ԷՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ՝ ԲԱՆՏԻ «ԳՈՂԱԿԱՆ» ԱՂՋԻԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 5-ից մեծ էկրաններ կբարձրանա «Սուպեր մամա-2» ֆիլմը։ Համացանցում արդեն հայտնվել է կատակերգության թրեյլերը, որից կարող ենք եզրակացնել, որ դերասանական կազմն առանձնապես չի փոխվել, որոշ առումով պահպանվել է նաեւ սյուժետային գիծը, սակայն, ինչ խոսք,ակնդիրներին սպասվում են հետաքրքիր անակնկալներ, հումորով համեմված թեժ զարգացումներ։ Թրեյլերից պարզ է դառնում նաեւ, որ ֆիլմում խաղում է դերասանուհի Էվա Խաչատրյանը, որը մարմնավորում է բանտի «գողական» աղջկա։ Նա «Ժողովուրդ»-ին պատմել է, որ մեծ հաճույքով է մարմնավորել այդ կերպարը եւ ոչ մի դժվարություն չի ունեցել նրա հետ ադապտացվելու հարցում։ Կամերային թատրոնի դերասանուհին խոսել է նաեւ սպասվելիք նոր ներկայացման՝ «Կաբարեի» մասին, որը կմատուցվի բոլորովին նոր ձեւով։

-Էվա՛, «Սուպեր մամա-2»-ում Ձեր դերում, որքանով տեղյակ ենք, պետք է նկարահանվեր ուրիշը, սակայն իրադարձությունների ընթացքն այնպես դասավորվեց, որ դերը, այսպես ասած, երկար շրջապտույտից հետ եկավ ու նորից բաժին հասավ Ձեզ։ Գո՞հ եք արդյունքից։ Կարողացա՞ք հաշտվել կրիմինալ կերպարի հետ։
-Դերասանի գործը հենց տվյալ կերպարի հոգեվիճակի մեջ մտնելն է։ Կարծում եմ՝ մեզ մոտ ամեն բան ստացվեց։ «Սուպեր մամայի» թիմի հետ աշխատող յուրաքանչյուր դերասան, վստահ եմ, հաճույք է ստանում իր աշխատանքից, քանի որ գործ է ունենում պրոֆեսիոնալների հետ։ Այդ հանգամանքը բերում է լավագույն արդյունքի։
-Ձեր կերպարը կերտելուց առաջ բանտային կյանքին ծանոթացե՞լ եք, նմանատիպ կերպարների ուսումնասիրե՞լ եք։
-Այս ֆիլմի դեպքում դրա կարիքը չկար, ռեժիսորն ուներ բոլոր հարցերի պատասխանները, որոնք կարող էին ծնվել։ Իհարկե, պետք չէ նաեւ իրականությունից հեռանալ, քանի որ ֆիլմը կատակերգություն է։ Յուրաքանչյուրս մեր դերը կերտելիս բերել ենք մեր անհատական մոտեցումն ու բնավորությունը։ Դերասանը որքան էլ հեռանա ինքն իրենից, միեւնույն է՝ էկրան է տանում իր ներքին ազդակները։ Ես չեմ ընդունում, երբ ասում են, թե դերասանը խաղում է։ Ի՞նչ է նշանակում խաղալ, վերապրման արվեստ գոյություն ունի։ Էմոցիան, հագուստը, շարժուձեւը, մյուս դետալները միաձուլվում են եւ դառնում կերպար։ Ի դեպ, ֆիլմի նկարահանումներից մի քանի օր առաջ մեկնել էի Մոսկվա եւ երբ վերադարձա, երկու օր ունեի, որպեսզի պատրաստվեի եւ լծվեի աշխատանքի։ Այդ ընթացքում, պատկերացրեք, հասցրեցի ծանոթանալ սցենարին, մտնել դերիս մեջ եւ այլն։
-Էվա՛, նշել եք, որ իրանական ֆիլմում նկարահանվելու հնարավորություն եք ստացել։ Կպատմե՞ք այդ մասին։
-Այո՛, դեռ քասթինգի փուլում եմ, ֆիլմի կազմն է հավաքագրվում։ Նշեմ, որ ֆիլմը զուտ իրանական արտադրանք է լինելու, հայերին առնչվող պատմություն չի շոշափվելու։ Դեռ պատասխան չեմ ստացել՝ անցել եմ քասթինգը, թե ոչ։ Սպասենք, տեսնենք՝ ինչպես կստացվի։
-Իսկ Կամերային թատրոնում նոր ներկայացում լինելո՞ւ է, Դուք ի՞նչ զբաղվածություն ունեք։
-Այո՛, աշխատում ենք «Կաբարե» ներկայացման վրա, որը մատուցվելու է ամբողջովին նոր ձեւով։ Այժմ փորձեր ենք իրականացնում։ Հիշեցնեմ, որ երկար տարիներ շարունակ մեր թատրոնի խաղացանկում եղել է համանուն ներկայացում, որը, սակայն, որեւէ կապ չունի նոր բեմադրության հետ։ Վերջինս երաժշտական է, պարային, ունի նաեւ շոուի տարրեր։ Նոր «Կաբարեում» նաեւ դերասանական կազմի, հագուստների ու լույսերի փոփոխություն կա։
-Էվա՛, վերջերս կրկին մեկնել էիք Միացյալ Նահանգներ։ Այդ երկրի հետ Ձեզ կապում են գործնակա՞ն, թե՞ անձնական ծրագրեր։
-ԱՄՆ մեկնել էի երկրորդ անգամ՝ հանգստանալու եւ շրջագայելու համար։ Նաեւ պետք է մասնակցեի ընկերներիցս մեկի հարսանեկան արարողությանը։ Հուսամ՝ առաջիկայում էլի կլինեմ այնտեղ, մեծ ցանկություն ունեմ լինելու հատկապես Նյու Յորքում։ Աստված առաջ։

Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ

 

 

 

«ԵՐԲ ԲԱԺԱՆՎԵՑԻՆՔ, ԷԼ ՉԵՐԳԵՑԻ…»

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել «Աստղերի առաջին սերերը» խորագրով շարքը, որի շրջանակում պատմում ենք հայտնիների նվիրական զգացմունքների մասին, բացահայտում նրանց կյանքի անհայտ կամ քչերին հայտնի դրվագներ։ Այս անգամ մեր զրուցակիցը դերասանուհի Նաիրա Մովսիսյանն է։

Նա համաձայն է այն կարծիքին, որ առաջին սերը երբեք չի մոռացվում. «Առհասարակ, ոչ մի բանի առաջինը չի մոռացվում։ Առաջին անգամ սիրել եմ, երբ դպրոցական երեխա էի՝ 13 տարեկան, այդ զգացմունքն ինձ ուղեկցել է մինչեւ 20 տարեկանը։ Ընդ որում, այս տարիներին ընկերություն դեռ չէինք անում, պարզապես սերը սրտումս ապրում էի։ Ես այդ տղային սիրում էի պլատոնական սիրով, երեւի դրանից ուժեղ բան չկա»,-խոստովանեց Նաիրան։
Հարցին, թե ընկերություն անելուց հետո ինչու հարաբերություններն այդպես էլ ընթացք չստացան, դերասանուհին պատասխանեց, որ այն տարիքում ավելի խելամիտ էր եւ հստակ հասկացել էր, որ իրենց հարաբերություններն ապագա չէին ունենալու.«Տարիների հետ հասկացել եմ, որ մարդ որքան քիչ է ինֆորմացված, այնքան ավելի ճիշտ որոշումներ է կայացնում։ Ես նրա հետ պլաններ չեմ կազմել, իհարկե, իր կողմից եղել են խոստումներ, բայց դրանք մանկական բաներ էին, չէի կարող հիմք ընդունել այդ արտահայտությունները»,-շեշտեց նա։
Նաիրան պատմեց, որ այդ տարիներին Երեւանի պետական կոնսերվատորիա ընդունվելու ցանկություն է ունեցել, սակայն իրադարձությունների ընթացքը նրան այլ ուղով է տարել. «Երբ բաժանվեցինք, էլ չերգեցի, ինքն էլ չկար, երգն ինչի՞ս էր պետք»։
Դերասանուհին պատմեց, որ սիրելին եւ ինքը տարբեր մտածելակերպ ունեին, ընտանեկան դրվածքներով եւս բավական տարբերվում էին. «Հիմա նա ընտանիք է կազմել, ի դեպ, մենք նույն թաղամասում ենք ապրում եւ ոնց էլ չլինի՝ այս տարիների ընթացքում պատահական հանդիպել ենք։ Երբ տեսնվում ենք, բարեւում ենք, հարցնում՝ ինչպես ես ու անցնում»։
Հարցին, թե արդյոք միասեր է, դերասանուհին պատասխանեց, որ այո եւ հավելեց. «Թեեւ ամեն տարիքում այդ զգացմունքը յուրովի է արտահայտվում»։
Նաիրան նշեց, որ հավատում է ճակատագրին, իսկ մարդու դերը, ըստ նրա, իրեն ի վերուստ տրված ամեն բան հասկանալն է, ճիշտ ուղղությամբ քայլելը. «Ես հասկացել եմ, որ եթե այդ մարդու հետ ապագա չպետք է ունենաս, նա գալիս է քո կյանք, որ ինչ-որ բան սովորեցնի ու գնա, իսկ նա, ով պետք է մնա, անպայման մնում է»,-եզրափակեց դերասանուհին։

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս