Երեկ ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Քննարկումները բավական երկար տեւեցին, եւ հանձնաժողովների անդամները մի շարք առարկություններ ունեին, եւ որոշում կայացվեց լրամշակել նախագիծը:
Նշենք, որ նախագծում առաջարկվող փոփոխություններից մեկն այն է, որ այսուհետ գլխավոր դատախազի տեղակալները ընտրվելու են մրցույթի միջոցով: Ինչպես հայտնի է` մինչ այժմ նրանք նշանակվում էին գլխավոր դատախազի առաջարկությամբ` ՀՀ նախագահի հրամանով:
Նախագծի շուրջ մի շարք մտահոգություններ ունի ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:
-Պարո՛ն Կոստանյան, հանձնաժողովի նիստում քննարկվեց «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Այս պահին տեսնո՞ւմ եք այս օրենքի փոփոխության անհրաժեշտությունը:
-Խնդիրը կարգավորումների մեջ է: Այսինքն՝ կարեւոր է, որ գլխավոր դատախազ, տեղակալներ, սովորական դատախազներ, այսինքն՝ վերադասության, ստորադասության հարցերը հստակ լինեն: Այսինքն՝ իմ խնդիրը ոչ թե լիազորությունների ավել կամ պակասն է, այլ խնդիրն այն է, որ հստակ լինեն բոլորի հարաբերությունները մեկը մյուսի հետ: Ես՝ որպես նախկին գլխավոր դատախազ, դա կարեւոր եմ համարում եւ կարող եմ ասել, որ երբ կարգավորումները հստակ չեն, դա մեխանիկորեն հանգեցնում է այս կամ այն օղակի կողմից թերացումների կամ իր լիազորություններն այլ կերպ ընկալելուն եւ իրականացնելուն: Հիմա լավ հնարավորություն է, որպեսզի դատախազական համակարգում բոլորն ունենան իրենց պատկերացումներն ու լիազորություններն իրենց գիտելիքների սահմաններում եւ իրար մեջ փոխհարաբերություններում: Խնդիրը սրա մեջ է:
-Այս օրենքով կանոնակարգվում է նաեւ գլխավոր դատախազի տեղակալների նշանակման հարցը, եւ այսուհետ նրանք ընտրվելու են մրցութային կարգով, իսկ մինչ այդ նրանց նշանակում էր երկրի ղեկավարը` գլխավոր դատախազի առաջարկությամբ: Այս փոփոխությունը դրակա՞ն է:
-Ասեմ, թե ինչու է այդպես ճիշտ: Գլխավոր դատախազի տեղակալը չափազանց կարեւոր սուբյեկտ է, դրա համար էլ դատախազության համակարգում ինքը միակ սուբյեկտն է, որին գլխավոր դատախազի ներկայությամբ երկրի նախագահն է նշանակում: Այսինքն, դուք պատկերացրեք` իր կարեւորությունն այնքան էր, որ գլխավոր դատախազը չէր կարող նշանակել նրան: Ինքը կարող էր նշանակել ցանկացած դատախազի՝ բացի իր տեղակալներից, քանի որ նրանց նշանակում էր հանրապետության նախագահը: Հիմա այս կարգով նախատեսվում է, որ գլխավոր դատախազը նշանակի իր տեղակալներին` դատախազների կազմից ում ուզում է, եթե չնշանակեց որեւէ մեկին, նոր մրցույթ գնա: Իմ առաջարկը հակառակ ուղղությունն է. իսկ ինչով է դա պայմանավորված. նախ մենք պետական ապարատների ձեւավորման բազմաթիվ այլ մարմիններում ունենք սխեմա, որը հակառակն է, այսինքն` դու պետք է մրցույթ անես, եթե ոչ ոք չհաղթի, նոր դու իրավունք ես ստանում նշանակել նրան, ում դու կամենում ես: Հիմա դատախազի տեղակալի մասով ինչ-որ հակառակն է: Տրամաբանությունն ինձ համար մի քիչ անհասկանալի է՝ հաշվի առնելով երկու կարեւոր հանգամանք: Հանգամանք առաջին` գլխավոր դատախազի տեղակալի կարեւորությամբ պայմանավորված, քանի որ նա այն մարդն է, ով ամեն պահի կարող է փոխարինել գլխավոր դատախազին: Այսինքն՝ ինքը եւս պետք է ունենա հանրային վստահության եւ ընկալելիության որոշակի չափանիշ, եւ, ամենակարեւորը, դա հենց գլխավոր դատախազին է անհրաժեշտ, որպեսզի իր տեղակալը լինի հանրային վստահություն վայելող անձ:
Իսկ մրցութային կարգը դրա հնարավորությունը տալիս է: Այսինքն՝ մրցույթի իմաստն այն է, որ հենց հանրությունը տեսնի` ով է դառնալու գլխավոր դատախազի տեղակալ, եւ նաեւ գլխավոր դատախազը հավաստիանա այդ սուբյեկտի հանրային ընկալման, ողջամտության բոլոր կանոնների մեջ: Այո՛, հնարավոր է այնպիսի տարբերակ, որ մրցույթում հաղթեն երեք հոգի, գլխավոր դատախազին իրավունք վերապահեն՝ երեքից մեկին նշանակեն: Սա ողջամիտ է, եւ պետական կառավարման մեջ դա ընդունված որոշում է: Այսպես գլխավոր դատախազին չենք կաշկանդում եւ միեւնույն ժամանակ հանրային մասնակցությունն ենք ապահովում:
-Դուք Ձեր ելույթում բարձրաձայնեցիք նաեւ այն հանգամանքի մասին, որ այս փոփոխությամբ գլխավոր դատախազի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցել միայն նրա տեղակալը:
-Հենց դրա համար եմ ես նաեւ առաջարկում, որ լավ կլինի` տեղակալը հանրային վստահություն եւ գլխավոր դատախազից որոշակի անկախություն ունենա, որովհետեւ նա միակ սուբյեկտն է, ով գլխավոր դատախազի նկատմամբ կարող է քրեական հետապնդում իրականացնել: Հիմա հիպոթետիկ պատկերացրեք, որ գլխավոր դատախազը կատարում է չափազանց ծանր հանցագործություն, միակ սուբյեկտը, ով պետք է նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցի, իր կողմից միանձնյա նշանակված դատախազն է: Այսինքն՝ մենք գործնականում երբեւէ չենք ունենալու նման հնարավորություն: Դրա համար եմ ասում` քրեական հետապնդման հարուցման ինստիտուտը համադրելով գլխավոր դատախազի տեղակալի նշանակման կարգի հետ, ես խնդիր եմ տեսնում:
-Ամեն դեպքում, անհրաժեշտ կարգավորումներից հետո Դուք կո՞ղմ եք օրենքի փոփոխությանը:
-Միանշանակ եւ ես հիմա էլ եմ կողմ: Սակայն այս օրենքում շատ խնդիրներ կան, որոնք պետք է լուծել: Որովհետեւ դատախազությունը պետական ապարատի համար չափազանց կարեւոր նշանակություն ունեցող ինստիտուտ է եւ այն պետք է լինի բացարձակ կանոնակարգված բոլոր առումներով, որովհետեւ այդ ինստիտուտում միջին օղակի որեւէ խնդրի ոչ պատշաճ կանոնակարգվածությունը մեխանիկորեն հանգեցնելու է ամբողջ ինստիտուտի առնվազն հեղինակազրկմանը:
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԶՐՈՒՅՑՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ
«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի նամակի շուրջ նոր զարգացումներ են ընթանում: Ինչպես հայտնի է՝ Սէֆիլյանը նամակով դիմել է հասարակական եւ քաղաքական գործիչներին՝ կոչ անելով ընդդիմադիր դաշտում նոր օրակարգով ստեղծել ազգային դիմադրության ճակատ: Ընդ որում, Սէֆիլյանն առանձնացրել է գերակա խնդիրներն ու անուն առ անուն թվել այն մարդկանց, ում միջոցով տեսնում է այդ քայլերի կատարումը:
Թվարկելով այն հասարակական-քաղաքական գործիչների անունները, ում տեսնում է այդ պայքարում, Սէֆիլյանը գործիչ Թամար Հովհաննիսյանին եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին հանձնարարել է ստանձնել ցուցակում նշված գործիչներին համախմբելու եւ ճակատի ձեւավորման համար անհրաժեշտ նախնական կազմակերպչական աշխատանքի պատասխանատվությունը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս հարցում արդեն իսկ զարգացումներ կան: Մասնավորապես Պետրոս Մակեյանն այս օրերին զրույցներ եւ հանդիպումներ է ունեցել ցուցակում նշված մի քանի անձանց հետ, փորձել հասկանալ, թե ինչպես կարող են իրագործել Սէֆիլյանի նամակում նշված քայլերը, ով ինչ է մտածում:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Պետրոս Մակեյանը հաստատեց, որ արդեն իսկ այս հարցում որոշակի ակտիվություն կա, եւ ինքը փորձում է կապ հաստատել բոլոր անձանց հետ, ում անունները Սէֆիլյանը նշել է: «Քանի որ ժիրայր Սէֆիլյանն ինձ է վստահել համախմբելու առաքելությունը, այս օրերին փորձում եմ կապ հաստատել եւ իրականացնել դա», – նշեց Մակեյանը՝ դեռեւս խուսափելով անուններ նշելուց, թե ում հետ է հանդիպել կամ զրուցել:
Սակայն մեզ հաջողվեց պարզել, որ նախաձեռնող խմբի անդամներն արդեն իսկ հանդիպել են քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի հետ, ով համաձայնել է մաս կազմել ցանկացած գործընթացի: Սէֆիլյանի կողմից հրապարակված ցանկում առկա է նաեւ հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանի անունը. նրա եւ նախաձեռնող խմբի անդամների միջեւ եւս քննարկումներ եղել են, սակայն մեր տեղեկություններով՝ Մարտիրոսյանի համար այնքան էլ ընդունելի չեն ցուցակում տեղ գտած որոշ անձինք, ում հետ նա չի ցանկանում նույն գործընթացի մեջ լինել: Մեր տեղեկություններով՝ շատերն են այդպես պատասխանել նախաձեռնող խմբի անդամներին. ցուցակում տեղ գտած այս կամ այն անձինք մեկը մյուսին հաճելի չեն: Այս առումով նախաձեռնող խմբի անդամներին հեշտ օրեր չեն սպասվում:
Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ՀԱՐՍՏԱՑԱԾ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ
ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի հավերժ քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, պարզվում է, բավականին ունեցվածք է հասցրել դիզել: «Ժողովուրդ» օրաթերթը նրա պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ քաղաքապետն ունի երկու բնակարան, երեք ավտոտնակ, հասարակական նշանակության մեկ շինություն, 20 հատ հողամաս եւ երկու հատ «Hyundai Sonata 2.4», «Hyundai Sonata 2.5 L» մակնիշի ավտոմեքենաներ: Այսքանով դեռ չի ավարտվում որդի Շահգալդյանի ունեցվածքը. նա երեք ընկերություններում ունի 22 մլն 580 հազար դրամի բաժնեմաս ու բաժնետոմս: Դրամական միջոցը կազմել է 42 մլն դրամ: Եւ սա այն դեպքում, երբ քաղաքապետի ամսական աշխատավարձը կազմում է 103 հազար դրամ, որն էլ նա որպես եկամուտ է հայտարարագրել: Բացի այս՝ նա ունի նաեւ մեկ ընկերությունից ստացած 3 մլն դրամի չափով շահաբաժին: Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի` Շահգալդյանը մտադիր է կրկին առաջադրվել նոյեմբերի 5-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններին:
ԱՐՑԱԽԻ ՇՈՒՐՋ
Երեկ ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ «Միացյալ Թագավորություն եւ Հայաստան խորհրդարանական ժողովրդավարության գործընկերներ» խորագրով միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին մեծ թվով պատգամավորներ, իսկ այդ ընթացքում էլ բանախոսել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Եվրոպայի եւ ամերիկացիների հարցերով նախարար Ալան Դանքնը: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Ալան Դանքնը նշել է, որ Միացյալ Թագավորությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ խաղաղ լուծում տալու երկարատեւ հակամարտությանը: Նախարարը ընդգծել է, թե քաջություն կպահանջվի տեւական խաղաղություն հաստատելու համար:
ՆԱԵՎ ՔՐԳՈՐԾ
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հովանավորյալ Արամ Բեյբությանի սպառնալիքների մասին հայտարարությունների հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. Օր. 117-րդ հոդվածի` դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը, եւ 137 հոդվածի` սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու, սպառնալիքը հատկանիշներով: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից` հավելելով, որ գործը տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտե: Գրել էինք, որ դեռեւս 2016 թվականին Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից Արամ Բեյբությանը առեւանգել էր ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանին պատկանող ընկերության միկրոավտոբուս, եւ այդ արարքի համար դատարանը նրան տուգանել էր 180 հազար դրամով, որը հրաժարվել էր մուծել: Եվ ահա գումարի չվճարելն էլ նրան դրդել էր նոր քայլի, եւ նա սեպտեմբերի 10-ին գնացել էր նախկին պատգամավորին պատկանող ընկերության տարածք եւ սպառնացել պայթեցնել այնտեղ գտնվող անձանց: Դեպքից հետո ոստիկանությունը հետաքննություն էր կատարում, իսկ ավելի ուշ հարուցվեց քրեական գործ: