Այսօր Լևոն Արոնյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային գրոսմայստեր, աշխարհի կրկնակի գավատաթիր Լևոն Արոնյանը ծնվել է 1982թ.-ի հոկտեմբերի 6-ին Երևանում: 2005թ.-ին եղել է աշխարհի գավաթակիր, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ և 38-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011թ. աշխարհի թիմային առաջնության հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Բիլբաո–Մեծ սաղավարտի հաղթող, 2009թ.-ի արագ շախմատի աշխարհի չեմպիոն, 2008թ.-ի և 2009թ.-ի Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010թ.-ի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 1999թ.-ի Հայաստանի չեմպիոն: 2011թ.-ին Մոնակոյում նա մասնակցել է «կույր» և արագ շախմատի «Ամբեր» ավանդական մրցաշարին և դարձել նրա վերջին հաղթողը (մրցաշարն այլևս չի անցկացվելու):

Երկու տարի անընդմեջ` 2005թ.-ին և 2006թ.-ին, մարզական լրագրողների հարցմամբ ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ: 2011թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ անհատական վարկանիշով աշխարհի 3-րդ շախմատիստն է (2807): Նրա հայրը՝ Գրիգորի Արոնովը, ֆիզիկոս-բյուրեղագետ է, մայրը՝ Սեդա Արոնյանը՝ լեռնային ճարտարագետ:

Շախմատ խաղալ սովորել է ինը տարեկանում քրոջից: Մանկության տարիներին նրա մարզիչը եղել է ներկայումս գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը: Տարիներ անց նրան մոտ կես տարի մարզել է գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը, որի հետ պարապմունքների ժամանակ Արոնյանը յուրացրել է շախմատի բազմաթիվ նրբություններ:

1994թ.-ին Հունգարիայի Շեգեդ քաղաքում դարձել է մինչև 12 տարեկանների աշխարհի չեմպիոն: Այդ առաջնությունում նա իրենից հետ է թողել ապագա բարձրակարգ գրոսմայստերներ Էթիեն Բաքրոյին (Ֆրանսիա), Ռուսլան Պոնոմարյովին (Ուկրաինա), Ֆրանսիսկո Վալիեխոյին (Իսպանիա) և Ալեքսանդր Գրիշչուկին (Ռուսաստան):

Այդ առաջնությունում հաղթելու համար Արոնյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում: 1995թ.-ին Փարիզում Արոնյանը հաղթել է մինչև 14 տարեկանների արագ շախմատի աշխարհի առաջնությունում: 1996թ.-ին դարձել է միջազգային վարպետ: 1997թ.-ին Արոնյանը նվաճել է «Կասպարովի գավաթը»: 1999թ.-ին դարձել է Հայաստանի չեմպիոն և ընդգրկվել Հայաստանի հավաքականի կազմում, որը Բաթումում դարձավ Եվրոպայի չեմպիոն:

2000թ.-ից միջազգային գրոսմայստեր է: 2002թ.-ին Հնդկաստանում նա նվաճել է մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոնի կոչումը: 2001թ.-ից ապրում է Գերմանիայում, սակայն շարունակում է ներկայացնել Հայաստանը, որը համարում է իր հայրենիքը` «Գերմանիայում ինձ լավ եմ զգում, սակայն… դա իմ հայրենիքը չէ»: 2003թ.-ին դարձել է Ֆիշերի շախմատի (շախմատ 960) գծով Մայնցի մրցաշարի հաղթող:

2005թ. Հիկարու Նակամուրայի և Բորիս Ավրուխի հետ համատեղ հաղթել է Ջիբրալթարի մրցաշարում, իսկ Ստեփանակերտի մրցաշարում դարձել է միանձնյա հաղթող` առաջ անցնելով նույն Նակամուրայից և ուկրաինացի Վասիլի Իվանչուկից: Այդ հաղթանակներով սկսվել է Արոնյանի վերելքը և նա ներխուժել է շախմատային էլիտա:

2010թ.-ի նոյեմբերին առաջին անգամ հաղթահարել է 2800 միավորի սահմանը (2801) և դարձել աշխարհում վեցերորդ շախմատիստը (աշխարհի չեմպիոններ Գարի Կասպարովից, Վլադիմիր Կրամնիկից, Վիշվանաթան Անանդից, Վեսելին Տոպալովից, ինչպես նաև նորվեգացի Մագնուս Կառլսենից հետո), որին հաջողվել է հաղթահարել անհատական վարկանիշի այդ գերգրոսմայստերական նիշը:

2015թ.-ի ապրիլին Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի թիմային առաջնությանը (Ծաղկաձոր), որտեղ հավաքականը նվաճեց բրոնզե մեդալներ, իսկ Լևոնն առաջինն էր առաջին խաղատախտակի վրա (9 հնարավորից 6 միավոր)։

Հունիսին Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայացած Norway Chess 2015 գերմրցաշարում չափազանց անհաջող ելույթից հետո (1 հաղթանակ, 4 պարտություն և նախավերջին տեղ)` Լևոնը երկամսյա դադար է վերցրել և չի մասնակցել որևէ մրցաշարի։ Նրա վերադարձը շատ հաջող էր։

Օգոստոս-սեպտեմբերին նա հիանալի ելույթ է ունեցել «Սինքֆիլդի գավաթ – 2015» գերմրցաշարում (Սենտ Լուիս, ԱՄՆ), որը չափազանց բարձր` 22-րդ կարգի էր։ Այդ մրցաշարը բացառիկ էր նրանով, որ առաջին անգամ մասնակիցների ուղիղ կեսը` 5 գրոսմայստեր, անհատական վարկանիշով գերազանցում էր 2800-ը։

Լևոնը տարել է երեք հաղթանակ (երեքն էլ ԱՄՆ-ի ներկայացուցիչների` Կարուանայի, Սոյի և Նակամուրայի նկատմամբ), մյուս պարտիաներն ավարտել ոչ-ոքի և, 1 միավորով առաջ անցելով մոտակա մրցակիցներից, 6 միավորով միանձնյա զբաղեցրել առաջին հորիզոնականը։ Անհատական վարկանիշը Լևոնը բարձրացրել է 19,1 կետով։

2016 թվականի մարտի 10-29-ին Լևոն Արոնյանը Մոսկվայում մասնակցել է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին և բաժանել 4-7-րդ տեղերը: Ապրիլին Լևոն Արոնյանը մասնակցել է Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայացած Altibox Norway Chess 2016 մրցաշարին և մրցաշարում զբաղեցրել 2-րդ տեղը:




Լրահոս