: Ավելին՝ «համաձայնություն» բառը արդեն իսկ ենթադրում է երկու կամ ավելի անձանց կամքի դրսեւորում: Մոլեխաղին թեկուզ մեկ անգամ մասնակցելը կամ մեկ անգամ մոլեխաղ կազմակերպելը արդեն իսկ ենթադրում է ավարտված հանցագործություն: Արարքի ավարտը պետք է կախված լինի գործողությունների բնույթից ու դրանց նպատակից` գույքային կամ այլ առավելություն ձեռք բերելուց, ոչ թե կատարված գործողությունների քանակից ու պարբերականությունից»:
Ափսոս, որ Գալուստ Գրիգորիչն այս ամենը շարադրելիս չի ներկայացրել համապատասխան հղումները` մասնագիտական գրականության ցանկը: Այսպես միգուցե հնարավոր լիներ պարզել Գրիգորիչի կուսակից ընկերների` ՀՀԿ-ականների կողմից ամենաշատ ընթերցված գրքերի ցուցակը: Իսկ միգուցե Գրիգորիչն այս ողջ տեղեկատվությունը հավաքել է կուսակիցների հետ շփումների արդյունքում` նրանց անձնական փորձը ուսումնասիրելիս: Ի՞նչ իմանաս: Ամեն դեպքում, արժեր նաեւ այս աշխատանքի վրա մի փոքր ջանք թափել ու փոքր ձեռնարկի տեսքով հրատարակել. վստահ ենք` այն ՀՀԿ-ում մեծ պահանջարկ կունենա, ավելի շատ, քան Նժդեհի հատորները:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ
Երեւանի Ծարավ Աղբյուր փողոցում նորակառույց շենքերի բնակիչները հայտնվել են խաբված վիճակում: Բանն այն է, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններից առաջ այս փողոցով գործող 2Ա երթուղիում երկու ավտոբուս էր աշխատում` 30 րոպե պարբերականությամբ: Բայց ընտրություններից հետո` արդեն հունիսին, այդ ավտոբուսներից մեկը հանվեց երթուղուց, ու մնաց միայն մեկը: Պատճառաբանությունն էլ այն էր, թե ուսումնական հաստատություններում ավարտվել են դասերը, նվազել է ուղեւորահոսքը, եւ սեպտեմբերից երկրորդ ավտոբուսը կվերագործարկվի: Բայց պարզվում է` երկու ավտոբուս շահագործելը ՀՀԿ-ի եւ Տարոն Մարգարյանի նախընտրական խաբեությունն է եղել: Արդեն ավարտվում է սեպտեմբերն, ու ընդամենը մեկ ավտոբուս է աշխատում, ավելին` վերջերս բնակիչները երկրորդ ավտոբուսը շահագործման հանձնելու առաջարկ-պահանջով դիմել են «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ, սակայն այնտեղից հայտնել են, որ դա հնարավոր չէ: Ծարավ Աղբյուրի բնակիչները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժգոհեցին ստեղծված իրավիճակից` պնդելով, որ մեկ ավտոբուսն իրենց չի բավարարում:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը եւս դիմեց նշված ընկերություն, սակայն լսելով հարցը՝ հարկ չհամարեցին պարզաբանել: Պարզ է` նրանք առերեսվելու էին ՀՀԿ նախընտրական սուտ խոստման հետ, ուստի գերադասեցին լռել:

 

 

ԽԱՂԱԼԻՔ ԶԵՆՔ ՉԿԱ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վերնիսաժում կրակոցների արդյունքում տուժող ճանաչված քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին դեռեւս չեն հարցաքննել: Սակայն մինչ նրան հարցաքննելը իրավապահներին կատարված սպանությունը բացահայտելու հարցում օգնել են Թուֆենկյան հյուրանոցի տեսախցիկները, որոնց միջոցով էլ նրանք կարողացել են հասկանալ, թե ովքեր են կանգնած այս ամենի հետեւում եւ ինչպես են դարանակալել իրենց զոհին:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ իրավապահները հյուրանոցից առգրավված տեսաձայնագրությունները ուսումնասիրելիս նկատել են, որ հանցագործություն կատարելու գործով կասկածյալները երեքն էլ զինված են եղել, սակայն նրանցից միայն երկուսի զենքն է հայտնաբերվել. «Մակարով» ատրճանակն ու ինքնաձիգը նրանք թողել էին դեպքի վայրում: Իսկ անհետացած զենքը պատկանել է օրերս հայտնաբերված Ռաֆիկ Խաչատրյանին, որը իրավապահներին ասել է, թե դա խաղալիք զենք է եղել, ու նա դեպքից հետո կոտրել, գցել է Հրազդանի կիրճը: Իրավապահները երեկ ողջ օրը Հրազդանի կիրճում փնտրել են խաղալիք զենքը, սակայն այդպես էլ չեն գտել:

 

 
ՉԳԻՏԻ
Ըստ Հայաստանի քրդերի ազգային խորհրդի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովի՝ Հայաստանի քրդերը միայն կհետեւեն Իրաքյան Քրդստան ինքնավար շրջանում մեկնարկած անկախության հարցով հանրաքվեին: «Մասնակցելն անհնարին է, եւ օրենսդրորեն էլ ճիշտ չէ, որ դրսի 50 մլն քրդերը մասնակցեն 6 մլն-անոց Իրաքյան Քրդստանի հանրաքվեին: Մեր մասնակցությունը միայն հետեւելն է քրդական պետության կազմավորմանը»,-ասել է նա: Հարցին, թե Հայաստանի դիրքորոշումն այս հարցում ինչպիսի՞ն կլինի, արդյոք բարեկամ Իրանին դե՞մ կգնա եւ կճանաչի՞ Քրդստանի անկախությունը, Հասանովը պատասխանել է. «Ես չեմ կարող ասել` ՀՀ կառավարությունը կամ իշխանությունն ինչպես կվարվի, դա ՀՀ-ի պետական շահերից է բխում»:

 

 

ՉՊԵՏՔ Է ԲԱՑ ԹՈՂՆԵՆՔ
«Եվրանեսթ» ԽՎ-ի հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը խոսել է Բաքվում կայացած «Եվրանեսթ» ԽՎ-ի մասին իր տպավորություններից: Վերջինս նշել է, որ մեր պատվիրակությունը որոշում կայացրեց մասնակցել համաժողովին, ինչն, ըստ Թանդիլյանի, ճիշտ դիրքորոշում էր: «Ամբողջ այդ համաժողովը, նիստը փորձում էին վերածել հակահայկական քարոզի: Ես հասկացա, որ մենք չպետք է բաց թողնենք որեւէ հնարավորություն՝ պլատֆորմ ներկայացնելու Հայաստանը: Ադրբեջանական կողմը ակտիվորեն աշխատում է հակահայկական պրոպագանդայի վրա: Կարծիքներ էին հնչում, որ անկարեւոր համաժողով է, սակայն չկան անկարեւոր համաժողովներ»,- ասել է Մ. Թանդիլյանը:

 

 

ԿԱՅՑԵԼԵՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ
Օրերս Նյու Յորքում կայացավ ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որին ներկա էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Հանդիպմանը քննարկվել են առաջիկայում ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման հետ կապված հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն հոկտեմբերին:




Լրահոս