Նախօրեին Երևանում կայացել է առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը:
Նիստի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը և Լիտվայի Հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար Ռոլանդաս Տառաշկյավիչուսը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Լիտվայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության 2018-2019 թվականի գործողությունների պլան» փաստաթուղթը:
Պլանով նախատեսվում է խթանել երկկողմ համագործակցությունն ագրարային ոլորտում և մեկ տարվա ընթացքում իրականացնել մի շարք համատեղ գործողություններ: Մասնավորապես, գյուղատնտեսական ապահովագրական համակարգի ոլորտում Լիտվան հայկական կողմին կտրամադրի խորհրդատվություն և մեթոդոլոգիական աջակցություն:
«Լիտվայում արդեն գործում է գյուղատնտեսական ապահովագրական համակարգ, որը ուսումնասիրելու ենք, և եթե լինեն Հայաստանի համար հետաքրքրական տարրեր, ապա կփորձենք ապագայում այն կիրառել այստեղ»,- նշել է Արմեն Հարությունյանը:
Բացի այդ, կողմերը համագործակցելու են նաև անասնապահության ոլորտում, մասնավորապես փորձի փոխանակում են իրականացնելու այծաբուծական տնտեսությունների զարգացման և կաթնամթերքի արտադրության բնագավառում: Այդ նպատակով Հայաստանից պատվիրակիություն է մեկնելու Լիտվա, որտեղ ներգրավված են լինելու նաև այծաբուծությամբ և այծի կաթից ստացվող պանրի արտադրությամբ զբաղվող անհատները:
Գոհունակություն հայտնելով հայ-լիտվական փոխգործակցության ներկա բարձր մակարդակով` Ռոլանդաս Տառաշկյավիչուսը նշել է, որ 2016 թվականին ստորագրված գործողությունների ծրագիրը հաջողությամբ իրականացվել է ի օգուտ կողմերի և այսօր արդեն Հայաստանն ու Լիտվան համատեղ ծրագրերի իրականացման նոր քայլ են կատարում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին