«Ժողովուրդ»-ը երեւանյան խնդիրների, մայրաքաղաքի դիմագիծը կորցնելու, նրան սպառնացող վտանգների մասին զրուցել է երգիչ, երգահան Արթուր Իսպիրյանի հետ, ով ավագանու նախորդ ընտրություններում ընդգրկված էր «Բարեւ Երեւան» դաշինքում։
-Պարո՛ն Իսպիրյան, վերջերս ֆեյսբուքյան Ձեր էջում լուսանկար էիք հրապարակել, որտեղ պարզ երեւում էր, թե Երեւանի օպերային թատրոնի տարածքը որքան աղտոտված է։ Այս հարցով քաղաքապետարան դիմե՞լ եք։
-Բայց ինչո՞ւ քաղաքապետարանը չպետք է տեսնի այդ ամենը, ես տեսնեմ։ Կամ ավագանին ինչո՞ւ չպետք է տեսնի այդ խոզությունը։ Ինչո՞վ են զբաղված թաղապետարանների հարյուրավոր աշխատակիցները։ Պարզապես պետք է մի փոքր սրտացավ լինել։ Փնթիություններն ամենուր են, չարչիությունն էլ իր հերթին չենք կարողանում մեր քաղաքից վերացնել։ Գնացե՛ք, տեսե՛ք, թե Օղակաձեւ այգում ինչպես է ամեն մեկն իր սրճարանը կառուցել, ամեն մեկին թվում է, թե տարածքն իր սեփականությունն է, ինչ կուզի՝ կանի։ Բայց այդ եւ մյուս կառույցների տերերին թույլատրել են, չէ՞, որ իրենք էլ սարքել են։ Այդ թույլատրողի ձեռքն է պետք բռնել։ Կամերային երաժշտության տան կողքն էլ դարձել է մեքենաների կայանատեղի, դա էլ է լուրջ խախտում։
-Օպերային թատրոնի տարածքում աչքի են զարնում նաեւ բատուտը, տարբեր խաղեր, հեծանիվներն ու երեխաների համար նախատեսված մեքենաները։ Արդյո՞ք այս ամենը չեն աղարտում մշակութային միջավայրը։
-Դա խայտառակություն է։ Նույն իրավիճակը «Պապլավոկի» այգում է։ Բայց դա հո զվարճանքի տեղ չէ՞, դա նախատեսված է զբոսնելու համար։ Օպերային թատրոնի տարածքում էլ այդ թափթփված վիճակը պետք է մաքրվի։ Եթե բատուտի տերերն են որոշում քաղաքի ճակատագիրը, քաղաքապետարանն այդ դեպքում ի՞նչ է անում։ Այդ ճանապարհով գնալով՝ ո՞նց կարելի է խոսել տուրիզմի զարգացման մասին։ Կցանկանայի անդրադառնալ նաեւ Օպերային թատրոնի տարածքում գործող ռեստորանների շրջակայքի փնթի վիճակի մասին։ Այդ օբյեկտների տերերը հազարավոր դոլարներ են աշխատում, բայց մեկի մտքով չի անցնում իր շրջակայքը մաքրել, հակառակը՝ մի բան էլ ծխում են եւ ծխախոտը գցում գետնին։ Օպերային թատրոնի շրջակայքի մասին խոսելիս չեմ կարող չանդրադառնալ նաեւ Հովհաննես Թումանյանի արձանի վիճակին։ Դրա վերեւի մասից քարերը պոկվում-ընկնում են։ Մեկի մտքով չի անցնում՝ արձանին տիրություն անի։
-Օպերայի բակում գործում է նաեւ կարաոկե, որն ունի «Մոսքոու» անվանումը։
-Դա անգրագիտություն է, եւ մեկը չկա՝ հետեւի ճիշտ հայերենին ու դիզայնին։ Ախր դա օպերային թատրոնի տարածքն է, մեր դեմքն է…
-Մյուս կողմից էլ քաղաքային երաժշտությունն է աղավաղվել։ Կոլորիտ է փչացել։ Օրինակ՝ Հյուսիսային պողոտայում անընդմեջ զուռնա-դհոլ է հնչում, հաճախ՝ անճաշակ երաժշտութուն։
-Այո՛, պետք է օրենք մշակվի, ըստ որի՝ այդ երաժշտությունը կենտրոնում հնչեցնելը կարգելվի։ Առհասարակ, պետք է ավագանին գնա փողոցից փողոց, ֆիքսի գովազդային ծանրաբեռնվածության աստիճանը, շինարարության մնացորդները, որոնց համար ոչ ոք չի տուգանվում։ Մեր քաղաքում կանաչապատ տարածքներն են քչանում… Հաղթանակի այգին, օրինակ, կամաց-կամաց չորանում է։ Ես չեմ հասկանում, թե ինչով են զբաղված Երեւանի ավագանու 64 անդամները։ Թող գործ անեն, թափառեն մայրաքաղաքում, խնդիրները ֆիքսեն, հետեւողական լինեն, որ դրանք լուծվեն։ Եթե նստած մնան, ոչ մի խնդիր չի լուծվի։ Ուղղակի ամոթ է։
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ԼԻԱՆԱՆ ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Է ԴԻՄԵ՞Լ
Երգչուհի Լիանան վեց տարվա ստեղծագործական դադարից հետո օրեր առաջ վերադարձավ երգարվեստ` երկրպագուներին ներկայացնելով «Շնորհավոր լինի» սպասված երգը: Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ձայնագրել է եւս մեկ երգ, որի հիման վրա մտադիր է կրկին նկարահանել տեսահոլովակ. «Այլ մանրամասներ չեմ հայտնի, որովհետեւ շատ է եղել, որ ասել եմ, ու մտքերս գողացել են, դրանք կյանքի կոչելու հարցում ոմանք ինձնից առաջ են ընկել»,-ասաց Լիանան։
Լիանայի վերադարձը շոու-բիզնես, սակայն, հանդարտ ընթացք չունեցավ։ Նոր տեսահոլովակում հանդես գալուց, սոցցանցերում լուսանկարներ հրապարակելուց հետո հանրությունը սկսեց բուռն կերպով քննարկել նրա արտաքինը։ Շատերը սկսեցին պնդել, որ երգչուհին վիրահատել է քիթը, մեծացրել է շուրթերի ծավալը։ Ինքը՝ Լիանան, սակայն, այլ բան է հավաստիացնում. «Ո՛չ, քիթս չեմ վիրահատել, բայց մյուս տարի անպայման վիրահատելու եմ, պատրաստվեք (ծիծաղում է)։ Եթե կարելի է շտկել արտաքին թերությունները, ձերբազատվել բարդույթներից, ինչո՞ւ չանել։ Հաճախ չեմ դիտում իմ մասնակցությամբ հեռուստահարցազրույցները միայն այն բանի համար, որ քիթս դուրս չի գալիս, հատկապես եթե ճիշտ ռակուրսից չեն նկարում։ Ես համարում եմ, որ բեմի մարդը պետք է աստիճանաբար կատարելագործվի, անգամ պարտավոր է դա անել, իհարկե, ոչ դեֆորմացվելու աստիճան»։
Ինչ վերաբերում է շուրթերի ծավալը մեծացնելու մասին խոսակցություններին, Լիանան նշեց. «Կարեւորը իմ արտաքինն ինձ դուր գա, չէ՞ որ առաջինը ես եմ հայելու մեջ ինձ նայում։ Ինչեւէ, ես շրթունքներս չեմ մեծացրել, բայց ասեմ նաեւ, որ երբեք էլ բարակ շուրթեր չեմ ունեցել։ Ուղղակի երբ նիհարում ես, մեխանիկորեն աչքերդ էլ են մեծանում, քիթդ էլ, բերանդ էլ ավելի արտահայտիչ է դառնում։ Եթե փոփոխության դիմած լինեի, կասեի, ես թաքցնելու խնդիր չունեմ։ Չեմ էլ վախենում մեկնաբանություններից։ Ինչ անում՝ չափի մեջ եմ անում, բայց եթե արտաքինս քննարկեն էլ, ոչինչ, դա նորմալ է»։
Լիանան վերջում շնորհակալություն հայտնեց իր երկրպագուներից, որոնք 23 տարի է՝ իր կողքին են եւ ստեղծագործական դադարի պահերին էլ շարունակել են սատարել իրեն։
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ