«Միշտ էլ շնորհակալ ենք եղել Սամվել Կարապետյանին». Հրաչյա Ռոստոմյանն իրեն փոքր մարդ չի համարում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Անցած շաբաթ սպորտի ոլորտում սկանդալ եղավ՝ սպորտի երիտասարդ նախարար, Գագիկ Ծառուկյանի հովանավորյալ Հրաչյա Ռոստոմյանն անզգուշություն ունեցավ Սամվել Կարապետյանին քննադատելու՝ Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հրաժարվելու համար, ինչին արձագանքեցին ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակից՝ նախարարին «փոքր մարդ» որակելով։

Այս բախման, Սամվել Կարապետյանի հրաժարականի պատճառների մասին զրուցեցինք սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ։

– Ինչո՞վ կբացատրեք անցած շաբաթ բարձրացած աղմուկը, պնդո՞ւմ եք Ձեր հայտարարությունը։

– Հայտարարությունն ինչ որ հնչեցրել եմ, նույն կարծիքին եմ, պետք է նշեմ հետեւյալը․ այո, երբ երեք ամիս առաջ աշխարհի առաջնություններից ֆեդերացիան կանգնեց փաստի առաջ, մենք  կարողացանք արագ կողմնորոշվել․ ե՛ւ պարոն Ծառուկյանի եռանդուն ջանքերի շնորհիվ, ե՛ւ անմիջական հետեւանքների շնորհիվ ունեցանք բարձր արդյունք ու բարձր պահեցինք մեր երկրի պատիվը։

Միեւնույն ժամանակ նորից պետք է կրկնեմ, որ այդ եւ նախորդ արդյունքները հետեւողական աշխատանքի եւ մեծ ներդրումների շնորհիվ են, Սամվել Կարապետյանի շնորհիվ, որը մեր մարզաշխարհը գնահատում է, եւ միշտ էլ շնորհակալ ենք եղել։ Այսինքն՝ այն, ինչ որ ասել եմ, եւս մեկ անգամ հաստատում եմ։

– Իսկ ինչո՞ւ հրաժարական տվեց Սամվել Կարապետյանը։

– Ես դրա մասին չգիտեմ, իրենց մամուլի ծառայությունից հարցրեք։

– Քաղաքական հիմքե՞ր կային, թե՞ ըմբշամարտի ոլորտն այլեւս  հետաքրքրություն չէր ներկայացնում նրա համար։

– Դա Ձեր կարծիքն է։

– Իսկ Ձե՞րը։

– (Չի պատասխանում)։

– Դուք ոլորտի պատասխանատուն եք, չե՞ք հետաքրքրվել, թե ինչու է Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը հրաժարական տվել։

– Ոչ, չեմ հարցրել, իրենց Դուք հարցրեք։

– Կարեն Կարապետյանի գրասենյակից համարեցին, որ Դուք «փոքր մարդ» եք, որ գնահատեք։

– Նախեւառաջ ասեմ, որ փորձում եմ տարբեր գրասենյակների հայտարարություններ չմեկնաբանել։ Սակայն պետք է նշեմ, որ ես սպորտի նախարար նշանակվել եմ վարչապետի առաջարկով եւ ՀՀ նախագահի հրամանագրով, ուստի իմ գործողություններին գնահատական կարող է տալ միայն մարզաշխարհը, կառավարության ղեկավարը եւ, իհարկե՝ հանրապետության նախագահը։

Մնացած, այդ եռանկյունուց բացի, որեւէ այլ մեկնաբանություն չեմ մեկնաբանում, հատկապես, որ երիտասարդ կյանքում էնքան հայտարարություններ ու մեկնաբանություններ եմ լսել, հերիք է…

– Ուզում եք ասել, որ չե՞ք վիրավորվել, որ Ձեզ «փոքր մարդ» են ասել։

– Այդ կարգի ելույթներին ուշադրություն չեմ դարձնում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս