ՎՐԱՍՏԱՆ ԱՌԱՔՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀՄԱՅՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, ի տարբերություն իր գործընկերների, դեռեւս չի շտապում ասուլիս հրավիրելու եւ իր ղեկավարած ոլորտի մեկ տարվա գործունեության արդյունքներն ամփոփելու հարցում: Սակայն արդեն պարզ է, թե որն է լինելու գլխավոր թեման, որը նա ներկայացնելու է որպես այս կառավարության ձեռքբերում. 2017թ. ընթացքում Հայաստանն ավելացրել է էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները, ընդ որում, տեւական ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտահանում Վրաստան:

Երեկ նախարարությունն այս մասին հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ «Տարեսկզբի ութ ամիսներին էլեկտրաէներգիայի արտահանումը Հայաստանից ավելացել է 9,9 տոկոսով։ Ընդհանուր առմամբ առաքվել է շուրջ 955 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նախորդ տարվա 868 մլն կՎտ ժամի դիմաց։ Արտահանման հիմնական մասը բաժին է ընկել իրանական շուկային: Վերականգնվել են մատակարարումները նաեւ դեպի Վրաստան. նախորդ տարվա զրոյական առաքումների դիմաց, այս տարի վրացական շուկա է մատակարարվել ավելի քան 116 մլն կՎտ էլեկտրաէներգիա։ …Այս տարվա ութ ամիսներին իրանական շուկա է մատակարավել 805 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ Ակնկալվում է, որ առաջիկայում էլեկտրաէներգիայի առաքման տեմպերը կակտիվանան։ Նախատեսվում է մինչեւ տարեվերջ արտահանման աճը հասցնել առնվազն 20 տոկոսի։ Նշենք նաեւ, որ նույն ժամանակահատվածում ներքին շուկայում սպառվել է 4,1 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 276 մլն կՎտ ժամով կամ շուրջ 7,2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը»։
Հրաշալի է ասված: Հայաստանն իրոք այս տարի ավելացրել է էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները, այդ թվում՝ վերսկսել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Վրաստան: Բայց արի ու տես, որ սա այնքան էլ կառավարության ձեռքբերումը չէ: Պարզապես այդպես է ստացվել հանգամանքների բերումով, մասնավորապես այս տարվա եղանակային պայմանների հետեւանքով:
Փորձենք բացատրել. 90-ականներից սկսած Վրաստանը մշտապես էլեկտրաէներգիա է գնել Հայաստանից: Սակայն Միխայիլ Սահակաշվիլու նախագահության տարիներին իրավիճակը կտրուկ փոխվեց. Վրաստանի էներգետիկ համակարգում շրջադարձային բարեփոխումներ իրականացվեցին, եւ արեւմուտքի օժանդակությամբ բազմաթիվ հիդրոէլեկտրակայաններ կառուցվեցին: Արդյունքում, Վրաստանը ՀԷԿ-երի շնորհիվ կարողացավ դառնալ էներգետիկ առումով ինքնաբավ երկիր եւ դադարեցրեց ՀՀ-ից էլեկտրաէներգիայի ներկրումը: Պատահական չէ, որ նախորդ տարվա ընթացքում Վրաստան էլեկտրաէներգիա չի առաքվել: Իսկ ահա այս տարվա սահմռկեցուցիչ ցուրտ եղանակները, որ շարունակվեցին նաեւ գարնան ամիսներին, վերհանեց Վրաստանի էներգետիկ համակարգի թերությունները. այնտեղ էլեկտրաէներգիայի 80 տոկոսն արտադրում են ՀԷԿ-երը, որոնք ձմռան խիստ ցրտին չկարողացան աշխատել ամբողջ ծավալներով: Ու վրացիները ստիպված էին դիմել Հայաստանի օգնությանը:
Որ էլեկտրաէներգիայի հիմնական արտահանումը եղել է ցուրտ ամիսներին, երեւում է նաեւ պաշտոնական վիճակագրությամբ: Փետրվարին «Էներգոիմպեքս» ՓԲԸ-ն ու «Գլոբալ Ինթերնեշիոնալ Էներջի» կորպորացիան ստորագրել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ էլեկտրական էներգիայի փոխհոսքեր իրականացնելու վերաբերյալ պայմանագիր: Եվ հենց փետրվարից Հայաստանը սկսել է հարեւան երկրին էլեկտրաէներգիա վաճառել: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն էլ ապրիլին, ամփոփելով առաջին եռամսյակի տվյալները, տեղեկացրել էր. «Փետրվարին վրացական շուկա է առաքվել շուրջ 25,4 մլն կՎտժ, մարտին` 50,5 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Կանխատեսվում է, որ ապրիլին արտահանումը Վրաստան կկազմի շուրջ 40 մլն կՎտժ»: Այսինքն՝ միայն առաջին եռամսյակի ընթացքում Վրաստան էր առաքվել 75.9 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Սա, ի դեպ, այս տարվա ութ ամիսներին արտահանված էլեկտրաէներգիայի 65.4 տոկոսն է: Այսինքն՝ էլեկտրաէներգիայի հիմնական մասն արտահանվել է ցուրտ ամիսներին: Արդեն հաջորդ եռամսյակի ընթացքում Վրաստան արտահանված էլեկտրաէներգիայի ծավալները, ՊԵԿ մաքսային ծառայության վիճակագրության համաձայն, կազմել են 76.2 մլն կՎտ ժամ: Ինքներդ եք հասկանում՝ միշտ չէ, որ եղանակային ցուրտ պայմանների պատճառով վրացական ՀԷԿ-երը կարող են ողջ ծավալներով չաշխատել եւ ստիպել հարեւան երկրից՝ Հայաստանից էլեկտրաէներգիա գնել:
Նույն կերպ միշտ չէ, որ եղանակային ցուրտ պայմանները կարող են ստիպել նաեւ երկրի բնակչությանը՝ ավելի շատ գազ ու էլեկտրաէներգիա սպառել, իսկ ամռան սարսափելի շոգը՝ օդորակիչներ ու հովացման այլ համակարգեր աշխատեցնել. սրանք եւս աշխատում են էլեկտրաէներգիայով: Եղանակային պայմանների հետեւանք էր նաեւ այս տարվա ընթացքում բնակչության կողմից սպառված էլեկտրաէներգիայի ծավալների ավելացումը: Այնպես որ, արձանագրենք՝ այս տարի եղանակային պայմանները գործել են հօգուտ իշխանությունների, հօգուտ ՀՀ-ում գործող ռուսական էներգետիկ ձեռնարկությունների՝ «Գազպրոմ Արմենիայի» եւ ՀԷՑ-երի:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ՁԱՅՆ ՉՀԱՍԱՎ
Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում պետք է քննարկվեր «Ելք» խմբակցության կողմից ներկայացված երկու նախագիծ, սակայն հանձնաժողովը բավարարվեց միայն մեկը քննարկելով ու այն մերժելով: Դա վերաբերում էր «ՀՀ մասով ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ ԱԺ եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցին: Հանձնաժողովն այս հարցը մերժեց՝ 10 դեմ, 1 կողմ ձայների հարաբերակցությամբ, եւ ԵՏՄ պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ հարցին հերթն այդպես էլ չհասավ: Այս հարցի զեկուցողը պետք է Էդմոն Մարուքյանը լիներ, սակայն վերջինս այդպես էլ չներկայացավ քննարկմանը՝ թերեւս այն արդեն անիմաստ համարելով: Հետաքրքիր է, որ հարցի քննարկմանը ներկա էին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ու փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, սակայն նրանց ձայնի իրավունք չհասավ, քանի որ երկրորդ հարցի քննարկումը պարզապես տեղի չունեցավ:

 

 

ՄՍԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը, որը ստեղծվել է մի քանի ամիս առաջ, սեպտեմբերի 12-ին պայմանագիր է կնքել «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ընկերության հետ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նորաստեղծ հիմնադրամի կողմից գնվել է 31 հազար 680 լիտր ռեգուլյար տեսակի բենզին` մեկ լիտրի դիմաց վճարելով 335 դրամ: Իսկ ահա ընդհանուր բենզինի համար պետական միջոցներից ծախսվել է 10 մլն 612 հազար 800 դրամ: Նշենք, որ այս հիմնադրամը ստեղծվել է ագրարային ոլորտը արդյունավետ կառավարելու նպատակով: Ի դեպ, կառավարությունը նորաստեղծ հիմնադրամին ընթացիկ տարվա համար հատկացրել է 152.6 մլն դրամ, որը ուղղվելու է գործառույթների ու ծրագրերի իրականացմանը, խորհրդատվական ծառայությունների մատուցմանը: Թե հատկապես ինչ խորհուրդներ են տալու այս հիմնադրամի աշխատակիցները, հայտնի չէ: Բայց փաստ է, որ հիմնադրամի ստեղծվելը չի թեթեւացնելու գյուղացու հոգսերը:

 

 

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՆԴԴԵՄ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ»
«Հայբիզնեսբանկի» գործունեության շուրջ աղմկալի դատական պրոցեսները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ անգամ նախարարություններն են բանկի գործունեության հետ կապված փաստի առաջ հայտնվել, եւ ստիպված են դիմել դատարան: Դեռես 2016թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից գանձել 129 միլիոն 706 հազար 500 դրամ: Թե ինչի համար է բանկը նախարարությանը այդքան գումար պարտք մնացել, մեզ պարզել առայժմ չհաջողվեց: Գործը արդեն դատաքննության փուլում է, մանրամասներն՝ առաջիկայում: Հիշեցնենք, որ «Հայբիզնեսբանկի» հետ դատարանով հարցեր լուծելը դարձել է պրակտիկա. այս բանկից դժգոհում են, հարցերը չեն լուծվում, «բանը հասնում է դիվանբաշուն»:

 

 

ՆԻՍՏ Է ՀՐԱՎԻՐԵԼ
Սերժ Սարգսյանը երեկ հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների եւ հանրային ծառայության համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործունեության վերաբերյալ, ինչպես նաեւ տեղեկատվական անվտանգության ապահովման եւ տեղեկատվական քաղաքականության հայեցակարգի մասին հարցերը: Հարցերից մեկը զեկուցել են ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը եւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: ԱԱԾ տնօրենը նշել է, որ նախագիծը միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից պատրաստվել է աշխարհում առկա արդի մարտահրավերներին, զարգացումներին համահունչ տեղեկատվական անվտանգության ապահովման նոր չափանիշների, ռազմավարական ուղղությունների մշակման եւ կիրառման անհրաժեշտությունից ելնելով: Նշված հարցերի համատեքստում ամփոփված են նաեւ տեղեկատվական միասնական քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները:

 

 

ՀՈՒՍՈՎ Է
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը գլխավոր քարտուղարի անունից հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ. «Գլխավոր քարտուղարը ողջունում է Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ տեղի ունեցած հանդիպումը: Նա աջակցում է լարվածության թուլացման եւ բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ համանախագահների ջանքերին: Գլխավոր քարտուղարը հուսով է, որ նախագահների մակարդակով նախատեսվող հանդիպումը կնպաստի կողմերի միջեւ վստահության մեծացմանն ու անհրաժեշտ քաղաքական կամքի խթանմանը՝ խաղաղ փոխզիջումային լուծումներ գտնելու առանցքային առկախ հարցերի վերաբերյալ»,- նշված է հայտարարության մեջ:




Լրահոս