Փոփոխություններ պետք է սկսել հենց ֆուտբոլի ֆեդերացիայի վերնախավից. սպորտային մեկնաբանը՝ հավաքականի խաղի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարում: Երեկ Հայաստանի հավաքականը 1:6 հաշվով խայտառակ պարտություն կրեց Լեհաստանի հավաքականից: Հայաստանի հավաքականի խաղի եւ հայկական ֆուտբոլում առկա խնդիրների շուրջ ArmLur.am-ը զրուցել է սպորտային մեկնաբան Մենուա Մեհրաբյանի հետ:

-Պարո՛ն Մեհրաբյան, երեկվա եւ նախորդ մի քանի հանդիպումներից հետո պարզ է դառնում, որ հայկական ֆուտբոլն անկում է ապրում: Ի՞նչ պատճառներ եք տեսնում:

-Այն, ինչը ներկա պահին ցուցադրում է մեր հավաքականը, դժվար է ֆուտբոլ անվանելը: Երբեմն ցանկանում ես վերլուծել մեր թիմի խաղը, բայց զգում ես, որ վերլուծելու ոչինչ չկա: Սա մեծ ցավով եմ նշում: Այն վիճակը, որին հիմա հասել է հավաքականը, եւ այն իրավիճակը, որ կա մեր ֆուտբոլում՝ խորքային պատճառներ ունեն: Պատճառները ինչպես օբյեկտիվ են, այնպես էլ՝ սուբյեկտիվ:

Սկսած կազմի հետ ունեցած խնդիրներից, վերջացրած ակումբներում ստացած քիչ խաղաժամանակից՝ մեծ խնդիր են: Բայց այս անհաջողությունները լիովին կապել հենց դրանց հետ՝ չէի ցանկանա:

Ամենամեծ խնդիրը, որ ներկա պահին կա մեր ֆուտբոլում, եւ որը ծայրաստիճան խանգարում է՝ ֆուտբոլային վերնախավի սխալ մոտեցումն է հավաքականին ու ֆուտբոլիստներին: Հավաքականից հեռացվում են ֆուտբոլիստներ այն դեպքում, երբ մենք հենց ֆուտբոլիստների կարիքն ունենք: Մեծ ազգ չենք, մեծ պետություն չենք, ռեսուրսները սահմանափակ են, իսկ այդ դեպքում, եթե իրապես մտահոգ ես հավաքականի հաջողություններով, ապա պարտավոր ես աչք փակել շատ խնդիրների վրա եւ հավաքականը համալրել այն ֆուտբոլիստներով, ովքեր կարող էին ուժեղացնել մեր ընտրանուն:

Այդպես է ֆուտբոլային ամբողջ աշխարհում: Մենք հակառակ ուղղությամբ ենք գնում: Եթե ցանկանում ենք կոնկրետ ֆուտբոլիստի տեսնել հավաքականի կազմում, եւ գիտենք, որ նրա ներկայությունն էականորեն կուժեղացներ մեր թիմը, ապա միանշանակ արժեր նրա համար ինքնաթիռի թանկարժեք տոմս գնելը:

Այլապես, ինչո՞ւ էին ուշադրություն դարձնում այդ ֆուտբոլիստի վրա, եթե գիտեին, որ յուրաքանչյուր խաղին ժամանելու համար ֆուտբոլիստը պետք է նշված տոմսը պահանջեր (պահանջելու իրավունքն ուներ): Ու այսպես, նաեւ մյուս ֆուտբոլիստների դեպքում՝ տարբեր պատճառաբանություններով:

Սա նշանակում է, որ մեր ֆուտբոլային վերնախավին ամենեւին չեն հետաքրքրում հավաքականի հաջողությունները: Գուցե սխալվում եմ, բայց արված քայլերն ու որոշումներն այլ կարծիք չեն թողնում:

Ամենամեծ խնդիրը, որը հիմա կա մեր հավաքականում ու դրա շուրջ, ոչ ճիշտ մոտեցումն է թե՛ հավաքականի համար տարվող աշխատանքին, եւ թե՛ հավաքականին՝ մասնավորապես: Ի վերջո, սա նաեւ մեր հավաքականն է, որեւէ մեկի սեփականություն չէ, եւ մենք էլ իրավունք ունենք ճիշտ աշխատանք ու արդյունքներ պահանջելու: Ֆուտբոլասերին երբեք չպետք է մտահոգեն ֆեդերացիայի կամ հավաքականի ներքին խոհանոցում առկա խնդիրները:

Ֆուտբոլասերը միայն հաղթանակ ու լավ խաղ է ակնկալում: Դրա իրավունքն ունի: Չմոռանանք, որ բարձր նշաձողը սահմանել էր հենց մեր հավաքականը, ֆուտբոլասերը սովորել էր դրան: Վերջերս տեսակետներ եմ լսում, իբր հավաքականում պարզապես ժամանակավոր ճգնաժամ է: Չի կարող նորմալ հավաքականի մոտ երկու տարուց ավելի ճգնաժամ լինել: Իսկ եթե, այնուամենայնիվ, կա, ապա դա ապացույցն է այն հանգամանքի, որ աշխատանքը սխալ է տարվում:

Իսկ եթե աշխատանքը սխալ է տարվում, կամ ցանկալի արդյունքը չկա, ապա վստահաբար պետք է նշել, որ անհրաժեշտ են լուրջ եւ խորքային փոփոխություններ՝ սկսած ֆեդերացիայի ղեկավարից: Ինչ-որ բան փոխելու ցանկություն ունենալը այլ բան է, դրանք իրագործելը՝ միանգամայն այլ բան:

Ու այստեղ հարցը անձնապես չէ դրված: Հարցը մասնագիտական է: Այլեւս նոր շունչ չենք տեսնում, կարծես սպառվել է ամեն բան: Դրա համար, որքան էլ ընդունենք, կամ ոչ, փոփոխություններ պետք է սկսել հենց ֆուտբոլի ֆեդերացիայի վերնախավից՝ շնորհակալություն հայտնելով այս տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար: Ստեղծված իրավիճակից ելք կա: Իսկ լուծմանը հասնելու համար առաջնային երկու տարբերակ կա.

1) Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի եւ գործկոմի հրաժարական:

2) Հավաքականի մարզչական ղեկը պետք է վստահել շատ բարձրակարգ մասնագետի: Դրանից հետո, արդեն սկսել հավաքականի նոր համալրումները: Կարծում եմ՝ կան մարդիկ, ովքեր հետեւում են դրսում խաղացող հայազգի ֆուտբոլիստների խաղին, որոնց մեջ առաջիկայում կարող են գտնել այնպիսի խաղացողների, ովքեր կուժեղացնեն մեր ընտրանու կազմն ու խաղը:

Եթե ցանկանում ենք մոտ ապագայում որեւէ լուրջ հաջողության հասնել, ապա պետք է անել այն, ինչի մասին նշեցի: Ու նաեւ, չեմ կարող չհիշատակել մեր երկրում ֆուտբոլային լուրջ մասնագետների սակավության խնդիրը: Խոսքը նաեւ մարզիչների մասին է: Առավելեւս, մանկապատանեկան ֆուտբոլում աշխատող մարզիչների մասին: Սա նույնպես լուրջ մտահգություն առաջացնող խնդիր է, որը եւս պետք է պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Ի վերջո, նրանց պատրաստած ֆուտբոլիստներն են վաղը համալրելու երիտասարդական ու ազգային հավաքականները: Ֆուտբոլի նկատմամբ գլոբալ մոտեցումն է պետք փոխել: Հակառակ դեպքում, դեռ 25-30 տարի ստիպված կլինենք հիշել կամ Արարատ-73-ը, կամ Դանիայի նկատմամբ տարած 4:0 հաշվով հաղթանակը…

-Նշվում է, որ ակումբային ֆուտբոլի ոչ զարգացած լինելն է նաև պատճառ որ որպես պատճառաբանություն բերվում է գումարի սակավության պատճառը, թե ներդումներ են հարկավոր:

-Ակումբային ֆուտբոլի ոչ այնքան բարձր մակարդակը նույնպես ապացուցում է, որ աշխատանքը սխալ ուղղությամբ է տարվում: Փոքր երկիր ենք, բոլորս էլ լավ գիտենք, որ մեր երկրում ֆինանսական լուրջ ռեսուրսներ կան:

Ես չեմ ասում, թե մեկ տարում հասնենք Նապոլիի կամ Ատլետիկոյի մակարդակին, բայց քայլերն աստիճանաբար անելու անհրաժեշտությունը կա: Միայն դժգոհել, թե ֆինանսական միջոցներ չկան, որ դա է հիմնական խանգարող հանգամանքը, բացարձակ պետք չէ: Եթե ֆուտբոլով մտահոգված մարդը լծվի ճիշտ աշխատանքին, ապա ամեն բան կստացվի: Ես բազմիցս եմ ասել, էլի կկրկնեմ. ֆուտբոլը շատ սիրելն այլ բան է, ֆուտբոլը պատկերացնելն ու զարգացնելը՝ միանգամայն այլ բան: Ներդրումները, իհարկե, ֆուտբոլում եւ ակումբներում անհրաժեշտ են:

Սրանց ուղղությամբ նույնպես կան քայլեր, որոնք կարելի է ձեռնարկել, եւ արդյունքը ակնհայտ կլինի: Ցավալի է, որ մեր ներքին առաջնությունը բարձր մակարդակի չէ:

Բնական է, որ դա նույնպես անդրադառնում է հավաքականի վրա, այն առումով, որ ֆուտբոլիստների ընտրության հնարավորությունն է սահմանափակվում: Մեզ մոտ մարզիչները փոխվում են այնպես, ինչպես մեր երկրի կառավարությունում փոխվում են նախարարները. մեկին տեղափոխում են մի տեղ, մյուսին՝ նրա փոխարեն, կամ հակառակը: Իսկ սա արդեն խոսում է իմ այն մտքի հետ, որ իսկապես մարզիչների լուրջ խնդիր ունենք նաեւ:

Բարձրագույն խմբի առաջնության ակումբների գլխավոր մարզիչների անցած ճանապարհը, վաստակն ու գիտելիքները կասկածի տակ դնող չկա: Բայց պետք է փաստենք, որ նրանց հետեւից նաեւ եկող չկա: Այսինքն, պետք է լուրջ աշխատանք տանել նաեւ մարզիչներ պատրաստելու ուղղությամբ:

-Իսկ հավաքականի կա՞զմը. կարծես թե հույս ենք դրել միայն Մխիթարյանի վրա

-Փաստացի ստացվում է այնպես, որ միակ հույսը Մխիթարյանն է: Մի կողմից՝ իմ կարծիքով, չպետք է ամեն անգամ սա բարձրաձայնելը, քանի որ հոգեբանական լուրջ հարված է մեր հավաքականի մյուս ֆուտբոլիստների համար: Դրա փոխարեն, պետք է նշածս ճիշտ աշխատանքը նաեւ մյուս ֆուտբոլիստների հետ:

Ի վերջո, ցանկացած մարզիչ, մանկավարժ, առաջին հերթին պետք է նաեւ լավ հոգեբան լինի: Ֆուտբոլիստը նույնպես մարդ է եւ նրա հետ պետք է անհատական մոտեցում ցուցաբերել՝ հոգեբանական տեսանկյունից: Բայց նաեւ կա մեկ այլ խնդիր, որը կցանկանայի հատուկ ընդգծել: Հավաքականը հրաշալի ցատկահարթակ է ակումբային կարիերան հրաշալի դասավորելու համար: Այսինքն, մեր ընտրանու կազմում հանդես եկող ցանկացած ֆուտբոլիստ պետք է սա գիտակցի (բացի այն, որ պաշտպանում է մեր դրոշի գույները):

Քո լավ խաղով կարող ես հայտնվել լուրջ ակումբների ուշադրության կենտրոնում: Մեզ մոտ տպավորություն է, որ ֆուտբոլիստներին բավարարում են այն ակումբները, որոնցում իրենք հանդես են գալիս, եւ ինչ-որ բան փոխելու ցանկություն չունեն: Բայց, միանշանակ, մեծ աշխատանք է հարկավոր նաեւ հենց ֆուտբոլիստի կողմից:

Ֆուտբոլն այնպիսի մարզաձեւ է, որտեղ ամեն մի մանրուք փոքր օղակներով փոխկապակցված են, եւ թեկուզ մեկ օղակը կտրելը կամ կորցնելը, քանդում է տրամաբանական շղթան: Ես իսկապես սրտանց ցանկանում եմ մեր հավաքականի մեծ հաղթանակների ականատեսը լինել: Վայելել այն բերկրանքը, որը վայելում է մեծ հաջողության հասած հավաքականի երկրպագուն: Եկեք, իսկապես, բոլորս՝ ֆեդերացիայից սկսած, մինչեւ շարքային երկրպագու, ծառայենք միայն մեկ նպատակի. վեր բարձրացնել հայկական ֆուտբոլն ու վայելել մեծ հաղթակաների բերկրանքը:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս