Լուսանկարն արվել է Սեւանա լճում
Այս կովերը մտել են Սեւանա լիճ եւ վայելում են լճի ջուրը: Հավանաբար նրանք լճից դուրս գալուց հետո մի փոքր արեւայրուք կընդունեն եւ կվերադառնան իրենց ախոռ:
Լուսանկարը` Գեւորգ Էմին-Տերյանի
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ երեխայի ծննդյան գրանցման համար որքա՞ն գումար պետք է վճարել եւ ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել:
Հերմինե Նշանյան (26 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ծննդի պետական գրանցման, ներառյալ վկայական տալու համար պետական տուրք չի գանձվում: Երեխայի ծննդի գրանցման համար ներկայացվում է գրավոր հայտարարություն. ծնողների եւ դիմողի անձը հաստատող փաստաթուղթ, երեխայի ծննդի ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկություններ լրացնելու համար հիմք համարվող փաստաթղթեր, երեխայի ծնունդը հաստատող փաստաթուղթ՝
ծննդյան մասին սահմանված ձեւի փաստաթուղթ` տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որտեղ տեղի է ունեցել ծնունդը, կամ
ծննդյան մասին սահմանված ձեւի փաստաթուղթ` տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որը ցուցաբերել է բժշկական օգնություն ծննդի ժամանակ, կամ
ծննդյան մասին սահմանված ձեւի փաստաթուղթ` տրված ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական գործունեությամբ զբաղվող անձի կողմից` բժշկական կազմակերպությունից դուրս ծննդի դեպքում, կամ
բժշկական կազմակերպությունից դուրս եւ առանց բժշկական օգնություն ցուցաբերելու ծննդի դեպքում՝ ծննդյան մասին սահմանված ձեւի գրավոր հայտարարություն` տրված ծննդի ժամանակ ներկա գտնված անձի կողմից, եւ երեխայի առողջության մասին բժշկական կազմակերպության տված տեղեկանք:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ վերը նշված փաստաթղթերի բացակայության դեպքում երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է երեխայի ծննդաբերության փաստը հաստատող, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:
ՀԱՐՑ. Ովքե՞ր ունեն հաշմանդամության կենսաթոշակի իրավունք եւ ի՞նչ է անհրաժեշտ այն ստանալու համար:
Սուսաննա Գեւորգյան (42 տարեկան, դաստիարակ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Գեւորգյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել`
1) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետեւանքով, անկախ աշխատանքային ստաժից,
2) ընդհանուր հիվանդության, մանկուց հիվանդության, բնական, տեխնածին եւ այլ աղետների հետեւանքով, եթե հաշմանդամություն սահմանելու ժամանակ ունեցել են հետեւյալ աշխատանքային ստաժը.
Տարիքային խումբը Աշխատանքային ստաժը` օրացուցային տարիներով
մինչեւ 23 2 տարի
23-ից մինչեւ 26 3 տարի
26-ից մինչեւ 29 4 տարի
29-ից մինչեւ 32 5 տարի
32-ից մինչեւ 35 6 տարի
35-ից մինչեւ 38 7 տարի
38-ից մինչեւ 41 8 տարի
41-ից մինչեւ 44 9 տարի
44-ից բարձր 10 տարի
Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք չունեցող հաշմանդամներին նշանակվում է հաշմանդամության նպաստ:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ հաշմանդամության կենսաթոշակի հաշվարկման կարգի՝ հաշմանդամության հիմնական կենսաթոշակի չափը կազմում է`
1) առաջին խմբի համար՝ հիմնական կենսաթոշակի 120 տոկոսը,
2) երկրորդ խմբի համար՝ հիմնական կենսաթոշակի 100 տոկոսը,
3) երրորդ խմբի համար՝ հիմնական կենսաթոշակի 80 տոկոսը:
Կենսաթոշակը սահմանվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար: Նշենք, որ հաշմանդամության խումբը փոխվելու դեպքում կենսաթոշակը նոր չափով վճարվում է այդ հանգամանքի առաջացման ամսին հաջորդող ամսվա 1-ից: