ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կիրակի օրը կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնք ամփոփեցին արեւմտյան կիսագնդում քաղաքական վերջին շրջանի իրադարձությունները:

Եթե նախորդ տարի ԱՄՆ-ում հաղթող դարձավ ծայրահեղականությունը՝ հանձին Թրամփի, իսկ Ֆրանսիան այս տարվա սկզբին դեռ տատանվում էր ու բարեհաջող կերպով հաղթահարեց աջ ծայրահեղականության սպառանլիքը, ապա Գերմանիայում հարցը վաղուց լուծված էր թվում: Այդ առումով ընտրությունների արդյունքները անակնկալ էին, քանզի աջ ծայրահեղականներն այսօր հայտնվել են խորհրդարանում՝ պատմական նվաճում արձանագրելով եւ նոր հոռետեսական կանխատեսումների հիմք տալով:
Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելը իր «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» կուսակցությամբ 4-րդ անգամ հաղթել է Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններում: Սա պատմական ձեռքբերում է անձամբ նրա համար, քանզի նման հաջողություն կրկնել էր Կոնրադ Ադենաուերը, իսկ 5 անգամ էլ կանցլեր էր դարձել Հելմուդ Քոլը: Սակայն Մերկելի համար այս նվաճումը խամրում է, որովհետեւ նա, ըստ էության, կորցրել է իր նախկին դիրքերը: Եթե 2013թ. Մերկելի կուսակցությունը ստացել էր 41 տոկոս, այս անգամ՝ սոսկ 33: ԳՔԴՄ-ի հիմնական մրցակից համարվող Գերմանիայի «Սոցիալ դեմոկրատական կուսակցությունը» (ԳՍԴԿ) նույնպես էական կորուստներ է ունեցել: 2013թ. ստանալով ընտրողների ավելի քան 25 տոկոսի աջակցությունը՝ այսժամ կուսակցությունն իր կողմն է կարողացել գրավել ընդամենը 20 տոկոս կողմնակիցներին: Սրանք բավականին մտահոգիչ տվյալներ են եւ խոսում են Գերմանիայում դասական քաղաքական կացութաձեւի փոփոխության մասին: Խնդիրն այն է, որ այս երկրում տասնամյակներով պայքարը գնում է նշյալ հիմնական քաղաքական հոսանքների միջեւ, այնինչ՝ այժմ կրկին գլուխ է բարձրացնում ետպատերազմյան շրջանում վարկաբեկված եւ լիովին մերժելի աջ ծայրահեղությունը՝ հանձին «Գերմանիայի այլընտրանք» կուսակցության: Վերջինս 2013թ. հավաքել էր ընտրողների 4.7 տոկոսի ձայները եւ անգամ չէր էլ հայտնվել խորհրդարանում: Բայց ահա այս ընտրություններում ստացել է միանգամից 13 տոկոս՝ շուրջ 94 խորհրդարանական մանդատ:
«Գերմանիայի այլընտրանք» կուսակցության (ԳԱԿ) նորահայտ մուտքը ինչպես գերմանական, այնպես էլ եվրոպական քաղաքական ասպարեզ բազմաթիվ վերլուծաբանների մտահոգության տեղիք է տվել: Խնդիրն այն է, որ այս կուսակցությունը քարոզում է ազգայնականություն, ընդդիմանում իսլամին եւ հանդես գալիս ԵՄ-ի շրջանակներում ինտեգրացիայի խորացման դեմ: Նրանց քաղաքական նպատակները գերմանացիների շրջանում հատկապես ընդունելի դարձան Անգելա Մերկելի «բաց դռների» քաղաքականության պատճառով, որի համատեքստում Գերմանիան պատրաստակամորեն ընդունում եւ տեղավորում է օտարերկրյա բազմաթիվ փախստականների: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գերմանիան ստիպված է իր քաղաքացու վճարած հարկերով պահել օտար երկրներից եկած անձանց, որոնց մեծ մասը հաճախ, բառի իսկական իմաստով, անգրագետ է, կաղում է արհեստավարժությունից, անկարող է լուծել նոր պայմաններին հարմարվելու խնդիրը, ինչպես նաեւ ներգրավվում է հանցավոր գործունեության մեջ, բնական է, որ գերմանացիների մի ստվար հատված պիտի դժգոհի նման իրավիճակից ու ձայն տա մի կուսակցությանը, որը այդ ամենը կանխելու խոստումներ է տալիս: ԳԱԿ-ը անթաքույց կերպով օգտագործում է գերմանական նացիստների հռետորաբանությունը, Եվրոպական խորհրդարանում էլ դաշնակցում Ֆրանսիայի ազգային ճակատի հետ, որը մերժում է հոլոքոստը եւ Եվրոպայի առանձին երկրների մեկուսացման ծրագրերով հանդես գալիս:
Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ աջ ծայրահեղականության նման արդյունքը դեռ հիմք չէ, որպեսզի կառավարությունը վերանայի իր քաղաքականությունը: Անշուշտ, մի կուսակցության թեկուզեւ 3-րդ տեղում հայտնվելը չի կարող բավարար լինել մեծամասնության նախընտրած քաղաքական ուղու վերանայման համար, սակայն պետք է հստակ ազդակ հանդիսանա առնվազն կառավարող վերնախավի համար: Գերմանիայի քաղաքացիների շրջանում արհամարհված քաղաքական հոսանքներն աստիճանաբար ոտքի են կանգնում, ինչի հետ հաշվի չնստել պարզապես հնարավոր չէ: Եթե Մերկելը շարունակի հին գործիքներով քաղաքականության մշակումը, հաջորդ ընտրություններին կարող է խիստ տխուր փաստի առաջ հայտնվել: Որքան էլ նա լինի ընդունելի առաջնորդ, միեւնույնն է, գալիս է հեռանալու պահը: Վտանգավորությունը՝ հին գործիքներով շարունակել նախկին քաղաքականությունը, գուցե առժամանակ չի դրսեւորվում, սակայն արդեն իսկ հաղորդում է իր նշանները: Անկախ ամեն ինչից, Գերմանիան կարիք ունի նոր առաջնորդի, որը թարմ գաղափարներով կձեւակերպի պետության արտաքին ու ներքին քաղաքական առաջնահերթությունները: Յուրաքանչյուր առաջնորդ, որքան էլ խելացի ու պատրաստված լինի, տեւական ժամանակ հետո կորցնում է Կարեն Կարապետյանի սիրելի «դրայվը», իսկ նոր քաղաքական իրողությունները շարունակում տեսնել հին տեսանկյունից: Դա վերաբերում է համաշխարհային բոլոր առաջնորդներին, ինչպես Չերչիլին, դը Գոլին եւ այլոց: Առաջիկա 4 տարիների կանցլերությունը, արդ, Մերկելը պետք է օգտագործի կուսակցության ներսում առողջ սերնդափոխություն կատարելու համար, որպեսզի հաջորդ ընտրություններում իր կուսակցությունը ներկայանա նոր մարտահրավերներին համարժեք լուծումներ տալու պատրաստվածությամբ: Հակառակ դեպքում աջ ծայրահեղականների անընդհատ ընդլայնումը իրեն երկար սպասեցնել չի տա՝ գերմանական քաղաքական համակարգը խոշոր երկրաշարժի ենթարկելով: Եվրոպական միության անկյունաքարը համարվող Գերմանիայում նմանօրինակ տեղաշարժերը անխուսափելիորեն կազդեն ոչ միայն միության, այլեւ ողջ աշխարհի վրա, եթե, իհարկե, մինչ այդ ամերիկյան աջ ծայրահեղականությունն ու Թրամփը աշխարհը չկանգնեցնեն հյուսիս-կորեական աղետի առաջ:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 
ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ
Սեպտեմբերի 13-ին Իջեւանի տարածաշրջանի «Դրուժբա» ռեստորանի 29-ամյա մատուցողուհին ոստիկանություն է դիմել, որ Իջեւան քաղաքի հարավային ծայրամասում գտնվող «Մարմար» ռեստորանում տղամարդն իրեն բռնաբարել է: Այդ առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով (Բռնաբարությունը` տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով): Իրավապահներից ստացված տեղեկություններով՝ մատուցողուհու կողմից բռնաբարության համար մեղադրվող, Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղի 34-ամյա բնակչին քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ է տրվել: Նրան սկզբում կասկածյալի կարգավիճակ էր տրվել: Վազաշենցու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Տուժած աղջիկն ասում է, որ տղամարդն իրեն գործնական հանդիպման էր հրավիրել: Մեղադրյալ տղամարդը ամուսնացած է, երեխա ունի: Դեպքի կապակցությամբ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում այդ քրեական գործով քննությունը շարունակվում է:

 

 

ՆՊԱՍՏՆԵՐՆ ՈՒՇԱՆՈՒՄ ԵՆ
Սեպտեմբերի 25-ին Իջեւան քաղաքի բնակիչները «Ժողովուրդ»-ին բողոքեցին, որ ընտանեկան նպաստի գումարները փոխանցվել են «Կոնվերս» բանկին, այդ բանկն էլ՝ «Հայփոստին», սակայն «Հայփոստի» իջեւանցի նամակատարները չեն հասցնում ընտանեկան նպաստի գումարները հանձնել Իջեւան քաղաքի ընտանեկան նպաստառուներին: Վերջիններս սոցիալապես խիստ կարիքավոր լինելով՝ իրենց սպառած էլեկտրաէներգիայի, հեռախոսային ծառայությունների, խմելու ջրի վարձավճարները փակում են ընտանեկան նպաստի գումարներից, սակայն այդ գումարներն ուշացել են: Գումարների ուշացումը վատ վիճակի մեջ է դրել նշված ընտանիքներին, որոնք ոչ միայն կոմունալ վճարները, այլ նաեւ բանկերում եւ ֆինանսական կազմակերպություններում ստացած վարկերի գումարներն են որոշակի օրերի փակում: Իջեւանցի նպաստառու ընտանիքների մի մասը փորձել է ընտանեկան նպաստի գումարը շտապ ստանալ «Հայփոստի» Իջեւանի մասնաճյուղում, սակայն նրանց պարզաբանել են, որ «Հայփոստի» բաժանմունքում նման վճարում չի կատարվում:
Սեպտեմբերի 27-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղում «Հայփոստի» փոստատարը սկսել է թաղերում բաժանել ընտանեկան նպաստի գումարները: Բերդավանի կարիքավոր, ընտանեկան նպաստ ստացող բնակիչները դժգոհել են, որ գյուղի միակ փոստատարը չի հասցնում անցնել թաղից թաղ, բաժանել ընտանեկան նպաստի գումարները, իսկ կոմունալ վճարները պետք է շուտ մուծել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 
ԿՎՃԱՐԵՆ ԿՈՄՈՒՆԱԼ ՎԱՐՁԵՐԸ
Այսօր ՀՀ կառավարությունը որոշում կկայացնի տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը 928 մլն 871 հազար դրամ հատկացնելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նշված գումարը կտրվի Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչներին որպես պետական աջակցություն` բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի եւ հողի հարկի փոխհատուցման համար: Ի դեպ, նախատեսվում է սոցիալական աջակցության ծրագիրն իրականացնել սահմանամերձ 25 գյուղում ընգրկված 37 բնակավայրերում: Նշենք, որ սահմանամերձ բնակավայրերում առկա են 17 հազար 238 տնտեսություն, 56 հազար 68 բնակիչ, 17 հազար 48 էլեկտրաէներգիայի բաժանորդ, 9 հազար 978 գազի բաժանորդ:

 

 

ԾԱԽՍԵԼՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Ինչպես հայտնի է` Երեւանում գրեթե բոլոր բազմաբնակարան բնակելի շենքերը եւ թաղամասերը գազաֆիկացված են: Բացառություններից են Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն 16-րդ թաղամասի թվով 5 բարձրահարկ բազմաբնակարան բնակելի շենքերը: Տեղեկացնենք, որ նշված շենքերում կա թվով շուրջ 600 բնակարան, որտեղ ապրում է 2000 բնակիչ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նշված շենքերի բնակիչները տեւական ժամանակ է, ինչ պահանջում են գազաֆիկացնել իրենց բնակարանները: Երեւանի քաղաքապետարանի կողմից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ համատեղ ուսումնասիրվել է շենքերի գազաֆիկացման հարցը: Պարզվել է, որ շենքերը հարմար չեն գազաֆիկացման աշխատանքների համար: Ինչի արդյունքում յուրաքանչյուր շենքը գազաֆիկացման աշխատանքներին հարմարացնելու համար լրացուցիչ կծախսվի 4 մլն դրամ: Ստացվում է, որ մայրաքաղաքում բազմաբնակարան շենքեր են կառուցվում՝ առանց ժամանակակից տեխնիկական չափանիշներին հարմարեցնելու: Իսկ դրանք ուղղելու համար ՀՀ գերատեսչությունները ծախսում են պետական միջոցները: Եւ ահա այս «սխալները» ուղղելու համար կառավարությունը տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը կհատկացնի 20 մլն դրամ:




Լրահոս