Հաջորդ հանդիպումը՝ այս շաբաթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս շաբաթ տեղի կունենա Ժիրայր Սէֆիլյանի առաջարկով ազգային դիմադրության ճակատ եւ ժողովրդական ընդվզման նախապատրաստելու երկրորդ հավաքը: Օրեր առաջ՝ հոկտեմբերի 30-ին, տեղի է ունեցել առաջին հավաքը, որին Սէֆիլյանի մատնանշած 31 անձանցից մասնակցել է մոտավորապես 18 հոգի, սակայն եւս երկու հոգի՝ Դավիթ Սանասարյանն ու Ստյոպա Սաֆարյանը, հարգելի պատճառներով բացակայել են եւ, ամենայն հավանականությամբ, հաջորդ հանդիպմանը ներկա կլինեն:

Հանդիպմանը մասնակցածների թվում են «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, Կարապետ Ռուբինյանը եւ այլք:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ով Թամար Հովհաննիսյանի հետ իրականացնում է կազմակերպչական աշխատանքները, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե քննարկումներից հետո նախատեսվում է հռչակագիր ընդունել, որում ամրապնդված կլինեն ընդհանուր մոտեցումները: Մակեյանի խոսքով՝ դա կլինի ընդհանուր կազմի հաստատումից հետո:

Վերջինս մեզ հետ զրույցում չթաքցրեց, որ քննարկման ընթացքում տարակարծություններ, տարբեր տեսակետներ են եղել, օրինակ՝ մասնակից Արմինե Առաքելյանն առաջարկել է քննարկումներն անցկացնել հրապարակային եւ նաեւ ուղիղ եթերի ապահովմամբ, ինչն ընդհանուր մասնակիցների հավանությանը չի արժանացել:

«Իմ կարծիքով, սկզբնական շրջանում հանդիպումները պետք է փակ ֆորմատով լինեն, իսկ հետագայում, իհարկե, բոլոր քայլերը պետք է հրապարակային լինեն: Այս հարցում տարաձայնություններ եղել են», – նշեց Մակեյանը:

Չի բացառվում, որ հաջորդ հավաքին մասնակիցների ցանկը փոխվի կամ սեղմանա, չնայած այն հանգամանքին, որ Պետրոս Մակեյանի վստահեցմամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սեյրան Օհանյանը եւս դեմ չեն հանդիպումներին: «Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանում չէ, խոստացել է գալուց հետո մասնակցել, Սեյրան Օհանյանը եւս Հայաստանում չէ, իր հետ պետք է հանդիպեմ, իսկ Վարդան Օսկանյանից առհասարակ տեղեկություն չունեմ», – նշեց նա:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սէֆիլյանը նամակ էր հղել, որում մատնանշել էր այն հասարակական-քաղաքական գործիչների անունները, ովքեր պետք է ազգային դիմադրության շարժում ստեղծեն: Աշխատանքների պատասխանատվությունն էլ նա հանձնել էր Պետրոս Մակեյանին եւ Թամար Հովհաննիսյանին:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս