Ոնց որ թագավոր լինեն, կինոմիությունն էլ՝ իրենց ժառանգությունը․ կրքեր՝ միության նախագահի ընտրություններին ընդառաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 7-ին կայանալու է Կինեմատոգրաֆիստների միության արտահերթ համագումարը, որի շրջանակում ընտրվելու է միության նոր նախագահ եւ վարչություն:

Որպես նախագահի թեկնածու առաջադրվելու են Վահե Գեւորգյանցը` միության նախկին նախագահ Ռուբեն Գեւորգյանցի որդին, Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, Հարություն Խաչատրյանը, որն իր դիմումի համաձայն ազատվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից:

Որպես հնարավոր թեկնածուներ շրջանառվում են նաեւ Էդգար Բաղդասարյանի, Միքայել Դովլաթյանի եւ Գոռ Վարդանյանի անունները։ «Ժողովուրդ»-ը կինոգործիչների հետ զրուցել է սպասվելիք համագումարի, ընտրությունների կարեւորության, կինոմիության կարիքների, այս տարիների բացթողումների եւ այլ թեմաների շուրջ։

«Ավդոյի ավտոմեքենան», «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո», «Քաոս», «Մորգանի խնամին» ու 30-ից ավելի այլ ֆիլմերի օպերատոր, կինոմիության անդամ Լեւոն Աթոյանցը մեզ հետ զրույցում շեշտեց՝ միությունը պետք է այնպիսի մեկը ղեկավարի, ով հարգանք է վայելում Հայաստանում, ով կարող է միությանը փող բերել, կորցրածը վերականգնել.  «Վերջին 15 տարում միությունը թալանեցին, միայն շաքարավազ ու լոբի էին բաժանում անդամներին, դա ենք տեսել։ Այնինչ՝ նախկինում ընտանիքներով կինոտուն էինք գնում, միությունն ուներ սրճարաններ, դահլիճներ, ամբողջը թալանել են…Երեք սենյակ է մնացել, սաղ ծախել են»,-ասաց պարոն Աթոյանցը։

Անդրադառնալով միության նախագահի թեկնածուներին՝ օպերատորը նկատեց. «Հարություն Խաչատրյանն, օրինակ, կարող է միությունը ոտքի կանգնեցնել, բայց, օրինակ, Վահե Գեւորգյանցն ի՞նչ կապ ունի մեր միության հետ։ Նա ջահել տղա է, ասում է՝ միությունը պապս է ստեղծել, հերս շարունակել է նրա գործը, հիմա էլ ես եմ ուզում, ոնց որ թագավոր լինեն, կինոմիությունն էլ իրենց ժառանգությունը։ Ախր դա մեծ տուն է, հիմնարկ… Որ զարգացած երկիր մտնես՝ կինոմիությունը ծաղկում է։ Մենք էլ կարող էինք դա անել, օրինակ, դահլիճները վարձակալության տալու միջոցով»։

Մեր զրուցակիցը շեշտեց, որ կինոմիությունը այս տարիների ընթացքում ունեցել է մի շարք անդառնալի կորուստներ. «Միության 90 տոկոսը ծախել են ուրիշ հիմնարկների, ընդամենը երեք սենյակ է մեզ մնացել, գողացել են։ Դիլիջանում սեփական հանգստի տուն ունեինք՝ քոթեջներով, դահլիճներով, լողավազաններով, դա էլ ծախեցին։ Պիժոն-պիժոն էին խաղում, մասսոն էին դարձել, ինչ էին արել»։

Կինոռեժիսոր, կինոմիության անդամ Էդգար Բաղդասարյանը, որի անունն, ինչպես նշեցինք, եւս շրջանառվում էր հնարավոր թեկնածուների թվում, մեզ հետ զրույցում նշեց, որ առաջադրվելու ցանկություն չունի. «Չեմ կարծում, թե դա ինձ պետք է այս պահին։ Բայց ասեմ, որ հայ կինոն այսքան վտանգավոր իրավիճակում դեռ երբեք չի հայտնվել։ 25 տարվա մեջ չկարողացանք կինոգործիչներով միավորվել, ամեն մեկի էգոն իրեն խեղդում էր։ Դա նպաստեց այն բանին, որ եկանք, հասանք այս վիճակին»։

Է. Բաղդասարյանն անդրադարձավ Վահե Գեւորգյանցի այն հայտարարությանը, թե վերջինս ընտրվելու դեպքում չի պատրաստվում ոչինչ փոխել. «Կատեգորիկ կերպով չի կարելի ամեն ինչ նույնը թողել։ Կինոմիության ներկա վիճակից վատ լինել չի կարող։ Տարածքներ չունենք, դահլիճ չունենք, հեղինակություն չունենք։ Այս պարագայում առնվազն տարօրինակ է նման մոտեցումը։

Իսկ, առհասարակ, շատ հարգելով Վահե Գեւորգյանցին՝ պետք է ասեմ, որ չեմ կարծում, թե ինքն այն մարդն է, որը պետք է գրավի միության նախագահի պաշտոնը, որովհետեւ ինքը չունի այդ հեղինակությունը կինոոլորտում, իսկ մեզ պետք է հեղինակավոր, պատմություն թողած մեկը»,- շեշտեց նա։

Ռեժիսորի համոզմամբ՝ եթե այսպես շարունակվի, մեկ-երկու տարի անց մենք կինոմիություն չենք ունենա. «Որովհետեւ միության շենքի վրա լիքը աչք կա»,-ասաց նա։

Է. Բաղդասարյանը առաջ քաշեց մեկ այլ կարեւոր հարց եւս. «Մենք ունենք վերահսկիչ հանձնաժողով, ճիշտ կլինի, որ հանձնաժողովը պարզի՝ այս տարիների ընթացքում ինչ գույք ենք կորցրել, ինչն ենք վաճառել, ինչն ենք թողել։ Սա պարտադիր բան է։ Եթե դրանից խուսափեն, այդ պարագայում հարցեր կառաջանան։ Համագումարը միայն միության նախագահ ընտրելու համար չէ, այլեւ նման քննարկումներ անցկացնելու»։

Ռեժիսոր Լուսինե Սարգսյանն էլ, խոսելով միության գործունեության բացթողումների մասին, ընդգծեց՝ շատ կարեւոր է, որ այն միջազգային ֆոնդերի միջոցով նպաստի կինոյի զարգացմանը. «Հազար ու մի ծրագիր կա՝ կինեմատոգրաֆիստներին միավորելու, այդ ամենը կազմակերպելու եւ, ի վերջո, կինոն այս ճգնաժամից հանելու համար։ Հարցը միայն միության դահլիճի գործարկումը չի, այլեւ այն, թե այդ դեպքում այնտեղ ինչ միջոցառումներ կկազմակերպվեն»,-եզրափակեց ռեժիսորը։

Աննա Բաբաջանյան




Լրահոս