ԱՅՍՈՒՀԵՏ ՊԵՏՔ Է ԳՆԵԼ ՄԻԱՅՆ ԵՏՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017թ. կավարտվի ԵԱՏՄ-ում Հայաստանի համար սահմանված մաքսային արտոնությունների ժամկետը:

Հիշեցնենք՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու բանակցությունների ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ 759 անուն ապրանքների համար սահմանվում է անցումային շրջանում, եւ այդ ընթացքում Հայաստանը կշարունակի ներկրել գործող մաքսային դրույքաչափերով (օրինակ՝ կարագ, շաքարավազ, շոկոլադ, սուրճ, միս եւ այլ առաջին անհրաժեշտության ապրանքների համար): Ու միայն անցումային շրջանի ավարտից հետո այդ դրույքաչափերը կհամապատասխանեցվեն ԵԱՏՄ-ում գործող չափերին: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, 16 անուն ապրանքատեսակի մաքսատուրքի համապատասխանեցման վերջնաժամկետ է նշված այս տարին, եւս 14 ապրանքի դեպքում՝ 2018-ը, իսկ գործընթացն ամբողջությամբ պետք է ավարտվի 2020 թվականին:
Այս ամենն իր հետեւից բերելու է գնաճի նոր ալիք, քանի որ առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների մաքսատուրքերը ԵԱՏՄ-ում բարձր են: Իշխանությունները, իհարկե, այս ընթացքում հոգացել են, որ մաքսատուրքերի՝ ԵԱՏՄ ընդհանուր դրույքաչափերին համապատասխանեցման գործընթացը, դրա հետեւանքով սպասվող գնաճը կտրուկ չլինի: Ի վերջո, 2017թ. ապրիլին տեղի ունեցան խորհրդարանական, իսկ մայիսին՝ Երեւանի քաղաքապետի ընտրություններ, ու իշխանություններին հարկավոր էր, որ հնարավորինս զսպեն հասարակական դժգոհությունները: Այս երկու տարվա ընթացքում մաքսային դրույքաչափերը բարձրացրել են քիչ-քիչ, աննկատ: Բայց վերջնարդյունքում կարող ենք արձանագրել, որ թանկացումներ եղել են ու լինելու են, պարզապես այնպես է արվել, որ մարդիկ այդ ամենն իրենց մաշկի վրա միանգամից չզգան ու չհակազդեն:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ԵԱՏՄ եւ արտաքին առեւտրի վարչության պետ Նաիրա Կարապետյանը տեղեկացրեց, որ այս ընթացքում ներմուծողներին նաեւ հնարավորություն է տրվել փոխել շուկան եւ ներկրելու համար գտնել ավելի հարմար տարբերակ: «Չի կարելի ասել, թե գները բարձրանալու են, իսկ եթե բարձրանալու էլ են, ապա 2-3, առավելագույնը՝ 5 տոկոս»,- ասաց նա՝ հավելելով, որ այս առումով ցնցումներ չեն լինի. «Մենք անցումային դրույթները գնահատել ենք եւ մեղմորեն ենք բարձրացրել: Եթե տվյալ ապրանքի համար մինչեւ 2019թ. մաքսադրույթը պետք է բարձրանար 5 տոկոսով, մենք 2016-ին բարձրացրել ենք 1 տոկոս, 2017-ին՝ 2 տոկոս, նոր 2018-ին կբարձրացնենք 3 տոկոս: Այսինքն՝ այդ ամենը արվել է մեղմորեն, որպեսզի ե՛ւ սպառողի, ե՛ւ ներմուծողի վրա մեծ անդրադարձ չունենա: Ու բացի այդ՝ հաշվի առնենք այն հանգամանքը, որ մենք այդ ընթացքում փորձել ենք շուկան մեծացնել»: Նա նաեւ նշեց, թե ԵԱՏՄ-ում պարբերաբար քննարկում են տարբեր ապրանքների ներկրման դեպքում մաքսատուրքերը ժամանակավորապես իջեցնելու հարցը: «Որոշումները կարող է՝ 2-3 տարվա համար կայացվեն, բայց հետո կարող է եւ դրանց ժամկետը երկարացվի»,- ասաց նա: Նկատենք, սակայն, որ ժամանակավոր բնույթ կրող որոշումները դեռ երաշխիք չեն, որ մաքսատուրքերի բարձրացման հետեւանքով գնաճ չի լինի. ի վերջո, ժամանակավոր որոշումները ցանկացած պահի կարող են վերանայվել ու անվավեր ճանաչվել, կամ դրանց ժամկետի ավարտից հետո չերկարաձգվել:
Մինչ այդ տիկին Կարապետյանը նաեւ տեղեկացրեց՝ մաքսատուրքերի բարձրացումը կարող է ազդել երրորդ երկրներից ներդրված այնպիսի ապրանքների վրա, որոնցից արտադրվում է նաեւ ԵԱՏՄ երկրներում: Հետեւաբար սպառողները կարող են օգտվել ԵԱՏՄ անդամ երկրների արտադրանքից: Միայն թե նման հեռանկարը տնտեսության համար մեկ ուրիշ վտանգ է ներկայացնում. այսպես հաստատուն քայլերով Հայաստանը գլորվում է խորհրդային անցյալ, երբ մարդիկ ստիպված էին սպառել տեղական արտադրանքը, եւ արդյունքում՝ տնտեսության մեջ չկար մրցակցություն, զարգացման մակարդակով խորհրդային արտադրատեսակները մի քանի անգամ զիջում էին արտերկրում արտադրվողներին:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 
ԲԱՔՈՒՆ ԵՎ ՍԵԼԵԿՏԻՎ ԱԲՈՐՏՆԵՐԸ
Սերժ Սարգսյանին դուր չի եկել Բաքու այցի ընթացքում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի պահվածքը, մասնավորապես համացանցում Ադրբեջանի մայրաքաղաքից պարբերաբար սելֆիներ ու լուսանկարներ հրապարակելն ու այցը շոուի վերածելը: Լուրեր կան, որ Սերժ Սարգսյանը հանդիմանել է նրան: Արդյո՞ք կա նման բան: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Աշոտյանին, որն ընդամենն ասաց. «Ժպիտով եմ արձագանքում հարցադրմանը»: Մինչ այդ, նկատենք, որ Արմեն Աշոտյանի եւ «Ելք» խմբակցությունից Մանե Թանդիլյանի՝ Ադրբեջան այցը դարձել էր այս օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը, եւ տպավորություն էր, թե Բաքվում նրանք մասնակցել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին հավասար միջոցառման: Մինչդեռ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի կայքից տեղեկացանք, որ նրանք ընդամենը մասնակցել են Արեւելյան գործընկերության երկրներում կանանց առողջության եւ գենդերային հավասարության բարելավման խնդիրներում խորհրդարանական ներգրավվածության հարցերին նվիրված համաժողովի, իսկ քննարկման հիմնական թեմաներից մեկն էլ եղել է սելեկտիվ աբորտների դեմ պայքարը, որի մասին հայ պատգամավորները ծավալուն ելույթներ եւ քննարկումներ են ունեցել:

 
ԱՆՇԱՀՈՒԹԱԲԵՐ Է
Հայաստանի գործող կառավարության մոտ սովորույթ է դարձել տարիներ առաջ ստեղծված ՊՈԱԿ-ներն ու ՓԲԸ-ները լուծարելը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության տակ գտնվող «Տեղեկատվական ապահովման եւ ազդարարման կենտրոն» ընկերությունը կլուծարվի: Նշենք, որ ընկերությունը զբաղվում է քաղաքացիներից, կազմակերպություններից, պատահարների կամ դրանց ծագման սպառնալիքի վերաբերյալ տեղեկություններ հավաքելով, ամփոփելով: Իսկ այն լուծարելու պատճառն այն է, որ ընկերության ու ԱԻՆ-ի այլ ստորաբաժանումների գործառույթները կրկնվող են: Բացի այս՝ ընկերության ստեղծման նպատակը շահույթ ստանալն է, մինչդեռ այն դարձել է ոչ շահութաբեր: Ավելին՝ չի նպաստել նախարարության առջեւ դրված խնդիրների իրականացմանը: Ենթադրվում է, որ այս ընկերության լուծարումը պայմանավորված է հանրապետությունում վերջին հրդեհներով, երբ պարզվեց, որ մենք դրանց պատրաստ չէինք:

 

 

ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՔԿՀ-ՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 24-ի գիշերը ստուգումներ են անցկացվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Մեզ հասած տեղեկություններով՝ իրավապահները կոնկրետ խուզարկություն են իրականացրել ՔԿՀ-ի ճաշարանում եւ որոշ խցերում: Խիստ հսկողություն է սահմանվել, որ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձանց կողմից խաղամոլության դրսեւորումները չվերածվեն այլ հետեւանքների: Հետաքրքիր է՝ այս պրոֆիլակտիկան ինչքանով արդյունավետ կլինի:

 

 
ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այցելել է արտաքին գործերի նախարարություն, արտակարգ իրավիճակների պետական ծառայություն ու Շահումյանի շրջվարչակազմ եւ այդ գերատեսչությունների աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ ղեկավարներին: Նախագահը մաղթել է նրանց արդյունավետ աշխատանք, երախտագիտություն հայտնել վերոհիշյալ գերատեսչությունների նախկին ղեկավարներին՝ իրենց գործունեության համար:

 

 

ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՆ
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ Խոսրովի անտառում բռնկված հրդեհից հետո վնասների շուրջ վերջնական ուսումնասիրությունները դեռ չեն ավարտվել: Նա նշել է նախնական տվյալներ. «1100 հա չափով խոտածածկ տարածք է այրվել, կվերականգնվեն: Կենդանական աշխարհի մասով վայրի խոշոր կենդանիների մասով որեւէ կորուստ չենք արձանագրել»,-նշել է նա:

 
ԿՄԱՍՆԱԿՑԻ
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ պլանավորում է Հայաստանում մասնակցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: «Ես կշարունակեմ այս հարցերի քննարկումը ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի ժամանակ, որը կկայանա Հայաստանում»,-փոխվարչապետների հետ հանդիպման ժամանակ ասել է նա:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Օլիվիե Դասոյին: Սերժ Սարգսյանը նշել է, որ երկկողմ օրակարգի առաջնայնություններից է հայ-ֆրանսիական առեւտրատնտեսական հարաբերությունների խորացումը՝ այն ակտիվ երկխոսությամբ առանձնացող քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին համահունչ դարձնելու նպատակով: Ընդգծելով Օլիվիե Դասոյի եւ նրա ընտանիքի դերակատարությունը Ֆրանսիայի հասարակական-քաղաքական կյանքում՝ Ս. Սարգսյանը հույս է հայտնել, որ նրա այցը Հայաստան իր նպաստը կբերի հայ-ֆրանսիական բարեկամական կապերի առավել սերտացմանն ու զարգացմանը:

 

 

ԲԵՄԱԿԱՆ 70-ԱՄՅԱԿ
Ֆրանսահայ երգահան, շանսոնյե Շառլ Ազնավուրը նոյեմբերի 13-ին համերգ կունենա Իտալիայի Միլան քաղաքում՝ տոնելու իր բեմական գործունեության 70-ամյակը: Դերասան, զբաղված դիվանագետ (Շվեյցարիայում ՀՀ դեսպան-խմբ.) 93-ամյա երգիչը չի դադարում զարմացնել: Իր անսխալական ձայնով, որի շնորհիվ ստացել է «Շառլ Ազնավոյս (թարգմ.՝ Ազնաձայն)» մականունը, Ազնավուրը ձայնագրել է ռեկորդային քանակությամբ երգեր ու խաղացել 9 տասնյակի հասնող ֆիլմերում: Հիշեցնենք, որ 2016թ. Ազնավուրը համերգային միջազգային շրջագայություն էր իրականացրել՝ լինելով Ամստերդամում, Դուբայում, Պրահայում, Անտվերպենում, Օսակայում, Տոկիոյում, Բարսելոնայում, Մարբելյայում, Տրելազեում, Մոնակոյում եւ Վերոնայում:




Լրահոս