«Ժողովուրդ» oրաթերթը տեղեկացավ, որ երեկ գրություն է ուղարկվել ՀՀ բոլոր բուժսպասարկում իրականացնողներին՝ տեղեկացնելով, որ ՀՀ տարածքում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգին միանալու համար այսուհետ պետք է վճարեն: Այս համակարգի մասին շատ է խոսվել, ըստ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի՝ այն առավել թափանցիկ է դարձնում բուժսպասարկման համակարգը եւ պարտադիր է բոլոր հիվանդանոցների համար: Ու հիմա պարզվում է, որ այդ պարտադիր թափանցիկության համար հիվանդանոցները պետք է նաեւ վճարեն՝ իրենց շրջանառության մինչեւ 1.5 տոկոսի չափով: Բայց վճարում են ոչ թե պետբյուջե, այլ «Էլեկտրոնային առողջապահություն ազգային օպերատոր» անհայտ ՓԲԸ-ին: Թե ով է որոշել այս գինը, ինչու այդքան ահռելի գումարներ պետք է վճարվեն անհայտ ՓԲԸ տնօրեն Ավետ Մանուկյանին, անհայտ է: Փաստն այն է, որ բուժսպասարկում իրականացնողները լրջագույն խնդրի առջեւ են կանգնել եւ հատկապես մարզերում, որ «հիվանդ են փախցնում» միմյանցից, հրաժարվում են կառավարության այս պահանջը կատարել: Իսկ նախարարությունից էլ պարզաբանում են, թե էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգը անփոխարինելի է, եւ բոլորը պետք է հնազանդվեն:
Դատախազության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որ երեկ քննարկվում էր ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում, նախատեսում է, որ այսուհետ գլխավոր դատախազի տեղակալները ընտրվելու են մրցույթի միջոցով: Մինչդեռ գործող կարգի համաձայն՝ հիմա նրանք նշանակվում են գլխավոր դատախազի առաջարկությամբ` ՀՀ նախագահի հրամանով: ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե այսկերպ վարվելը ճիշտ է. «Գլխավոր դատախազի տեղակալն այն մարդն է, ով ամեն պահի կարող է փոխարինել գլխավոր դատախազին: Այսինքն՝ ինքը եւս պետք է ունենա հանրային վստահության եւ ընկալելիության որոշակի չափանիշ, եւ, ամենակարեւորը, դա հենց գլխավոր դատախազին է անհրաժեշտ, որպեսզի իր տեղակալը լինի հանրային վստահություն վայելող անձ: Իսկ մրցութային կարգը դրա հնարավորությունը տալիս է»:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ օրերս պայթյուն է տեղի ունեցել Նուբարաշենի զորամասում. պայթել է զինանոցը: Բարեբախտաբար զոհեր ու վիրավորներ չկան: Ինչո՞ւ, ի՞նչ համակարգում է պայթել այն, արդյո՞ք միտում կա: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին: Սակայն նա նշեց, թե տեղի է ունեցել հրդեհ: «Որեւէ զորամասում որեւէ զինանոց չի պայթել։ Նշված ժամանակում եղել է հրդեհ հանդերձանքի պահեստում, որի պատճառով որեւէ անձ չի տուժել։ Հանգամանքները պարզվում են, տարվում Է ծառայողական քննություն»,- ասաց Հովհաննիսյանը։
Հայաստանի կառավարությունը արդեն մի քանի անգամ արտոնություններ է տալիս ե՛ւ «Սեւանի իշխան», ե՛ւ «Սեւան Ակվա» ընկերություններին: Վերջերս էլ կառավարությունը 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման հողատարածքներ տրամադրեց դրանց: Սա այն ընկերություններն են, որոնք Սեւանա լճում «բասեիններ» են սարքել, ձկներ են բուծում՝ վտանգելով լճի էկոհամակարգը: Բայց խոստումները` աշխատատեղեր ստեղծելու եւ ներդրումներ անելու մասին, դեռեւս իրականություն չեն դարձել: Բանն այն է, որ այս ընկերությունները պետք է 3 մլրդ դրամի ներդրում իրականացնեին, մոտ 150 աշխատատեղ ստեղծեին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրականում ընկերությունն ընդամենը 12-14 աշխատող ունի: Կառավարության կողմից նման բարեհաճությունը, իհարկե, պատահական չէ. այս ընկերությունների անունը կապվում է Սերժ Սարգսյանի խորհրդական Արամ Ղարիբյանի անվան հետ, նա նաեւ «Սեւանի իշխանի պաշարների վերականգնան եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահի տեղակալն է:
ԿՈՒՍԲՋԻՋՆԵՐԸ
Իշխող ՀՀԿ-ն փորձում է ամեն կերպ վարկաբեկել ու ոչնչացնել Հայաստանի կրթական համակարգը: Այլ կերպ դժվար է բնութագրել կրթական համակարգի նկատմամբ իշխանությունների՝ պարբերական բնույթ կրող ոտնձգությունները: Այս առումով ամենաակնառու քայլը կրթական համակարգի կուսակցականացումն է, երբ մանկավարժներին ստիպում են քծնել ու անմնացորդ ծառայել իշխանություններին, ընտրությունների ժամանակ աշխատել նրանց օգտին, ձայներ հավաքել, իսկ քվեարկության օրը գնալ ընտրակեղծիքի՝ այդպես հանցանք կատարելով պետության հանդեպ: Թվում էր՝ ԱԺ ընտրություններից առաջ բացահայտված նախընտրական սկանդալից իշխանությունները դասեր կքաղեն, երբ ինքնախոստովանական ձայնագրությունների հրապարակմամբ պարզվեց, թե ինչպես են դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններն իշխող ՀՀԿ օգտին ձայներ հավաքագրում եւ ցուցակները մարզպետարաններ, քաղաքապետարաններ եւ ՀՀԿ նախընտրական շտաբներ ներկայացնում: Առավել եւս, երբ այդ սկանդալին բուռն արձագանքեց նաեւ միջազգային հանրությունը: Բայց իշխանությունները ոչ միայն հետեւություններ չարեցին, այլեւ այսօր էլ շարունակում են կրթական համակարգը ծառայեցնել իշխող կուսակցությանը: Ասվածի ապացույցը Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում բացահայտված սկանդալն էր. այնտեղ ՀՀԿ սկզբնական կառույցի նիստ է անցկացվել, անդամատոմսեր են բաժանել: Դպրոցի տնօրեն Մերի Հակոբյանն էլ իր հարցազրույցում խոստովանել է, որ 23 ուսուցիչներից 20-ը ՀՀԿ-ական են եւ հավելել. «Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոցի ՀՀԿ նիստն է եղել, անդրանիկ: Այո՛, դպրոցի կուսակցական կառույցի նիստն է եղել»: Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն էլ մեզ հետ զրույցում փորձել է համոզել, թե օրենսդրական որեւէ խախտում չի եղել: «Ժողովը տեղի է ունեցել ժամը երեքն անց կես՝ դասերից հետո:… Մենք գտնում ենք, որ երեկ օրենքին հակասող ոչ մի բան տեղի չի ունեցել: …Հիմա Մեղրիում ո՛չ նախընտրական շրջան է, ո՛չ քարոզարշավ է>,- ասել է նա: Քիչ թե շատ գրագետ անձնավորություն գիտի, որ դպրոցները կուսակցական կառույցներ չեն ունենում: Ավելին՝ ուսումնական հաստատություններում արգելվում է քաղաքական գործունեություն իրականացնելը: Հատուկ ՀՀԿ-ականների համար մեջբերենք «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ կետը. «Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն»: Ընդգծենք, որ խոսքը առհասարակ քաղաքական գործունեության մասին է՝ լինի դա նախընտրական շրջանում, թե ոչ: Հետաքրքիր է՝ այս ամենին ինչպես կարձագանքի ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, որ ժամանակին համապատասխան շրջաբերական էր ուղարկել: