Առնո Բաբաջանյան համերգասրահում այսօր տեղի է ունեցել Ոսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառում, որի ընթացքում հայտարարվել են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հաղթողների անունները:
Ուսուցչի օրվա կապակցությամբ ներկաներին իր ուղերձն է հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, որում, մասնավորապես, նշված էր. «Անգնահատելի է ձեր դերը ոչ միայն գիտելիքների փոխանցման, այլև սերունդների դաստիարակության գործում: Ձեզնից ու ձեր աշխատանքից է մեծապես կախված, թե ինչ արժեհամակարգ կունենա վաղվա մեր հասարակությունը: Սերունդ կրթելը բարդ ու պատասխանատու առաքելություն է, որն անսահման նվիրում է պահանջում, ու հենց այդ նվիրումն է, որ ուսուցչի մասնագիտությունը վերածում է կոչման:
Այսօր մենք գտնվում ենք բարեփոխումների կարևոր փուլում: Կրթությունն այն ոլորտն է, որի զարգացումը թե՛ մեր սերունդներին, թե՛ մեր երկիրը դարձնելու է ավելի մրցունակ, ժամանակակից և աշխարհին ավելի բաց: Կրթության բարձր որակի ապահովումը ներկայումս ավելի, քան երբևէ առաջնային է մեզ համար: Եվ դա այն մարտահրավերն է, որը մենք կարող ենք հաղթահարել միայն միասին՝ ձեզ հետ համատեղ»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, շնորհավորելով ներկաներին Ուսուցչի օրվա կապակցությամբ, նշել է, որ հասարակությունը կրկին սկսում է արժևորել, թե ինչ կարևոր առաքելություն ունի Ուսուցչի օրը: «Եթե ցանկանում ենք, որ այս տարածքում յուրատեսակ քաղաքակրթություն ստեղծող մեր ժողովուրդը վստահորեն նայի դեպի ապագա, ապա պետք է կարողանանք ապահով ձեռքեր փոխանցել մեր վաղվա սերունդը:
Այս իմաստով ուսուցչի առաքելությունն անգնահատելի է, և սա է պատճառը, որ առաջիկայում հանրությանը կներկայացնենք «Ուսուցիչ» անունը կրող ծրագիրը:
Այն իր մեջ ամփոփում է այն բոլոր ուղղությունները, որոնց շրջանակում իրականացվող քաղաքականության շնորհիվ կկարողանանք տեսնել վաղվա ուսուցչի բոլորովին այլ կերպար՝ բարձր որակ ունեցող, իր գիտելիքների վրա վստահ, ազատ մտածող և ազատ ապրող, սոցիալապես ապահով մարդ, որին վստահում ենք մեր ապագա սերնդի ճակատագիրը:
Սա շատ կարևոր է պետության համար, և այս ուղղությամբ է լինելու մեր հանրակրթության քաղաքականության հիմնաքարը: Իբրև կրթության ոլորտի պատասխանատու՝ ցանկանում եմ նշել, ՀՀ կրթական համակարգն ամբողջությամբ կատարում է իր վրա դրած առաքելութունը, որի ապացույցը տեսնում ենք տարբեր ուղղություններով՝ ապրիլյան հերոսամարտ, աշխարհի բարձրակարգ բուհերում սովորող ուսանողների որակ, նվիրվածություն ընտանքին և ավանդույթներին: Եվ այս ամենում կարևոր դերակատարում ունեն մեր ուսուցիչները:
Այս տարիների ընթացքում ունենք լավագույն մանկավարժների մի ամբողջ բանակ, որոնց փորձը, ցավոք, բավարար չենք օգտագործում: Այսուհետ պետք է անենք հնարավորը, որպեսզի մեր լավագույն մանկավարժների և կրթական հաստատությունների փորձը հասանելի լինի ամբողջ հանրապետությունում: Վստահ եղեք, որ առաջիկայում շոշափելիորեն փորձելու են փոխել ուսուցչի դերակատարումը, կարգավիճակը և, ընդհանրապես, դպրոցի դերը մեր հասարակության կյանքում»,-նշել է նախարար Լևոն Մկրտչյանը:
«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթում հաղթող է ճանաչվել ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 20 հիմնական դպրոցի անգլերենի ուսուցիչ Օհաննա Ավետիսյանը, «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթում՝ ՀՀ Արարատի մարզի Արարատի թիվ 1 մանկապարտեզի դաստիարակ Գոհարիկ Խուրշուդյանը, իսկ «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթում՝ ՀՀ Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցի տնօրեն Մերի Գանդալյանը: Տարվա լավագույն ուսուցչին և դաստիարակին ՀՀ վարչապետի կողմից տրվել են ավտոմեքենաներ, իսկ տարվա լավագույն տնօրենին` համակարգիչ:
Մի շարք վաստակաշատ մանկավարժներ արժանացել են ՀՀ վարչապետի «Հուշամեդալի» և շնորհակալագրերի: