Ուսուցչի տոնին նվիրված Արցախում ևս տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱՀ կրթության, գիտության և սպորտի (ԿԳՍ) նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն՝ նվիրված Ուսուցչի տոն օրվան:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ըստ «Արցախպրես»-ի թղթակցի՝ միջոցառմանը պարգևատրվել են այն ուսուցիչները, ովքեր ԱՀ ԿԳՍ նախարարության կողմից հայտարարված «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն զինղեկ» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի անվանակարգերում առաջին տեղ են գրավել. հայտ ներկայացրած 18 հոգուց 10-ը հաղթող է ճանաչվել:

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը ողջունելով ու շնորհավորելով մանկավարժներին, շնորհակալություն է հայտնել բոլոր այն ուսուցիչներին, ովքեր զինվորագրվել են մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործին:

«Այսօր մենք գնահատում ենք լավագույններին, բայց այս տոնն առիթ է, որ մեր երախտագիտւթյունը հայտնենք նաև նրանց, ովքեր պատվով են շարունակում իրենց մեծ առաքելությունը: Անգամ պատերազմի տարիներին մեր ուսուցիչները նկուղներում չեն դադարեցրել իրենց մանկավարժական գործունեությունը:Այսօր և միշտ մենք պետք է կարողանանաք կրթել ու դաստիարակել այնպիսի սերունդ, ովքեր պատրաստ կլինեն վաղվա մարտահրավերները հաղթահարել:

Այս թոհ ու բոհի մեջ՝ հարափոփոխ աշխարհում,պետք է այնպիսի կրթված սերունդ դաստիարակենք, ովքեր իրենց ստացած գիտելիքները կկարողնան կյանքում լիարժեք օգտագործել:Մենք հպարտ ենք մեր երիտասարդ սերնդով.նրանք ապրիլյան իրադարձությունների ժամանակ ապացուցեցին, որ իրենք դաստիարակված ու հայրենասեր հայորդիներ են՝ պատրաստ հերոսության ու անձնազոհության»,- մասնավորապես ասել է Ն. Աղաբալյանը:

«Տարվա լավագույն ուսուցիչ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան N 4 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նորա Թամրազյանը. նա պարգևատրվել է նախարարության պատվոգրով և ստացել 300 հազար դրամ:

«Մեր հասարակությունը նվիրյալ ուսուցիչների կարիք շատ ունի: Ուսուցիչը կոչված է իր աշակերտին կրթելու, դաստիարակելու այնպես, որ դպրոցն ավարտած ցանկացած մարդ պատրաստ լինի պաշտպան կանգնել հայրենիքին, լինի մեր նորանկախ հանրապետության արժանի քաղաքցի:

Մասնագիտական տոնի առթիվ շնորհավորում եմ բոլորիս: Ցանկանում մեր երկրին խաղաղություն, որ խաղաղ պայմաններում մատաղ սերունդը կարողանա լիարժեք կրթություն ու դաստիարակություն ստանա»,-ըստ էության նշել է Ն. Թամրազյանը:

«Սիրտս նվիրում եմ երեխաներին» անվանակարգում հաղթող ճանաչված Մարտունու N 1 պետական մանկապարտեզի դաստիարակ Ալինա Հայրապետյանը ևս պարգևատրվել է նախարարության պատվոգրով և ստացել 105 հազար դրամ:

Մեզ հետ զրույցում Ա. Հայրապետյանն ասել է, որ ինքը շատ ուրախ ու հպարտ է նման պարգևի արժանանալու համար:

«Դաստիարակությունն սկսվում է հենց մանկապարտեզից: Մենք հոգով եմ կապված երեխաների հետ: Մանուկների աշխարհը մաքուր է,պարզ ու հեքիաթային:Երեխաների ապրումներով ու հույզերով ոգևորված՝ մենք մանկապարտեզում ևս մանկանում ենք, դառնում նրանց ընկերները»,- մասնավորապես ասել է Ա. Հայրապետյանը:




Լրահոս