Ոստիկանությունը պարզել է «Հայաստանի կարմիր գրքում» գրանցված սպիտակագլուխ անգղերին սպանած երեք անձանցից երկուսի ինքնությունը: Ինչպես «Արմենպրես»- ին տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, դրանք են Ա. Մկրտչյանը և Յ. Պողոսյանը: Ձեռնարկվում են միջոցառումներ երրորդ անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանության Արմավիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր: Հանգամանքները պարզվում են:
Հոկտեմբերի 4-ին «Econews.am» լրատվական կայքում տեղադրվել էր «Ահազանգ. որսացել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղներ» հոդվածը, որտեղ առկա էին նաև որս կատարողների լուսանկարներ՝ անգղները ձեռքներին: Ստուգումներով պարզվել է նաև, որ նկարներում երևացող մեքենայի համարանիշը 02.08.2013 թվականին հանձնվել է, և այլ տրանսպորտային միջոցի չի տրամադրվել: Հետևաբար, դեպքը 2013 թվականից հետո տեղի ունենալ չէր կարող
Նշենք, որ սպիտակագլուխ անգղը վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Ընդգրկված է նաև Հայաստանի Կարմիր գրքում:
Արթուր Մկրտչյանը համայնքի ղեկավար է 2005թ.-ից, իսկ մինչ համայնքի ղեկավար ընտրվելն աշխատաքային այլ գործունեություն չի ունեցել: Վերջինս նաև կուսակցական պատկանելություն ունի՝ ՀՀԿ-ական է: Արմավիրի մարզի Շենավան համայնքը ունի մոտ 1600 բնակիչ: