«168 ժամ» թերթը գրում է. «Սարգսյանի վերջնագիրը Թուրքիային ինձ համար բավականին հետաքրքիր թվաց, քանի որ վստահ եմ՝ Սարգսյանը գիտի, որ Էրդողանը չի արձագանքելու այդ վերջնագրին՝ վավերացնելով այդ արձանագրությունները, ինչպես երեք տարի առաջ, երբ Սարգսյանը կրկին անդրադարձել էր արձանագրություններին:
Կարծում եմ՝ այս անգամ ելույթի թուրքական հատվածի հասցեատերն այն միջազգային հանրությունն էր, որը Սարգսյանի հետ ֆուտբոլային դիվանագիտության, ապա՝ ցյուրիխյան արձանագրությունների նախաձեռնողն էր: Նախաձեռնողների թվում նաև Մոսկվան էր, որն այդ շրջանում որոշակի խնդիրներ էր փորձում լուծել»,- «168 ժամ»-ի հետ զրույցում անդրադառնալով ՄԱԿ ԳԱ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ այս մասին ասել է թուրք քաղաքագետ Ջենգիզ Աքթարը:
Նա նշել է, որ Ս. Սարգսյանը փորձեց դուրս գալ «թելադրված ռուսական օրակարգից»՝ փորձելով հավատարմություն հայտնել Արևմուտքին՝ Թուրքիայի հետ հարաբերությունների և աշխարհում Թուրքիայի ներկայիս դերակատարության ընկալման մասով: Թուրք գործչի որակմամբ՝ սա հետաքրքիր ժեստ էր:
Իր հերթին՝ Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանն ասել է, որ Ս. Սարգսյանն իր ելույթով փակեց այն դուռը, որը բացել էր Թուրքիայի համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Սակայն, ըստ նրա, խոսքը պարզապես այս փուլի մասին է, և ՀՀ իշխանություններն այնուամենայնիվ ապագայում ևս ձգտելու են հայ-թուրքական սահմանի բացմանը, որը ներկայումս անիրատեսական է»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: